Կարծիք. «Որոշ ընտրությունների անտանելիությունը»

Ի՞նչ է ընկած ղարաբաղյան կարգավորման և հակամարտության վերսկսման միջև

Դր. Լոուրենս Բրոերս,
«Հաշտության պաշարներ»  

 

Անտեսման ռիսկը և ռիսկի անտեսումը
Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության թեման բացակայում է ընթացիկ նորությունների վերնագրերում, ինչը նշանակում է միայն այն, որ նրա մասին քիչ են հիշում կամ խոսում, բայց այս հակամարտությանն ուշիուշով հետևողներն, ըստ երևույթին, կիսում են հրատապության զգացումը: Գալիք տարի լրանում է հրադադարի հաստատման 20-ամյակը: Անցած տարիներին մենք տեսել ենք հինգ տարբեր խաղաղ առաջարկություններ և խաղաղության գործընթացի որոշ վրիպումներ, իսկ ընդհանուր պատկերը՝ ուժեղացված ռազմականացում և հակամարտության վարակիչ ազդեցություն Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում:

Հայաստանը և ԼՂ-ի հայերը, որոնք 1991-1994 թթ. պատերազմի հաղթողներ են, ունենալով նշանակալից պաշտպանական դիրքեր, ակտիվորեն կողմ են ստատուս-քվոյի պահպանմանը: Նրանք նաև զավթել են նախապես վիճարկված հողերից դուրս գտնվող Ադրբեջանի ընդարձակ տարածություններ: Այդ տարածքները, որոնք նախկինում դիտվում էին որպես  սակարկման ենթակա, ավելի ու ավելի հաճախ սկսել են ներկայացվել և ընկալվում են որպես փոխշաղկապված, ուստի և՝ հանձնելու ոչ ենթակա հայկական հողեր: Ամեն օր դրանց հանձնումն ավելի դժվարին է դառնում, բայց դրանց օգտագործումն էլ հաստատում է ուժի կիրառման և ռազմական ավարից օգտվելու փաստը, որոնք սասանում են հայերի հավակնությունները հակամարտության մյուս հարցերում:

Ադրբեջանը, որը վերջին հինգ տաիների ընթացքում կասպիական նավթադոլարների շնորհիվ վերաճել է հարուստ տարածաշրջանային կենտրոնի, ընդհակառակը, ստատուս-քվոյի փոփոխությանը հավակնող ռևիզիոնիստ է, որը սպառազինությունների մրցավազքի լոկոմոտիվն է՝ տարեկան չորս միլիարդ դոլար ծախսերի հատկացման միջոցով: Ռազմաշունչ հռետորաբանությունը և ռազմաշքերթները դարձել են Ալիևի վարչակարգի՝ խաղաղ այլընտրանքի համար տարածություն չթողնող հանրային պատկերի մաս: Ցայսօր ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում ղարաբաղցի հայերին խոստացված «աշխարհում ինքնավարության ամենաբարձր մակարդակը»: Միակ կողմնորոշիչը մնում է խորհրդային Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ինչն էլ մեզ 25 տարով հետ է մղում՝ հակամարտության պատճառի ակունքներին: Թեև «հակամարտության վերափոխման համար մեղմ ուժի» ռազմավարությունը հնարավոր էր և նպատակահարմար, վերջին տասնամյակներում Ադրբեջանը հետևողականորեն ընթանում էր ուժային տարբերակին ընդառաջ:

Լարվածությունն ու փոխադարձ մեղադրանքները վաղուց սովորական երևույթ են դարձել: Բայց ուժեղացված ռազմականացումը հարկ է դիտարկել երկու այլ գործոնների համապատկերում: Նախ՝ ցամաքում ռազմական տեղակայման ծավալներն ու ընդգրկումը: Շփման գծի ողջ երկայնքով շուրջ 40 000 հայ և ադրբեջանցի զինվորներ, շատերը՝ նորակոչիկ, կանգնած են միմյանց դեմ հանդիման: Հակառակորդի ուժերն անընդհատ ստուգվում են երկուստեք, շփման գծից ավելի ու ավելի հաճախ են ստացվում զոհերի մասին հաղորդագրություններ: Պատահական պատերազմը, ոչ միտումնավոր սրացումը, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ իրական վտանգ է հանդիսանում: Կողմերի միջև չկա կապի թեժ գիծ, իսկ միջադեպերն ուսումնասիրելու համար միջազգային ներուժը նվազագույնն է: Բացի դրանից, վերջերս ձեռք բերված սպառազինությունները ղարաբաղյան նոր պատերազմը կդարձնեն շատ ավելի կործանարար և ծավալուն, քան 1991-1994 թվականներինը: Աշխարհաքաղաքական դաշինքների կառուցվածքը նշանակում է, որ դժվարին է լինելու զսպել պատերազմի կողմնակի հետևանքները: Այն նման չի լինելու 2008 թվականին Վրաստանում ծագած հնգօրյա պատերազմին: Ոստի, միանգամայն իրավացի է այն մտահոգությունը, որ հայ և ադրբեջանական ղեկավարություններն իրենց ներքաշել են մանևրի խիստ սահմանափակ հնարավորություններով սոսկալի խաղի մեջ:

Երկրորդ գործոնը թե՛ Ադրբեջանում, և թե՛ Հայաստանում պետահասարակական հարաբերությունների դանդաղընթաց քայքայումն է: Բազմազանության քաղաքականությունը, բազմակարծությունը և ընդդիմությունը Հայաստանոում և Ադրբեջանում գնալով ավելի վտանգավոր խաղ են դառնում իշխանությունը վիճարկող և այն պահպանել ձգտողների համար: «Ոտքերով քվեարկող»՝ իրենց երկիրը լքող հայերի թվաքանակը Հայաստանի լուրջ խնդիրն է, իսկ Ադրբեջանը ցնցված էր իշխանության չարաշահումների դեմ բռնկված ժողովրդական բողոքի ժայթքմամբ: Հղումների տեսակը կարող է զանազան՝ արտաքին կամ ներքին լինել, բայց մի բան ակնհայտ է. ռազմականացումը տեղի է ունենում հակամարտության կողմերի մոտ սպառվող և անառողջ պետահասարակական հարաբերությունների համատեքստում: Մենք՝ ի հեճուկս մեր իսկ պատասխանատվության, անտեսում ենք այդ համատեքստը:


Ապասառեցնելով մեր իսկ մտածողությունը
Ի՞նչ պետք է անի միջզգային հանրությունը: Նախ՝ մեզ հարկավոր է նորացնել մեր հայեցակարգային գործեդարանը: Ղարաբաղյան հակամարտությունն այսօր էլ դիտվում է որպես «սառեցված հակամարտություն», «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ կամ «հետխորհրդային» հակամարտություն:  Այս, ըստ էության, հետահայաց և մտովի ծույլ կատեգորիաներն ստեղծում են ինքնահանգստության զգացում, որն այսօր երաշխավորված չէ տեղում առկա իրավիճակով:  Այս հակամարտությունը գնալով ավելի քիչ ընդհանրություն է ունենում Մերձդնեստրի կամ Աբխազիայի հետ և ավելի շատ է նմանվում միջպետական երկարատև դիմակայության՝ Հնդկաստանի ու Պակիստանի, երկու Կորեաների կամ Իսրայելի և իր արաբական հարևանների նմանությամբ: Կարող է հոռետեսական հնչել, բայց հիշյալ համատեքստերի և հաջողված լուծումների համեմատական քննությունը նպատակահարմար է թվում:

Երկրորդ՝ եթե մենք ընդունենք հակամարտության այդպիսի վերաշրջանակացում (reframing), ապա, որպես հետևություն, մենք պետք է վերանայենք նաև դրա կարգավորման մեր ռազմավարությունը: Երկար տարիների ընթացքում մենք ապրում էինք այն պատկերացմամբ, որ միջազգային միջնորդությամբ խաղաղ գործընթացը քայլ առ քայլ ընթանում է պայմանավորվածության ձեռքբերման ուղղությամբ: Այնուամենայնիվ, ղարաբաղյան խաղաղ բանակցությունների պատմությունից հայտնի է, որ այս գաղափարը բոլորովին էլ չի համապատասխանում Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցող կառավարելի և ոչ կառավարելի իրական գործընթացներին: Այսպիսով, սառեցված է ոչ թե հակամարտությունը, այլ խաղաղ գործընթացը՝ նմանվելով սառեցված գետի մակերեսին, որի տակ շարունակում են հոսել անհայտ հոսանքներ:

Որոշ ընտրությունների անտանելիությունը
Փակուղու մեջ մտած առաջընթացի սպասման և իրականության միջև ճեղքվածքը՝  մեր մտածողության և մեր ռազմավարության ճեղքվածքն է: Գոյություն ունի տեսակետ, ըստ որի խաղաղ գործընթացը սառեցված վիճակում պահպանելը չարիքների փոքրագույն է։ Ասվում է, թե մենք կարող ենք միայն հուսալ, որ հակամարտությունը մի օր կարգավորվի: Այսպիսի դիրքորոշումը չափազանց սրացվում է որոշ տարբերակներով, որոնք ղարաբաղյան բանավեճերի և երկխոսությունների հիմնական արգասիքն են: Թվում է, որ ընտրությունն առկա է միայն տվյալ պահին ֆանտաստիկային սահմանակից թվացող խաղաղ պայմանագրի ուտոպիայի և նոր պատերազմի միջև: Ինչպիսին էլ լինի ձեր դիրքորոշումը, դա «ամբողջի կամ ոչնչի» միջև ընտրությունն է: «Ամբողջի կամ ոչնչի» ընտրությունը շատ գրավիչ է խորհրդանշական քաղաքականությանը հենվող կիսաավտորիտար ղեկավարների համար: Ինչո՞ւ և ո՞ւմ կողմից է  հնարավորությունների հորիզոնը սկսել սահմանափակվել այսպիսի բացարձակ և նեղ իմաստով: Ու թեև Ադրբեջանն առարկություններ կունենա ստատուս-քվոյի պահանման հանդեպ, իսկ Հայաստանը կառարկի անվտանգության մասով, կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության առաջնահերթությունը՝ հիշյալ երկու դիրքորոշումներից բաղկացած մենյուի բացումն ու տարբերակացումն (diversification) է:

Գոյություն ունի խաղաղության կերտմամբ զբաղվող եվրոպական կազմակերպությունների մի ողջ շարք, որն աշխատում է տեղական գործընկերների հետ այդ նպատակին հասնելու համար, այդ թվում և Եվրամիության կողմից ֆինանսավորվող կոնսորցիումը, որը հայտնի է որպես Եվրոպական գործընկերություն Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման համար (ԵԳԼՂ): Մենք սատարում ենք հետազոտությանը և երկխոսությանը, սահմանների երկու կողմում մարդկանց միջև շփումների հաստատմանը, ԶԼՄ-ների հետ աշխատանքին, երիտասարդության, կանանց և բռնի տեղահանվածների ակտիվությանն ուղղված հայ-ադրբեջանական նախաձեռնություններին: Սոսկ միջազգային ԶԼՄ-ներում ծավալված տեղեկատվական պատերազմին ծանոթ անձինք, այս թեմայի մեջ խորանալով, մեծապես զարմանում են փոխադարձ գործակցության ձեռք բերված մակարդակի վրա: Սակայն, ցավոք, այդ ջանքերը մնում են ստվերում: Պետության կողմից ֆինանսավորվող բյուջեները ծախսվում են աչքի զարնող գովազդային արշավների կազմակերպման կամ նոր ռազմական տեխնիկայի գնման համար: Քաղաքացիական հասարակության մեր գործընկերներն աշխատում են մի քանի ճակատով և ոչ միայն խաղաղությունը հաստատելու համար: Շատ ինսայդերներ և աուտսայդերներ նավթն ու գազը համարում են ավելի համոզիչ օրակարգ, քան տարածաշրջանային խաղաղությունը:

Լուծման և վերսկսման արանքում. Ի՞նչ հնարավոր է անել
Կան որոշ պատճառներ, թե ինչու այդքան դժվար է հյուսել նոր պատերազմի և չափազանց ուտոպիստական խաղաղ պայմանագրի միջև առկա երրորդ ուղին: Այնուամենայնիվ, գոյություն ունի միջին դիապազոնի քաղաքական այլևայլ տարբերակների լայն սպեկտր, տարբերակներ, որոնք կարող են գործարկվել նախ և առաջ Հայայստանի ու Ադրբեջանի կառավարությունների կողմից: Միջին դիապազոնի գործարկումը նախ և առաջ կարող է նշանակել ռազմական հռետորաբանությունից և ռազմական ներկայացումների բեմադրությունից հրաժարում, քանի որ մեր գործընկերներից մեկի դիպուկ բնութագրմամբ՝ «անգամ ամենալավ խաղաղ պայմանավորվածությունն անհնարին է ներկայիս պայմաններում»: Հակամարտության կանխարգելման տեսանկյունից ավելի արդյունավետ կարող է լինել դիպուկահարների հեռացումը, կողմերի միջև թեժ գծի վերականգնումը, ինչպես նաև միջադեպերի հետաքննության ավելի հուսալի մեխանիզմների մշակումը հայկական և ադրբեջանական ուժերի հետ համագործակցող միջազգային կազմակերպությունների կողմից:

