Նորին Մեծություն Ժողովուրդը «բացակայում» է

Թե՛ Հայաստանում, եւ թե՛ Ադրբեջանում, ինչն էլ 2013թ. գլխավոր արդյունքն է 


Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ 

Լրագրող
Բաքու

Արդյունքներ ի մի բերելը միշտ տխրեցնող է (անգամ եթե այդ արդյունքներում դրականը շատ ավելի է, քան բացասականը) այն պարզ պատճառով, որ ամեն մի նախնական կամ միջանկյալ արդյունք մարդուն վերջնական նշանակետին է մոտեցնում: Իմ սերնդի, այսինքն՝ 50 տարին բոլորած մարդկանց համար այն պետք է կրկնակի տխրեցնող լինի: Կյանքի երկու երրորդ մասն արդեն անցել է: Լավագույն դեպքում մնացել է մեկ երրորդը:

Ռուբիկոնն արդեն հաստատապես անցած է, իսկ ոչ մի որոշակիություն չկա, անգամ՝ միջնաժամկետ կտրվածքով: Ընդ որում, կարծում եմ, որ թե՛ Ադրբեջանում, եւ թե՛ Հայաստանում անորոշությունն ավելի մեծ է, իսկ երջանիկ ապագայի հանդեպ հավատն ավելի սակավ, քան 25 տարի առաջ, երբ այսօր հիսունամյակը բոլորած անձինք ընդամենը 25 տարեկան էին: Սա այն շրջան է, որի մասին հիշելիս մերօրյա 50-ամյաներս հետխորհրդային ողջ տարածքում՝ ոչ միայն Ադրբեջանում եւ Հայաստանում, կարող են միմյանց դիմել Անդրեյ Մակարեւիչի հայտնի երգի բառերով.

«Դու հիշում ես, թե ինչպես այս ամենը սկսվում էր,
Ամեն ինչ նոր եւ կրկին էր լինում,
Թե ինչպես նավակներն արարվում եւ կոչվում էին
Հավատ, հույս, սեր»:[1]

Միմյանց հանդեպ սերը կորսվել է, հույսը՝ համարյա վախճանվել, իսկ սիրո համար մենք արդեն ծերացել ենք: Արդեն գրեցի 150 բառ, իսկ 2013թ. արդյունքների մասին դեռ ոչինչ չեմ ասել, բայց, թերեւս, ընդհակառակն՝ ամեն ինչ արդեն իսկ ասված է, եւ ժամանակն է դնել վերջակետը: Սակայն…

Ինձ չեն հասկանա. կասեն, թե այլեւս ասելիք չունի…

Ուստի, երեւի թե սկսեմ Հայաստանի ներքաղաքական իրավիճակից: Կարծում եմ, որ 2013թ. Հայաստանի համար բնորոշ էր ներքաղաքական տարածության լիակատար վերաձեւմամբ: Ոչ թե վերբեռնմամբ, այլ հենց լիակատար վերաձեւմամբ, որի ժամանակ վերանում է մինչ այդ կուտակված տվյալների բազան: Կարծում եմ, որ մենք ականատես ենք դառնում քաղաքական ընդդիմության՝ որպես հասարակական բողոքի կարծիքը ձեւավորող եւ ուղղորդող հաստատության վերացմանը:

Ամենայն հավանականությամբ, հիշյալ գործընթացի վճռորոշ փուլի մեջ մտնելու ամենավառ ապացույցը 2013թ. նախագահական ընտրություններն էին: Թե՛ ավանդական, եւ թե՛ նոր առաջատար քաղաքական ուժերը հանկարծակիորեն հրաժարվել են նախագահական ընտրություններին մասնակցելուց: Իրավիճակի ողբերգազավեշտը հենց այն էր, որ նրանց ոչ մի կերպ չի հաջողվել հասարակությանն ընկալելի ձեւով բացատրել իրենց այդօրինակ վարքի պատճառները:

Ինձ թվում է, որ վերջակետը դրվել է սեպտեմբերի 3-ից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվում է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից եւ սկսում եվրասիական տարածության մեջ ինտեգրումը: Անկեղծ ասած, Սերժ Սարգսյանի գործողություններն ինձ՝ որպես քաղաքական մեկնաբանի համար կանխատեսելիորեն ծրագրային էին, բայց հատկանշական էր Հայաստանի նախագահի սույն քայլերի նկատմամբ հասարակության արձագանքը, ավելի շուտ՝ դրա բացակայությունը, եթե, իհարկե, հաշվի չառնենք երիտասարդական եւ քաղաքացիական ակտիվիստների փոքր խմբի կեցվածքը: Չէ՞ որ խոսքը ճակատագրական հարցի՝ երկար տարիների կտրվածքով երկրի արտաքին-քաղաքական առաջնահերթությունները որոշելու մասին էր:

