Հայացք Ստեփանակերտից

Խաղաղարար նախաձեռնությունների համառոտ ակնարկ

ԼՂՀ-ում առաջին ոչ կառավարական կազմակերպության՝ «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի ստեղծումն անմիջականորեն կապված էր ղարաբաղյան հակամարտության հետ եւ պատասխան էր Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիների նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում դրսեւորված բռնություններին։ «ՀՆ-92» ԼՂ կոմիտեն առաջնահերթ խնդիր էր համարում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմական գործողությունների դադարեցումը։ Սույն կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանի կարծիքով՝ 1992-ից մինչեւ 1998-ը այդ կազմակերպությունը, փաստորեն լինելով Լեռնային Ղարաբաղում միակ ոչ կառավարական կազմակերպությունը, իր մեջ ներառել էր Լեռնային Ղարաբաղի գործնականում ողջ քաղաքացիական հասարակությունը։

Հակամարտության նկատմամբ քաղաքացիական հասարակության գործունեությունը կարելի է բաժանել հետեւյալ ուղղությունների.

Քաղաքացիական հասարակության կայացում ու տարածաշրջանային գործընկերների հետ հարաբերությունների հաստատում՝

  • Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հատվածների հետ փոխկապերի հաստատում՝ ռազմական գործողությունների դադարեցմանը, պատերազմի կանխարգելմանը եւ պատերազմի հետեւանքների վերացմանն (հումանիտար ոլորտ) ուղղված համատեղ գործողությունների համակարգման նպատակով, եւ հակամարտության մեջ ներգրավված կողմերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ ուղիղ բանակցությունների մեկնարկ՝ հաշտեցման ուղիներ որոնելու եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում իշխանություներին աջակցելու նպատակով։
  • Համատեղ նախաձեռնությունների եւ բնակչության լայն խմբեր ներառող նախաձեռնությունների իրականացման մեկնարկ, նախաձեռնություններ, որոնք խարսխված էին 1993-ից մինչեւ 2005-ը եղած փոխայցելությունների վրա, եւ իրական ազդեցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող պաշտոնական բանակցությունների ընթացքի վրա։
  • Լեռնային Ղարաբաղի հարցով Բունդեստագում (Գերմանիա) հակամարտող երկրների քաղաքացիական առաջնորդների եւ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների մասնակցությամբ համաժողով (ընդունվել են Բունդեստագում ներկայացված խմբակցությունների առաջնորդների համատեղ բանաձեւ եւ Բունդեստագի նախագահ Ռիտա Զյուսմունդի աննախադեպ ուղերձը հակամարտող երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին, որում կոչ է արվում ի նշանավորումն հրադադարի մասին համաձայնագրի  առաջին տարեդարձի (1995 թվականի մայիսի 12-ին) ազատել բոլոր ռազմագերիներին ու պատանդներին՝ «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։
  • Հակամարտության երկրներում ժողովրդավարական գործընթացների սկիզբ՝ քաղաքացիական հասարակության ժողովրդավարացում, հակամարտության երկրներում իրական երրորդ հատվածի կազմավորում (1996-1998թթ.):
  • Ղարաբաղյան հակամարտության խաղաղ փոխակերպմանն ուղղված ծրագրերի իրականացման սկիզբ (հակամարտության մեջ ներգրավված երկրների քաղաքացիական հասարակության արհեստավարժեցում)։

 

Ռազմական գործողությունների հետեւանքով ծագած հումանիտար խնդիրների լուծման գործում իշխանություններին աջակցություն (ռազմագերիների, պատանդների, անհայտ կորած անձանց, փախստականների ու ներքին տեղաշարժված անձանց՝ ՆՏԱ, հիմնախնդիրը), նախկին հրամանատարների ու կոմբատանտների հետպատերազմյան վերականգման եւ հանրությունում վերաինտեգրման, նրանց մի մասին խաղաղարար գործընթացում ներգրավման սկիզբ։

Ինչպես հակամարտության կարգավորմանը, այնպես էլ հետպատերազմյան հանրությունների ժողովրդավարացմանն առնչվող հարցերի լուծման գործում միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների հաստատում, ժողովրդավարացումը դիտարկելով որպես հակամարտության կարգավորման մոտեցումների ու մոդելների քննարկման  անհրաժեշտ չափանիշ (այս ուղղությամբ աշխատելու համար փորձագետների ներգրավում՝ 1998-2012թթ.)։

2000 թվականից ի վեր իրավիճակը հետեւյալ կերպ է զարգացել.

  • Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում պետական ինստիտուտների դերի մենաշնորհում (միջազգային միջկառավարական ինստիտուտներն, ընդ որում, անհաճո դեր են ունեցել դրանում),  հակամարտության մեջ ներգրավված երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ վստահության միջոցների ստեղծմանը եւ համատեղ հումանիտար ծրագրերի իրականացմանն ուղղված նախաձեռնությունների արդի օրակարգից քաղաքացիական հասարակության աստիճանական դուրսմղում։
  • Խաղաղարար նախաձեռնություններին միջազգային աննախադեպ դրամաշնորհային աջակցության համապատկերում քաղաքացիական հասարակության մարգինալացում,  հակամարտության մեջ ներգրավված երկրներում ռազմական հռետորաբանության ուժգնացում, լարվածության աճ (այդ գործընթացներում լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության մի մասի ներգրավում)։
  • Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող պաշտոնական բանակցությունների, այնպես էլ՝ այլ միջկառավարական ինստիտուտների ու ոչ կառավարական կազմակերպությունների շրջանակներում խաղաղարար գործընթացի համատարած լճացում։ Հանրություններում փոխզիջման գնալու չկամություն։ Իշխանությունների կողմից հանրություններում փոխզիջման գնալու չկամության եւ իբր թե հակամարտության կարգավորմամբ սեփական շահագրգռվածության շահարկում։
  • Սառեցված հակամարտության թեժ փուլ թեւակոխելու սպառնալիքի աճ (ԵԱՀԿ փաստաթղթերը եւ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների հայտարարությունները ղարաբաղյան հիմնախնդիրն ուժային ճանապարհով լուծելու անթույլատրելիության մասին)։

 

Խաղաղարար նախաձեռնությունների հիմնական մասնակիցները

Նախաձեռնություններում ներգրավվել են ղարաբաղյան հանրության գրեթե բոլոր շերտերը։ Նրանք մտավորականության ներկայացուցիչներն են՝ բժիշկներ, պրոֆեսորներ, ուսանողներ, արվեստի գործիչներ, հոգեւորականներ, քաղաքական գործիչներ, ադ թվում՝ երիտասարդ քաղաքական գործիչներ (նրանք իրականացնում էին “Youth in Politics” կոչվող ծրագիրը), քաղաքագետներ, իշխանությունների ներկայացուցիչներ (ներառյալ խորհրադարանի խոսնակն ու պատգամավորներ, նախարարներ եւ նախագահական աշխատակազմի ներկայացուցիչներ) , լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գործարարներ, նախկին կոմբատանտներ, կենսաթոշակառուներ, ռազմագերիների ու անհայտ կորած անձանց հարազատներ, հաշմանդամներ, կրոնական փոքրամասնությունների ու երիտասարդության ներկայացուցիչներ, կանայք եւ դպրոցականներ։

Գյուղերի ու Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները քիչ են ներգրավված եղել խաղաղարար գործընթացներում, այսինքն՝ տեղ է գտել ըստ շրջանների ԼՂՀ քաղաքացիների անհամաչափ ներգրավում։ Նախագծերի իրականացման հարցում Ստեփանակերտը գերակայություն ունի, ինչն, անկասկած, չի նպաստում խաղաղարար նախաձեռնությունների զարգացմանն ու ժողովրդավարության արմատավորմանը նաեւ ծայրամասերում։

Ֆոկուս խմբերում ծավալված քննարկումներում նշվել է, որ խաղաղարար ծրագրերի մասնակիցները եւ առաջին հերթին ոչ կառավարական կազմակերպությունները մեծամասամբ հանդիսանում են գյուղաբնակների, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերում ապրողների հետ ամուր ու մշտական կապեր չունեցող «մայրաքաղաքային» հաստատություններ։ Ծրագրերին մասնակցելու համար հազվադեպ են ներգրավվել ծայրամասերում ապրողները, ինչպես նաեւ նույն այդ ծրագրերի արդյունքները հազվադեպ են ներկայացվել գյուղաբնակներին, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։

