Արտագաղթը Հայաստանում դառնում է միակ ազգային գաղափարը

Նաիրա ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Լրագրող
Երևան

Հայաստանում անցկացվող տնտեսական քաղաքականությունը ենթադրում է բնակչության աշխույժ աշխատանքային տեղաշարժ և այս իմաստով  այդ քաղաքականությունն առավել քան հաջողված է:

Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ուղղված է երկրում մեծ դրամարկղի ձևավորմանը, որտեղ պետք է կուտակվեն մեծ փողեր: Ընդ որում, ամեն ինչ արվում է իրական տնտեսության մեջ ներդրումներից խուսափելու համար: Բանկերը զարգանում են, երկիր ֆինանսներ են գալիս, իսկ գյուղատնտեսությունը, շինարարությունը և իրական արդյունաբերությունն անկում են ապրում:

Հայաստան հասնող գումարները ձևավորվում են Հայաստանից դուրս. դրանք գոյանում են միջազգային վարկերի և տրանսֆերտ-փոխանցումների միջոցով: Արդյունքում խթանվում է աշխատունակ բնակչության արտագաղթը և աճում արտաքին պարտքը: Իսկ Հայաստանում ծաղկում է ժամանցային ձեռնարկատիրությունն ու սպառողական տնտեսությունը:

Փոքր ծավալներով, թերևս, այս սխեման կարող էր արդյունավետ տնտեսական քայլ լինել, բայց Հայաստանի պարագայում արտագաղթը հետզհետե ձեռք է բերում ազգային աղետի բնույթ: Կառավարության կողմից «խրախուսումը» ժողովրդի մոտ լավ արձագանք է գտել: Հայերը սկսել են աշխուժորեն մեկնել՝ փախչելով ամեն ինչից, այդ թվում և՝ անձնական խնդիրներից: Արտագաղթը դարձել է ազգային գաղափար:

Հայաստանում  չեն մնացել ազգային գաղափարներ. հայրենասիրական կարգախոսները չեն գործում, անգամ նախկին մարտական անցյալով արդարացվող գողական օրենքներն արդեն ի վիճակի չեն կարգավորելու ողջ հասարակությունը: Առանց ազգային գաղափարի մնացած մարդիկ սկսում են գաղափար, աշխատանք, փող և երջանկություն որոնել արտերկրում:

Սերժ Սարգսյանը արտագաղթի թեմային քիչ է անդրադառնում. նա դեռ ոչ մի անգամ Հայաստանի բնակիչներին չհեռանալու, իսկ հեռացածներին՝ վերադառնալու կոչ չի արել: Վերջերս նա ասել է, որ շուտով Հայաստանում իրավիճակն այնքան կբարելավվի, որ բոլոր գնացածները կկամենան վերադառնալ: Բայց դեռևս երկրում իրավիճակի բարելավման նշույլ իսկ չկա, հետևաբար՝ արտագաղթը շարունակվելու է:

Զանազան վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիներից ավելի քան 50 հազար հոգի տարեկան անվերադարձ լքում են երկիրը: Երեք միլիոն բնակչություն ունեցող երկրի համար դա ահռելի թիվ է, առավել ևս, որ, օրինակ, Ռուսաստանում նրանց պատրաստակամությամբ օթևան են տրամադրում, թեև՝ ժամանակ առ ժամանակ նաև «թափ տալիս»:

Հայաստանը լքում է բնակչության՝ ձեռներեցության և արարման ունակ մասը, ինչն էլ ավելի շատ է ամրապնդում հայաստանյան տնտեսությունը յուրացրած մի քանի խմբավորումների մենաշնորհները: Ավելին, աշխատանքային միգրանտների ուղարկած դոլարներն ու ռուբլիները չեն օգտագործվում տնտեսությունների զարգացման մեջ ներդրումներ անելու համար. Հայաստանում շատ բարձր գների պայմաններում գումարային փոխանցումներն ամբողջովին ծախսվում են սպառողական գնումների համար: Այսինքն, այդ փողերի մեծ մասը հոսում է ներկրող-մենաշնորհատերերի գրպանները:

Այս ամենի վերջը կգա միայն այն ժամանակ, երբ երկրի ղեկավարությունը կընդունի քաղաքականությունն արմատապես փոխելու կամային որոշում և հետ կկանչի իր քաղաքացիներին: Իսկ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե իշխանությունները դուրս գան տնտեսությունը մենաշնորհած օլիգարխների, այսինքն՝ իրենց իսկ դեմ:

