Հայաստանի շուրջ խաղը բարդանում է. ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ծրագրերը

Իգոր Մուրադյան

Հայաստանը հայտնվել է անհեթեթության գոտում, եւ չնայած նրա հանդեպ Արեւմուտքի նվազագույն հետաքրքրությանը, դա հնարավոր չէ չնկատել: Ռուսաստանն անթաքույց ու կոշտ ձեւով Հայաստանին ցույց տվեց նրա տեղը ռուսական ազգային շահերի պաշտպանության «գոտում»: Եւ ինչպես էլ այս իրավիճակը ներկայացվի կիսապաշտոնական հայտարարություններում (պաշտոնական ընդհանրապես չի եղել), Հայաստանը դարձել է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հակառակորդն ու թշնամին:

Հայ հանրությունն ընդունակ չէ գիտակցել այն, ինչ տեղի է ունեցել, առավել եւս որ հայկական ԶԼՄ-ների մեծ մասն աշխատում է Ռուսաստանի շահերի օգտին:

Տարօրինակ կլիներ, եթե Արեւմուտքում ներկայում Հայաստանին այլ կերպ վերաբերեին, սակայն դա ասվելու է եւ լիովին պաշտոնապես, իր ժամանակին: Ընդ որում, Արեւմուտքում երբեւէ ՀԱՊԿ-ը լուրջ չեն ընդունել, քանի որ նման ռազմական բլոկ գոյություն չունի: Իսկ Ռուսաստանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները, նրա լիակատար վասալացումը բավական լուրջ է, Արեւմուտքի պաշտպանական եւ ազգային շահերի տեսանկյունից: ՀԱՊԿ-ը փլուզվելու է առաջին իսկ կրակոցից, իսկ Հայաստանը մնալու է թիրախ ռազմական հավանական կոնֆլիկտի դեպքում:

Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրությունների վերաբերյալ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչների հայտարարություններով հանդերձ, Պետական դեպարտամենտի՝ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների վրա Ռուսաստանի ճնշումների կապակցությամբ բանաձեւի մեջ հիշատակվում են Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը, իսկ Հայաստանը չկա: Եւ դա իհարկե պատահական չէ: Իրականում Հայաստանն առայժմ դուրս է ԱԼԳ նախագծի մասնակից երկրների հանդեպ ԱՄՆ քաղաքականության մտադրությունների շրջանակից: Սակայն, Հարավային Կովկասում մնում են ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի որոշ մտադրություններ, եւ դրանք չեն սահմանափակվում կարճաժամկետ շրջանակներով:

Ներկայում մոռացության է տրվել «միջանցք» հասկացությունը Հարավային Կովկասի կապակցությամբ, ինչն առկա էր 10 տարի առաջ: Սակայն միջանցքը մեկ պատով չի լինում, այլ՝ երկու, այսինքն՝ հյուսիսում Ռուսաստան, հարավում՝ Թուրքիա եւ Իրան: Իրանի պարագան տվյալ դեպքում սկզբունքային չէ: Խոսքը Թուրքիայի ու Ռուսաստանի շահերի բախման եւ Հարավային Կովկասում նրանց ազդեցությունից «ազատ» տարածության մասին էր: Դա այդպես էլ անհրաժեշտ չափով չստացվեց, սակայն այնուամենայնիվ շատ բան կառուցվել էր, նույնիսկ Թուրքիայի ու Ռուսաստանի այդքան ուժեղ ազդեցության պայմաններում:

Վրաստանը, չնայած ներկայիս իշխող էլիտայի բավարար փորձի բացակայությանը, կարողացել է կառուցել Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ սեփական հարաբերությունների կոնֆիգուրացիան, ապահովելով երկու կողմերի հետ հարաբերության հաջող զարգացումը: Ադրբեջանը մինչեւ նավթի սպառվելը կմնա Արեւմուտքի հովանու տակ, իսկ դրանից հետո կստանա Թուրքիայի հովանոցը:

