Կենացներ շատ են ասվել, վաղուց արդեն ժամանակն է գործի անցնելու

Այդ թվում՝ տեղեկատվական դաշտում

Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

ԼՂՀ վարչական ռեգիստրում հաշվառված են 30 տպագիր թերթեր ու հանդեսներ, որոնց թվում է «Ազատ Արցախ» հանրապետական թերթը, քաղաքապետարանի պաշտոնաթերթը, շրջանային թերթերը, տարբեր կուսակցությունների եւ գերատեսչությունների պաշտոնաթերթեր ու ամսագրեր եւ այլն: Դրանցից ամենաշատ տպաքանակն ունեն կրթության եւ գիտության նախարարության «Լուսարար» (3150 օրինակ) եւ «Լուսայգ» թերթերը, հարկային պետական ծառայության «Հարկատու» հանդեսը: Ուշագրավ է, որ երկրի գլխավոր պաշտոնաթերթը` «Ազատ Արցախը», լույս է տեսնում շաբաթական երեք անգամ` ընդամենը 650 օրինակով:

Ըստ ռեգիստրում ստացած տեղեկությունների` հաշվառված 30 թերթերից եւ հանդեսներից ժամանակավոր լույս չեն ընծայվում 6-ը, 3 թերթեր լույս են ընծայվում միայն էլեկտրոնային տարբերակով, իսկ մեկն ընհանրապես չի տպագրվում: Ռեգիստրում հաշվառված չեն ոչ էլեկտրոնային լրատվամիջոցները, ոչ էլ հեռուստա- եւ ռադիո ընկերությունները:

Ի՞նչ է տարվա ընթացքում փոխվել տեղեկատվական ոլորտում: Էականորեն ոչինչ: Օրենսդրական ոչ մի փոփոխություն չի եղել` փաստում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Դա այն դեպքում, երբ ընդունված է ասել, որ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն նույն տեղեկատվական դաշտում են: Իսկ ՀՀ-ում տարվա ընթացքում եղել են մի շարք կարեւոր փոփոխություններ:

Հայաստանի Հանրապետությունում գործող օրենքները կամ դրանցում արվող փոփոխություններն ու լրացումները սովորաբար ՙպատճենահանվում՚ են մի առ ժամանակ հետո եւ կիրառվում այստեղ, բայց այս տարի այդպես չեղավ` Արցախում նույնիսկ քննարկումներ չեղան: Խոսքը հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքում լրացումների մասին է, որոնք Հայաստանում ուժի մեջ են մտել նոյեմբերի 9-ից:  Փոփոխությունն անմիջականորեն վերաբերում է ԶԼՄ-ներին, իսկ ավելի կոնկրետ` լրատվական դաշտում հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների, գրագողության, առանց պատշաճ հղումների այլ լրատվամիջոցների նյութերի արտատպման դեպքերի կանխարգելմանը:

Ընդհանրապես, տարվա ընթացքում գրեթե ոչ մի փոփոխություն չկար տեղեկատվական դաշտում, բացառությամբ մեկ թերթի լույս ընծայման. նորաստեղծ եւ իրեն ընդդիմադիր հայտարարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ունեցավ իր պաշտոնաթերթը, որտեղ շատ հաճախ հնչում են այլընտրանքային ու քննադատական կարծիքներ: Հեռուստաընկերություն եւս չբացվեց հանրապետությունում, որտեղ դարձյալ մնում ենք միակ` օրական 4-ժամյա եթեր ունեցող Արցախի հանրային հեռուստատեսության «հույսին»: Նոր ռադիոալիքներ եւս չունեցանք (մեզ մոտ, սովորաբար, նորերը ժամանցային են լինում), բացառությամբ մեկի, որը սկսեց գործել միայն տարեվերջին: Խոսքը «Հայկական ազգային ռադիո»-յի մասին է, որը հեռարձակվում է շուրջօրյա, սակայն որի լուրերի բլոկում եւ վերլուծական հաղորդումներում առավել մեծ ուշադրության չի արժանանում արցախյան թեման:

Տարվա ընթացքում դրական տեղաշարժ նկատվեց որոշ գերատեսչությունների եւ կուսակցությունների հրապարակայնության առումով. գերատեսչություններից մի քանիսը սկսեցին հաճախակի թարմացնել իրենց կայքերը, իսկ որոշներն էլ ակտիվացան սոցցանցերում: Վերջին գործելաոճը որդեգրեցին նաեւ որոշ կուսակցություններ, մասնավորապես` ակտիվ են «Ազատ հայրենիքն» ու «Ազգային վերածնունդը»:

2013-ի գարնանը տեղի ունեցավ նաեւ իրավական տեղեկատվական համակարգի կայքէջի` arlexis.am– ի բացումը, որը հնարավորություն է ընձեռում անվճար ծանոթանալ ԼՂՀ-ում գործող բոլոր օրենքներին:

Չնայած որոշ գերատեսչությունների ակտիվությանը` հանրապետության օրենսդիր մարմինը դեռեւս մնում է առանց պաշտոնական կայքի, ինչի բացման մասին խոսվում է տարիներ շարունակ: Եւ այս ամենը բոլոր նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների պաշտոնական կայքերի առկայության դեպքում:

