Ինչին է հանգեցնում մարդասիրական խնդիրների քաղաքականացումը…

Աշոտ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Գրող, լրագրող
Ստեփանակերտ 

Ակնհայտ է, որ մարդասիրական (իմա՝ մարդկային) մոտեցում պահանջող խնդիրների քաղաքականացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Ղարաբաղյան հակամարտության համապատկերում, որպես օրինակ, կարելի է հիշատակել փախստականների խնդիրը, որը լուծվելու փոխարեն ավելի շատ է խորանում՝ տասնամյակների ընթացքում այլևայլ քաղաքական-քարոզչական ձեռնածությունների ենթարկվելու պատճառով:

Վերջին շրջանում պաշտոնական Բաքուն մարդասիրական բնույթի հարցերի քաղաքականացման վնասակարության բազում այլ օրինակներ է ցուցադրել:

Սկսենք Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ սահմանամերձ ջրային պաշարների, մասնավորապես՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում գտնվող ամենախոշոր Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետի ջրերի համատեղ կառավարման վերաբերյալ առաջարկի Ադրբեջանի կողմից փաստացի արգելափակումից:  Այս առաջարկությունը հնչել է հիշյալ շրջանին սահմանակից ադրբեջանական բնակչության՝ գյուղատնտեսական նպատակների համար իրենց ջրով ապահովելու պահանջի կապակցությամբ: Ավելի վաղ Բաքուն միջազգային մակարդակի վրա էր բարձրացնում Սարսանգի ջրամբարի հարցը, պնդելով, թե իբր «հրատապ հիմնարար վերականգնման կարիք» ունեցող 125 մետրանոց ամբարտակը քանդվում է՝ աղետալի հետևանքներով սպառնալով գետի հոսանքն ի վայր ապրող քաղաքացիներին:

Ինչո՞ւմն է խնդիրը: Ինչո՞ւ կողմերը չփորձեն համատեղ ջանքերով լուծել այն՝ մարդկանց ջրով ապահովելու և հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու համար:

Պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Պաշտոնական Բաքուն միանգամայն սպասելի կերպով հարցը փոխադրել է այսպես կոչված «միջհամայնքային» համագործակցության դաշտ՝ փաստացիորեն արգելափակելով ղարաբաղյան կողմի նախաձեռնությունը: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ երկխոսությունն ու համագործակցությունը հնարավոր են միայն «միջհամայնքային» հարթության վրա: Բնական է, որ այս դիրքորոշումը կտրականապես մերժելի է Լեռնային Ղարաբաղի համար. Բաքվի առաջ մղած «միջհամայնքայնության» հասկացության անհեռանկար և հակարդյունավետ լինելու մասին բազմիցս խոսվել է թե՛ պաշտոնական, թե՛ ոչ կառավարական մակարդակներով:

Ո՞րն է Ադրբեջանի՝ Ղարաբաղի հետ սահմանային ջրային պաշարները կառավարելու հարցում համագործակցելուց հրաժարվելու բուն վնասը: ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մեկնաբանությամբ՝ Սարսանգի ջրամբարի հնարավորությունները նկատելիորեն ավելի շատ են, քան այսօր օգտագործվողները, և դեռևս խորհրդային շրջանում կառուցված ջրանցքերը ճիշտ շահագործելու դեպքում շահելու են թե՛ արցախյան, թե’ադրբեջանական կողմերը: Ակնհայտ է, որ հակառակ դեպքում տուժելու է հենց Ադրբեջանը, հատկապես՝ նրա շարքային քաղաքացիները, քանի որ, փոխվարչապետի խոսքերով, եթե Բաքուն չարձագանքի համագործակցելու կոչին, ապա Ղարաբաղի կառավարությունը ստիպված կլինի սահմանամերձ շրջաններում խոշոր ներդրումներ կատարել՝ հզոր պոմպակայանների միջոցով ջրի սահմանամերձ պաշարները բացառապես սեփական տարածքների կարիքների համար օգտագործելու նպատակով:

Մարդասիրական հարցերի քաղաքականացման խնդրին անդրադառնալու պատճառն էր նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին վերջերս հղած ուղերձը՝ «Ադրբեջանի բռնազավթված շրջաններում Սիրիայից հայ փախստականներին ապօրինաբար բնակեցնելու վերաբերյալ»: «Այդ ապօրինի գործունեությամբ Հայաստանը շահագործում է Սիրիայում ընթացող ողբերգական պատերազմն՝ իր կողմից ադրբեջանական հողերի բռնազավթումն արդարացնեու համար», – ասվում էր հիշյալ ուղերձում:

Տվյալ ուղերձի քարոզչական էությունն ակնհայտ է. այն մատնանշվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ. «Ադրբեջանն, իր քաղաքական շահերից ելնելով, փորձում է օգտագործել միջազգային հանրության ուշադրության կիզակետում գտնվող սիրիական ճգնաժամը, մասնավորապես՝ այլ փախստականների հետ միասին Սիրիան լքող և աշխարհի տարբեր կողմերում ապաստան փնտրող սիրիահայերի ճակատագիրը»:

Հարկ է նշել, որ, ի տարբերություն Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղում սիրիահայ փախստականների խնդիրը դիտվում է բացառապես մարդասիրական հարթության վրա և իրենց կամքից անկախ քաղաքացիական պատերազմի բովում հայտնված ազգակիցների անվտանգությունն ապահովելու համատեքստում: Ահա թե ինչ է ասել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը. «Վերջին քսան տարիների ընթացքում Սիրիայի հայերը հայտնվել են Ղարաբաղից հետո ամենավատթար վիճակում և ողջ հայությունը, բարեգործական կազմակերպությունները և ունևոր մարդիկ պարտավոր են մտածել մեր սիրիահայ հայրենակիցների ճակատագրի մասին»: «Մենք վերապրել ենք պատերազմը և գիտենք, թե որքան դժվարին է ապրել պատերազմի պայմաններում», – հավելել է վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գոյություն չունի հատուկ սիրիահայերի համար մշակված ծրագիր, թեև ԼՂՀ կառավարությունը մտադիր է հետագայում էլ հնարավորությունների սահմաններում աջակցել սիրիահայ փախստականներին:

Խոսելով մարդասիրական խնդիրների քաղաքականացման մասին՝ անհնար է շրջանցել Ադրբեջանի տխրահռչակ «սև ցուցակի» հարցը: Հարկ է նշել, որ օգոստոսին և սեպտեմբերին Բաքվում այն կազմողների համար գործն անսպառ էր: Ռուսաստանյան լրագրողների և հասարակական գործիչների բավական մեծ խմբից հետո Ստեփանակերտ է այցելել Դանիայի խորհրդարանականներից, հասարակական գործիչներից և ԶԼՄ-ների աշխատակիցներից բաղկացած պատվիրակությունը: Համարյա անմիջապես հետո ուղեկից անձանց հետ ճանաչողական այցով ԼՂՀ է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեստագի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն: Իսկ սեպտեմբերի վերջին տասնօրյայում Արցախ են այցելել Կալիֆոռնիայի նահանգի օրենսդիր և գործադիր մարմինների և Լոս-Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ Լիբերալ կուսակցության նախկին առաջնորդ Ստեֆան Դիոնը:

Պաշտոնական Բաքվին ոչ պակաս չափով բարկացրել է իտալական ընկերություններից մեկի՝ ԼՂՀ-ում արտադրամաս բացելու և համաշխարհային հայտնի բրենդներ «Versace», «Armani», «Moschino» և «Prada»-ի համար պատվերներ ընդունելու մտադրությունը: Ինչպես միշտ, Բաքվում սպառնացել են «իրավախախտների դեմ պատժամիջոցներ կիրառել»:

Բայց իրականում ինչի՞ն է ձգտում հասնել Բաքուն՝ Արցախն արտաքին աշխարհից  մեկուսացնելու և նրա զարգացմանը խոչընդոտելու միջոցով: Ո՞րն է այս ամենի ակնկալվող արդյունքը:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ գերմանացի պատգամավոր Յուրգեն Կլիմկեն հատարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար նախընտրելի է լինել տեղի ունեցողի ականատեսը:

«Լավ է մեկ անգամ տեսնել սեփական աչքերով, քան այս ամենի մասին տեղեկություններ քաղել այլևայլ աղբյուրներից», – ասել է Կլիմկեն:

Իսկ Ստեֆան Դիոնն ասել է, որ կամենում է ավելի շատ բան իմանալ Լեռնային Ղարաբաղի և իր ժողովրդի մասին, որպեսզի հնարավորություն ունենա այստեղ ստացած տեղեկություններով կիսվել իր գործընկերների հետ՝ նրանց այս երկրամասի մասին ավելի լիարժեք տեղեկություններով ապահովելու համար:

Պարզ է, որ Բաքվում վախենում են հենց ԼՂՀ-ի և այնտեղ տեղի ունեցող գործընթացների մասին միջազգային հանրության շրջանում առարկայական պատկերացումների ձևավորումից: Ադրբեջանին մեծապես անցանկալի է արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք և համակողմանի տեղեկատվության տարածումը և միջազգային գործընթացներում ԼՂՀ-ի ներգրավումը:

Ակներև է նաև, որ հայտնի «սև ցուցակում» անընդհատ նորանոր անձանց ներառելով և նրանց անհարկի պիտակավորելով, Բաքուն արագորեն հեղինակազրկվում է: Այդ կապակցությամբ ուշագրավ է Յուրգեն Կլիմկեի հետևյալ խոսքերը. «Սև ցուցակի» մասին կասեմ միայն այն, որ այդ մեխանիզմը բումերանգի պես վնասում է հենց այն կիրառողներին: Դրա մասին վկայում է փորձը»:

Ընթերցողին անհրաժեշտ է հիշեցնել, որ դեռևս 2001թ. ԼՂՀ իշխանություններն Ադրբեջանին առաջարկել են վստահության հաստատման միջոցների փաթեթ՝ ավելի քան 20 առաջարկություն, որոնք վերաբերվում էին ջրային պաշարների օգտագործմանը, արոտավայրերի հրկիզման կանխարգելմանը և այլն: Սակայն Բաքուն այն ժամանակ, ինչպես և այսօր, ղեկավարվելով բացառապես քաղաքական հավակնություններով, չի կամեցել ղարաբաղյան կողմի հետ ուղիղ շփումներ հաստատել անգամ ընդհանուր շահ ենթադրող մարդասիրական հարցերում, որոնց շարքին կարելի է դասել նաև ադրբեջանական կողմի մերժած միջազգային միջնորդների առաջարկը՝ առաջին գծից դիպուկահարերին հեռացնելու վերաբերյալ, որն իր հերթին թույլ կտար խուսափել անիմաստ զոհերից գործող հրադադարի պայմաններում:

Չէ՞ որ համատեղ ջանքերով այս կարգի հարցերի լուծումը կոնկրետ նշանակությունից և օգուտից բացի հետզհետե կնվազեցներ հակամարտության կողմերի հասարակությունների միջև առկա լարվածությունը և կստեղծեր վստահության որոշակի մթնոլորտ, առանց որի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև գոյություն ունեցող խնդիրների և բուն հակամարտության կարգավորումը սկզբունքորեն անհնարին է:

 

Share

Comments are closed.