Արցախյան կարգավորումը 2013 թվականին

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արտաքին քաղաքականության և անվտանգության
հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ 

Մինսկյան գործընթացը

2013 թվականը, ինչպես եւ ենթադրվում էր[1], ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից աշխույժ ժամանակահատված չի եղել: 2012թ. հունվարին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումից հետո Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը մտել է կրավորական փուլ, թեեւ հանդիպումները շարունակվում էին ԱԳՆ ղեկավարների մակարդակով:

Այդ իրավիճակը պայմանավորված էր նրանով, որ 2012 եւ 2013 թվականներն ընտրական էին թե’ միջնորդ երկրների, եւ թե’ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համար:[2] Հատկանշական է, որ տարածաշրջանի երեք երկրների բոլոր երեք նախագահներն էլ վերընտրվել են: Միջնորդ երկրների պարագայում էլ ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբաման եւ նախագահի աթոռին վերադարձած Վլադիմիր Պուտինը քաջածանոթ են արցախյան խնդրին. սկսնակ է համարվում միայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այսպիսով, 2013 թվականը հակամարտության կողմ հանդիսացող պետությունների եւ միջնորդ երկրների ղեկավարների անհատական կազմում նշանակալից փոփոխություններ չի բերել:

2013թ. նոյեմբերի 19-ին` գրեթե երկամյա ընդմիջումից հետո Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Գագաթաժողովի արդյունքներով միջազգային միջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշված է, որ «…նախագահները համաձայնվել են խթանել խաղաղ կարգավորմանը միտված հետագա բանակցությունները եւ հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին համանախագահների հետ միասին շարունակել աշխատանքը նախկինում ձեռք բերվածի հիման վրա` խաղաղ գործընթացն աշխուժացնելու նպատակով: Նրանք պայմանավորվել են հետագա ամիսներին կրկին հանդիպել»: [3]

Այսպիսով, կարելի է ակնկալել, որ մեծ ընտրական շրջանի ավարտից եւ ներքաղաքական խնդիրների լուծումից հետո համանախագահող երկրները եւ հակամարտող կողմերի ղեկավարությունները ստիպված կլինեն ավելի ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան կարգավորմամբ:

Դրա մասին է վկայում դեսպան Ջեյմս Ուորլիքի (James Warlick) նշանակումը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ: 2013թ. օգոստոսին տեղի ունեցած այս նշանակման կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, թե Ջեյմս Ուորլիքն առաջնակարգ դիվանագետ է, վստահություն հայտնելով, որ նա հիանալի կաշխատի այդ կարեւոր պաշտոնում:[4]  Դեսպան Ուորլիքը նախկինում  աշխատել է որպես ԱՄՆ նախագահի Աֆղանստանի եւ Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցչի տեղակալ եւ ԱՄՆ-ի ու Աֆղանստանի միջեւ անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի շուրջ գլխավոր բանակցող: Մինչ այդ նա եղել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպան (2009-2012թթ.) եւ զբաղեցրել այլ պատասխանատու պաշտոններ Պետդեպարտամենտում: Ամերիկյան նոր համանախագահի տարածաշրջան կատարած առաջին այցի կապակցությամբ 2013թ. սեպտեմբերին Բարաք Օբաման ուղերձներ է հղել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ դեսպան Ուորլիքը վայելում է իր լիակատար վստահությունը եւ նրա` որպես համանախագահի նշանակումը ղարաբաղյան հակամարտության կողմերին խաղաղ կարգավորման գործում աջակցելու ԱՄՆ-ի լուրջ պատրատակամության վկայությունն է:[5]

Ջեյմս Ուորլիքն արդեն արտահայտվել է վստահության ու անվտանգության ամրապնդման միջոցների եւ «Track II diplomacy» նախաձեռնությունների իրականացման կարեւորության օգտին:[6] Նա նշել է, որ  «Track II» ծրագրերի բոլոր տեսակների ուղղությամբ կարելի է նոր ջանքեր գործադրել:

