Հայ-թուրքական հարաբերություններն ապագա ունեն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Քաղաքական մեկնաբան
Բաքու 

Մարդիկ իրականությունը միօրինակ չեն ընկալում: Ավելի շուտ, նրանք ընկալում են իրականությունն այնպես, ինչպես այն կամենում են տեսնել: Դրա համար էլ միևնույն իրականությունը քննելու ժամանակ մենք կարող ենք հանգել տրամագծորեն հակառակ եզրահանգումների: Այսինքն, բոլոր հայտարարություններն ու եզրակացությունները կարող են և պետք է կասկածի տակ դրվեն: Իրականությունը քննելու ժամանակ անթույլատրելի է առաջնորդվել «Ընձուղտը մեծ է, նա ավելի լավ է տեսնում» սկզբունքով:

Պաշտոնական Անկարան ստիպված է եղել օպերատիվորեն միջամտել և կանխել Ադրբեջանում հնարավոր հակաթուրքական ցունամիի սկիզբը՝ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարության կապակցությամբ, թե Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի բացմանը:

Մենք սովոր ենք ամեն ինչի մեջ տեսնել վատը: Այո, վերականգնում են երկաթուղին, հետո ի՞նչ: Այո՛, պատրաստվում են թուրք-հայկական սահմանի բացմանը, բայց դրանում ի՞նչ խնդիր եք տեսնում: Այս թեմային մենք դեռ կանդրադառնանք, իսկ այժմ ամեն ինչ՝ ըստ հերթականության:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Լևենտ Գյումրյուքչուն հարկադրված էր հերքել տարածված ասեկոսները: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը: «Թուրքիան կամենում է Կովկասում խաղաղության համապարփակ զարգացումը: Մեր երկիրը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի բռնազավթման ավարտին ուղղված քայլերին զուգահեռ դրական գնահատել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը միտված քայլերը»1, – հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Ռուսաստանցի քաղաքագետ Իվան Սուխովն ուշադրություն է դարձրել հետևյալ պահի վրա. «Եթե ընդունենք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը ճիշտ է փոխանցվել, ապա դրա երկրոդ մասը զրոյացնում է առաջինը: Թուրքիան պատրաստ է բացել սահմանը՝ սա առաջին մասն է: Հետո գալիս է առաջին մասը զրոյացնող երկրորդ մասը, որը հավելյալ կերպով սաստկացվում է այն պնդմամբ, թե սահմանի բացումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից Ղարաբաղը հանձնելուց հետո…»1, – կարծում է ռուսաստանցի քաղքագետը:

Միանգամից կցանկանայի ուշադրություն դրաձնել Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը հիմնավորել ձգտող այսպես կոչված տնտեսական փաստարկի սնանկության վրա: Այս սահմանի բացումը Թուրքիային համարյա ոչինչ չի տալու:

Նախ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր էլ գոյություն ունեն տնտեսական կապեր: Որոշ տվյալներով՝ երկու պետությունների միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 300-500 միլիոն դոլլար: Հազիվ թե սահմանի բացումն այս դեպքում հանգեցնելու է ապրանքաշրջանառության լուրջ աճի: Ամենայն հավանականությամբ, դրամական տեսքով ծավալները մնալու են նույնը, իսկ նյութական տեսքով դրանք մի քիչ կաճեն՝ վրացական տարանցիկ ծառայություններից հրաժարվելու շնորհիվ: Պարզապես հայկական շուկայի ծավալը թուրք արտադրողների համար առանձնահատուկ հետաքրքրություն չի ներկայացնում:

Երկրորդ՝ Հայաստանը Թուրքիայի համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում նաև որպես տարանցիկ տարածք: Թուրքիան ոչ մի խնդիր չունի ադրբեջանական և վրացական սպառողական շուկաներ դուրս գալու համար: Դեպի ռուսատանյան և ուկրաինական շուկաներ ելքն էլ ապահովվում է Սև ծովի միջոցով: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումից հետո Հայաստանը որպես տարանցիկ տարածք օգտագործելու հետաքրքրությունը վերջնականապես կզրոյանա:

Տեսականորեն Հայաստանը Թուրքիայի համար կարող էր հետաքրքրություն ներկայացնել որպես Հյուսիս-Հարավ միջանցքի մաս: Բայց այստեղ հարկ է հաշվի առնել հետևյալը. նախ՝ շատ է խոսվում, բայց իրականում ոչինչ չի արվում Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար: Եթե հավատանք խոսքերին, ապա Աբխազիայից բացի բոլորը՝ Վրաստանը, Ռուսաստանը և, բնականաբար, Հայաստանը համաձայն են, որ երկաթուղին գործի: Միամտություն կլիներ ենթադրել, որ Ռուսաստանը երկաթուղին ապաշրջափակելու հարցում ոչ մի կերպ չի կարողանում ստանալ Աբխազիայի համաձայնությունը: Բայց սայլն այսօր էլ տեղից չի շարժվում: Ինչո՞ւ:

Սկսենք այն բանից, որ Ռուսաստանը դրա սուր տնտեսական անհրաժեշտությունը չի զգում: Հյուսիս-Հարավ ցամաքային միջանցքը գոյություն ունի և անցնում է Ադրբեջանի միջով: Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության անհրաժեշտ ծավալների ապահովման խնդիր նույնպես չկա: Բայց սա դեռ ամբողջը չէ:

Ռուսաստանը միշտ նախապատվություն է տալիս աշխարհաքաղաքական, մեծապետական և կայսերապաշտական շահերին: Առաջին հայացքից, Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը պետք է նպաստեր Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերի և դիրքերի ամրապնդմանը:

Սակայն, կարելի է ենթադրել, որ Թբիլիսիում էլ հրաշալիորեն զգում են Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում Ռուսաստանի իրական շահագրգռվածության բացակայությունը: Խնդիրն այն է, որ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը հակասում է Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին:

Աբխազիայի միջով եկաթուղային հաղորդակցության վերականգնումը շատ ավելին է նշնակում, քան Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: Այն հավասարազոր է Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ մոտակա ժամանակահատվածում ուժային բաղադրիչ չկիրառելու պարտավորությունը: Հաշվի առնելով տարածաշրջանում առկա ախարհաքաղաքական իրողությունները՝ Ռուսաստանը դա իրեն թույլ տալ չի կարող:

Երկրորդ՝ Թուրքիան ոչ մի կերպ չի կարող ներգրավել Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցային-էներգետիկական նախագծերի իրականացման մեջ: Իսկ որոշ դեպքերում նա առհասարակ շահագրգռված չէ, որ Հայաստանի տարածքն օգտագործվի էներգակիր պաշարների տարանցիկ փոխադրման համար՝ Թուրքիայի շրջանցմամբ: Եթե խոսվում է Կասպից ավազանի էներգակիրների արտահանման մասին, ապա այստեղ վճռական խոսքը պատկանում է պաշտոնական Բաքվին: Մնում է Իրանը: Որոշ ժամանակ առաջ Իրան-Հայաստան գազատարն Իրանի կողմից դիտվում էր որպես եվրոպական շուկաներ դուրս գալու այլընտրանքային ուղի: Սակայն Ռուսաստանն, ի մեծ հաճույս պաշտոնական Անկարայի, թույլ չի տվել իրականացնել այդ նախագիծը նախատեսված ողջ ծավալով:

Երրորդ՝ Անկարան չի կարող վտանգել իր փոխհարաբերությունները պաշտոնական Բաքվի հետ հետևյալ պատճառներով. նախ՝ Ադրբեջանը Թուրքիայի տնտեսության համար լուրջ գործոն է հանդիսանում: Խոսքը ոչ միայն Թուրքիայի էներգետիկ անվտանգության ապահովման մասին է, թեև սա էլ կարևոր գործոն է: Ավելի կարևոր է այն, որ Ադրբեջանը հետզհետե դառնում է Թուրքիայի տնտեսության մեջ իրական և իրապես խոշոր ներդրողներից մեկը:  Բացի դրանից, Թուրքիան մտնում է մի շարք՝ նախագահական, խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջան, որը ձգվելու է մոտակա մեկուկես տարին: Կարևոր ընտրական գործընթացներից առաջ Թուրքիայի՝ համաժողովրդաբար ընտրված նախագահի պաշտոնին հավակնող Էրդողանը չի կարող իրեն թույլ տալ կորցնել սեփական ընտրազանգվածի ազգայնական հատվածի ձայները:

Չորրորդ՝ ես չեմ կարծում, որ Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների 100-ամյակը պաշտոնական Անկարայի համար կարող է լուրջ գլխացավանք դառնալ: 2015-ի սպառնալիքն Անկարայում արդեն նախկին լրջությամբ չի ընկալվում: Ներկայումս պաշտոնական Անկարան Թուրքիայի աշխարհաքաղաքական նշանակության բարձրացման շնորհիվ իրեն ավելի վստահ է զգում:

Դա ամենևին էլ չի նշանակում, թե Անկարան առհասարակ մտադիր չէ հաշվի առնել մերձեցող 2015-ը։ Երկաթուղու վերականգնումն, այո՛, Թուրքիայի բարի կամքի դրսևորումն է: Եվ ո՛չ միայն:

Թուրքիան այդչափ հարուստ երկիր չէ: Այստեղ պետությունը չի կարող իրեն թույլ տալ աննպատակ ծախսել տասնյակ և հարյուր միլիոնավոր դոլարներ: Այսպիսով, եթե Թուրքիայի կառավարությունը միջոցներ է հատկացրել Հայաստանի սահմանին երկաթուղու և այլ հաղորդակցային ուղիների վերականգնման համար, ապա դա անուղղակիորեն ապացուցում է, որ տվյալ պահին ձեռնարկվում են լուրջ քայլեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Չի բացառվում, որ Իլհամ Ալիևին ուղղված Բարաք Օբամայի ուղերձը նույնպես այդ հնարավորության ցուցադրումն է: Ուղերձի բովանդակությունը բոլորովին նման չէր շնորհավորական նամակի: Այն պարունակում էր հստակ աշխարհաքաղաքական ակնարկներ: ԱՄՆ նախագահի օգնականները հիրավի լավ են աշխատել: Այժմ եկեք անդրադառնանք ուղերձի տեքստին:

Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանը սերտորեն համագործակցում են շատ հարցերում թե՛ երկկողմանի ձևաչափով և թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: «Մենք գնահատում ենք մեր գործընկերությունն Աֆղանստանում և համատեղ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի ասպարեզում: Մենք պատրաստ ենք համագործակցել Ձեզ հետ, որպեսզի օգտագործենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պատմական հնարավորությունը և ողջունում ենք նախագահ Սարգսյանի հետ այս ամսվա վերջում հանդիպելու վերաբերյալ Ձեր ընդունած որոշումը: Մենք հավատարիմ ենք այն բարեփոխումների շարունակությանը, որոնք նոր լիցք կհաղորդեն «Հարավային էներգետիկ միջանցքի» զարգացմանը և տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրապնդմանը: Մեր համագործակցության և գործընկերության ողջ ներուժն օգտագործելու նպատակին հասնելու համար մենք հույս ենք տածում Ձեր երկրում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման նկատմամբ, որոնք չափազանց կարևոր են Ադրբեջանի երկարաժամկետ կայունության և զարգացման ապահովման համար…»3, – ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում:

ԱՄՆ նախագահը դիվանագիտորեն անդրադարձել է նաև պաշտոնական Բաքվի և Վաշինգտոնի միջև մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ոլորտներում առկա տարաձայնություններին: Միաժամանակ, Բարաք Օբաման հստակորեն հասկացրել է, որ պատրաստ է դիտել Ադրբեջանը որպես գործընկեր: Բայց դա դեռ ամբողջը չէ…

Թերևս առաջին անգամ տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցի նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնը ցուցաբերում է համապարփակ մոտեցում: Այսինքն, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դիտվում է որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման տարրերից մեկը: Ընդ որում, ԱՄՆ նախագահը հատուկ շեշտ է դնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման «պատմական հնարավորության» վրա և այն օգտագործելու կոչ է անում:

Հայաստանյան որոշ վերլուծաբաններ իրենց հերթին փորձել են կապել Դավութօղլուի հայտարարությունը Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցային նոր շրջանի մեկնարկի հետ՝ իբր այն ԵՄ-ի ճնշման արդյունք է: Շատ միամիտ մոտեցում: Հայաստանի հետ հարաբերությունների բնականոնացումն, ի տարբերություն կիպրական խնդրի, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության համար նախապայման չէ: Այսինքն, գեթ ձևականորեն հենց Կիպրոսի հարցում կարգավորման բացակայությունը շարունակում է անհաղթահարելի խոչընդոտ լինել Թուրքիայի ԵՄ անդամակցության համար: Այսպիսով, Դավութօղլուի հայտարարությունը ոչ մի կերպ հնարավոր չէ կապել Թուրքիա-ԵՄ բանակցությունների հետ:

Սակայն Հայաստանում հաշվի չեն առնում ևս մի բան. Թուրքիան վաղուց գտնվում է ԵՄ ազատ առևտրի գոտում: Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Հայաստանը Թուրքիայի միջոցով կունենա ազատ մուտք դեպի ԵՄ ազատ առևտրի գոտի:

Ամենայն հավանականությամբ, առաջարկված են որոշ տարբերակներ, որպեսզի Հայաստանը վերադարձնի տարածքները, իսկ այնուհետև ստանա անվտանգության երաշխիքներ և սահմանների բացում: Այսպիսով, հանվում է սպառնալիքը Հայաստանի ազգային անվտանգության նկատմամբ, որպեսզի Հայաստանը կարողանա ձերբազատվել Ռուսաստանի կողմից կառավարվող նախագծերին կապվածությունից:

Այսպիսով, Թուրքիայի հայտարարությունը կարելի է գնահատել այսպես. գոյություն ունեն շատ լուրջ միջազգային նախաձեռնություններ, որոնք կարող են մեռյալ կետից շարժել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և թույլ տալ Թուրքիայի ղեկավարությանը ձեռնարկել մի քանի լուրջ քայլ՝ Հայաստանի հետ հարաբերությունները բնականոնացնելու համար:

 

1.http://ru.apa.az/news/259211
2.http://vesti.az/news/180430
3. http://www.trend.az/news/politics/2209138.html

Share

Comments are closed.