Քաղաքական ընդդիմությունն ամբողջովին ինքնամեկուսացել է երկրի ներսում եւ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Համոզված եմ, որ Հայաստանում եվրաինտեգրման կողմնակիցների թիվն ավելի մեծ էր, քան մի քանի հարյուր երիտասարդական եւ քաղաքացիական ակտիվիստները: Սակայն, մենք ականատեսն ենք հասարակության՝ անտարբերության վերաճող արժեքային եւ քաղաքական համապարփակ ապակողմնորոշման գործընթացի: Բնական է, որ քաղաքացիական հասարակությունը դեռ չի ամրապնդվել եւ ի վիճակի չէ լցնել վերաձեւված քաղաքական տարածության առաջացրած դատարկությունը:

Անցնենք Ադրբեջանին: Մեծ հաշվով՝ այն գործընթացը, որի մեկնարկին է կանգնած Հայաստանը, Ադրբեջանում մոտենում է իր բնական ավարտին: 2005 թվականից ի վեր քաղաքական տարածությունն ամբողջովին վերաձեւվել էր: Հասարակությունը գտնվում էր բոլոր ներքին եւ արտաքին գործընթացների նկատմամբ խորին հուսահատության վիճակում: Իլհամ Ալիեւի իշխանությունն, ընդհանուր առմամբ, հասարակության կողմից ընկալվում էր եւ այսօր իսկ դիտվում է որպես աներկբա չարիք: Միաժամանակ, այն համարվում է անխուսափելի չարիք, որից ձերբազատվելու ոչ մի հնար չկա:

Ադրբեջանում ձեւական հարթության վրա գոյություն ունեն առաջին հայացքից քաղաքական պայքարի հարուստ փորձ ունեցող քաղաքական կուսակցություններ: Սակայն, հասարակության հետ հետադարձ կապից զրկված լինելու հանգամանքը լավագույն դեպքում հանգեցրել է նրանց՝ փոքր դիսիդենտական ակումբներին նմանվող գոյությանը:

2013թ. նախագահական ընտրությունների նախաշեմին ձեռնարկվել է հանրային ակտիվությունը վերակենդանացնելու առնվազն երկու փորձ: Առաջինը կատարվել է տարեսկզբին՝ Արեւմուտքի աջակցությունը վայելող երիտասարդական կազմակերպությունների կողմից: Սակայն, կառուցակարգորեն կայուն քաղաքական տարածության լիակատար բացակայությունը զրկում էր երիտասարդական շարժմանը հաջողության դույզն իսկ հեռանկարից: Սոցիալական կայքերի միջոցով կազմակերպված զանգվածային ակցիաներով երիտասարդությանը հաջողվել է ՙբզել՚, բայց ո՛չ թե արթնացնել հասարակությանը:

Երկրորդ փորձը, որքան էլ տարօրինակ լինի, նախաձեռնել է Կրեմլը: Մոսկվայում ստեղծվել է Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միությունը (ՌԱԿՄ): ՌԱԿՄ հիմնադիրներն էին Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Աբաս Աբասովը, Ռուսաստանի ադրբեջանցիների մշակութային ինքնավարության ղեկավար Սոյուն Սադիկովը, Ռուսաստանի նոտարական գրասենյակների գիլդիայի նախագահ Նաթիգ Աղամիրովը, կինոդրամատուրգ եւ կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, «Լուկոյլ» ընկերության նախագահ Վահիդ Ալեքպերովը, «Կրոկուս» հոլդինգի ղեկավար Արազ Աղալարովը, «ACT» հոլդինգի համասեփականատեր Թելման Իսմայիլովը, ձեռներեց Իսկենդեր Խալիլովը եւ անգամ Պետդումայի պատգամավոր, դաղստանցի Ռամազան Աբդուլատիպովը:

Նախ, Մոսկվան ակնարկում էր, թե պատրաստ է Ադրբեջանում էլ կիրառել վրացական փորձը: Խոսքը՝ ադրբեջանական սփյուռքի ունեւոր ներկայացուցչներին իշխանափոխության համար օգտագործելու մասին էր: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Վահիդ Ալեքպերովը երբեք առանձնահատուկ հայրենասիրությամբ աչքի չի ընկել եւ քաղաքական խաղերին չէր սկսի մասնակցել առանց ՙբարձրագույն շուրթերից՚ ստացած շատ հստակ հրամանի:

Որպես հետեւանք, պաշտոնական Բաքուն հակահարձակման է անցել: Սակայն, որպես թիրախ ընտրվել է ոչ թե «միլիարդատերերի ակումբի» ստեղծման իսկական նախաձեռնողը, այլ ՌԴ ղեկավարությունում գործող «որոշ ուժեր», որոնք իբր փորձում են խարխլել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ առկա բարեդրացիական հարաբերությունները: Բնականաբար, չի մոռացվել նաեւ «հայկական հետքը»:

Միայն հետո հայտնի իշխանամետ լրագրող՝ նախկին խղճի բանտարկյալ Էյնուլա Ֆաթուլաեւը, ով մի քանի տարի բանտում է անցկացրել ներկայիս իշխանության «հոգու բարության» շնորհիվ, հայտարարել է, որ «Իլհամ Ալիեւի բռնի տապալման գաղափարական ջատագով նախկին փոխվարչապետ Աբաս Աբասովն ուղղակիորեն կառավարվում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից»:[2] Մի խոսքով, Վոլոդինից ավելի բարձր գնալու համար համարձակությունը չի հերիքել:

Երկրորդ՝ Ադրբեջանը Վրաստան չէ. մասշտաբը բոլորովին այլ է: Այստեղ միայն մեկ Իվանիշվիլիով հարց չես լուծի: ՙՄիլիարդատերերի դաշինքի՚ կարողությունը հասնում է մի քանի տասնյակ միլիարդ դոլարի: Միայն Վահիդ Ալեքպերովն ինչ ասես արժե: «Forbes»-ի տվյալներով՝ 2013թ. սկզբին նա ուներ 15 միլիարդ դոլարի արժեք ունեցող ունեցվածք, այդ թվում եւ «Լուկոյլի» (21%) արժեթղթերի փաթեթը: 2012թ. Ալեքպերովը դիվիդենտների տեսքով «Լուկոյլից» ստացել է 230 միլիոն դոլար: Այժմ նա ռուսաստանցի մեծահարուստների սանդղակում հինգերորդն է, իսկ 2003թ. երրորդն էր:

«Լուկոյլը» ռուսաստանյան նավթային ոլորտի երկրորդ խոշորագույն հարկատուն է. 2012թ. ընկերությունը վճարել է 1,1 տրիլիոն ռուբլի (35 միլիարդ դոլար) հարկ, իսկ մաքուր եկամուտը նույն 2012թ. ընթացքում կազմել է ռեկորդային 11 միլիարդ դոլար:[3]

Մի խոսքով, Իվանիշվիլին «հանգստանում» է:

Ինտրիգը տեւեց մինչեւ 2013թ. օգոստոսը, այսինքն` մինչեւ Պուտինի այցն Ադրբեջան: Այցի ընթացքում ստորագրված համաձայնագրերի արդյունքներից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի նախագահը որոշել է վերցնել իր ադրբեջանցի գործընկերոջ առաջարկած «բաժինը» եւ, առնվազն տվյալ փուլում, ձեռքերը լվանալ: Կարծում եմ, որ Կրեմլում հասկացել են, որ խողովակաշարերը դեպի Հյուսիս թեքելն անհնարին է՝ անգամ իշխանափոխության դեպքում: Բնական է, որ խոսքն այստեղ խողովակաշարերի հենց աշխարհաքաղաքական եւ ոչ նյութական պարունակության մասին է:

Որպես հետեւանք՝ ընտրությունները կայացան կանխատեսելիորեն ծրագրային կարգով: Այդ իսկ պատճառով Արեւմուտքը լուրջ կասկածի տակ դրեց այդ ընտրությունների արդյունքների օրինավորությունը, թեպետեւ բաց տեքստով հայտարարեց, թե շարունակելու է ընկերություն անել Իլհամ Ալիեւի հետ:

Իսկ արտաքին քաղաքականության մեջ եկել է ադրբեջանցիների «հավասարակշռված» եւ հայերի «կոմպլեմենտար» վարքագծային մարտավարության վերջը: Հայաստանն առնվազն հրապարակայնորեն ընտրություն է կատարել հետխորհրդային տարածությունում պուտինյան ինտեգրացիոն նախագծերի օգտին: Ադրբեջանը պաշտոնապես դեռ ոչ մի ընտրություն չի կատարել, թեեւ, ամենայն հավանականությամբ, Բաքվում նույնպես գիտակցում են, որ դեպի Հյուսիս ուղղված խողովակաշարերն այլուր տանել այլեւս անհնարին է:

Եվ, ի վերջո, մի քանի բառ մեր ընդհանուր դժբախտության՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Դրական էր բարձրագույն մակարդակով միջպետական շփումների վերականգնումը: Էլ ավելի դրական էր այն, որ խաղաղ բանակցությունների ներկայիս փուլն ընթանում է ԱՄՆ հովանավորության ներքո: Բազմիցս նշել եմ, ԱՄՆ-ն, ըստ իս, ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ առավելս շահագրգռված աշխարհաքաղաքական խաղացողն է, այն պարզ պատճառով, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շատ դժվար է Ռուսաստանին Հարավային Կովկասից արտամղել:

Այդ իսկ պատճառով, եվրասիական տարածությունում պուտինյան ինտեգրացիոն նախագծերի օգտին Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության իրավական ձեւակերպման դեպքում ամերիկյան նախաձեռնության հաջողության հնարավորությունները նվազագույնն են լինելու:

Հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է թե՛ Ադրբեջանի, եւ թե՛ Հայաստանի Նորին Մեծություն ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Նրանք չկան. ժողովուրդները բացակայում են, համենայն դեպս՝ գոնե հիմա…

Իսկ առայժմ բոլորիդ շնորհավորում եմ գալիք Նոր Տարվա կապակցությամբ:

 

1.http://megalyrics.ru/lyric/mashina-vriemieni/za-tiekh-kto-v-morie.htm
2. http://haqqin.az/news/8423
3. http://www.forbes.ru/profile/vagit-alekperov

 

Share

Comments are closed.