Դա նշանակում է, որ 2014թ. հակամարտող կողմերի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն ավելի հաճախ են հանդիպելու եւ քննարկումներ անցկացնելու:

Խաղաղ գործընթացում հակամարտող կողմերի հանրությունները ներգրավելու ուղղությամբ նոր քայլ կարելի է համարել ղարաբաղյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերի 18-ին` Ստեփանակերտի մամուլի ակումբում: Հանդիպման մասնակիցները քննարկել են բանակցային գործընթացի ընթացքը:  Ղարաբաղյան ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներն արտահայտվել են կարգավորման մեթոդաբանության եւ փիլիսոփայության փոփոխության անհրաժեշտության օգտին: Հատուկ ուշադրություն է դարձվել պաշտոնական բանակցությունների եւ քաղաքացիական խաղաղարարության միջեւ կապի ամրապնդմանը:[7]

Շվեյցարիան, որ 2014 թվականին նախագահելու է ԵԱՀԿ-ում, նույնպես մտադիր է ակտիվորեն աշխատել կողմերի հետ եւ հետամուտ լինել եթե ոչ մեծ, ապա միանգամայն կոնկրետ հարցերի լուծմանը:

Աշխարհաքաղաքականությունն ու հակամարտությունը

2013 թվականը կարող էր կործանարար լինել հակամարտող երկրների եւ մի շարք հարեւան պետությունների համար: Սիրիական ճգնաժամի ընդարձակումը եւ, որպես շարունակություն, Իրանում իրավիճակի ապակայունացումը կարող էին փոխել ղարաբաղյան հակամարտության միջազգային հարաչափերը եւ չափազանց բացասաբար անդրադառնալ հակամարտության գոտու իրավիճակի վրա: Հայտնի է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի` հակամարտության բոլոր երեք կողմերի հետ ընդհանուր սահման ունեցող միակ պետությունն է: 75 միլիոնանոց Իրանից սոսկ փախստականների հնարավոր ներհոսքը կարող էր մարդասիրական աղետի եզրին կանգնեցնել տարածաշրջանի երկրները: Էլ չենք խոսում ԻԻՀ-ի դեմ սպասված հարվածների այլ հետեւանքների մասին:

Սեպտեմբերից սկսած Սիրիայում իրավիճակը որոշակիորեն կայունացել է, իսկ Իրանում նոր նախագահի ընտրությունից հետո նկատվել է Արեւմուտքի հետ հարաբերությունների բարելավման միտում. իրանական միջուկային հիմնախնդրի շուրջ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:[8] Այն, որ տարածաշրջանի բոլոր երկրներին հաջողվել է խուսափել Իրանի շուրջ իրավիճակի հետագա լարումից սպասված կորուստներից, արդեն իսկ բավականաչափ դրական է: Իրանի հետ շուրջ 140 կմ երկարությամբ դեռեւս փակ սահման ունեցող Արցախի պարագայում Թեհրանի եւ Արեւմուտքի երկրների միջեւ հարաբերությունների բարելավումը Ստեփանակերտի առջեւ բացելու է նոր հնարավորություններ, որոնցից միանշանակ հարկ է օգտվել:

2013թ. սեպտեմբերին Հայաստանի նախագահը Մոսկվայում հայտարարել է Մաքսային միություն (ՄՄ) մտնելու եւ Եվրասիական տնտեսական միության (Եվրազես) ձեւավորման գործընթացին միանալու հայկական իշխանությունների որոշման մասին:[9] Տվյալ հայտարարությունը հայ հասարակության մեջ, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել, որովհետեւ 2009 թվականից ի վեր Հայաստանն ակտիվորեն համագործակցում էր Բրյուսելի հետ «Արեւելյան գործընկերություն»[10]   ծրագրի շրջանակներում եւ պատրաստվում էր Եվրոպական Միության հետ ստորագրել Ասոցացման պայմանագիր: ՀՀ` ՄՄ մտնելու որոշումն ի չիք է դարձրել նոյեմբերի վերջերին Վիլնյուսում կայացած գագաթաժողովի ժամանակ ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու հնարավորությունը: Թեեւ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ Հայաստանը մտադիր է շարունակել Եվրոպայի հետ համագործակցությունն այլ ձեւաչափում, տեղի ունեցած փոխակերպումը հանգեցնելու է ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, պետական կառավարման արդյունավետ կատարելագործման, դատական համակարգի եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների գործընթացի դանդաղեցմանը:

Մի կողմից, Մաքսային Միությանը, որպես տնտեսական կազմավորման, Հայաստանի Հանրապետության միանալը չի կարող անմիջականորեն անդրադառնալ ղարաբաղյան կարգավորման վրա: Վտանգ կծագի այն դեպքում, եթե Հայաստանն ու Ադրբեջանը մաս կազմեն նախկին ԽՍՀՄ-ի պես ինչ-որ նոր քաղաքական միության, եւ ինքնիշխանության մի մասը փոխանցվի նոր կենտրոնին կամ վերպետական մարմնին: Այդ  ժամանակ կարգավորման գործընթացի վրա ներազդելու ՀՀ եւ ԼՂՀ հնարավորությունները սահմանափակվելու են, եւ մեզ կարող է պարտադրվել անընդունելի լուծում: Իրադարձությունների նման զարգացումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հակամարտության ընդարձակման եւ նոր պատերազմի: Այդպիսի բացասական փորձառություն մենք արդեն ունենք:

Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունների` ՄՄ, ապա նաեւ Եվրազես մտնելու մտադրությունը նշանակում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնային հարաբերությունների հետագա ամրապնդում: Ենթադրվում է, որ հարաբերությունների նոր մակարդակը պետք է առնվազն ապահովի ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանունակության այնպիսի աճ, որը մեր ընդդիմախոսներին կհարկադրի հրաժարվել քաղաքական խնդիրների լուծման ուժային մեթոդներից:

Հատկանշական է, որ ՀՀ իշխանությունների` ՄՄ մտնելու որոշումից հետո Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանի հրամանատարը հանդես է եկել ՙոչ ստանդարտ՚ հայտարարությամբ: Հայաստանում տեղաբաշխված զորամիավորման հրամանատարը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից` Լեռնային Ղարաբաղի վրա ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում ռազմակայանը կարող է միջամտել զինված հակամարտությանը` Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության ստանձնած պարտավորություններին համապատասխան:[11]  Այնուամենայնիվ, չի կարելի համարել, որ ԼՂՀ ռազմական անվտանգության մասով Ռուսաստանի եւ ՀԱՊԿ մոտեցումները վերանայված են, քանի որ ռազմակայանի ղեկավարի խոսքերը հրապարակային հաստատում չեն ստացել ՌԴ բարձրագույն ղեկավարության կողմից: ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը երաշխավորող միակ երկիրը Հայաստանն է:

Ճանաչման գործընթացը

2013թ. շարունակվել է ԼՂՀ-ի ճանաչման եւ արցախցիների ինքնորոշման իրավունքի ճանաչման գործընթացը: Ապրիլի 10-ին Մեն  (ԱՄՆ) նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատն ընդունել են համատեղ հայտարարություն ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ: Նահանգի օրենսդիր մարմինն ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին կոչ է արել սատարել ԼՂՀ անկախության եւ ինքնորոշման իրավունքը:[12]  Ապրիլի 23-ին Ֆրեզնոյի (Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձեւ` կոչ անելով ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին` ճանաչել ԼՂՀ անկախությունն ու հայերի ցեղասպանությունը:[13] Նոյեմբերի 26-ին հայտարարվել է, որ Հայլենդի (Կալիֆոռնիայի նահանգ) քաղաքային խորհուրդը ճանաչել է ԼՂՀ անկախությունը եւ հռչակագիր ընդունել` Բերձորն (ԼՂՀ, Քաշաթաղի շրջան) ու Հայլենդը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ:[14]

2013թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի Ազգային ժողովը հերթական անգամ մերժել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած` «Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը:

Խորհրդարանական դիվանագիտության զարգացման տեսանկյունից 2013 թվականի կարեւոր իրադարձություններն էին.

