Մամուլի տեսություն. գործադուլների ժամանակաշրջան Վրաստանում, ՆԳՆ-ն վերահսկում է հեռուստատեսությունը, և կրկին մեղադրանքներ

Թբիլիսի, «Նովոստի-Գրուզիա». Վրացական թերթերը քննում են աշնան վերջում երկրում սկսված գործադուլների ալիքների պատճառները: Սոցիալական այլ արդիական թեմաներից է Հանրային հեռուստատեսությունում անվտանգության մարմինների ներկայացուցչի մշտական ներկայությունը:

 

ՌԵԶՈՆԱՆՍԻ. «Սկսվել է գործադուլների շրջանը»

Վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաքում և տեղաշրջաններում տեղի են ունենում տարբեր ընկերությունների աշխատակիցների գործադուլներ: Սկսել են երկաթուղու աշխատակիցները, որոնց հետևել են Կազրեթիի ոսկու հանքի հանքափոր բանվորները: Բողոքի ցույց են կազմակերպել նաև Փոթիի նավահանգիստը վարձակալող B&P ընկերության աշխատակիցները: Զուգահեռաբար բողոքի գործողություններ են կազմակերպում առևտրականներն ու հիպոթեկային վարկերից տուժածները: Վերջերս գործադուլ են հայտարարել «2009թ. առևտրային կենտրոնի», այսինքն՝ «Խոփի» շուկայի աշխատակիցները, որոնք պահանջում են հաշվիչ դրամարկղային մեքենաների վերացում ու հաստատագրված հարկին անցում: Աշխատավարձի բարձրացման, աշխատանքային օրակարգի և ծանրաբեռնվածության թեթևացման պահանջով հանդես են եկել «Կազտրանսգազ» ընկերության աշխատակիցները:

Միավորված արհիմիություններում հայտարարում են, որ գործադուլների պատճառն աշխատանքային վեճերն են, որոնց վրա երկար ժամանակ ուշադրություն չէր դարձվում: Արհմիությունների նախագահի տեղակալ Գոչա Ալեքսանդրիան կարծում է, որ վերջին շրջանում շատ դեպքերում աշխատակիցների և գործատուների միջև հակամարտությունները ծագում են այն պատճառով, որ ընկերությունների ղեկավարներին դժվար է ընտելանալ նոր իրականությանը և հաշվի առնել Աշխատանքային նոր օրենսգրքի նախատեսված պայմանները: «Չեմ կարող ասել, որ երկրում սպասվում է գործադուլների նոր ալիք, թեև բանվորներն ու աշխատակիցներն ակտիվորեն պաշտպանում են իրենց իրավունքները: Օրինակ, սպասվող վերակառուցման կապակցությամբ իրավիճակը սրվում է «Ջեոսել» ընկերությունում. մենք՝ որպես արհիմիություն, նույնպես ներգրավված ենք այդ հարցում: Երկրում աշխատանքի վերահսկողական մարմին չունենալու պատճառով իրավիճակը հաճախ գործադուլների է հասնում: Նրա խոսքերով, նոր Աշխատանքային օրենսգրքում աշխատողների իրավունքներին մեծ տեղ է հատկացված, բայց ընկերությունների մեծամասնությունը չի կամենում կատարել Օրենսգրքի պահանջներն ու, օրինակ, կարգավորել աշխատանքային ժամերի խնդիրը:

Ալեքսանդրիան նշել է ևս մի առանձնահատկություն. մոտենում է տարեվերջը, երբ ընկերությունների մեծ մասը կազմում է գալիք տարվա բյուջեն: Այսպիսի շրջանում անձնակազմը ձգտում է ստիպել գործատուին աշխատանքային պայմանագրերի մեջ իր օգտին փոփոխություններ մտցնել, քանի որ արդեն հունվար ամսից գործատուների պատասխանը լինելու է այն, որ դա արդենհնարավոր չէ:

