Հարավային Կովկասի երկրները 2013 թվականին. հիմնական արդյունքներ

Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Անկախ քաղաքագետ
Մոսկվա  

Անցնող տարին Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների համար իրադարձություններով չափազանց հագեցված տարի էր:  Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն անցել են նախագահական ընտրությունների միջով, ընդ որում՝ Վրաստանում տեղի է ունեցել պետության եւ կառավարության ղեկավարների փոփոխություն, ինչպես նաեւ սկսվել է նախագահական կառավարման մոդելից խորհրդարանականին անցումը:

2013թ. Հարավային Կովկասի երկրները ներգրավվել են ինտեգրացիոն նախագծերի մրցակցության մեջ: Եվրոպական եւ եվրասիական ուղեգծերի միջեւ ընտրությունն անդրադառնում էր այդ երկրներում հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Անցնող տարին չի արձանագրել էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման բեկումնային առաջընթացներ: Երկարատեւ ընդմիջումից հետո տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Շարունակվել է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բնականոնացման գործընթացը, թեեւ երկու կողմերն էլ նշել են այն ՙկարմիր գծերը՚, որոնցից այն կողմ նրանք պատրաստ չեն անցնել՝ զիջումների եւ փոխզիջումների տեսանկյունից:

Նախագահական արշավներ. դրանց քաղաքական նշանակությունը

2013թ. փետրվարի 18-ին պետության ղեկավար են ընտրել Հայաստանի քաղաքացիները, հոկտեմբերի 16-ին իր ընտրությունն է կատարել Ադրբեջանը, իսկ հոկտեմբերի 27-ին՝ Վրաստանը: Երեք ընտրարշավներից յուրաքանչյուրն ուներ իր բացառիկ նշանակությունը՝ ներքաղաքական ուժերի հարաբերակցությունը պարզելու համար: Միաժամանակ, տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող ընտրությունները ներքաղաքական նշանակությունից բացի ավանդաբար դրսեւորում են նաեւ աշխարհաքաղաքական չափում: Հարավային Կովկասի բոլոր պետություններն այսօր ներգրավված են չլուծված էթնոքաղաքական հակամարտությունների մեջ: Ընդ որում, անդրկովկասյան տարածքն ընկալվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ սահմանակից Թուրքիայի ու Իրանի շահերի մրցակցային հարթակ:

Հայաստանում եւ Ադրբեջանում հաղթել են գործող նախագահները (համապատասխանաբար՝ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը): Սակայն հենց դրանով էլ ավարտվում է երկու ընտրարշավների նմանությունը: Սարգսյանի համար դրանք երկրորդ նախագահական ընտրություններն էին: Բայց, ի տարբերություն 2008 թվականի, նա չէր ընտրվում որպես մեկ այլ քաղաքական գործչի՝ Ռոբերտ Քոչարյանի ժառանգորդ, այսինքն՝ այս անգամ ոչ մեկի ստվերը չի եղել: Սարգսյանի՝ որպես ինքնուրույն քաղաքական գործչի, համար նախագահական երկրորդ ժամկետը փաստորեն առաջինն է դարձել: Նա վերջնագիծ է քաշել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժառանգության վրա: Սարգսյանը վերջնագիծ է քաշել նաեւ 2008թ. մարտիմեկյան ողբերգական դեպքերի վրա, երբ նախագահական ընտրություններն ուղեկցվում էին բողոքի զանգվածային գործողություններով եւ իշխանության կողմից դրանց դեմ կիրառված ուժային բռնաճնշումներով, որոնց համար էլ ընդդիմության կողմից ընտրարշավն օրինավոր չէր ճանաչվել: «Առաջին հնգամյակի» ընթացքում Հայաստանի ներկայիս նախագահին հաջողվել է նվազեցնել հասարակության բեւեռացումը եւ զերծ պահել Հայաստանը քաղաքացիական դիմակայության ծայրահեղություններից: Դրա արդյունքում թե՛ խորհրդարանում, եւ թե՛ Երեւանի ավագանու խորհրդում (Հայաստանի բնակչության 1/3-ը պարունակող մայրաքաղաքի կառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին) այսօր ներկայացված են երկրի բոլոր առաջատար քաղաքական ուժերը՝ ներառյալ ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսն» ու «Ժառանգություն» կուսակցությունը:

Արտաքին քաղաքականության մեջ Սարգսյանին հաջողվել է հաղթահարել Արեւմուտքի հետ Ռոբերտ Քոչարյանի (հատկապես 2003-2008թթ. ժամանակահատվածում) ունեցած խզումը: Սակայն, իշխանության հանդեպ դժգոհությունը մեծ է: Դրա մասին ակնբախորեն վկայել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական հաջողությունը: Նախկինում այդ գործիչը երբեք ձայների 36% չի ստացել: Այս հաջողությունն ամենայն հավանականությամբ բացատրվում է պետության ղեկավարի պաշտոնին այլ լուրջ թեկնածուների բացակայության պայմաններում բողոքավոր ընտրազանգվածը միավորել կարողանալու հաջողությամբ:

Ադրբեջանում ընտրական անակնկալներ տեղի չեն ունեցել: Իլհամ Ալիեւը հաղթել է  նախագահական ընտրություններում ձայների 84,72%-ով: Նա երրորդ անգամ դարձել է Ադրբեջանի նախագահ: Նախկինում նա արդեն ընտրվել էր 2003 եւ 2008 թվականներին, իսկ երկրորդ հաջողված արշավից հետո՝ 2009թ., անցկացրել է սահմանադրական այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ են տվել մեկ մարդուն պետության ղեկավարի աթոռ զբաղեցնել երկու ժամկետներից ավելի:  Այսպիսով, Ադրբեջանը լրացրել է հետխորհրդային այն երկրների շարքը, որոնք իրենց համար ընտրել են «մեկ առաջնորդի համար երկու ժամկետից ավելի» տարբերակը: Այդ տարբերակին արդեն իսկ հետեւում են Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը:  Ինչ էլ լինի, Իլհամ Ալիեւը շարունակում է «ընտանեկան կառավարումը», որը սկսված էր դեռեւս իր հոր կողմից, ով ոչ ձեւական, այլ իրական հարթության վրա հանդիսանում է անկախ Ադրբեջանի փաստացի հիմնադիր: Այդ կառավարման հիմնական նախադրյալները գալիս են դեռեւս խորհրդային շրջանից, երբ Հեյդար Ալիեւը հանրապետական ԿԿ առաջին քարտուղարն էր:

Սակայն ալիեւյան նախագահության երկարաձգման եւ «երրորդ ժամկետի» ակումբ Ադրբեջանի մուտք գործելու «փառքը» գործող նախագահին համահավասար կիսում է նաեւ ընդդիմությունը: Ինչպիսին էլ լինեին վարչական ճնշումներն ու ներքաղաքական փակվածությունը, ընդդիմությունը կրկին ի վիճակի չի եղել որեւէ հետաքրքիր բան ներկայացնելու: Նախկինի պես իր ձախողումը բացատրվում է նոր մարդկանց, նոր կարգախոսներ եւ ծրագրեր քաղաքական շրջանառության մեջ մտցնելու անկարողությամբ: Բավական է ասել, որ ընդդիմության միասնական թեկնածուն առաջադրվել է միայն 2013թ. օգոստոսին  (այդ դերում հանդես է եկել լայն ընտրողին սակավածանոթ պատմաբան-պրոֆեսոր Ջամիլ Հասանլին, ով ստացել է ընտրողների ձայների 5,72%-ը):

Վրաստանում 2013թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունները զգալիորեն փոփոխել են երկրի ներքաղաքական պատկերը: Պետության ղեկավարի թեկնածության որոշումից բացի այդ կովկասյան երկրում ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում գլխավոր իշխանական հաստատությունների միջեւ լիազորությունները վերաբաշխվել են հօգուտ վարչապետի եւ խորհրդարանական մեծամասնության, որն ապահովում է վարչապետի եւ կառավարության կազմի հաստատումը:

