Ի հեճուկս պատմության

Դավիթ ԿԱՐԱԲԵԿՅԱՆ
Անկախ վերլուծաբան
Ստեփանակերտ 

«2013թ. հոկտեմբերի 4-5-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ Ազգային ժողովում, տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ «Արցախահայության ազգային-ազատագրական պայքարը՝ Գյուլիստանից մինչև մեր օրերը», որին մասնակցել են հայտնի գիտնականներ և դիվանագետներ ինչպես ԼՂՀ-ից, այնպես էլ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հունաստանից, Կիպրոսից, Լիբանանից և աշխարհի այլ երկրներից: Միջոցառման կազմակերպիչներն էին Արցախի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, Հայ Դատի եվրոպական կոմիտեն, Լյուվենի կաթոլիկ համալսարանը (Բելգիա) և Հայաստանի քաղաքագիտության ասոցիացիան»:

 

ԶԼՄ-ներում հայտնված այսպիսի հաղորդագրություններով է նշանավորվել Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված խորհրդաժողովը: Երևանի և Մոսկվայի որոշ տարակարծությունների համապատկերին դեղահաբը քաղցրացնելու սույն փորձը կարելի էր ողջունել, բայց ստորաքարշությունը ոչ մի կերպ չի կարող ողջունվել ո՛չ գիտության, ո՛չ էլ քաղաքականության մեջ:

Դեռևս պատմության դպրոցական դասընթացներում ժողովուրդների և պետությունների միջև բոլոր պատերազմներն ընդունված էր բաժանել ազատագրականների և զավթողականների: Ընդ որում, պատերազմները գնահատելու չափանիշներն այնքան միանշանակ և հստակ են, որ բացառում են պատերազմի որևէ այլ տեսակի գոյությունն անգամ:

Այսպիսով, ի հեճուկս ռուսների և Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի՝ 1804-1828թթ. ռուս-պարսկական պատերազմները Ռուսական կայսրության համար զավթողական պատերազմներ էին: Պետությունների քաղաքականությունը գնահատելիս պատմագիտությունն ու քաղաքագիտությունը նույնպես ելնում են պատճառների, մտադրությունների և հետևանքների հստակ չափանիշներից:

Ռուսական կայսրության վարած պատերազմներին մասնակցելու և նրա հետպատերազմյան քաղաքականության հետևանքներն Արցախի, Սյունիքի և Ջավախքի հայերի համար միանշանակ բացասական էին: Մելիքների իշխանությունը թուլացել էր և կայսրության փլուզման պահին փաստացիորեն խորհրդանշական էր դարձել: Վերացվում և հալածվում էին ինքնավարության այլ ավանդական հաստատությունները, խիստ բռնաճնշումների էր ենթարկվում Հայ Առաքելական Եկեղեցին…

Համաժողովի հարգելի մասնակիցները չեն նշել, թե քանի եկեղեցիներ և վանքեր են դադարել գործել Ռուսական կայսրության մեջ Ղարաբաղի մտնելուց հետո: Իսկ դրանց թիվը ահռելի էր՝ շուրջ 1500: Շարունակվում էր առաջադեմ ազգային գործիչների հալածանքը:

Կայսրությունը սադրել էր ազգամիջյան կոտորածներ և հովանավորում էր Արցախի տարածքում քրդական ու թրքական ցեղերի հաստատմանը: Արդյո՞ք կարելի է մեկ կայսրության հպատակությունից մյուս կայսրության իշխանության տակ անցումը, օտարերկրյա մեկ տիրապետության փոխարինումն ազգային բռնաճշման լծի բնույթ ստացած մյուս տիրապետությամբ կոչել ազգային-ազատագրական պայքար: Եթե այո, ապա ու՞մ դեմ են պայքարել հայերը՝ Պարսկաստանի՞, թե՞ Ռուսաստանի։ Արդյո՞ք ազգային և կրոնական բռնաճնշումը, անվերջանալիորեն սադրվող հայ-թաթարական բախումները հենց այն ազատությունն էր, որի «ձեռքբերումը» Ղարաբաղյան շարժման 20-ամյա հոբելյանի առթիվ նշվում է ԼՂՀ Ազգային ժողովի շենքում:

Հատկանշական է, որ ԼՂՀ-ից բացի ոչ մի այլ տեղ, անգամ Ռուսաստանում և Գյուլիստանի պայմանագրով վերջինիս մաս դարձած նահանգներում, այդ պայմանագրի կնքումը նման հանդիսավորությամբ չի նշվել: Ոչ ոք երբեք այլ պետության կազմում իրեն ազատ չի զգացել:

Հարկ է նշել, որ թեև համաժողովի մասնակիցների և կազմակերպիչների ցանկը բավական ներկայացուցչական էր, սակայն, ինչպես և նախորդ տարիներին, միջոցառմանը «մոռացել» էին հրավիրել Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած ակտիվիստներին, որոնցից շատերը ժամանակին խորհրդային և միջազգային հանրությանը ներկայացնում էին շարժման գաղափարներն ու նպատակները, կազմակերպում էին երիտասարդ արցախյան պետության ինքնապաշտպանությունը, մասնակցում էին նրա իշխանական կառույցների ձևավորմանը, իսկ 1994թ. հրադադարից հետո նվիրվել էին երկրամասի վերականգնմանը: Նրանց գիտելիքները և փորձը կարող էին ավելի լավ և ակներևաբար ներկայացնել այն խնդիրները, որոնց ԼՂՀ-ն բախվել է հակամարտության ժամանակ, խնդիրներ, որոնց հետ մենք այսօր էլ բախվում ենք և որոնք դեռ պետք է հաղթահարենք:  

 Դրա փոխարեն, հյուրերի և երիտասարդների պակասը չկար, թեև նրանց մի մասը համաժողովին մասնակցելու, մեղմ ասած, առանձնակի ցանկություն չուներ:

Անկեղծորեն կցանկանայի, որ ժողովրդավարության և ազատության իդեալները, որոնց հավատարիմ լինելու մասին իրենց ողջույնի խոսքում նշել են ԼՂՀ պետական գործիչները և Արցախի թեմի առաջնորդը, հաստատվեին մեր հասարակության կյանքի բոլոր ոլորտներում… Սակայն, համաժողովիի ո՛չ առաջին, և ո՛չ էլ երկրորդ օրը հիշյալ արժեքները չեն դրսևորվել:

Խորհրդաժողովի առաջին օրը վերածվել էր Ռուսաստանի և Գյուլիստանի պայմանագրին նվիրված միասնական ներբողի. գովասանությունների խմբակային տարափի մեջ չկար ոչ մի քննադատություն կամ այլ տեսակետ:

Տեղ չի հատկացվել նաև ընդդիմադիր համբավ ունեցող քաղաքական գործիչներին: Իհարկե, հանդիսավոր նիստի ժամանակ տեղին չէ հանդես գալ բուռն քննադատությամբ, բայց նաև չի կարելի միջազգային գիտաժողովը (ընդգծված է մեր կողմից՝ Դ.Կ.) վերածել կոմկուսի համագումարի: Չէ՞ որ շատ ելույթներում գիտաժողովի օտարերկրյա մասնակիցների առջև հստակորեն հռչակվում էր նրանց ներկայացրած հասարակությունների և պետությունների արժեքներին հավատարիմ լինելու պատրաստակամությունը:

Սույն համաժողովի երկրորդ նորույթը, քաղաքագետ Կ. Բեքարյանի խոսքերով, դրա գործնական ուղղվածությունն էր: Իհարկե, համաժողովի երկրորդ օրվա՝ «Ղարաբաղյան հիմնախնդիրը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքականության համապատկերում» թեման ավելի մոտ էր ժամանակակից քաղաքականության խնդիրներին, բայց վերջինիս գործնական արժեքը քաղաքագետը, ով նաև «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավարն է, որոշակիորեն գերագնահատել է: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գիտնականների ելույթների մեծամասնությունում գլխավոր շեշտը դրվում էր ԼՂ ինքնորոշման իրավունքը հիմնավորելու, հայկական բնիկ տարածքների մի մասում անկախ ԼՂՀ ձևավորելու, ինչպես նաև վերջինիս միջազգային ճանաչման անհրաժեշտության վրա:

(Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ ԼՂՀ-ն, թեպետև դանդաղ, բայց կհաղթահարի խորհրդային շրջանի քարոզչաոճի ավանդույթները, խորհրդարանն էլ կդադարի առաջնորդվել «հանկարծ մի բան չպատահի» տրամաբանությամբ և օրակարգի մշակման ու գիտական և հասարակապես կարևոր այլ համաժողովների մասնակիցների ընտրության հարցում կհրաժարվի պատեհապաշտությունից: Ժողովրդական ներկայացուցչական մարմնին վայել չէ անընդհատ և այդչափ բացահայտ կերպով ցուցադրել ստորաքարշություն ու անսկզբունքայնություն, պահպանել «հավատարիմ ու ստուգված» գիտնականներին կամ ոչ կառավարական կազմակերպություններին առաջ մղելու արատավոր ավանդույթը: Եթե երկրի ներսում, դրա ամենաժողովրդավարական հաստատության որմերից ներս մենք ի վիճակի չենք ժողովրդավարություն ապահովել, ապա ինչպե՞ս ենք այն պաշտպանելու մեր փոքր պետության սահմաններից դուրս):

Ցավոք, երկու հայկական պետությունների մասնակիցների և նրանց ելույթների բովանդակությունը շատ չէր տարբերվում նախորդ համանման միջոցառումներից: Մնում է միայն կռահել, թե ում և ինչի մեջ էին փորձում համոզել գիտնականները՝ իրենք իրե՞նց, թե՞ նրանց մշտական լսարանին:

Բայց չէ՞ որ Ազգային ժողովի հովանու ներքո անցկացվող համաժողովները ի սկզբանե կազմակերպվում էին ոչ թե որպես գիտական, այլ գիտագործնական միջոցառումներ, այսինքն՝ գիտնականների ելույթներում պարունակվող դրույթները պետք է որոշակի գործնական դեր ունենային միջազգային ասպարեզում Արցախի շահերն առաջ մղելու համար: Դրանք պետք է մատնանշեին ներկայիս քաղաքական կացության մեջ արդիականություն ձեռք բերած խնդիրների հանրագումարը: Ցավոք, միայն մի քանի ելույթում էին քննարկվում մերօրյա իրավիճակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծման հեռանկարները: 

Ասվածի վառ օրինակն են Գերմանիայից, Ավստրիայից և Ռուսաստանից ժամանած անվանի գիտնականների ելույթները, որոնք նվիրված էին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ ԵՄ մասնակցության, մադրիդյան սկզբունքների բովանդակության, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հայեցակետերի ուսումնասիրությանը: Գիտնականներն ի ցույց են դրել մադրիդյան սկզբունքների ոչ պիտանի լինելը որպես հակամարտության խաղաղ կարգավորման հիմք, նաև անդրադարձել են եվրոպական կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՄ հաստատությունների հետ համագործակցության խոչընդոտներին: Ելույթ ունեցողները, մասնավորապես, ընդգծել են, թե ինչպիսի խոչընդոտներ են հարուցում Ադրբեջանի իշխանությունները տվյալ համագործակցությունը զարգացնելու ճանապարհին:

Երրորդ նորությունը «Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի անցկացումն էր: Որոշ չափով այն թույլ է տվել հաղթահարել համաժողովի նեղ պատմաքաղաքագիտական ուղղվածությունը:

Share

Comments are closed.