Սակայն ոչ Վրաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն կարող կատարել Թուրքիայի էքսպանսիան զսպելու գործառույթ, դա պարզապես չի տեղավորվում նրանց արմատական շահերի մեջ: Այդ խնդիրը տրված է Հայաստանին: Ընդ որում, Հայաստանում ռուսական ռազմական բազան ԱՄՆ դիտարկում է որպես Թուրքիային զսպելու տարր (նկատենք, որ Արեւմուտքը երբեք չի արտահայտվել բազայի դուրսբերման մասին):

Ներկայիս իրավիճակը լիովին համապատասխանում է Արեւմուտքի շահերին՝ ուժերի հավասարակշռության պահպանում եւ Թուրքիայի ու Ռուսաստանի դիմակայություն: Ցանկանում է դա Ռուսաստանը, թե ոչ, նրա ռազմական ներկայությունը Հայաստանում Արեւմուտքի կողմից ծրագրված գործառույթ է, համենայնդեպս համապատասխանում է նրա շահերին:

Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը ներառում է ռազմավարության լիակատար շրջադարձ, այսինքն՝ դիմակայության մեջ չմտնել Թուրքիայի հետ եւ ռազմաքաղաքական դիրքորոշումները դիտարկել որպես ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին դիմակայելու գործոն: Դրան է ձգտում նաեւ Թուրքիան, սակայն նա զգուշանում է ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից նույնիսկ աննշան հեռանալուց, քանի որ այդ դեպքում նրա միջազգային կարգավիճակն աղետալի անկում կարձանագրի:

Այս կապակցությամբ, Արեւմուտքի ռազմավարության մեջ Հայաստանը համարվում է նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի դիմակայության գործոն, թեեւ այս հանգամանքը կարող է հաջողությամբ հաղթահարվել: Խաղը բավական բարդ է, նկատի առնելով, որ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ, թեեւ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները ներկայում ճգնաժամային են:

Եթե Եվրոպական միությունն անհարմարություն է զգում եւ նույնիսկ պարտության զգացողություն Արեւելյան գործընկերության մասնակից երկրների նկատմամբ Ռուսաստանի ճնշումից, ապա ԱՄՆ համար դա արտակարգ իրավիճակ չէ: Ինչպես 2008 թ. Վրաստանի ու Ռուսաստանի պատերազմից հետո Վրաստանի վիճակն այնքան էլ չի փոխվել, այնպես էլ Հայաստանի վասալացման հերթական փուլը քիչ բան է փոխել նրա վիճակում: Եթե խոսենք ոչ թերթային լեզվով, թե մինչեւ սեպտեմբերի 3-ի ամոթալի ակտը, թե դրանից առաջ Հայաստանն ինքնիշխան որոշումներ չէր ընդունում, դրանք հիմնականում կախված էին Ռուսաստանից: Ի տարբերություն Եվրոպայի, ԱՄՆ-ն միջազգային քաղաքականության մեջ նման աճպարարությունների շատ է բախվել: Միեւնույն ժամանակ, ի տարբերություն Հարավային Կովկասի իր հարեւանների, Հայաստանն ունի ԱՄՆ եւ Արեւմուտքի ռազմավարությանն անհրաժեշտ որոշակի խնդիրներ իրականանցնելու ոչ միայն մենթալ առանձնահատկություններ ու մոտիվացիաներ:

Ընդ որում, հենց ԱՄՆ արտաքին քաղաքականության ներկայիս պայմաններն ու մոտեցումները, դրա ոճի ու հնարքների արմատական փոփոխությունը, արտաքին ծավալուն միջամտության սահմանափակումը ենթադրում են ՆԱՏՕ-ի նոր գործընկերների նշանակության ուժեղացում, այսինքն՝ այն երկրների, որոնք չլինելով դաշինքի անդամ, ակտիվ համագործակցում են նրա հետ:

ՆԱՏՕ-ի հերթական վեհաժողովին, որը տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայում 2014 թվականին, այս կամ այն չափով սկզբունքային փոփոխություններ են մտցվելու նոր գործընկերների հետ համագործակցության ծրագրերում: Հնարավոր է՝ ընդունվի նոր ծրագիր: Ամեն դեպքում, ՆԱՏՕ-ն ներկայում մշակում է առաջարկներ այդ հարցերի վերաբերյալ:

Հայաստանը, որն ակտիվորեն մասնակցում է IPAP ծրագրին, հասել է որոշակի սահմանագծի, եւ հետագա համագործակցության սահմանափակումը կնշանակեր Ռուսաստանի բաց եւ ավելի կոշտ միջամտություն երկրի գործերին, թեեւ կան հենց նման սպասումներ:

Ռուսաստանը ձգտելու է ստիպել Հայաստանին՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի հետ որեւէ համագործակցությունից: Եւ դա բավական տհաճ նախադեպ կլիներ Դաշինքի համար: Այդ պատճառով, լիովին հավանական է, որ այս անգամ ԱՄՆ փորձելու է թույլ չտալ նման սկանդալային «որոշում» Հայաստանի կողմից:

Իհարկե, ԱՄՆ-ն եւ նրա եվրոպական գործընկերները մտադիր չեն Հայաստանը դիտարկել միայն որպես Թուրքիային զսպելու գործոն, այլեւ օգտվելով Հայաստանի խնդիրներից՝ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Նախեւառաջ, Արեւմուտքը մտադիր է փորձել «կարգավորել» Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունները եւ նրա ապաշրջափակումն արեւմտյան ուղղությամբ: Միաժամանակ լինելու են նախաձեռնություններ, ավելի ճիշտ՝ ճնշում ղարաբաղյան թեմայի կապակցությամբ:

Ռուսաստանն, ինչպես հայտնի է, բավական զգուշանում է այս երկու հարցերում նախաձեռնության կորստից, ինչպես նաեւ, որ առավել անթույլատրելի է նրա համար՝ ղարաբաղյան խնդրի գոտի ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ստորաբաժանումներից կազմված խաղաղարար զորքի մուտքից: Մինչեւ սեպտեմբերի 3-ը Արեւմուտքի դիրքորոշումն այլ էր, այդ թվում Եվրոպական միությունն աշխատում էր աբխազական երկաթուղու ապաշրջափակման ուղղությամբ, Թուրքիայի քաղաքական ռեսուրսը Հայաստանի հետ խնդիրների մասով նվազագույնի հասցնելու համար: Ներկայում իրավիճակը փոխվել է, եւ դժվար թե Արեւմուտքը շահագրգռված է աբխազական ուղղության ապաշրջափակմամբ:

Այս խաղում կա միայն մեկ դրական հույս՝ որ ԱՄՆ եւ Իրանը որոշակի փուլում կպայմանավորվեն Հայաստանի համար նոր հաղորդակցություններ ստեղծելու հարցում: Եւ Ռուսաստանը չի կարող դա չհասկանալ: Ի՞նչ է սպասում մեզ այդ ուղղությամբ:

Նպատակները խմբագրվում են շատ արագ, առավել եւս, որ բոլոր տարբերակները վաղուց եւ լավ մշակված են: Սակայն, ինչպես էլ դիտարկվեն հնարավոր տարբերակները, ներկայում եւ դեռ երկար ժամանակ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի առաջատար գործընկերը Ադրբեջանն է: Հայաստանը հետայսու գործընկեր չէ, այլ՝ գործոն եւ գործիք:

Խաղը բարդացել է, ինչը թույլ կտար նույնիսկ ոչ մեծ մասնակիցներին սեփական խաղը խաղալ, սակայն դրա համար անհրաժեշտ է նախեւառաջ մեկ բան՝ ինքնիշխանություն:

lragir.am

 

Share

Comments are closed.