Պաշտոնական տվյալներով Արցախում արտագաղթ չկա

Այսինքն՝ միգրացիայի բալանսը դրական է

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

«Արցախում արտագաղթ չկա» հայտարարությունը անում են պարբերաբար: Պաշտոնական տվյալներով՝ Արցախ եկածների թիվը միշտ գերազանցում է մեկնածներին: Թվերը վերլուծում ու հրապարակում է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմվելով ԼՂՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների բաժնի տվյալների վրա:

«Մեկնածները անձնագրային բաժնի հաշվառումից հանվածներն են, եկածները` գրանցվածները»,- «Անալիտիկոնի» հետ զրույցում բացատրեց անձնագրային ու վիզաների բաժնի պետ, փոխգնդապետ Գարիկ Միրզոյանը:

Եթե Հայաստանում սահմանն երկու ուղղություններով հատած քաղաքացիների տարբերությունների հաշվառմամբ են որոշում արտագաղթածների քանակը, ապա Արցախում դա հնարավոր չէ իրականացնել:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը համաձայն է, որ միգրացիայի վերլուծումն արձնագրային բաժնի հարց չէ, որովհետև ոչ բոլոր մեկնող-գնացողներն են հաշվառվում.«Անձնագրային բաժինը չի կարող իմանալ, դա պետք է իմանան վիճակագրական ծառայությունն ու տեղական ինքկառավարման մարմինները: Շատ գնացողներ հաշվառումից դուրս չեն գալիս, քանի որ հիմնականում գնում են արտագնա սեզոնային աշխատանքի»:

Ինչևիցե, անդրադառնանք համեմատաբար թարմ տվյալներին: 2012-ին հանրապետությունում պաշտոնապես հաշվառված եկողների թիվը կազմել է 907, մեկնողներինը՝ 574: 907-ից 850-ը ՀՀ-ից է եկել, 574-ից 538-ը ՀՀ է մեկնել:
Նրանք հիմնականում հաստատվում են Երևանում և երևանամերձ արվարձաններում:
Բադասյանն, այնուամենայնիվ, գտնում է, որ Արցախից մեկնածներն ավելի մեծ թիվ են կազմում. «Եթե ամեն մեկը նայի իր շրջապատին՝ կհամոզվի դրա մեջ: Արտագաղթը կարելի է նույնիսկ ազգային անվտանգության հարց դարձնել: Առաջիկայում առաջարկելու եմ արտագաղթի վերաբերյալ լսումներ կազմակերպել»:

Սակայն չպետք է մոռանալ, որ պատերազմից հետո Արցախը ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագիր է իրականացնում: Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի՝ «Անալիտիկոնին» հաղորդած տվյալներով՝ ներկայումս շրջանում 10 038 մարդ է բնակվում: Իսկ Շահումյանի շրջանում, 2011 թվականի տվյալներով, 2900 մարդ: Ըստ Շահումյանի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի՝ իրականում շուրջ 2200-2500 հոգի բնակվելիս կլինի. «Պաշտոնական վիճակագրությունը ներառում է նաև նախորդ տարիների ընթացքում տարածքում հաշվառված և հետագայում այն լքած անձանց ևս»:

Պաշտոնական տվյալներով՝ 2012-ին ԼՂՀ տեղափոխված 414 վերաբնակչի համար օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման նպատակով ծախսվել է 42 մլն 136 հազար դրամ: Ստացվում է՝ 2012 թվականին Ղարաբաղ եկածների 45, 64 տոկոսը վերաբնակիչներ են՝ վերաբնակչի կարգավիճակ են ստացել:

Միգուցե վերաբնակեցմա՞ն շնորհիվ է եկողների թիվը ավելի մեծ, քան գնացողներինը

«Քաշաթաղի շրջանում մի քանի սիրիահայ ընտանիքներ հաստատվել են, բայց գնացողներն էլ են շատ, հատկապես՝ երիտասարդությունը: Մարդիկ իրենց ապագան չեն կապում Արցախի հետ»,- ասում է Բադասյանը:

Մինչ սիրիական պատերազմն ու պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանում սիրիահայ 28 ընտանիք է հաստատվել՝ 74 հոգի:

«Երևի սիրիահայերի թիվը կավելանա նոր բնակարաններ կառուցելուց հետո»,- ասում է Ռոբերտ Մաթևոսյանը:

«Ազատ Հայրենիք» կուսակցության պատվերով Ահարոն Ադիբեկյանի՝ անցած տարվա մայիսին անցկացրած սոցիոլոգիական հետազոտության տվյալները տարբերվում են պաշտոնական վիճակագրությունից։ Ըստ հետազոտության՝ Արցախ ամեն տարի մոտավորապես 500-600 քաղաքացի է գալիս: Հարցին, թե ինչ մեթոդաբանությամբ է նման տվյալներ ստացել, սոցիոլոգը պատասխանել է. «Գոյություն ունի վիճակագրություն՝ 2007-ին ապրում էր մոտ 140 հազար մարդ, 5 տարի հետո՝ 145 հազար, հետևաբար տարեկան աճը՝ 1.000 հոգի։ Բայց դա գրանցվածներն են, իսկ իրականում կա արտագաղթ՝ դեպի Հայաստան և այլուր»:

Պետք է նշել, որ, այնուամենայնիվ, Արցախից Հայաստանի պես արտագաղթ չի նկատվում, համենայն դեպս՝ «անզեն» աչքով:

Ինչի՞ շնորհիվ են արտագաղթի տեպմերն Արցախում ավելի նվազ, քան Հայաստանում

Քաղաքական վերլուծաբան, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն առաջին հերթին դա պայամանավորում է ավելի շատ աշխատանքային հնարավորություններով և հուսահատության ավելի ցածր տոկոսով: Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքական համակարգի դեգրադացիա ու հասարակական կյանքի հսկայական արժեզրկում կա, ինչը արատագաղթի տրամադրությունների է հանգեցնում նաև տնտեսապես կայուն շերտերի մոտ. «Հայաստանում անարդարության մակարդակը և անարդարության զգացումը բավականին բարձր են»:

Այս առումով նա Արցախում հուսահատության աստիճանն ավելի ցածր է համարում, «ինչը պայմանավորված է իշխանությունների ավելի բարձր լեգիտիմությամբ, քան այն կա Հայաստանում, և այստեղ իշխանությունների ունեցած ավանդական դերով»:

«Երբ հասարակությունը ավելի բարձր է գնահատում իշխանություններին և, հետևաբար, նրանց կողմից արվող ապօրինություններն ավելի շատ է մատերի արանքով ընդունում, ինչն այդպես չէ Հայաստանում, որտեղ բավականին լայն զանգված կա, որ պայքարում է իրավական պետության, քաղաքացիական հասարակության որոշումների վրա ազդեցություն ունենալու համար»,- շարունակում է Խանումյանը, ավելացնելով, որ այդ խմբերը, հաջողության չհասնելով, մեծ հուսահատության ալիք են բարձացնում կամ իրենք են հուսահատվում:

Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն՝ հարցված երիտասարդների 78.5 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36.8 տոկոսը՝ կմեկներ ընդմիշտ: Հարցվածների 48 տոկոսը կարտագաղթի, որովհետև համարում է, որ արտերկրում աշխատանք գտնելը ավելի դյուրին է: 42 տոկոսը համարում է, որ արտերկում աշխատավարձերն ավելի բարձր են, 12 տոկոսը՝ արտեկրում մարդու իրավունքների խախտում չի լինում, 4,5 տոկոսը՝ հոգեբանական մթնոլորտի պատճառով, 3 տոկոսը՝ ներկա քաղաքական իրավիճակի պատճառով:

Կա նաև երկրորդ գործոնը՝ տնտեսականը

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահը բացատրում է, որ բնակչության թվի հետ համեմատ բավականին աշխատատեղեր կան Ղարաբաղում, և գործազրկության հարցը մեծ չէ, ինչպես Հայաստանում. «Այստեղ քաղաքացիները թեև փոքր, բայց եկամուտներ վաստակելու տարբերակներ ունեն: Դա հիմնականում ուժային կառույցներն են, որտեղ համեմատաբար բարձր աշխատավարձեր են տրվում: Արցախը բավականին բյուրոկրատացված երկիր է, և բազմաթիվ քաղաքացիներ իրենց եկամուտները ստանում են պետական բյուջեից»:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ զբաղվածների տեսակարար մասը՝ 20,2 տոկոսը, կառավարման և պաշտպանության ոլորտում են ընդգրկված, կրթության ոլորտում՝ 19,1 տոկոսը, արդյունաբերության՝ 11,5 տոկոսը:

«Երբ բնակչության մեծ մասը կամ զգալի մասը ներգրավված են պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատանքներում, փաստորեն ազգային հարստության ավելացմանը չեն մասնակցում: Մինչդեռ մարդկանց ներուժը կարող էր օգտագործվել արտադրական ձեռնարկութուններում կամ առևտրային կազմակերպություններում, քանի որ նրանք ունեն լավ մարկետոլոգների ու մենեջերների, տարբեր որակավորված մասնագետների կարիք: Արցախում պետական բյուջեն, փաստորեն, բախշվում է քաղաքացիների միջև՝ զսպելով նրանց դժգոհությունների աճը, այսպիսով նաև՝ տեղափոխվելու ցանկությունը»:

Խանումյանը սա արատավոր համակարգ է համարում, համակարգ, որը գոյատևում է Հայաստանից տրվող միջպետական վարկով. «Տնտեսության նման կառուցվածքը պայթունավտանգ է, և սուբսիդիայի բացակայության պայմաններում կարող է լինել սոցիալական լուրջ պայթյուն»:

Նաև տարատեսակ ներդումներն են զսպում արտագաղթի հնարավորությունը կամ ցանկությունը: Մասնավորապես՝ Դրմբոնը և մերձակա գյուղերը։ Ըստ նրա, մարդիկ աշխատելով լեռնահանքարդյունաբերության ոլորտում, հնարավորություն ունեն թեկուզ փոքր եկամուտներով պահպանել իրենց գոյությունը կամ սպառողական նվազագույն խնդիները լուծել:

Ստեփանակերտիզացիա

Արցախում խնդիր է ուրբանիզացիան, բնակչության մոտ 36,9 տոկոսը (եթե ոչ ավելին) կենտրոնացած է մայրաքաղքում:

Ըստ Խանումյանի՝ Ստեփանակերտը դարձել է լուրջ չարիք շրջանների և գյուղական բնակչության համար. «Որևէ հատվածում բնակչության կենտրոնացումը առաջացնում է լուրջ տնտեսական ու անվտանգության հետ կապված խնդիրներ: Լավագույն տարբերակն է Ստեփանակերտի բնակչության աճի դադարեցումն ու դրա փոխարեն շրջկենտրոնների բնակչության աճը, առնվազն 10 հազարանոց շրջկենտրոնների կարիք ունենք: Ընդհանրապես, հզոր է այն ազգային պետությունը, որի բնակչությունը հնարավորինս հավասարապես է բաշխված: Սա միգուցե և երազանք է, բայց պետք է դառնա պետական քաղաքականության հիմք, այլապես կանգնելու ենք լուրջ խնդիրների առջև»:

Իսկ ինչ վերաբերում է գյուղաբնակներին, ապա, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի կարծիքով, նրանք հիմնականում հակված են հեռանալու, բայց հիմնականում արտագնա սեզոնային աշխատանքի ակնկալիքով:

Կարծիք կա, որ արտագաղթը ֆինանսական իրավիճակի բարելավման առումով դրական ազդեցություն է ունենում ընտանիքների և, ըստ այդմ, նաև համայնքների վրա: Բադասյանը սա անհեթեություն է համարում. «Մարդ, վերջիվերջո, հոգնում է սեզոնային աշխատանքից, մեկնելուց ու վերադառնալուց և արդյունքում ընտանիքով տեղափոխվում է Ռուսաստան»:

Ո՞րն է արտագաղթի խնդրի լուծումը

Հետազոտություները ցույց են տալիս, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառներն են գործազրկությունն ու ցածր աշխատավարձը: Մարդու իրավունքների խախտման պատճառը նշել է հարցվածների 12 տոկոսը, 4.5-ը՝ հոգեբանական մթնոլորտը, 3 տոկոսը՝ ներկա քաղաքական իրավիճակը: [1]

Արցախում աշխատուժի պակաս կա, այդ բացը որոշ չափով լրացվում է Հայաստանի քաղաքացիներով: «Գյուղատնտեսության, շինարարության ոլորտում տղամարդու աշխատուժ է հարկավոր: Անհնար է, որ տղամարդու աշխատանք փնտրես ու չգտնես»,- ժամանակին ասել էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: [2]

«Աշխատուժի պակասը չի նշանակում, որ արտագաղթ չկա, միգուցե Արցախում քիչ բնակիչ կա ու դրա համա՞ր են գալիս Հայաստանից»,- հարցիս հարցով է պատասխանում Հայկ Խանումյանը:

2013թ. փետրվարի 1-ի դրությամբ ԼՂՀ զբաղվածության պետական մարմիններում գրանցված աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3186 մարդ, որոնցից 3036-ը` կանայք:

Խանումյանը տնտեսական աճն է արտագաղթի կասեցման բանալի համարում, «իսկ ավելի լայն առումով, բնականաբար, արդարության զգացումի առկայությունն է կարևոր, որպեսզի մարդը չլքի իր հայրենիքը և փորձի պայքարել ավելի լավ կյանքի համար»:

«Կարևորը՝ մարդ տեսնի, որ անվտանգությունն ամուր ձեռքերում է, ամենակարևորը՝ սոցիալական արդարության սկզբունքները վերահաստատվեն, արդարություն, որի բացակայության պատճառով մարդիկ իրենց ապագան չեն կապում Արցախի հետ»,- եզրահանգում է Վահան Բադասյանը:

1 http://www.vestikavkaza.ru/news/Aleksandr-Iskandaryan-emigratsiyu-iz-Armenii-ostanovyat-tolko-novye-rabochie-mesta.html

2 http://archive.ankakh.com/2012/04/198638/

Share

Comments are closed.