Չքաղված դասեր

2007-ից հետո հրապարակայնության մասին բարձրագոչ հայտարարություն անող իշխանություններն իրենց գործունեության ողջ ընթացքում ճիշտ հակառակն արեցին, եւ անցնող տարին այս առումով բացառություն չեղավ: Եթե նախկինում նախարարներն ու որոշ գերատեսչությունների ղեկավարներ հանդես էին գալիս մամուլի ասուլիսներով` այդկերպ հաշվետու լինելով հասարակությանը, 2013 թվականի արդյունքում ասուլիսները «դեֆիցիտ» էին:

Իշխանությունների գործելաոճն ապացուցեց, որ նրանք պատրաստ չեն հրապարակային գործունեության. փաստերից մեկն էլ, թերեւս, այն է, որ Հայաստանի հետ միեւնույն դաշտերում (իրավական, տնտեսական եւ այլն) գտնվող Արցախում առայսօր հրապարակային չեն նաեւ պետական պաշտոնյաների գույքի եւ եկամուտների մասին  հայտարարագրերը: Իսկ Հայաստանում դրանք հրապարակային են եւ հրապարակման համար որեւէ խոչընդոտ չի ստեղծվում:

Թվում է, որ եթե վերեւից հրահանգ լինի` այդ ամենը շատ հեշտությամբ կփոխվի, սակայն ո՞վ է հրահանգողը: Նախագա՞հը, ով իր պաշտոնավարման 6 եւ ավելի տարիների ընթացքում ոչ մի անգամ մամուլի ասուլիս չի հրավիրել տեղացի լրագրողների համար, չնայած պաշտոնավարման առաջին ամիսներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնից հետո իր նստավայրում, որտեղ հավաքվել էին նաեւ տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խոստացել էր առաջիկայում ասուլիս հրավիրել: Ավելին` նախագահը չի փայլում նաեւ տեղական լրատվամիջոցներին կամ դրսի լրատվամիջոցների արցախյան թղթակիցներին հարցազրույց տալով, փոխարենը հաճախակի կարելի է նրա հարցազրույցները տեսնել արտերկրի, մասնավորապես` ռուսաստանյան լրատվամիջոցներում:

Այս ամենից եզրահանգումը մեկն է` իշխանություններին, մեղմ ասած, չի հետաքրքրում հրապարակայնությունը, ավելին` իրենց քննադատողներին էլ խոսնակների շուրթերով կարող են «սպեկուլյանտներ» ու «կլյաուզնիկներ» անվանել:

Իսկ իշխանություններին քննադատողները, բնականաբար, նրանց վերահսկողության տակ գտնվող եւ նախընտրելի լրատվամիջոցները չեն (հատկապես՝ Արցախի հանրային հեռուստատեսություն եւ ռադիո, «Ազատ Արցախ» հանրապետական թերթ), որոնց ներկայացուցիչներին կարելի է տեսնել ամեն մի միջոցառման, նախագահի, վարչապետի եւ այլ պաշտոնյաների ցանկացած այցի ժամանակ:  Իշխանություններն այդպես էլ չեն ընկալում, որ Արցախն աշխարհին ներկայացնելու առաքելությունն ամենեւին էլ միայն իրենց նախընտրելի լրատվամիջոցի՝ հանրային հեռուստառադիոընկերությանը չէ, մանավանդ, որ դրա եթերը հիմնականում հայերեն է: Հիմնականում հայերեն է նաեւ գլխավոր պաշտոնաթերթը:

Իշխանություններն այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ Արցախը ճանաչելի դարձնելու համար պետք է օգտագործել բոլոր լրատվական հարթակները եւ չվախենալ մեր երկրի իրական կյանքը ներկայացնելուց: Եթե ասենք, որ հանրապետությունում մի քանի լեզուներով լրատվական գործակալություն ունենալը, ինչի անհրաժեշտության մասին տարիներ ի վեր խոսում ենք, պետության համար լուրջ խնդիր է՝ ծիծաղելի կլինի, քանի որ դրա համար ֆինանսական մեծ միջոցներ անհրաժեշտ չեն: Պարզապես ցանկությունն  է բացակայում: Ինչպես նաեւ ժամանակի շունչը զգալու ունակությունը:
Արդյունքում Արցախը ճանաչելի դարձնելու բոլոր հայտարարությունները կենացների դեր են խաղում:

Վերջերս այս միտքն արտահայտել է նաեւ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչը (ի դեպ, Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում), նշելով, որ երեւանյան հեռուստաեթերում քիչ է տեսանելի Արցախը, այն էլ՝ միայն պաշտոնական: Այդ իմաստով սահմանը հատելու անելիքներ ունենք:

«Կենացներ շատ ենք ասել, արդեն պետք է անցնել գործի»,- հավելել է նա:

Իսկ գործի անցնելը վերաբերում է հերթական ծրագրին, որի քննարկումը տեղի ունեցավ այս տարվա նոյեմբեր ամսվա սկզբին. Արցախ այցելեցին ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամներ եւ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ: Փոխգործակցության եւ միմյանց աջակցելու անհրաժեշտության մասին կարծիքներից բացի համատեղ ուժերով հեռուստաալիք ստեղծելու առաջարկ եղավ, որի նպատակը Արցախը աշխարհին ոչ հայերեն լեզվով ներկայացնելը պետք է լինի:

Թե ինչ ընթացք կստանա այս առաջարկությունը եւ ինչ արդյունքներ կլինեն այս հերթական քննարկումներից հետո՝ դժվար է ասել: Չի բացառվում,  որ դա էլ մյուս առաջարկությունների նման «մնա թղթի վրա»:

Share

Comments are closed.