«Հայաստանի բնակչության թվի անկումը». Զեկույց

Հայաստանից արտագաղթն ահռելի չափերի է հասել, ուղեղների արտահոսքը զրկում է երկիրն այն մտավոր կարողությունից, որը կարելի էր օգտագործել երկրի տնտեսական աճի խթանման համար: Այս տեղեկատվությունը ներառված է «Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցում, որը կազմվել է վերջին ժամանակահատվածում անցկացված հարցումների հիման վրա: Հետազոտության արդյունքները ներկայացնելու համար ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Երևանում այսօր կազմակերպել են «Ժողովրդագրական մարտահրավերները ՀՀ-ում» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են նաև հայազգի գիտնականներ Ավստրալիայից և ԱՄՆ-ից:

Արիզոնայի պետական համալսարանի անդամ Վիկտոր Աղաջանյանը ներկայացրեց, թե միջազգային միգրացիան ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի գյուղական տնային տնտեսությունների վրա: Տավուշում, Արարատում և Գեղարքունիքի մարզերում վերջին հինգ տարիների միգրացիոն հոսքերի վերաբերյալ անցկացված հետազոտության արդյունքները փաստել են, որ միգրանտ ընտանիքներն ավելի քիչ են զբաղվում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Չկան ապացույցներ, որ գյուղական միգրանտները փող կուտակելով հանդերձ մտադիր են իրենց հայրենիքում հող ձեռք բերել ու զարգացնել գյուղատնտեսությունը: Այսինքն՝ միգրանտները հայրենիքում ներդրումներ չեն անում:

Նշված մարզերում հարցումները պարզել են, որ ամուսնացած միգրանտների կանայք նույնպես պատրաստ են իրենց երեխաների հետ հեռանալ Հայաստանից: Հետևաբար, ըստ Վիկտոր Աղաջանյանի, սա փաստում է, որ Հայաստանում միգրացիան տնտեսությունը «քոքահան» անելու տենդենց ունի: Աղաջանյանի խոսքով՝ պետք է նաև առանձին հետազոտություն անցկացնել՝ պարզելու, թե ինչպես կազդի Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը միգարցիոն հոսքերի վրա: «Այս հարցը բաց է մնում, արժե ուսումնասիրել, եթե կնքվեց Մաքսային միության փաստաթուղթը, դա չի կարող իր ազդեցությունը չունենալ»,- ասաց մասնագետը:

«Հայաստանի բնակչության թվի անկումը» զեկույցում լավատեսական ցուցանիշներ ներառված չեն: Հարցումները պարզել են, որ երիտասարդների շրջանում արտագաղթը պայմանավորված է մասնագիտական աճի և զարգացման հնարավորությունների պակասով, ինչպես նաև իրավունքի պաշտպանության, ժողովրդավարության և կառավարման ավելի բարձր մակարդակ ունեցող հասարակություններում ապրելու ցանկությամբ: Հայաստանի ամբողջ տարածքը ներառող մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ հարցվածների շուրջ մեկ երրորդը պատրաստվում է երկիրը լքել առաջիկա երկու տարիների ընթացքում: Ընդ որում, զբաղվածություն ունեցող հարցվածների մեծ մասն այլ երկրներ մեկնելու հնարավորություն են փնտրում՝ փորձելով գտնել ավելի բարձր վարձատրվող աշխատանք և մասնագիտական ունակություններն ավելի լիարժեք օգտագործելու հնարավորություն: Հետազոտությունները փաստել են նաև, որ Հայաստանի բնակչության մի մասը մտադիր է հիմնական բնակություն հաստատել այլ երկրներում:

Զեկույցի համաձայն՝ արտագաղթը խթանող համակարգային խնդիրներ են համարվում բինզեսի կենտրոնացումը և մենաշնորհները, կրթական և դատական համակարգում առկա խնդիրները: «Բիզնես ոլորտը վերահսկվում է մի խումբ մարդկանց կողմից, ովքեր նաև ուղղակիորեն ներգրավված են պետական կառավարման գործում՝ վերահսկելով առանձին տարածքներ կամ տնտեսության ոլորտներ: Սա փոքր մրցակիցներին խոցելի է դարձնում, հանգեցնում է գործազրկության, ինչպես նաև հասարակությունում ֆինանսական միջոցների անհավասար բաշխման»,- նշվում է զեկույցում:

Անդրադարձ կա նաև Սփյուռքի հետ հարաբերություններին: Զեկույցի հեղինակները գտնում են, որ անհրաժեշտ է մշակել հայրենադարձության և հայրենիք վերադարձած սփյուռքահայերի ընդունման հստակ ռազմավարություն և գործողությունների պլան:

Այն, որ Հայաստանում լուրջ ժողովրդագրական խնդիրներ են առաջացել, չեն թաքցնում նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները: Փոխնախարար Արայիկ Պետրոսյանը համաժողովում հայտարարեց, որ Հայաստանում աղքատության ցուցանիշը աղետալի է՝ պաշտոնական թվերով 35 տոկոս է կազմում, մեծ տոկոս է կազմում գործազրկությունը, երկրում տարածքային զարգացման, առողջության վերականգնման լրջագույն խնդիրներ կան: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում ծնելիության գործակիցը բավական ցածր է և չի ապավոհում պարզ վերարտադրության համար անհրաժեշտ ցուցանիշը:

www.lragir.am

Share

Comments are closed.