– Լիտվայի խորհրդարանում (Սեյմաս) Լիտվայի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պատգամավորական բարեկամության խմբի ստեղծումը (փետրվարի 26-ին),

– ԼՂՀ ԱԺ-ում Լիտվայի Հանրապետության հետ բարեկամության խմբի ստեղծումը (մարտի 20-ին),

– Փարիզում ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) հետ բարեկամության շրջանակի՚ ձեւավորումը, որը միավորել է Ֆրանսիայի Հանրապետության հիմնական քաղաքական ուժերը ներկայացնող քաղաքական գործիչներին, խորհրդարանի պատգամավորներին եւ սենատորներին (մարտի 19-ին):

Բացի դրանից, 2013թ. ԼՂՀ են այցելել մի շարք օտարերկրյա խորհրդարանների պատգամավորներ ու պաշտոնաթող դիվանագետներ:

Հրադադարի ռեժիմը

 2013թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ուղեկցվում էր հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով: Փոխհրաձգությունների եւ դիվերսիաների հետեւանքով եղան մարդկային զոհեր: Միջազգային միջնորդներին չի հաջողվել համոզել ադրբեջանական իշխանություններին շփման գծից հետ քաշել դիպուկահարներին եւ համաձայնեցնել հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմը:

ԼՂՀ դեմ նոր զինված ագրեսիայի բացահայտ պատրաստվող Ադրբեջանի իշխանություններին սպառազինությունների մատակարարումը հակասում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության շահերին: Ադրբեջանի հետագա ռազմականացումը կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը, ինչի վրա էլ, ըստ էության, խարսխված է բազմամյա հրադադարը:

Քանի դեռ հակամարտող կողմերն ու միջնորդները չեն գտել հակամարտության կարգավորման փոխընդունելի բանաձեւ, նոր տարածաշրջանային պատերազմի կանխարգելումն ու հրադադարի ռեժիմի ամրապնդումը շարունակում են մնալ արդիական խնդիրներ:

Հարկ է խոստովանել, որ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ջանքերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների եւ ԵԱՀԿ Գործող նախագահի` հիմնախնդրի խաղաղ կարգավորման անայլընտրանք լինելու վերաբերյալ պարբերական հայտարարությունները նույնպես ունեն որոշակի զսպող դեր:[15]

Միջնորդներն ու կողմերը կարող են նշել իրապես հասանելի նպատակներ եւ շարժվել դրանց ուղղությամբ: «Փոքր քայլերի» մարտավարությունն ունակ է նվազեցնել հակամարտության գոտում առկա լարվածության մակարդակը եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծել երկխոսությունը շարունակելու համար: Կիեւում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի կապակցությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հակամարտող կողմերին կոչ են արել ուսումնասիրել տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ունակ միջոցներ: [16]

Գոյություն ունի վստահության միջոցների վերաբերյալ առաջարկությունների բավական երկար ցանկ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի իշխանությունների քաղաքական կամքը:

Լարվածության նվազեցման գործում մեծ է հակամարտող կողմերի ԶԼՄ-ների դերը: Հայտնի լրագրող Գեղամ Բաղդասարյանի կարծիքով` տեղեկատվական պատերազմի պայմաններում անհեռանկարային են թե’ բանակցային գործընթացը, եւ թե’ խաղաղարարությունն ընդհանրապես: Այդ իսկ պատճառով միջնորդներն ու միջազգային հանրությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ռազմատենչ հռետորաբանությանը: Քանի դեռ ընթանում է տեղեկատվական պատերազմը, խնդրի քաղաքական կարգավորման հեռանկարներն անհնար է լուրջ ընդունել:

Պետք է նշել, որ Ադրբեջանի իշխանություններն, ի տարբերություն Վրաստանի,[17] դեռեւս չեն հրաժարվել հակամարտության ուժային լուծման տարբերակից: Բաքվի` ուժ կիրառելուց հրաժարվելու մասին հայտարարությունը կարող էր հզոր ազդակ լինել եւ երկխոսության համար նոր հնարավորություններ բացել:

2014 թվականը խոստանում է դինամիկ լինել թե’ պաշտոնական դիվանագիտության, եւ թե’ կողմերի երրորդ հատվածների (քաղաքացիական հասարակության) համար: Թե որքանով այն արդյունավետ կլինի կարգավորման առումով` կախված է բազմաթիվ գործոններից:

 

 
[1] Масис МАИЛЯН, «Арцахское урегулирование в 2012-ом», http://theanalyticon.com/?p=2829&lang=ru

[2] 2012թ. գարնանը Ռուսաստանում և Ֆրանսիայում տեղի են ունեցել նախագահական, իսկ Հայաստանում՝ խորհրդարանական ընտրություններ: Ամռանը ԼՂՀ-ում, իսկ աշնանը ԱՄՆ-ում կայացել են նախագահական ընտրությունները: 2013թ. Հայաստանում (ձմռանը) և Ադրբեջանում (աշնանը) տեղի են ունեցել նախագահական ընտրություններ:

[3] Press Release by the Co-Chairs of the OSCE Minsk Group, VIENNA, 19 November 2013, http://www.osce.org/mg/108551

[4] Дипломат Уорлик назначен сопредседателем Минской группы ОБСЕ, ВАШИНГТОН, 6 авг — РИА Новости, Алексей Богдановский, http://ria.ru/world/20130806/954480063.html
[5]Обама призвал президента Армении использовать возможности прямого диалога с Азербайджаном, http://news.am/rus/news/170994.html

[6] Джеймс Уорлик: Решение Карабахского конфликта не может быть достигнуто без политической воли сторон, http://www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=96225

[7] Встреча сопредседателей Минской группы ОБСЕ с представителями третьего сектора Нагорного Карабаха, http://www.kavkaz-uzel.ru/blogs/929/posts/16612

[8] Иран и “шестерка” договорились по ядерной проблеме, http://www.bbc.co.uk/russian/international/2013/11/131123_iran_nuclear_deal.shtml

[9] Заявления для прессы по итогам российско-армянских переговоров, 3 сентября 2013 года, Московская область, Ново-Огарёво, http://www.kremlin.ru/transcripts/19142
[10] Сотрудничество Республики Армения с Европейским союзом, Официальный сайт МИР Армении, http://www.mfa.am/ru/country-by-country/eu/

[11] Ю. Белоусов, «Южный форпост России», официальный орган МО РФ «Красная звезда», http://www.redstar.ru/index.php/advice/item/12045-yuzhnyj-forpost-rossii
[12] Maine Legislature Supports Artsakh Independence, http://www.armenianweekly.com/2013/04/10/breaking-news-maine-legislature-supports-artsakh-independence/

[13] Окружной Совет Фрезно призывает Конгресс и президента США признать независимость НКР и Геноцид армян, http://news.am/rus/news/150320.html
[14] THE U.S. CITY OF HIGHLAND RECOGNIZED THE INDEPENDENCE OF THE NKR AND ADOPTED A PROCLAMATION ON ESTABLISHING SISTER CITY RELATIONSHIPS WITH THE CITY OF BERDZOR, http://nkrusa.org/news/daily_news.php?id=3595

[15] Joint statement on the Nagorno-Karabakh Conflict, by the Presidents of the OSCE Minsk Group Co-Chair Countries, ENNISKILLEN, United Kingdom, 18 June 2013, http://www.osce.org/mg/102856 , OSCE committed to further efforts aimed at peaceful resolution of Nagorno-Karabakh conflict, says OSCE Chairperson-in-Office on a visit to Armenia, http://www.osce.org/cio/103667
[16] Совместное заявление глав делегаций стран-сопредседателей Минской группы ОБСЕ и министров иностранных дел Азербайджана и Армении, http://www.osce.org/ru/mg/109212

[17] Абхазию и Цхинвали вернем любовью – Маргвелашвили, http://www.apsny.ge/2013/pol/1384794681.php

Share

Comments are closed.