Սակայն, ինչով էլ ավարտվեր կառավարման նախագահական մոդելից դեպի խորհրդարանականն անցումն, ակնհայտ է, որ 2003թ. «վարդերի հեղափոխությամբ» սկսված Միխեիլ Սաակաշվիլու տասնամյա ժամանակաշրջանն ավարտվել է: Քաղաքական օլիմպոսից Վրաստանի երրորդ նախագահի հեռացումն առաջացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բնականոնացման նոր հույսեր: Այս հույսերն ամրապնդվում են նաեւ այն պատճառով, որ «Վրացական երազանքի» ծրագրային դրույթներից մեկը հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների բնականոնացումն է: Նախագահական ընտրարշավի ժամանակ Գիորգի Մարգվելաշվիլին խոսում էր Մոսկվայի հետ շփումներում «բարձր ջերմաստիճանն իջեցնելու» ձգտման մասին:

Վրաստանի նոր առաջնորդի խոսքերը դատարկ տեղում չեն ի հայտ եկել: Երկկողմ հարաբերությունների որոշակի վերագնահատում է տեղի  ունեցել 2012թ. խորհրդարանական ընտրարշավից հետո, որի արդյունքում երկրի գերագույն ներկայացուցչական մարմնի եւ կառավարության վերահսկողությունն անցել է «Վրացական երազանք» դաշինքին:

2013թ. հունվարի 24-ին Դավոսի տնտեսական համաժողովի հյուրերի պատվին կազմակերպված ընդունելությունում ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը զրուցել է իր վրաց գործընկերոջ հետ: 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո դա երկու երկրների կառավարությունների ղեկավարների առաջին շփումն էր: Սակայն, Մոսկվան եւ Թբիլիսին իրենց հարաբերություններում չեն կարողացել հաղթահարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կարգավիճակի խնդիրը: Ռուսաստանը շարունակում է պնդել «Անդրկովկասի նոր իրողությունները» ճանաչելու անհրաժեշտությունը (ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի գնահատականը), իսկ Վրաստանը հանդես է գալիս «բռնազավթման դադարեցման» եւ Վրացական ԽՍՀՄ երկու նախկին ինքնավարությունների ճանաչումը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության դիրքերից:

Եվրոպայի եւ Եվրասիայի միջև 

Անցնող տարին Հարավայի Կովկասի երկրների համար բարդ աշխարհաքաղաքական ընտրություն կատարելու ժամանակն էր, եւ այդ երկրներից յուրաքանչյուրը նախապատվություն է տվել սույն ընտրության երեք այլազան տարբերակների: Եվրոպական եւ հյուսիսատլանտյան ինտեգրման հետեւողական ուղեգծով շարունակել է ընթանալ Վրաստանը: Պաշտոնական Թբիլիսին երեք տարի շարունակ Բրյուսելի հետ վարում էր Ասոցացման վերաբերյալ բանակցություններ: Դրանք ավարտվել են 2013թ. հուլիսին, իսկ նոյեմբերին Վրաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել են Համաձայնագիրը՝ Վիլնյուսում կայացած ԵՄ երկրների եւ «Արեւելյան գործընկերություն» նախագծի մասնակիցների երրորդ գագաթաժողովում:  Քանի որ եվրոպական եւ հյուսիսատլանտյան ինտեգրումը Վրաստանում դիտվում է որպես երկրի ռազմավարական ընտրություն, ԵՄ-ի հետ ասոցացման փաստաթղթի նախաստորագրումն անդրկովկասյան սույն երկրի պաշտոնական անձինք շտապել են անվանել պատմական իրադարձություն: Գովեստներ չէին խնայում նաեւ ԵՄ եւ եվրոպական առանձին երկրների ներկայացուցիչները: Վրաստանի ընտրությունը մեծ առաջընթաց է անվանել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը:

Հետաքրքիր մանրամասն՝ «պատմական փաստաթղթի» տեքստը (նախաբանից, ութ գլուխներից, հավելվածից եւ արձանագրություններից բաղկացած հազարէջանոց ծավալուն նյութը) երկար ժամանակ գաղտնի էր պահվում: Թեեւ ԵՄ եւ Վրաստանի պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնում էին այն թեզը, թե անդրկովկասյան պետության համագործակցությունը Եվրոպայի հետ պետք է նպաստեր թափանցիկության եւ ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի հաստատմանը, տեքստը զետեղվել է Եվրամիության պաշտոնական կայքում միայն համաձայնագրի նախաստորագրումից հետո՝ դեկտեմբերի 3-ին:

Վրացական ինտեգրացիոն պատմության մեջ կա եւս մի հետաքրքիր սյուժե: ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումն առավել քան կրավորական էր: Կրեմլը դիտում է Թբիլիսին որպես ՙկտրված պատառ՚, հասկանալով, որ եթե ինքն ի վիճակի չէ առաջարկել երկրի ՙտարածքային ամբողջականության՚ վերականգնման մեխանիզմներ, ապա Վրաստանն իր ազդեցության տակ պահելն անհնարին է:

Որպես դեպի Արեւմուտք լիակատար կերպով կողմնորոշված Վրաստանի հակադիր բեւեռ կարելի է դիտարկել Հայաստանը: Մինչեւ 2013թ. սեպտեմբերը ԵՄ հետ ասոցացման մասին փաստաթուղթը նախաստորագրելու մտադրության մասին խոսում էր նաեւ պաշտոնական Երեւանը:  Ավելին՝ այդ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները հոռետեսորեն էին արտահայտվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հովանավորվող Մաքսային միության նախագծին Հայաստանի միանալու հեռանկարների մասին: Առաջ էին քաշվում հետեւյալ փաստարկները. Հայաստանը չունի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման (ընդհակառակը՝ կա սահման Վրաստանի հետ), իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական փոխգործակցության մակարդակն առանց Մաքսային միությանն անդամագրվելու իսկ տպավորիչ ծավալների է հասնում: Բավական է ասել, որ անցած տարվա արդյունքներով Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների կեսից ավելին ռուսաստանյան ծագում ուներ: Ընդ որում, հանրապետության տարածքում գործում է ռուսական կապիտալ ունեցող 1300 ձեռնարկություն:

Սակայն Երեւանի տվյալ դիրքորոշումը Մոսկվայի դժգոհությունն է առաջացրել: Անցնող տարին երկու երկրների փոխհարաբերությունների պատմության համար ամենադյուրինը չէր: Ի վերջո, սույն թվականի սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիոն նախագծերին միանալու մասին: Պաշտոնական Երեւանի համար դա նշանակում էր Վիլնյուսում ԵՄ հետ ասոցացման փաստաթղթի նախաստորագրումից հրաժարում: Դրանից հետո՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստանի կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը միանալու նախապատրաստական աշխատանքների նախագիծը, իսկ 2013թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ կլինի ստորագրել համապատասխան համաձայնագիրը 2014թ. սկզբներին: Դեկտեմբերի 2-3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Գյումրի եւ Երեւան նույնպես խթանել է ինտեգրացիոն մտադրությունները, որոնց լիարժեք իրականացումն, այնուամենայնիվ, կախված է լինելու երկու երկրների իշխանությունների եւ ձեռներեցների համաձայնեցված ու հետեւողական աշխատանքից:

Հատուկ դեպք է Ադրբեջանի դիրքորոշումը: Մի կողմից, ի տարբերություն Երեւանի, Բաքուն չէր հայտարարում հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերին միանալու պատրաստակամության մասին: Այսպես, Ադրբեջանը չի միացել 2011թ. հոկտեմբերին ԱՊՀ ութ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների ստորագրած «Ազատ առեւտրի գոտու» մասին պայմանագրին, որին հետագայում միացել է նաեւ Ուզբեկստանը: 2012թ. հունիս-հուլիս ամիսներին Բրյուսելում կայացած Մաքսային համագործակցության եւ Համաշխարհային ակցիզային գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն միանալու Մաքսային միությանը:  Բաքվում մեծ կասկածներով են վերաբերվում նաեւ ՀԱՊԿ-ին, քանի որ այդ կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ Հայաստանի դեմ յուրաքանչյուր արտաքին ագրեսիա դիտվելու է որպես Ռուսաստանին նետված մարտահրավեր:

Միաժամանակ, Ադրբեջանը խնդիրներ ունի նաեւ եվրոպական ուղեգծի հետ: Լիտվայի մայրաքաղաքում կայացած գագաթաժողովից տառացիորեն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ մտնել ԵՄ հետ ասոցացման հարաբերությունների մեջ: Բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով՝ Բաքվին ձեռնտու կլիներ հարաբերությունների այլ ձեւաչափ, որն ավելի կհամապատասխաներ Ադրբեջանի ազգային շահերին: Ինչեւէ, Վիլնյուսում Ադրբեջանի ներկայացուցիչները սոսկ ներկա գտնվելուց բացի ստորագրել են իրենց երկրի եւ ԵՄ միջեւ անցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր: Ինչպես եւ 2010թ. Վրաստանի հետ ստորագրված համանման համաձայնագրի դեպքում, այն ենթադրում է հյուպատոսական տուրքի արժեքի եւ քաղաքացիների հայտերի քննության ժամկետի նվազեցում: Ենթադրվում է, որ այդ նորամուծություններն  ուժի մեջ են մտնելու շուրջ մեկ տարի անց:

Հակամարտությունների կարգավորում. չնչին առաջընթաց 

Անցնող տարվա վերջին աշխուժացավ ղարաբաղյան խաղաղ գործընթացը: Նոյեմբերի սկզբին Բաքու եւ Երեւան այցելեցին ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Ժակ Ֆորը: Նրանց այցի արդյունքներով ձեռք բերվեց սկզբունքային պայմանավորվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: Անցավ երկու շաբաթ եւ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը հանդիպեցին Վիեննայում:

Եթե հետեւենք տեղեկատվական տարածությունը հեղեղած պաշտոնական հաղորդագրություններին, ապա Ալիեւի եւ Սարգսյանի հանդիպման արդյունքը կա՛մ զրոյական է, կա՛մ՝ զրոյականին մերձեցող: Նախագահները պայմանավորվել են աշխուժացնել խաղաղ գործընթացը, որն արտացոլվել է նոր հանդիպում՝ թե՛ երկկողմանի, եւ թե՛ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների ձեւաչափով անցկացնելու խոստման մեջ: Սակայն, արժե նշել, որ նախագահների այս հանդիպումը տեղի է ունեցել 2012թ. հունվարից հետո առաջին անգամ: Այդ ժամանակահատվածում ղարաբաղյան գործընթացի օրակարգը լի էր այնպիսի բացասական իրադարձություններով, ինչպիսին են «Սաֆարովի գործը», խաղաղ գործընթացի լճացումը եւ հնարավոր զիջումների ու փոխզիջումների քննարկումն անհնարին դարձնող նախագահական ընտրությունները: Այս տարեվերջին խաղաղ գործընթացը ՙվերադարձի՚ նշաններ ցույց տվեց: Եվ սա, թերեւս, Ալիեւի եւ Սարգսյանի վիեննյան հանդիպման գլխավոր արդյունքն է:

Բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ճոճանակը նորից մյուս կողմ չի թեքվի: Դա չի նշանակում, որ իրավիճակը դեպի նոր պատերազմ կգլորվի: Խոսքը, նախ եւ առաջ, համակողմանի փոխզիջումների եւ խաղաղ համաձայնագրի հասնելու մասին է, որոնք խոչընդոտվում են կողմերի միջեւ նվազագույն վստահության բացակայությամբ եւ շփման գծում շարունակվող միջադեպերով: Մինչ օրս ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողանում մշակել դրանց կանխարգելման մեխանիզմը: Իսկ առանց դրա վստահության աճի մասին ավելորդ է խոսել: Գոյություն չունի նաեւ այդ միջադեպերը պատժող որեւէ մեխանիզմ:

Այսպիսով, անցնող տարում տեղի չեն ունեցել ստատուս-քվոյի վճռական բեկումներ կամ արմատական վերաձեւումներ: Բայց 2013թ. Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքական կյանքում կատարվել են բազում կարեւոր իրադարձություններ, որոնք հետագայում իրենց մասին անընդհատ հիշեցնելու են:
Հեղինակը՝ Սերգեյ Մարկեդոնովը, անկախ քաղաքագետ է, 2010թ. մայիսից մինչեւ 2013թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ գիտաշխատող (Վաշինգտոն, ԱՄՆ):

Share

Comments are closed.