Ժողովրդագրական վիճակը՝ որպես ներքաղաքական գործիք

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

ԼՂՀ բնակչության թվաքանակի մասին հստակ պատկերացում կազմելն այնքան էլ դյուրին գործ չէ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ պատերազմից հետո՝ 1995-ին, բնակչությունը կազմել է 122 հազար 600 մարդ: Ըստ վերջին՝ 2005 թվականին անցկացված մարդահամարի՝ ԼՂՀ-ում ապրում էր 137 հազար 137 մարդ։ Այսինքն՝ հետպատերազմյան տասը տարիների ընթացքում բնակչությունը աճել է 12.3 տոկոսով (14 հազար 537 մարդով), տարեկան մոտավորապես 1500 մարդով:

ԼՂՀ մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2010թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141.400 մարդ: Այսինքն՝ 2005-ի համեմատությամբ ավելացել է 4363 մարդով։ Փաստորեն՝ տարեկան հազար մարդուց փոքր ինչ ավել։ Սրանից կարելի է եզրակացնել, որ աճի տեմպերը նվազել են 2005-ից հետո։

Բնակչության թիվը, ընթացիկ հաշվառմամբ, 2013թ. հունվարի 1-ի դրությամբ 146 հազար 648 է (2012թ. հունվարի 1-ի համեմատ ավելացել է 1893-ով կամ 1.3%-ով):  Այսինքն՝ 2010-ից հետո երեք տարում բնակչության թիվն ավելացել է 5248-ով, իմա՝ տարեկան ավելի քան 1700 մարդով։

Այսինքն՝ բնակչության թիվն անընդհատ աճել է, միջինը՝ տարեկան 1500 մարդով։ Բնակչության թիվն անընդհատ ու անշեղորեն “աճել” է արտագաղթի ու գյուղերի դատարկման մասին պարբերաբար հնչող մտահոգությունների համապատկերում։ Ռազմական դրության պայմաններում տեղեկություններ ստանալու անհնարինության պարագայում մարդիկ մեծ հաշվով ճշգրիտ թվերի կարիք էլ չունեին։ Այս ամբողջ ընթացքում կարելի էր ականատես լինել, թե ինչպես է փոխվում շենքի, փողոցի, թաղի բնակչությունը, թե ինչպես վաղուց արդեն չկան ծանոթ ու անծանոթ հազարավոր դեմքեր։

Ինչ խոսք, նաեւ հայտնվել են նոր դեմքեր, բայց եկողների ու գնացողների մասին ճշգրիտ տեղեկությունների բացակայությունը թույլ չէր տալիս հասու լինել իրական պատկերին: Կամ էլ ինչպես ընկերս է դիտարկել` արցախյան գյուղերից գալիս են Ստեփանակերտ, ստեփանակերտցիները գնում են Երեւան, երեւանցիներն էլ Մոսկվա ու Լոս Անջելես: Այնպես որ, ամենուր էլ դեմքերի փոփոխություններ կան, ինչը, ցավոք, չի նշանակում, որ մենք փոխվում ու շատանում ենք:

Իսկ իրականում ինչքա՞ն բնակչություն ունենք։ Տեղեկատվության անմատչելիության պայմաններում մեր մնում է մանրադիտակով մանրակրկիտ զննել պաշտոնական տեղեկությունները։ Նման մանրակրկիտությունն իսկապես ավելորդ չէ և կարող է մեզ ինչ-որ բաներ հուշել։

Մասնավորապես, կարելի է այսպիսի մի հետաքրքիր փաստի ականատես լինել։

Ստեփանակերտում ՙԱզգ՚ թերթի թղթակիցը պարբերականի 2002 թվականի հունվարի 18-ի (թիվ 9) համարում ՙԹվերը հիմնականում հուսադրող են՚ վերտառությամբ հոդվածում ընթերցողներին է ներկայացնում ԼՂՀ վիճակագրության պետական վարչության հրապարակած տվյալները 2001թ.ժողովրդագրական իրավիճակի մասին, ըստ որոնցª 2002թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բնակչության թվաքանակը կազմել է 144,3 հազար մարդ եւ նախորդ տարվա հունվարի 1-ի համեմատ ավելացել է 2,8 հազարով:

Ըստ նույն աղբյուրի՝ բնակչության թվաճ արձանագրվել է ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ բոլոր շրջաններում: Առավելագույն աճ գրանցվել է Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում, համապատասխանաբարª 118,9 եւ 110,4 տոկոս: 2001-ին Արցախում ծնվել է 2306 երեխա, որը 84-ով ավելի է նախորդ
տարվանից:

Այսպիսով, մի մեծ հարցական է ծագում։ Եթե 2001-ին ԼՂՀ բնակչության թիվը կազմել է 144 հազար 300 մարդ, իսկ 2005-մարդահամարի տվյալներով՝ 137 հազար 137 մարդ, ապա կստացվի, որ 4 տարում (2001-2005) բնակչությունը նվազել է 7 հազար 263 մարդով։ Ահա թե որտեղից են գալիս խոսակցությունները գյուղերի դատարկման ու արտագաղթի մասին։

Մեկ այլ համեմատություն։ Եթե 2001-ին ԼՂՀ բնակչության թիվը կազմել է 144 հազար 300 մարդ, իսկ ընթացիկ հաշվառմամբ, 2013թ. հունվարի 1-ի դրությամբ 146 հազար 648 մարդ, ապա կստացվի, որ 11 տարում (2001-2012) բնակչությունը ավելացել է ընդամենը 2 հազար 348 մարդով, այսինքն՝ տարեկան 213 մարդով։

Սակայն ԼՂՀ իշխանությունները երբևիցե չեն խոսել բնակչության աճի տեմպերի մտահոգող տեմպերի, առավել ևս՝ բնակչության նվազման մասին։ Հանրությանը միշտ էլ ներկայացվել են բնակչության աննախադեպ աճի հավաստիացումներ, այդ աճը գնահատելով որպես իշխանությունների ազգօգուտ գործունեության արգասիք։ Նրանք շատ լավ հասկանում էին, որ բնակչության նվազումն ինքնաբերաբար կընկալվեր որպես ապաշնորհ ու հակաժողովրդական քաղաքականության արդյունք։ Ասել կուզի՝ ժողովրդագրական վիճակը միշտ էլ եղել է որպես զորեղ քաղաքական ու քարոզչական գործիք։ Ընդ որում, այն ավելի շատ եղել է ներքաղաքական գործիք, քան արտաքին-քաղաքական, քանի որ դժվար թե հակառակորդը լեղաճաք լիներ, իմանալով, որ մենք ոչ թե 140 հազար ենք, այլ 145 հազար և դժվար թե նա անհապաղ հարձակման անցներ, եթե հանկարծ տեղեկանար, որ մենք ոչ թե 145 հազար ենք, այլ 140 հազար։ Տարբերությունն, ինչպես ասում են, որոշիչ չէ։

Ժողովրդագրական վիճակն, ուրեմն, առավելապես ներքաղաքական գործիք է, ու եթե այդպես է, ապա դրան պիտի տիրապետի արցախյան ողջ քաղաքական դաշտն ու հանրությունը։ Մինչդեռ այդ գործիքը միայն իշխանության ձեռքին է և նպաստում է իշխանության վերարտադրությանը։ Այս պարագայում մեծ վերապահումով կարելի է խոսել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների մասին, քանի որ միայն իշխանությունը գիտե բնակչության, իմա՝ ընտրազանգվածի իրական թիվը։ Այն, որ այդ թիվը չի համապատասխանում պաշտոնական տվյալներին, գիտեն նույնիսկ մանկապարտեզի երեխաները։ Իսկ ավեքլի մեծ տարիքովներն էլ հասկանում են, որ այդ տարբերությունն այս կամ այն կերպ դրվում է իշխանությունների քվեատուփում։ Այսինքն՝ ընդդիմության թեկնածուի օգտին տրված առաջին ձայնն իսկապես առաջինն է (00001), իսկ իշխանության ներկայացուցչի օգտին տրված առաջին ձայնը, պատկերավոր ու մոտավոր ասած, 10001-րդը։

Ահա քեզ հավասար հնարավորություններ, ահա քեզ ժողովրդի ազատ կամարտահայտություն։ Ժողովուրդն, իրոք, ազատ կամարտահայտվում է՝ ի տարբերություն տարածաշրջանի մի շարք այլ երկրների։ Պարզապես որոշիչն այդ կամարտահայտությունը չէ, այլ, պատկերավոր ու մոտավոր ասած, այդ 10 հազար ավելցուկը։ Ժողովուրդը կարող է հաղթել միայն մի պարագայում՝ եթե միաձայն քվեարկի ընդդիմության օգտին ու խեղդի այդ 10000-ը։ Բայց այդօրինակ հեղինակություն վայելող ընդդիմադիր ուժ հազարից մի անգամ է լինում ու հազարից մի երկրում։

Ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, իմա՝ ժողովրդի ազատ կամարտահայտություն և այդ կամարտահույտության հիման վրա ձևավորվող իշխանություն կարելի ունենալ միայն այն դեպքում, եթե հանրությունը հստակ տեղեկացված լինի ընտրազանգվածի ճշգրիտ թվաքանակի մասին։ Հանրությունն իրավունք ունի դա իմանալու։ Նրա չիմացությունն է սպառնում մեր ազգային անվտանգությանը։

Share

Comments are closed.