Սիրիական իրադարձություններում, անշուշտ, առաջնային է արտաքին գործոնը

Արդեն երկու տարուց ավել Սիրիայում շարունակվող ողբերգական իրադարձությունները ներկայումս որոշակի նոր որակ են ստացել

Դավիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արեւելագետ
Երևան

Նախ վերհիշենք, թե ինչպես և ինչից այդ ամենը սկսվեց: Այսպես կոչված «արաբական գարնան» գործընթացների տարածման քողի տակ Սիրիայի մի քանի բնակավայրերում կազմակերպվեցին ցույցեր, որոնք որակվեցին որպես «զանգվածային ժողովրդական բողոք»: Սկսվեց տեղեկատվական հզոր հարձակում ոչ միայն սիրիական հասարակության, այլ նաև միջազգային հանրության վրա, որի նպատակն էր հիմնավորել «Ասադի դիկտատուրայի» տապալման անհրաժեշտությունը:

Հատկանշական է, որ առաջին ցույցերը կազմակերպվեցին փոքրիկ և սակավաբնակ բնակավայրերում, որոնք գտնվում են Հորդանանի և Թուրքիայի սահմանների մերձակայքում, ինչն անմիջապես մատնանշեցին սիրիական իրադարձություններում անմիջական մասնակցություն ունեցող և շահագրգռվածություն դրսևորած արտաքին պետությունները՝ Սաուդյան Արաբիան և Թուրքիան:

Շատ արագ այս ցույցերը տարածվեցին դեպի Դամասկոս և մի քանի այլ խոշոր քաղաքներ, որտեղ բավականին լավ կրթություն ստացած և իրական ապագա իրենց համար չտեսնող երիտասարդները հանդես եկան բարեփոխումների պահանջով, որոնց կարիքը երկրում իրոք զգացվում էր: Անհրաժեշտ է ավելացնել, որ Սիրիայում ևս, ինչպես արաբական երկրների մեծամասնությունում, առկա է (կամ, ցավոք սրտի, առկա էր) լրջագույն ժողովրդագրական խնդիր. բնակչության մոտավորապես 74 տոկոսը երիտասարդ է՝ մինչև 20 տարեկան, ինչը նշանակում է աշխատազրկություն, իրական սոցիալական վերելակի բացակայություն, այս ամենի հետ կապված խորքային կենսական խնդիրներ:

Միաժամանակ կարևոր է հասկանալ, որ Սիրիան ունի չափազանց բարդ բազմակրոն և բազմաէթնիկ կառուցվածք: Առկա են քրիստոնեության և իսլամի գրեթե բոլոր ճյուղերը, հազարամյակների ընթացքում այստեղ բնակություն են հաստատել տարբեր ազգության ներկայացուցիչներ: Այս բոլոր կրոնական և էթնիկական խմբերի համակեցության պատմությունը հաճախ ընդմիջվել է տարբեր պատճառներով տեղի ունեցած բախումներով և արյունահեղությամբ.

1960-ականներին իշխանության եկած ալավիական փոքրամասնությունը հանգուցյալ նախագահ Հ.Ասադի ղեկավարությամբ կարողացավ կայունացնել իրավիճակը երկրում և ապահովել խաղաղ ու անվտանգ պայմաններ վերոնշյալ բոլոր խմբերի համար: Սակայն համակեցության ընթացքում առաջացած խնդիրները և պատմական հիշողությունն այն օբյեկտիվ պայմաններ էին, որոնց միջոցով հոգեբանական ճնշում գործադրվեց և սասանվեց երկրի կայունությունը:

Սիրիական իրադարձություններում անշուշտ առաջնային է արտաքին գործոնը: Ներպետական գործընթացներում առանց տարբեր արտաքին ուժերի ակտիվ ներգրավվածության, հավանաբար, չափազանց դժվար և գուցե անլուծելի խնդիր լիներ ներքին կայունության քայքայումը: Ընդ որում` պետք է նշել, որ այդ արտաքին ուժերը շատ տաբեր էին և տարբեր նպատակներ էին հետապնդում, սակայն գրեթե բոլորին էլ հատուկ էին Սիրիային հարվածելու միջոցով Իրանի Իսլամական Հանրապետությունը թուլացնելու, արդեն իսկ ձևավորված շիայական գոտին (Իրան, Իրաք, Սիրիա, Լիբանան) քանդելու և դրանով իսկ Միջին Արևելքը հոմոգեն սուննիական տարածաշրջան դարձնելու նպատակները: Տարբեր արևմտյան ուժերը հաշվի չէին առնում, որ սուննիականությունը ինքն իր ներսում իսկ միասեռ չէ և բազմաթիվ ուղղությունների է բաժանված, որոնք անլուծելի հակասություններ ունեն: Ե՛վ Թուրքիան, և՛ Սաուդյան Արաբիան, հիմնվելով Սիրիայի սուննիական մեծամասնության տարբեր հատվածների վրա, ձգտում էին իշխանության բերել իրենց դրածոներին՝  դրանով իսկ ամրապնդելով յուրքանչյուրն իր դերը տարածաշրջանում։ Հասկանալի է, որ այս երկու ուժերի շահերը անմիջապես հակասության մեջ մտան իրար հետ, ինչն արտահայտվեց նաև այսպես կոչված «ընդդիմության» միասնական ճամբար ստեղծելու Արևմուտքի ջանքերի վրա: Անշուշտ, ամենաթույլ սոցիալական բազան ունեին արևմտյան տարբեր ուժերը, որոնց ժողովրդավարության և մարդու իրավունքների կարգախոսների հիման վրա ստեղծված ժամանակավոր կառավարություններն ու խորհուրդներն ի սկզբանե դատապարտված էին անհաջողության: Հատկապես զինված պայքարի տեսանկյունից որոշիչ դեր ունի այն, որ այդպես էլ հնարավոր չեղավ ստեղծել միասնական ճամբար` չնայած այդ նպատակով ծախսված  նյութական, դիվանագիտական և կազմակերպչական հսկայական միջոցներին և ջանքերին:

Իսրայելի համար չափազանց կարևոր էր մի կողմից թույ չտալ, որպեսզի իշխանությունը վերցնեն սուննի ծայրահեղականները, առաջին հերթին՝ սաուդական հովանավորության տակ գործող սալաֆիները, մյուս կողմից`օգտագործել ստեղծված իրավիճակը քիմիական զենքի արտադրական հզորությունները ոչնչացնելու համար:

Այս երկրորդ խնդիրը հետևողականորեն առաջ էր քաշվում հիմնականում հենց իսրայելյան կամ իսրայելամետ ուժերի կողմից, ինչն, ի վերջո, ստիպեց ԱՄՆ նախագահ Բ.Օբամային արտասանել «կարմիր գծի» մասին իր հայտնի նախազգուշացումը:

Դրան բավականին արագ հետևեց քիմիական զենքի օգտագործման փաստի բավականին փնթի կերպով կատարված արձանագրությունը, ինչը Միացյալ Նահանգների նախագահին կանգնեցրեց ծանր որոշում ընդունելը անհրաժեշտության առջև:

Հարկ է նշել, որ Բ.Օբաման ամեն ինչ արեց Սիրիային հարված հասցնելու որոշումը կայացնելուց խուսափելու համար: Օգտագործելով Ռուսաստանի ընդգծված դիրքորոշումը` հնարավոր եղավ լուծել Օբամայի առջև ծառացած երկու առաջնահերթ խնդիրները:

ա/ խուսափել պատերազմական գործողություններից, որոնց դեմ միանշանակ արտահայտվեց ամերիկյան հասարակությունը,

բ/ հասնել քիմիական զենքի ոչնչացման:

Զուգահեռաբար լուծվեց ևս մեկ խնդիր. ձևավորվեց համագործակցություն ՌԴ-ի հետ, ինչը ներկա միջազգային պայմաններում բավականին կարևոր է ԱՄՆ-ի համար:

Այս ամենի արդյունքում կարևոր է արձանագրել մի քանի իրողություններ:

ա/ Ներկայումս գոյություն ունեցող միջազգային հարաբերությունների համակարգը ևս մեկ անգամ դրսևորեց իր բացաձակ անկարողությունը՝ մարդասիրական դիրքերից կարգավորելու նման ճգնաժամային վիճակները, ինչի արդյունքում ավերվում և փլատակների է վերածվում մարդկության հոգևոր մշակույթի իսկական գանձարան հանդիսացող Սիրիան, սպանվում են տասնյակ հազարավոր մարդիկ, միլիոնավոր մարդիկ դարձել են փախստականներ՝ կորցնելով իրենց հարազատներին, տները, հանգստությունը և անվտանգությունը: Ամեն ինչ զոհաբերվում է տարբեր նեղճակատ ղեկավարների ղեկավարած ուժերի շահերի համար:

բ/ Սիրիական ճգնաժամը մտել է մի փուլ, որը, կարծես թե, հնարավոր է դարձնում մեծ տերությունների գիտակցված և շահագրգիռ միջամտությամբ իրավիճակի կայունացում և արյունահեղության դադարեցում: Բայց հարցն այն է, թե արդյո՞ք մեծ տերությունները կկարողանան մի կողմ դնել իրենց եսակենտրոն դիրքորոշումները և առաջնորդվել մարդասիրական մղումներով, ինչն անհրաժեշտ է այս հիմնահարցին իրական լուծում տալու համար:

Ներկայումս ձևավորվել են դիվանագիտական ջանքերով հարցը աստիճանաբար կարգավորելու պայմաններ, սակայն դրա համար հակամարտության անմիջական կողմերն այլևս չպետք է սնուցվեն պատերազմը շարունակելուն նպաստող ռեսուրսներով և վարձկաններով: Մեծ տերություններն ի վիճակի են կարգի հրավիրելու թե՛ տարածաշրջանային ուժերը, և թե՛ միասնական գործողությունների շնորհիվ հիմքեր ստեղծել հասարակական հաշտություն ձևավորելու համար:

Share

Comments are closed.