ՌԵԶՈՆԱՆՍԻ. «Արդյո՞ք մեդիակազմակերպությունում պետք է գտնվի ՆԳՆ սպա»

Հանրային հեռարձակվողի դիտորդ խորհրդի նախագահ Էմզար Գոգուաձեն Ներքին գործերի նախարարությանը կոչ է արել հանրային հեռուստաալիքից հետ կանչել ՆԳՆ ներկայացուցչին՝ այսպես կոչված գործող պահեստազորի սպային՝ Իրակլի Ցիբաձեին: Գործող պահեստազորի սպայի հաստատությունը տարածված էր խորհրդային ժամանակներում, երբ այդպես էին անվանում կազմակերպության աշխատանքը վերահսկելու համար պետական հաստատության մեջ ներդրված գաղտնի աշխատակցին: Վրաստանի ժողովրդական պաշտպանը պահանջում է մանրամասնորեն քննել տվյալ հարցը, իսկ երկրի խորհրդարանում հայտարարում են, որ գործող պահեստազորի սպայի ներկայությունը ԶԼՄ-ներում անընդունելի է:

Թերթին տված հարցազրույցում Գոգուաձեն հայտարարել է, որ եթե պետությունը կամենում է պետական հիմնարկներում գործող պահեստազորի սպա պահել, ապա դա պետության իրավունքն է, բայց մեծ սխալ է, եթե իշխանությունները որպես պետական հիմնարկ են դիտում հանրային հեռարձակվողին, քանի որ պետական հեռուստատեսությունը վաղուց արդեն հանրային է դարձել, իսկ ՆԳՆ աշխատակցի ներկայույթունը հեռուստաընկերությունում անհարմարավետություն և թերըմբռնում է առաջացնում: Գոգուաձեն հիշատակում է սեպտեմբերի 5-ի միջադեպը, երբ վերոնշյալ Ցիբաձեն մտել է նրա աշխատասենյակ և փորձել ազդել նրա որոշման վրա:

«Ռեզոնանսի» թերթի գլխավոր խմբագիր Լաշա Թուղուշին ասում է, որ այս խնդիրը մտահոգում է ոչ միայն Հանրային հեռարձակվողին: Նրա կարծիքով, այդ համակարգը երկրում պետք է ամբողջապես վերացվի: Թուղուշիի խոսքերով, այսպես կոչված գործող պահեստազորի սպայի մոդելը գոյություն ունի ողջ երկրի տարածքում, և դա ճիշտ չէ. այդ խնդիրն առկա է պետական շատ գերատեսչություններում: Այս հարցը պետք է հանրությունում քննարկել, և այդ մոտեցումը պետք է փոխվի:

Ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին հայտարարել է, որ Հանրային հեռարձակվողում ոչ մի գործող պահեստազորի սպա չպետք է լինի: Նա նշել է, որ խնդրո առթիվ տեղեկատվությանը չի տիրապետում, բայց կարծում է, որ հարկ է անցկացնել լուրջ քննություն և անգամ հետաքննություն՝ նախորդ տարիներին պետական հաստատությունների կառավարման իրական պատկերը պարզելու համար:

Էմզար Գոգուաձեի դիրքորոշումն անվերապահորեն ընդունում է նաև խորհրդարանական մեծամասնության պատգամավոր, Կրթության, գիտության և մշակույթի խորհրդարանական կոմիտեի նախագահի տեղակալ Էլիսո Ճապիձեն։ Նա ընդգծել է, որ հեռուստաընկերությունում գործող պահեստազորի սպայի ներկայությունն ամբողջովին հակասում է ժողովրդավարական սկզբունքներին: Նրա խոսքերով, «ԶԼՄ-ներում գործակալների ներդրումը կամ ներկայությունը ժողովրդավարական հասարակության համար կատարելապես անընդունելի է»: Ճապիձեն հույս է հայտնում, որ, ելնելով հարցի յուրահատուկ բնույթից, այն պետք է ուսումնասիրեն «համապատասխան մարմինները», բայց եթե Գոգուաձեն դիմի կոնկրետ իրենց կոմիտե, ապա կոմիտեն պատրաստ կլինի քննարկել այն և աջակցել Հանրային հեռարձակվողին՝ խնդրի լուծումն ապահովելու համար: Կոմիտեն պատրաստ է նաև արձագանքել լրագրողական գործունեությանը միջամտելու փաստին:

ՌԵԶՈՆԱՆՍԻ. «Ինչպե՞ս էին մարդիկ անհետ կորչում» 

Նորերս խորհրդարանում ելույթ ունենալիս վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին, ներկայացնելով կառավարության կազմը և կառավարական ծրագիրը, անդրադարձել է նաև անհետ կորած քաղաքացիների թեմային: Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ տվյալ փուլում անհետ կորածների մի քանի գործով հետաքննություն է ընթանում, և արդեն առկա են նախնական տվյալներ այն մասին, որ նախորդ իշխանության կառավարման տարիներին ուժային գերատեսչությունների որոշ ներկայացուցիչներ մասնակցում էին մարդկանց առևանգմանն ու ոչնչացմանը: Իր ասելով՝ խոսքը մի քանի հարյուր հոգու ոչնչացման մասին է: Նախնական տվյալներով քննական մարմիններն ունեն կասկածյալներ:

Մեկնաբանելով հիշյալ հայտարարությունը՝ ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան պնդում է, որ Սաակաշվիլու իշխանությունը քաղաքական դրդապատճառներով հարյուրավոր մարդկանց է ոչնչացրել: Մաիսայան հույս է հայտնում, որ անհետ կորածների գործերի քննության ժամանակ ի հայտ են գալու նախորդ իշխանության ուժային գերատեսչությունների բարձրաստիճան շատ պաշտոնյաների անուններ: Նա համոզված է, որ նրանցից մեկն է լինելու ՆԳՆ ղեկավար Վանո Մերաբիշվիլու տեղակալ Ամիրան Մեսխելին, ով, Մաիսայայի կարծիքով, անմիջական մասնակցություն է ունեցել մարդկանց առևանգմանը: «Նա այժմ հետախուզման մեջ է, թեև կարծում եմ, որ կարող է արդեն սպանված լինել», – ասում է Մաիսայան: Նա պնդում է, որ այսօր անհայտ կորած համարվող անձանց մեծ մասն առևանգվել է այդ ժամանակվա հետախուզության դեպարտամենտի կողմից: Կտտանքներին չդիմացած մարդիկ այսօր տեղ են գտել անհետ կորածների ցուցակում: Ըստ նրա, Վրաստանում 2007 թվականից ի վեր գործել են «մահվան ջոկատներ»՝ վտանգավոր ռազմականացված ընդհատակյա խմբեր, որոնք զբաղվում էին մարդկանց առևանգումներով և խոշտանգումներով: Նա այդ գործունեության մեջ ներգրավված մի վկա ունի, ում անունը հասկանալի պատճառներով չի հրապարակում: «2008 թվականին մարդիկ զանգվածաբար ձերբակալվում էին, հատկապես՝ հակահետախուզության դեպարտամենտի կողմից: Սահմանադրական անվտանգության և ազգային անվտանգության գերատեսչության աշխատակիցները պաշտոնական մեղադրանքներով առևանգում էին մարդկանց, տանում ոստիկանություն և խոշտանգում: Կտտանքներին չդիմացած մարդկանց դիակները ոչնչացնում էին», – պնդում է Վախթանգ Մաիսայան, ով մի քանի տարի ազատազրկվել էր լրտեսության մեղադրանքով և որպես քաղբանտարկյալ ազատ է արձակվել խորհրդարանում «Վրացական երազանքի» կողմից մեծամասնություն ստանալուց հետո:

newsgeorgia

Share

Comments are closed.