«Ղարաբաղի միջազգային խորհրդաժողով»

2013թ. նոյեմբերի 6-ին, Թավրիզի համալսարանում 

 

Դոկտ. Ժիրայր ՔՈՉԱՐՅԱՆ
Անկախ փորձագետ
Բեռլին

Հուլիսի 25-29-ը ադրբեջանցի 15 ակտիվիստներ մեկնել են Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ), այցելել Թավրիզ և Արդաբիլ քաղաքները: Պատվիրակությունը գլխավորում էին «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նաղին և «Ղարաբաղի իսլամական դիմադրական շարժման» ղեկավար Ռովշան Ահմադլին:

Քննարկումների ոլորտն էլ բավականին ընդարձակ էր՝ քաղաքական, աշխարհագրական, ճարտարապետական, կրոնական, գրական, գիտական (տե՛ս մանրամասն arannews.ir կայքէջում՝

دیدار هیئت تشکل های آزادی قره باغ از موسسه فرهنگی و بین المللی آران
http://fa.arannews.ir/?MID=21&Type=News&TypeID=6&id=39554

رییس تشکیلات آزادی قره باغ :مسئله قره باغ تهدیدی برای دنیای اسلام است/افزایش روابط بین ایران و آذربایجان
http://fa.arannews.ir/?MID=21&Type=News&TypeID=6&id=39553

رئیس جنبش مقاومت اسلامی قره باغ در تبریز: وحدت نیاز اصلی برای آزادسازی قره باغ
http://fa.arannews.ir/?MID=21&Type=News&TypeID=6&id=39552

Այս կապակցությամբ Թավրիզի համալսարանի ռեկտոր, դոկտ. Աժիդեհն, ի միջի այլոց, ասել է՝ 

«Ղուրանը մեր մարգարեի հավերժ հրաշքն է, եթե նրա պատվիրաններն իրականացվեն, ապա աշխարհը դրախտ է դառնալու, որը և իսլամական աշխարհի բոլոր խնդիրների բանալին է: Ղարաբաղում իսլամի և մահմեդականների փառքն ու պատիվը պիտի հարգվեն… և մտածենք Ղարաբաղի ազատագրման մասին: Միջազգային համագումարը կարևոր գործ է, որի նպատակն է մահմեդականների արդար ձայնը ամբողջ աշխարհին հասցնել»:

Պատվիրակությունը հանդիպել է Արդաբիլ քաղաքի գլխավոր հոգևորական և Խամենեիի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյեդհասան Ամելիին, ով ուրբաթ օրվա աղոթքից հետո հյուրերին ասել է. «Նկատի առնելով այսօրվա վիճակը, Ղարաբաղի ազատագրումը դժվար խնդիր է, և խնդրի միակ լուծումը գտնվում է Ադրբեջանի և իսլամական պետությունների համագործակցության մեջ»:

Իսկ Մոջթահեդ Շաբասթարին՝ Թավրիզ քաղաքի գլխավոր հոգևորականը և դարձյալ Խամենեի ներկայացուցիչն, ի միջի այլոց, շեշտել է. «Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին՝  ԻԻՀ պաշտոնական դիրքորոշումն է և Իրանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի մահմեդականներին օժանդակելու»:  Քազեմ Ջալալին՝ ԻԻՀ խորհրդարանի այն պատգամավորը, ով մեկ ամիս առաջ էր եղել Բաքվում, հայտնել է մոտավորապես նույն տեսակետը:

Այս առթիվ Մուբարիզ Ահմեդօղլին 2013թ. հուլիսի 25-ին, ըստ «525» թերթի, շեշտել է գիտաժողովի կարևորությունը՝ ավելացնելով Վրաստանի և Իրանի դերն ու հովանավորչությունը, նաև ընդգծելով՝

«Ադրբեջանի հարատև հզորացումը փաստ է, իսկ Վրաստանը միայնակ ի վիճակի չէ Ջավախքի հավանական խռովությունը զսպելու և այս հարցում Ադրբեջանն ու Թուրքիան կանգնած են Վրաստանի կողքին»:

Նա արժևորել է Շաբասթարիի հայտարարությունը՝ շեշտելով.

«Այն շատ անհաճո էր հայերին, Իրանը մտադրված է գիտաժողովը անցկացնել Թավրիզի համալսարանում, որի օրակարգում Ղարաբաղը ներկայացվելու է որպես մահմեդական հող: Իրանը հակամարտության տարածքի հարևանն է, և դա արտակարգ առիթ է խնդրի լուծման առնչությամբ»:

Բաքվից ժամանած պատվիրակությունը հյուրընկալվեց «Առան» մշակութային և միջազգային ուսումնասիրության հաստատությունում, որտեղ ներկա էին մի քանի պատգամավորներ ԻԻՀ խորհրդարանից: Մոհամադ Իսմայիլ Սայիդին՝ Թավրիզ քաղաքից ընտրված պատգամավորը, հաճոյախոսելով, մեջբերեց բանաստեղծ Շահրիյարից մի երկտող՝ «Արաքս գետը թրի պես բաժանել է Կովկասը Իրանից»: Իսկ Մոլքան քաղաքից ընտրված պատգամավոր Աֆղամին հիշեցրեց, որ «Ղարաբաղի խնդրի լուծման գլխավոր արգելքը Բաքվի կառավարության ցանկության բացակայությունն է»:

Դոկտ. Ահմադ Հոսեյն Անզաբին «Ղարաբաղի հակամարտության պատճառներն ու հոլովույթը» սեմինարում հայտնել է, որ«սիոնիստներնը թե՛Ղարաբաղի, և թե՛ Ադրբեջանի վերջին խնդիրներում մասնակից են» , և հավելել. 

«Ողբերգություն է 1992 թվականին Խոջալու քաղաքում հայերի կողմից իրականացվածը. այն սովորական ահաբեկչական արարք չէր, այլ մարդկության դեմ նախադեպ չունեցող ոճրագործություն, որը միջազգայնորեն պիտի բացահայտվի»:

Ադրբեջանցի ակտիվիստները առաջին օրն իսկ՝ հունիսի 25-ին, ճաշի էին հրավիրված Թավրիզի քաղաքապետարանում, որտեղ քաղաքապետ Մոհանդես Նավին ողջունել է հյուրերին, հիշեցնելով շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների անօթևան վիճակի մասին, և հույս էր հայտնել, որ «շուտով վերջանալու է Ղարաբաղի զավթումը՝ իսլամական պայքարի և մարտիրոսության ուսուցման իրականացման հետևանքով»:

Իբրահիմ Ավան՝ Ղարաբաղի զոհվածների և հաշմանդամների հասարակական միությունների նախագահը, Թավրիզի համալսարանում տեղի ունեցած սեմինարի ժամանակ հիշեցրեց, որ «բռնազավթիչ հայերը աշխարհում որևէ հարգանք չեն վայելում և համարվում են ատված, որովհետև, փաստված իրականություն է, որ նրանք արժանի չէին իսլամին հավատ ընծայելու և, այսպիսով, նրանց խարդախությունը բոլորին հայտնի է դարձել»:

Պատվիրակության բուն նպատակը այս տարվա նոյեմբերի 6-ին Թավրիզում կայանալիք «համագումարի» նախապատրաստումն է եղել: Այս առնչությամբ azariha.org կայքէջը (ազգայնական և հակապանթուրքիստական), ի միջի այլոց, գրում է. «Թավրիզում տեղի ունենալիք գիտաժողովը դեմ է այս հարցում ԻԻՀ չեզոք արտաքին քաղաքականությանը։ Բացի դրանից, ԻԻՀ-ը քննադատում է ղարաբաղյան տարածքային հակամարտության որակավորումը որպես կրոնական», ապա հիշեցնում, որ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար եղած ժամանակ Բաքվի կառավարությանը համարում էր սպառնալիք ԻԻՀ անվտանգության համար (տես՝

همایش بین المللی قراباغ؛ نادیده گرفتن سیاست خارجی ایران در بی طرفی فعال

http://www.azariha.org/?lang=fa&muid=53&item=777)

Հիրավի, պանթուրքական հովերով տարված համագումարի կազմակերպիչները փորձում են հակամարտությանը տալ կրոնական երանգ, և, ինչպես միշտ, պանթուրքիստները ներկայումս էլ չարաշահում են իսլամը: Օրինակի համար, գիտաժողովի թեմաներից մեկն է շիա-իսլամի ուսմունքը, ջիհադը (հավատի համար պատերազմը) և շահադաթը (մարտիրոսությունը) Ղարաբաղի «ազատագրման իսլամական պայքարում»:

ԻԻՀ տարածքային մասնատումը անմիջականորեն առնչվում է ՀՀ անվտանգության հետ, լինի դա իսրայլաամերիկյան հարձակման արդյունք, թե Իրանի Ատրպատական նահանգի (որին Բաքվի կառավարությունը և պանթուրքիստները «Հարավային Ադրբեջան» են անվանում) կցումը Ադրբեջանին։ Ատրպատականում, ըստ ադրբեջանական աղբյուրների, ապրում են 20-25 միլիոն թուրք-ադրբեջանցիներ, որոնց թուրքական ազգային գիտակցությունը պանթուրքիստական քարոզչության շնորհիվ վերջին տասնամյակում վերելք է ապրել, իսկ նրանց հակաիրանականությունն էլ ակնհայտ է:

Ուշագրավ  է, որ մերօրյա պանթուրքիստները որպես կրոնի ջատագովներ առերես իբր ատում են սիոնիստներին, սակայն արդարացնում են Բաքվի կառավարության և Իսրայելի հարաբերությունները։ Ըստ նրանց, Ալիևը, ներմուծելով իսրայելական նոր տեխնոլոգիաներ, բարձրացնում է երկրի տնտեսությունը, իսկ իսրայելական զենքերով մահմեդական ադրբեջանցիներին է վերադարձնելու հայերի կողմից բռնագրավված Ղարաբաղը (տես՝ Ռուհոլահե Սալեհիի հոդվածը arannews.ir-ում

