Հարյուրի շարժումից մինչև Եվրամայդան

Քաղաքացիական նախաձեռնությունները Հայաստանում գնալով ակտիվանում են

Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազատ լրագրող
Երևան 

Հայաստանի ակտիվ քաղաքացիական հատվածի պայքարը, որը 2013-ին  հաղթանակով պսակվեց Երեւան քաղաքի տրանսպորտի գների բարձրացման դեմ արշավում, տարին ավարտում է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու դեմ  բողոքների շարունակական ակցիաներով:

Սեպտեմբերի 3-ից (երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշման մասին) հետո  տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են կազմակերպում ընդդեմ նախագահի այդ որոշման:

 

Ակցիաները շարունակվեցին նոյեմբերի 28-29-ին, երբ Վիլնյուսում տեղի էր ունենում Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովը, որտեղ էլ` համաձայն 2009թ. Վարշավայում մեկնարկած ԱլԳ ծրագրի, Հայաստանը պետք է նախաստորագրեր Ասոցացման պայմանագիրը, եւ գագաթնակետին հասավ դեկտեմբերի 2-ին, երբ Վլադիմի Պուտինը 500 հոգանոց ներկայացուցչական կազմով պաշտոնական այցով ժամանեց Հայաստան:

Տարբեր օրեր ընթացած ակցիաների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է բազմաթիվ քաղաքացիների, ծեծի են ենթարկվել մի շարք ակտիվիստներ: Միայն դեկտեմբերի 2-ի ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 200 ակտիվիստ: Նրանք դուրս էին եկել «Putin go home», «Ինքնիշխան Հայաստան» եւ այլ ցուցապաստառներով:

Իսկ սեպտեմբերի 5-ի ակցիայի ժամանակ դիմակավորված անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Երեւանի մամուլի ակումբի փորձագետ Հայկակ Արշամյանն ու «Վորլդ վիժն-Հայաստան» միջազգային կազմակերպության աշխատակից Սուրեն Սաղաթելյանը:

Այդուհանդերձ, վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանում Եվրամայդան չստացվեց, զուգահեռներ չտեսնելով Մաքսային միությանը միանալու Ուկրաինայի նախագահի որոշման դեմ` Կիեւի բազմահազարանոց ցույցերի եւ Երեւանի փոքրամասշտաբ բողոքի ակցիաների միջեւ:

Հարյուրի շարժումն եւ դրանից ածանցված շարժումները

Հուլիսի 25-ից սկսած Երեւանում ձեւավորվեցին քաղաքացիական նախաձեռնության տարբեր օջախներ, որոնք ածանցվել էին տրանսպորտի գնի բարձրացման դեմ պայքարից: Այդ օրը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ ժամանակավորապես կասեցնում է տրանսպորտի գնի բարձրացման մասին որոշումը, որը հրապարակվել էր դրանից ընդամենը 5 օր առաջ: Այն բոյկոտվեց քաղաքացիական մեծ խմբերի կողմից` կրելով «վճարում ենք 100 դրամ» անունը: Ու թեպետ պաշտոնապես տրանսպորտի գինը դարձել էր 150 դրամ, սակայն մարդկանց մեծ մասը շարունակում էր վճարել 100 դրամ:  Այն կրում էր համաքաղաքային բնույթ, որը կենտրոնից վարակվելով` գնում էր դեպի ծայրամասեր: 4 օր լարված ընթացող ինտենսիվ պայքարի ու բոյկոտի ակցիաներից հետո քաղաքացիական նախաձեռնությունը հաղթեց:

Այս հաղթանակը մարդկանց բերեց այն համոզմունքին, որ համակարգի դեմ սիստեմատիկ պայքարն արդյունավետ կարող է լինել: Նախաձեռնությունը` հրապարակելով մի քանի կետից բաղկացած պահանջագիր, չդադարեցրեց գործունեությունը, իսկ որոշման կասեցման օրվանից` հուլիսի 25-ից, երեք ակտիվիստներ` Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանը եւ Սուրեն Սահակյանն այդ պահանջների շուրջ հայտարարեցին անժամկետ նստացույց քաղաքապետարանի դիմաց: Շրջակա գազոնների վրա մեկ ամիս շարունակ փռված էին երկու պաշտոնյաների հրաժարականը պահանջող մեծ պաստառներ:

«Միսակ Հարությունյանը եւ Հենրիկ Նավասարդյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել եւ քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր եւ հանցավոր վարքագիծ են դրսեւորել»,- հայտարարել է խումբը: Թեժ պայքարի օրերին Նավասարդյանը հայհոյել է մի լրագրողի, ով փորձել էր մեկնաբանություն ստանալ նրանից:

Ակտիվիստները գրել եւ պատրաստվում էին Երեւանի քաղաքապետարանի դիմաց բեմադրել «Մի թանկացման պատմություն» թատերական ներկայացում, որի հերոսներն այն քաղաքական դեմքերն են, ովքեր կանգնած են տրանսպորտի գնի թանկացման հետեւում: Մեծ քանակությամբ ոստիկաններ մոբիլիզացնելով քաղաքապետարանի դիմաց` փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երկու օր շարունակ արգելում էր բեմականացումը, ինչն ավարտվեց օգոստոսի 24-ին` բազմաթիվ ակտիվիստների բերման ենթարկելով:

Նույն օրվա գիշերը մի խումբ անձինք ծեծի ենթարկեցին քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին, գոռալով, թե՝«Ելել եք մեր հերերի դե՞մ»:

Գտնվելով քաղաքապետարանի տարածքում՝ ծեծի է ենթարկվել նաև  Կանադայի և Հայաստանի քաղաքացի Միքայել Տոնոյանը, ով ակտիվիստ չէ և չի մասնակցում այս ակցիաներին:  «Ես հավաքել եմ դատաբժշկական բոլոր փաստաթղթերը, դիմել եմ ԱՄՆ դեսպանատուն և Կանադայի հյուպատոսություն, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, խորհրդարան և այլ գերատեսչությունների,- ասում է նա,- ես սա այսպես չեմ թողնելու և գնալու եմ մինչև վերջ»:

Կոմիտաս 5

Միևնույն ժամանակ, մեծ շարժում էր ձևավորվել Կոմիտասի երեք բնակելի շենքերի (5ա, 3 և 7) բակում իրականացվող շինարարության դեմ: Այստեղ 2010թ. սկսած «Լիբեր» ՍՊԸ-ն սկսել էր 13-հարկանի շենքի կառուցումը, որը փակելու է հարակից հինգհարկանի շենքերի լույսը, ինչպես նաև, բնակիչների խոսքերով, վնասելու է այդ շենքերի սեյսմակայունությունը: Բնակիչները երեք տարի շարունակ դատական գործընթացների մեջ են և նամակներ են գրել ՀՀ նախագահին, Երևանի քաղաքապետին,  հանդիպել գլխավոր ճարտարապետի հետ: Շինարարարությունը, որը կանգնեցված էր, այս օրերին վերսկսվել է ու հանդիպել բնակիչների կատաղի դիմադրությանը:

Օգոստոսի 24-ին ակտիվիստները որպես բողոքի ակցիա պարզապես փակեցին Կոմիտաս փողոցը՝ պառկելով փողոցի երկայնքով: Ոստիկանությունը ճանապարհը բացելու համար մարդկանց բռնի ուժով հեռացնում էր, այդ թվում քարշ տալով, հրելով: Որոշ քաղաքացիներ ծեծի են ենթարկվել:  «Armenia Today» լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանը մարմնական վնասվածքներից բացի ունեցել է նաև ուղեղի ցնցում:

Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պարզաբանելով ոստիկանների գործողությունները, ասել է, որ դրանք իրավաչափ են, համաչափ և օրինաչափ:

«Դրանք եղել են նույնիսկ չափից դուրս մեղմ: Բերման են ենթարկվել բացառապես այն քաղաքացիները, ովքեր խախտել են օրենքը և չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին,- ասում է նա,- իսկ այսուհետ հնարավոր է, որ ոստիկանությունն իր գործողություններում ավելի խիստ լինի և հետևի օրենքի տառին»:

Օգոստոսի 24-ի ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 40 ակտիվիստներ:  Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանն ասում է, որ իր հարցին ի պատասխան՝ ոստիկանները պարզաբանում էին, թե մարդիկ տարվում են ոստիկանի պահանջը չկատարելու համար: «Իսկ թե որն է այդ պահանջը և այն հիմնավորող օրինական հիմքը, ոչ մի բովանդակային պատասխան չեն տալիս»,- պատմում է Գրիգորյանը:

Քաղաքացիների կողմից իրականացված բոլոր գործողությունները ամրագրված են ՀՀ Սահմանադրությունում՝ Խաղաղ հավաք անցկացնելու, Ազատ խոսքի,Պետական իշխանությանը կամ Տեղական ինքնակառավարմանը մասնակցելու և Միավորումներ կազմելու իրավունքների հոդվածներով:

«Իրավունքի գերակայություն» հկ նախագահ, իրավաբան Արտակ Զեյնալյանն ասում է, որ այս իրավունքներն անօտարելի են մարդ կոչվող երևույթից ընհանրապես: «Սրանք մարդուց ոչ ոք չի կարող խլել, և այս իրավունքների ցանկացած իրացում իրավաչափ է, և սրանք իրացնելու համար որևէ մեկին պետք չէ դիմել»,- պնդում է նա:

Ոստիկանությունը հիմնականում պատճառաբանում է, որ ակցիաներն իրականցվում են մարդաշատ վայրերում և խանգարում են այլ քաղաքացիների տեղաշարժին: Իսկ իրավաբան Զեյնալյանը, մեկնաբանելով ակցիայի իրավական հիմքը, ասում է, որ մարդիկ հավաքվելով կազմել են միավորում, որոնք իրացնում են խմբի և այլ մարդկանց իրավունքները հենց մարդաշատ վայրերում՝ այսպիսով ուշադրություն հրավիրելով խնդրո առարկայի վրա:

ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասում է, որ չկա որևէ երկիր, որտեղ ոստիկանը հանգիստ կարող է արձագանքել, երբ փողոցից դուրս գալու նրա հրահանգը չի կատարվում: «Այս առումով ոստիկանների գործողությունները միանգամայն իրավաչափ են»,- ընդգծել է նա:

Փակ շուկա

Քաղաքացիական անհնազանդության օջախ էր գոյացել Փակ շուկայի շուրջ, որը գտնվում է պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Օրենսդրական այս նորմը խախտելով` այն վաճառվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով մամուլում բազմիցս ասել էր, որ այն վերանորոգում է շուկայի նախկին գործառույթները վերականգնելու համար: «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքում է, որ ներսում իրականացված վերակառուցումների հետեւանքով աղճատվել է հուշարձանի ներքին պատկերը:

Հուշարձանի պահպանման համար իրականացված ակցիաների ժամանակ անհայտ անձինք վնասել էին ակտիվիստներ Կարո Եղնուկյանի եւ Նախախորհրդարանի մեքենաների անվադողերը, իսկ օրեր շարունակ հուշարձանի ճակատին ամրացված էին Կարո Եղնուկյանի եւ Գարեգին Չուգասզյանի լուսանկարները` «գրանտակերներ» մակագրությամբ:

Հոկտեմբերի 7-ին նախկին Փակ շուկան վերաբացվեց, սակայն պարզվեց, որ ներքին կամարները բոլորովին չեն պահպանվել, իսկ շուկայի ինտերիերն ավելի շատ սուպերմակետ է հիշեցնում, քան շուկա` թեեւ գյուղմթերքների համար մի քանի վաճառակետեր կան:

Մենք դեմ ենք բուհերի վարձավճարների բարձրացմանը եւ Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին

Գարնան սկզբին հայտնի դարձավ նաեւ, որ Հայաստանի հինգ կարեւորագույն պետական բուհեր միաժամանակ գրեթե մեկ երրորդով կամ մինչեւ 200 հազար դրամով բարձրացնում են ուսման վարձավճարները: Ուսանողները մի քանի անգամ դասադուլ արեցին եւ հանդիպումներ ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ, սակայն որոշման վրա ազդեցություն ունենալ չկարողացան:

Տարեվերջին քաղաքացիական նախաձեռնությունների ուշադրության կենտրոնում նոր կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որի դեպքում բացի նոր 24-26 տոկոս սոցվճարներից, քաղաքացիները պարտադրված են վճարել եւս 5 տոկոս եկամտահարկ, որը հետագայում կուտակվելու է նրանց հաշվին:

Բարեփոխված կենսաթոշակային համակարգը հարուցել է բազմաթիվ քաղաքացիների զայրույթը, եւ հնարավոր է, որ այն 100-ի շարժման զարգացումներն ունենա:

Հայաստանի քաղաքացիական նախաձեռնությունների խոշոր հաղթանակներից մեկը  2012թ. մայիսին Մաշտոցի պուրակի համար մղված ու 90 օր տեւած պայքարն էր, որի արդյունքում տեղադրված բուտիկներն ապամոնտաժվեցին, իսկ այգին` բարեկարգվեց:

Տեղին է հիշել, որ առաջին քաղաքացիական նախաձեռնությունը կազմավորվել է 2010 թվականին` Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանման համար, որը նույնպես ավարտվեց հաղթանակով. Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն այն ուզում էր քանդել` տեղում սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի կառուցելու համար:

Share

Comments are closed.