Վերևները չեն կարող, իսկ ներքևները չեն կամենում…

Ռուսաստանի կողմից Աբխազիայի ինքնիշխանության ճանաչման պահից անցել է հինգ տարի: Դա միանգամայն բավարար ժամկետ էր, որպեսզի, հաշվի առնելով ռուսաստանյան աջակցության ծավալները, երկրում իրականացվեին կառուցվածքային բարեփոխումներ և ստեղծվեին զարգացման համար բարենպաստ պայմաններ: Բայց, ինչպես ցուց է տվել պրակտիկան, երկիրը ոչ միայն դուրս չի եկել ակնկալվող մակարդակի վրա, այլև վատթարացում ու նահանջ է ապրել՝ ընկնելով ավելի մեծ կախման մեջ: Օրինակ, մեր երկրի տնտեսությունը, ի հեճուկս Ռուսաստանի նշանակալից աջակցության, չի աճում, ինչն էլ վկայում է անկումային միտումների մասին: Առկա է խորը քաղաքական սնանկության վերածվող կառուցվածքային ճգնաժամ:


Նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկելով Ա. Անկվաբի օգտին՝ մեր քաղաքացիները հույս ունեին, որ նրան կհաջողվի ճնշել երկիրը պատուհասող հանցավորությանը և դուրս բերել Աբխազիան դեպի զարգացման ուղի: Սակայն կյանքը ցույց է տվել, որ ժողովրդի ակնկալիքները չեն իրականացել: Բոլոր ողջամիտ մարդիկ արդեն հասկացել են, որ Անկվաբը որպես նախագահ չի կայացել, իսկ նրա թիմը դրսևորել է բացարձակ անգործունակություն: Իշխանությունը քայլեր չի ձեռնարկում զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ և ոչ իսկ խոսում է բարեփոխումների անհրաժեշտության մասին: Որպես հետևանք՝ ժողովրդի շրջանում Անկվաբի հեղինակությունը նվազել է այնքան, որ, ինչպես ցույց են տվել սեպտեմբերի 18-ի դեպքերը, նախագահի միակ հենարան է մնացել ռուսաստանյան աջակցության բզկտմանը մասնակցող հասարակության փոքրաթիվ մասը:

Իշխանությունն Աբխազիայում որպես քաղաքական հաստատություն այսօր համարյա լրիվ անգործունակ է. այն չի վայելում ժողովրդի վստահությունը, չունի արհեստավարժական հմտություններ և հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելու քաղաքական կամք: Արդյունքում, երկիրը հայտնվել է մի իրավիճակում, որի մասին մի ոչ անհայտ ընկեր ասում էր. «Վերևները չեն կարող, իսկ ներքևները չեն կամենում»: Այս վիճակը երկար ձգվել չի կարող: Վաղ թե ուշ հասարակության մեջ աճող լարվածությունը վերաճելու է անկանխատեսելի հետևանքներով հղի սոցիալական պայթյունի: Եվ հենց այս անկանխատեսելիությունից բխող վտանգն է մեզ ստիպում անհապաղ որոնել իրավիճակի և վերահաս քաղաքական կաթվածահարության հաղթահարման ուղիներ:

Հասկանալի է, որ փակուղում հայտնված մեր երկրի համար միակ ելքը կառուցվածքային փոփոխություններն են: Բայց դրանց իրականացման համար առնվազն անհրաժեշտ են քաղաքական կամք ու բարեփոխումների համապատասխան ծրագիր, որոնք ներկայիս իշխանությունները չունեն և չեն էլ կարող ունենալ: Բայց ավելի վատ է այն, որ իշխանությունը, կադրային կազմի թուլության պատճառով չկամենալով վերջնականապես ի ցույց դնել իր ակներև ինտելեկտուալ սնանկությունը, լռելյայն հրաժարվում է քննարկել պետական շինարարությանը վերաբերող յուրաքանչյուր կառուցողական առաջարկ: Դրա հետևանքով երկիրն օրըստօրե ավելի է խորասուզվում լճացման մեջ:

Վլադիսլավ Սուրկովի՝ Աբխազիայում Կրեմլի նոր ներկայացուցիչ նշանակվելուց հետո իրավիճակը կարող է որոշակիորեն փոխվել: Սուրկովը հայտնի է որպես հավակնոտ ու ստեղծարար անձնավորություն և նա հազիվ թե կցանկանա սահմանափակվել Ռուսաստանի ֆինանսական աջակցության վերահսկողի գործառույթներով: Թվում է, որ նա շահագրգռված կլինի մասնակցել երկրում կառուցվածքային և նորարարական բարեփոխումների իրականացմանը, որոնք ոչ միայն բարերար ազդեցություն կունենան Աբխազիայի ճակատագրի վրա, այլև մնացած աշխարհի համար լավ օրինակ կծառայեն:

Աբխազական ընդդիմությունը նույնպես ունի մշակված առաջարկություններ, որոնք թույլ կտան պետություն կառուցել ազգային հարստության բաժնետեր հանդիսացող բոլոր քաղաքացիների միջոցով: Դա արմատապես կանդրադառնա թե՛ տնտեսության և թե՛ քաղաքական բաղադրիչի վրա:

 

Աբխազիայի ազգային միասնության ֆորումի վերլուծական ծառայություն

«Նուժնայա գազետա»
Սուխում

Share

Comments are closed.