آذربایجان با در پیش‌گیری سیاست نزدیکی به اسرائیل درصدد است تا با استفاده از پتانسیلهای ایجاد شده از این رابطه به اهداف خود که در صدر آن حل بحران قره باغ است نائل شود

http://fa.arannews.ir/?MID=21&Type=News&TypeID=12&id=34996

Ըստ երևույթին, Թավրիզում և Թեհրանում ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ տարբեր քաղաքականություն են վարում: Այս տարվա ապրիլի 24-ին Իրանի խորհրդարանի փոխնախագահ Սեյեդ Մոհամադհոսեյն Աբութարաբի Ֆարդը դատապարտել է հայոց դեմ ոճրագործությունը, հայտարարելով, թե  «հայերին կոտորողներըն այժմ Պաղեստինում և Սիրիայում են ոճրագործությամբ զբաղված, պաշտպանելով սիոնիստական ռեժիմը…»: Միչդեռ Թավրիզի համալսարանի «Վահադատ» սրահում, շուրջ յոթ համալսարանների և բազմաթիվ գիտական ու լրատվական հաստատությունների աջակցությամբ, հակահայկական, հակաարցախյան «գիտաժողով» է տեղի ունենալու:

Կարծում եմ, որ հայ իրանագետները ուշադրություն պիտի դարձնեն այս «գիտաժողովին», նաև նպատակահարմար կլինի, որ ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանում պահանջի Հայաստանում  ԻԻՀ  դեսպանից, ինչպես որ ժամանակին ԻԻՀ-ը պարզաբանում պահանջեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանից՝  2013թ. մարտի 30-ին Բաքվում տեղի ունեցած «Հարավային Ադրբեջանի վաղը» գիտաժողովի կապակցությամբ (տես՝

ایران به برگزاری یک نشست سیاسی در جمهوری آذربایجان اعتراض کرد

http://www.radiofarda.com/content/o2_iran_azarbaijan_opposition/24943939.html

پاسخ آذربایجان به یادداشت اعتراضی تهران علیه نشست ضدایرانی باکو

http://www.farsnews.com/newstext.php?nn=13920115000423

Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա են լուրջ տարաձայնություններ՝ Կասպից ծովի հետ կապված խնդիրներ, Իսրայելի հետ Բաքվի ջերմ հարաբերություններ, Իրանի Ատրպատական նահանգի թրքախոս զանգվածի պանթուրքական ու հակաիրանական տրամադրությունների հրահրում, Ադրբեջանի կողմից տարածքային հավակնություն Իրանի Ատրպատական նահանգի նկատմամբ (ադրբեջանցիներն այն անվանում են «Հարավային Ադրբեջան»), հակաիրանական համագումարների կազմակերպում Բաքվում, ինչպես նաև Իրանի կրոնական համակիրների նկատմամբ հալածանք Ադրբեջանում և այլն:

Միևնույն ժամանակ, Իրանի, հատկապես՝ Ատրպատական նահանգի որոշ պատասխանատուներ հակված են հավատալու, թե Ադրբեջանին կրոնով «դարձի կբերեն» , իսկ պաշտոնական Բաքվի պանթուրքիզմն ու հողային պահանջներն էլ կչեզոքացնեն: Փաստ է նաև, որ ԻԻՀ երեք բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս հաստատեցին ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրենց երկրի աջակցությունը Բաքվին, մասնավորապես աֆղան վարձկաններին Ադրբեջան հասցնելու գործում, ինչի մասին ակնարկում է նաև azariha.org կայքը՝ իր քննադատական հոդվածում ընդդեմ Թավրիզում տեղի ունենալիք «միջազգային գիտաժողովի»:

Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Իրանում իրո՞ք չկա միասնական քաղաքականություն արցախյան հիմնահարցի վերաբերյալ:

Հ.Գ. «Առանը»՝ մի կեղծարար, բանսարկու և ստախոս կազմակերպություն է, որն իսլամական քողի տակ թուրքականություն է քարոզում: Անցյալ տարի «Առանը» հայտարարեց, թե շուրջ 1500 միասեռական հայեր ուղևորվել են Բաքու «Եվրատեսիլ» մրցույթի հանդիսություններին մասնակցելու համար, թեպետև հանրահայտ է, որ Հայաստանն այդ տարվա մրցույթին ընդհանրապես չի մասնակցել: Դժբախտաբար, «Առանը» մեծ լսարան ունի, քանի որ նրա «հաճախորդները» հենց իր մակարդակին են: Հատկանշական է,  որ հենց այս կեղծարար կազմակերպությունն է «Ղարաբաղի միջազգային խորհրդաժողովի» կազմակերպիչը:

Share

Comments are closed.