Իսրայելում գոյություն ունի աբսորբցիայի՝ ներընդգրկման նախարարություն, վկայությունն այն բանի, որ Իսրայելի պետությունը շահագրգռված է երկրի ժողովրդագրական աճով: Իսրայելում գիտակցում են ժողովրդագրության նշանակությունը և գնահատում են իրենց քաղաքացիների ներուժը:

Հայաստանում հինգ տարի առաջ, ընդհակառակը, ստեղծվել է սփյուռքի նախարարություն: Հավանաբար, այն պատճառով, որ Հայաստանն իրեն սփյուռքի մաս է զգում՝ սփյուռքը միավորող ազգային կենտրոն լինելու փոխարեն: Հայաստանն անընդհատ լրացնում է սփյուռքը՝ սփյուռքը Հայաստանի ամրապնդմանը ծառայեցնելու փոխարեն:

Հայաստանում արտագաղթը դիտում են նաև որպես հասարակության բողոքական տրամադրությունները զսպելու միջոց: Մի քանի տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու կառավարությունը մարդկանց չհեռանալու կոչ չի անում, «կատակել» է. «Ինչո՞ւ անենք, որ նրանք մնան և հեղափոխությո՞ւն անեն»: Դա շատ անկեղծ կատակ էր, քանի որ Հայաստանի ամենափոքր մեկուսացումն անգամ բավական կլիներ հարուցելու աշխատանք չգտնող մարդկանց բողոքը, կօգներ նրանց ինքնակայանալ և ազատ հասարակության կանոններով արդար ապրել:

Արտագաղթի սոցիալական հետևանքներն այսօր արդեն ակներև են ծնելիության մակարդակը, ամուսնությունների և ամուսնալուծությունների թվաքանակը դիտարկելիս:  Երիտասարդները չեն կամենում ընտանիք կազմել, շատերն ամուսնալուծվում են, իսկ Հայաստանն արդյունքում կորցնում է ազգի ընտանեկան հիմքը:

ՀՅԴ-ն վերջերս ներկայացրել է արտագաղթի կասեցման ռազմավարություն, որը պարունակում է իշխանությանը, քաղաքական ուժերին և հասարակությանն ուղղված հորդորներ: Սակայն այդ հայեցակարգը մեծ ոգևորություն չի առաջացրել և իշխանության կողմից չի ողջունվել: Կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ արտագաղթը իրենց, բնականաբար, անհանգստացնում է, բայց դրա ընթացքն այդքան էլ ահավոր չէ, և որ երկրից հեռացող մարդկանց թիվն ուռճացվում է: Նրանք ասում են նաև, որ Հայաստանը դեռ ի վիճակի չէ բոլորին աշխատանքով ապահովել:

Դա նշանակում է, որ իշխանությունները մտադիր են շարունակել աշխատանքային միգրացիայի քաղաքականությունը՝ այն համարելով իրենց սոցիալ-տնտեսական քաղականության առանցք: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ արտագաղթը հետագայում էլ է լինելու հայերի յուրօրինակ հոգեբանական «փրկությունը», որոնք երբեմն հեռանում են ոչ թե այլուր կայանալու համար, այլ քանի որ «այս երկրից պետք է փախչել»:

Բայց արտագաղթը միշտ երկծայրանի փայտ է: Ռուսաստանը, որտեղ ուղևորվում է հայ արտագաղթողների մեծամասնությունը, հետևողականորեն խստացնում է միգրանտների նկատմամբ միջոցները: Վերջերս որոշում է ընդունվել երկրից վտարել անգամ պատահականորեն վարչական օրենսդրությունը խախտած միգրանտներին: Իսկ Հայաստանի քաղաքացի՝ վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքը, երբ նա չի կարողացել կառավարել անսարք բեռնատարը և մարդատար ավտոբուսին է  հարվածել, դարձել է Ռուսաստանում հակամիգրանտական տրամադրությունների բռնկման առիթ:

Մի քանի ամիս առաջ այդ տրամադրությունները հնարավոր է եղել զսպել, բայց հոկտեմբերի 13-ին դրանք կրկին դուրս են հորդացել: Հարյուրավոր մարդիկ մասնակցել են Մոսկվայի Բիրյուլևո շուկայում կազմակերպված ջարդին, շուկա, որի հարևանությամբ ադրբեջանցու ձեռքով սպանվել է մի ռուս երիտասարդ:

Կկարողանա՞, արդյոք, Հայաստանն ապահովել Ռուսաստանում հայտնված իր քաղաքացիների  անվտանգությունը, եթե հանկարծ նրանց վտանգ սպառնա:

Share

Comments are closed.