Սա դարն է քսանմեկերորդ

Ընդդեմ մարտնչող կղերականության

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրող, լրագրող
Երևան

Ես ագնոստիկ չեմ, աթեիստ չեմ, բայց եւ՝ թունդ հավատացյալ չեմ, պաս չեմ պահում, եկեղեցական ծեսերին չեմ հետեւում: Լավագույն դեպքում՝ շաբաթը մեկ անգամ ալցելում եմ եկեղեցի, ընդ որում՝ այնպիսի ժամերի, որ շատ մարդ ու նաեւ եկեղեցական արարողություններ չլինեն, որպեսզի ինքս ինձ հետ մի քանի րոպե լուռ լինեմ, երբեմն՝ պարզապես խաղաղվեմ, եթե այդ օրը շատ բարկացած եմ եղել: Ամեն այցելությունս ավարտվում է մոմ վառելով: Միով բանիվ՝  ես հայ եկեղեցականի պատկերացրած հավատացյալը չեմ:

Բայց ես հայ եմ: Ու հայ լինելով՝ չեմ ընդունում մարնչող կղերականության այն դիրքորոշումը, թե աթեիստը հայ չէ, այլ կրոնական ուղղության դավանողը հայ չէ: Մամուլում արդեն ասվել է, որ նման արտահայտություններ անողները, ըստ էության, ջնջում են մեր պատմության մի հսկայական հատված՝ մինչ 301 թվականը՝  փաստորեն համարելով, թե մինչ այդ մեր լեռնաշխարհում ապրած մարդիկ, սկսած Հայկ նահապետից, հայեր չեն եղել: Դե, որովհետեւ Հայ առաքելական չեն եղել: Եվ՝ որ նման մոտեցումն է հենց պառակտում մտցնում:

Ես հաճույքով լսում եմ եւ ռոք, եւ այլ ուղղությունների երաժշտություն, եւ երբեք չեմ համարել, ու սպանեք էլ չեմ համարի, թե երաժշտությունը կարող է այլասերել մարդուն: Ցանկացած երաժշտություն գոյության իրավունք ունի, եւ եթե կրքեր բորբոքելու հայացքով նայենք, ամեն երաժշտություն էլ կարող է դա անել, նայած ինչ տրամադրությամբ ես այդ երաժշտությունը լսում: Ռաբիսը ավելի լա՞վն է ռոքից: Մերժելին, ինձ համար, արվեստի այս կամ այն ձեւը մերժելն է ու այն մերժելու կոչելը:

Այս երկար նախաբանով սկսեցի, որովհետեւ,  նախ՝ ինչքան էլ զարմանալի թվա, 21-րդ դարում,  Հայաստանի անկախ հանրապետությունում դեռեւս հանդիպում են միջնադարյան մարտնչող կղերականության այնպիսի դրսեւորումներ, ինչպիսին Հայ առաքելականից տարբերվող դավանանք ունեցող անձանց հայ չհամարելն է: Իսկ վերջերս էլ դրան ավելացավ «հայ աթեիստը հայ չի» ուղղակի խավարամիտ հայտարարությունը ( տե՛ս  http://goo.gl/qqu0xY ):

Երկրորդ՝  հայ հոգեւորականության qahana.am կայքում հայտնվել է մի հոդված, որն ամբողջովին թաթախված է խավարամիտ կղերականության ցնդաբանությամբ՝ ռոքի եւ այլ երաժշտական ուղղությունների դեմ: Եվ թեպետ Մայր Աթոռից շտապեցին հերքել, թե դա հայ Առաքելական եկեղեցու տեսակետը չէ, ավելին՝ հոդվածը հայ հեղինակի չէ, այլ թարգմանված է ռուսերենից, այսուհանդերձ՝ հենց միայն դրա հայտնվելը հոգեւոր կայքում վկայում է, որ հոգեւորականության մեջ կան մարտնչող կղեր, ովքեր թարգմանել եւ տեղադրել են դա: Իհարկե, նման կարծիքն էլ գոյության իրավունք ունի: Քավ լիցի, չեմ սահմանափակի որեւէ մեկի արտահայտվելու ազատությունը: Թող մտածեն այդպես, թող անգամ արտահայտվեն, իրենց իրավունքն է, բայց թող դա չներկայացնեն իբրեւ պարտադրանք հավատացյալների համար:

Ահա վերջին շրջանի այս երկու դրսեւորումներն են, որ ստիպում են մեզ մտածելու խավարամիտ ու մարտնչող կղերականության դեմ խոսելու մասին: Կղերականություն, որը ոչ մի ընդհանուր բան չունի իրական հավատի, իրական քրիստոնեական արժեքների հետ: Կղերականություն, որ իր դրսեւորումն ունեցել է առաջին դարից սկսած,  որ իր ավերիչ ու կործանարար գագաթնակետին է հասել միջնադարյան ինկվիզիցիայի շրջանում, եւ որ դեռ շարունակում է պղտորել իրական հոգեւոր կյանքը:

Եվ մեր այս հրապարակումը հենց այդ կղերականության դեմ է եւ ոչ թե Հայ առաքելական եկեղեցու կամ այլ եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ մարտնչող կղերականության դրսեւորումներ կան բոլոր կրոնական ուղղություններում:  Սակայն ե՛ւ Հայ առաքելական եկեղեցու, ե՛ւ այլ եկեղեցիների սպասավորների մեջ շատ են կրթված ու առաջադեմ հայացքներով մարդիկ, ու մեր խոսքը նրանց չէ ուղղված:

Ինչեւէ, մարտնչող կղերականությունը, ինչպես կասեր քաղաքագետ Միքայել Զոլյանը, չի ուզում գիտակցել, որ իրենց հրահրած այս նոր բանավեճը («ով առաքելական չէ, հայ չէ» թեմայով) վաղուց արդեն եղել է 19-րդ դարում եւ ավարտվել է: Ժամանակի մտածողներն են հենց մերժել նման խավարամիտ մոտեցումը:

Եվ մենք հիմա մեզանից ոչինչ այստեղ չենք ավելացնելու, միայն մեջբերելու ենք Րաֆֆու «Մինչեւ ե՞րբ» հրապարակումից մի հատված: Հոդվածը տպագրվել է 1880  թվականին, «Մշակում» (մեջբերում ենք ըստ Հայաստանի հելսինկյան կոմիտեի կայքի՝ http://kron.armhels.com/?p=104 ):

«Քարոզել այն միտքը, թե մեր կաթոլիկ, բողոքական, հունադավան և մինչև անգամ մահմեդական եղբայրները մեզ նման հայեր են, մեր մսից և արյունիցն են և մեր ազգության են պատկանում, այդ չէ նշանակում ի վնաս լուսավորչական եկեղեցու գործել:Լուսավորչական եկեղեցին մեզ համար նույնքան սուրբ է, որքան սուրբ են մյուս եկեղեցիները իրանց պատկանող անդամների համար: Մենք չենք կարող և մինչև անգամ իրավունք չունենք ասելու նրանց, թե փոխեցեք ձեր կրոնը, կրկին մտեք մեր եկեղեցին, այն ժամանակ միայն մենք եղբայրական ձեռք կմեկնենք ձեզ և կհամբուրվենք ձեզ հետ: Դրանով մենք իրավունք կտանք նրանց նույնը պահանջել մեզնից: Եվ այսպես ազգային միությունը երբեք չի կայանա …»:

«Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց, և ոչ էլ լուսավորչականությունը մեզ իրավունք է տալիս հայ կոչվել: Մենք հայ էինք երբ հեթանոս էինք, և հայ կմնանք, երբ հազար անգամ կփոխենք մեր կրոնը …»:

Րաֆֆին, սրանով վերջ է տվել բանավեճին: Եվ չգիտակցել ու չհասկանալ սա՝ նշանակում է մնալ միջնադարյան մարտնչող կղերականության դիրքերում:

Ինչ վերաբերում է այս կամ այն տիպի երաժշտությունը (նաեւ գրականությունը, նաեւ նկարչությունն ու արվեստի այլ տեսակները) մերժելի կամ վնասակար համարելուն, ապա պիտի ասեմ, որ դա էլ նոր չէ: Կղերականությունը ամեն նորն է մերժել արվեստում: Կրկնում եմ` ոչ թե իսկական հոգեւորականությունը, այլ կղերականությունը:  Ես չեմ խոսելու, ռոքի, ջազի եւ այլ երաժշտական ուղղությունների մասին: Քանզի հոգեւոր կայքում այդ հրապարակման մեջ նույն կերպ կարող էր գրված լինել ժամանակակից գրականության կամ նկարչության կինոյի կամ թատրոնի տարբեր ուղղությունների մասին: Ահա թե ինչու մարտնչող կղերականությանը ես պարզապես խորհուրդ եմ տալիս կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանց» հրաշալի պատումը: Այդտեղ նկարագրված է, թե ինչպես են կղերը հալածում պատանի բանաստեղծին, միայն նրա համար, որ վերջինիս բանաստեղծություններն իրենց կարծիքով «մարմնավորաց են»: Եվ միայն ուսյալ ու ծերունազարդ  վանահայրն ու փոքրավոր Ղունկիանոսն են հասկանում ու խրախուսում Զվարթին: Ցավոք, Վանահայրը մահանում է, եւ կղերը մահվան են դատապարտում բանաստեղծ Զվարթին՝ զի նա իրենց նման չէր մտածում, զի նրա ստեղծագործությունը կյանքով էր լցված:

Այդպես է եղել, ցավոք: Հետադեմ վանականությունը մերժել է ստեղծագործական միտքը, խարույկի վրա այրել կամ այլ կերպ մահվան է դատապարտել: Սակայն, միեւնույն է, չի կարողացել կասեցնել առաջադիմության ընթացքը, եւ՝ «…Դարերի միջից գալիս է մի գիրք: Խավարի միջին թափառող լույսի է նման՝ դողդողում է, բայց գալիս է, թե ինչ վտանգներ է անցնում, չի տեսնում նա: Ոչ ձմեռ, ոչ խավար: Ոչ կրակն է այրում նրան, ոչ շոգը խեղդում: Հրա՞շքն է պահում նրան, թե՞ պատահմունքը: Բայց սերունդները խնամում են նրան, թաքցնում, փրկում եւ ավանդում նրան հետնորդներին, ձեռք-ձեռք անցկացնում դարերի փորձանքներից, անցկացնում հուր, սուր, ջուր»: (Դերենիկ Դեմիրճյան «Գիրք ծաղկանց», Երեւան – 1985, էջ 50):

Հասկացա՞ն այսօրվա կղերը, որ ինկվիզիցիայի մեթոդներով հնարավոր չէ պայքարել արվեստի առաջադիմության դեմ:

Կհասկանան, թե ոչ՝ իրենց գործն է: Ընթերցո՛ղը կհասկանա, որ կղերական խավարամտությունը պետք է պահ տալ միջնադարին ու մոռանալ դրա մասին:

Սա դարն է 21-րդ:

Share

Comments are closed.