Մինչև 2003 թվականը եղած բավականին հաճախակի անդրսահմանային այցելությունները պետք է կրկին իրենց տեղը զբաղեցնեն հայ-ադրբեջանական նախաձեռնությունների ցուցակում: Տեղահանված անձինք պետք է հնարավորություն ունենան այցելել իրենց նախկին բնակավայրեր անվտանգության և արժանապատվության պայմաններում, որպեսզի վերականգնվեն այդ ցանկացողների կապերը: Իրավազորություն ապահովելու համար դա պետք է փոխադարձ լինի հակամարտության երկու կողմերի համար էլ: Որոշ տարածքներից զորքերի փորձնական դուրսբերումը կարող է հնարավորություններ ստեղծել տեղահանված անձանց վերադարձին աջակցող մեկնարկային նախագծերի համար, իսկ հուշարձանների վերականգնումն (դրանք ոչնչացման խորհրդանիշ դարձնելու փոխարեն) ու համատեղ խնամքը կարող էր կամրջող դերակատարում ունենալ համայնքների միջև: Հայերի՝ Կովկասին չպատկանելու վարկածն իբր ապապուցող նոր գրքեր տպելու վրա փող ծախսելու փոխարեն Ադրբեջանը կարող է ստեղծել Հայկական մշակութային հիմնադրամ Ադրբեջանում, համատեղ վերականգնել ժառանգությունը և հետ մղել վերջին տարիների կործանարար միտումները: Հայաստանի ռազմական ձեռքբերումները որպես հայերի բնիկ տարածք ներկայացնող քարտեզներ տպագրելու ու տարածելու փոխարեն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին արժե սկսել ծրագրել բռնազավթված տարածքների լայնածավալ դատարկումը և դրանք Ադրբեջանի իրավասության ներքո վերադարձը:

Հիշյալ առաջարկությունների նկատմամբ կան շատ առարկություններ, որոնք առաջին հերթին հնչում են իշխանության մեջ գտնվող անձանցից, որոնց գնահատմամբ դրանք շատ միամիտ և վտանգավոր, ստատուս-քվոյի պահպանմանը նպաստող կամ անվտանգությունը խաթարող են: Այնուամենայնիվ, այդ գաղափարները շատ ավելի համեստ են, քան Մադրիդյան սկզբունքներում պարունակվածները, որոնք ամենաբարձր մակարդակով բանակցային սեղանի շուրջ քննարկվել են ավելի քան հինգ տարիների ընթացքում: Այսպիսի նախաձեռնությունները կարող են հասնել հայ և ադրբեջանական հասարակությունների ազատագրմանը գոյաբանական սպառնալիքի և «ամբողջի կամ ոչնչի» միջև ընտրելու անվտանգացման (securitisation) հարատևող քաղաքականությունից: Ո՞րն է այլընտրանքը: Եթե կան միջին դիապազոնի «դրական կողմերը», որոնք ավելի իրատեսական են, քան ուտոպիստական խաղաղ պայմանագիրը, ապա կան նաև միջին դիապազոնի «բացասական կողմերը», որոնք ավելի իրական են, քան նոր պատերազմը: Ի՞նչ ունենք մենք այսօր. հակամարտության հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտների դանդաղ վարակումը, որն իսկական նվեր է բոլոր նրանց համար, ովքեր կարող են կառավարել և օգտագործել այն որպես զենք ներքին պայքարում և աճող ռիսկ, որի վրա նրանք դեռևս անհայտ պահին կկորցնեն վերահսկողությունը և կդիմադրեն սեփական արտադրության անհայտ հակառակորդին:

 

Դոկտոր Լոուրենս Բրոերսը «Հաշտության պաշարներ» միջազգային կազմակերպության կովկասյան նախագծերի մենեջեր է: Սույն հոդվածը նա պատրաստել է հատուկ  commonspace.eu կայքի համար:

թարգմանությունը՝ «Անալիտիկոնի»

 

 

Share

Comments are closed.