 

Խաղաղարար նախաձեռնությունների հիմնական թեմատիկան

Նախաձեռնություններն առաջին փուլում ուղղված էին հումանիտար խնդիրների լուծմանը, որպիսին էին ռազմագերիների ու պատանդների ազատումը, անհայտ կորածների որոնումները, փախստականների ու ՆՏԱ-ների սոցիալական ու հոգեբանական վերականգնումը։ Այնուհետեւ՝ զանգվածային լրատվության միջոցների զարգացմանը, թշնամու կերպարի վերացմանը, հակամարտող կողմերի միջեւ վստահության կառուցմանը եւ հաշտեցման ու խաղաղ գոյակցության գործընթացների նախապատրաստմանը։ Ինչպես նաեւ՝ ատելության քարոզչությունից հրաժարմանը, վստահության մթնոլորտի ստեղծմանը, ԶԼՄ-ներում ղարաբաղյան հիմնախնդրի ընկալման եւ լուսաբանման խնդիրներին։

Խաղաղարար նախաձեռնությունների առանցքը եղել է հակամարտության խաղաղ ու քաղաքակիրթ կարգավորումը։ Առաջին «փորձարկային» խաղաղարար նախաձեռնություններում կարեւոր էին ոչ այնքան քննարկումների թեմաները, որքան կլոր սեղանի շուրջ հակամարտող կողմերի ներկայացուցիչների բուն մասնակցությունը։ Առաջին փուլը կարելի է համարել միմյանց հարմարվելու ժամանակաշրջան։ Հրավիրվում էին նաեւ այլ թեժ կետերից ներկայացուցիչներ՝ ցույց տալու եւ ապացուցելու համար, որ հիմնախնդիրների քաղաքակիրթ քննարկումները հնարավոր ու անհրաժեշտ են։

Կային ինչպես ներքին գործընթացներում, այնպես էլ խաղաղարար գործընթացում կանանց դերի բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ։ Նաեւ փորձեր էին արվում խաղաղարար գործընթացներում ներգրավել նախկին հրամանատարներին ու կոմբատանտներին, սակայն այս ռեսուրսը հետագայում հայտնվեց խաղաղարար գործընթացի շրջանակներից դուրս։

Խաղաղարար նախաձեռնությունների գնահատումը 

1992-1997 թվականներին հաջողված կարելի է համարել հումանիտար խնդիրների լուծմանը միտված խաղաղարար նախաձեռնությունները։ Հաջողության պատճառները հետեւյալն էին.

  • պատերազմի պայմաններում խնդիրների լուծման անհետաձգելի բնույթը,
  • հակամարտող կողմերի միջեւ հաղորդակցման եւ հրատապ հումանիտար խնդիրների լուծման այլ խողովակների բացակայությունը կամ սահմանափակությունը (կապեր հաստատվում էին ՀԿ-ների մակարդակով),
  • հանրային մեծ աջակցություն,
  • իշխանությունների կողմից քաղաքացիական նախաձեռնությունների աջակցություն,
  • նախաձեռնությունների վառ արտահայտված սոցիալական պատվերի առկայություն։

Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական հատվածի զարգացման վրա դրական ազդեցություն են ունեցել DFID-ի ծրագրերը, որոնց իրականացմանը մասնակցել են մի շարք տեղական ՀԿ-ներ International Alert եւ Conciliation Resources կազմակերպությունների առաջնորդությամբ, որոնք դրել են ժողովրդավարական ինստիտուտների կառուցման առումով նոր մոտեցումների հիմքը՝ այլընտրանքային լրատվամիջոցների ստեղծմամբ եւ լրագրողական կադրերի պատրաստմամբ։

Հանրային քննարկումներում նշվել է «Դեմո» անկախ թերթի նշանակությունը, թերթ, որը դարձել էր, եթե կարելի է այսպես ասել, ժողովրդավարական ճաշակի տարածողը Լեռնային Ղարաբաղում։ Ֆոկուս խմբերի մասնակիցները նշել են առնվազն 2-3 անկախ լրատվամիջոցների առկայության անհրաժեշտությունը։ Զանգվածային լրատվության միջոցների զարգացումը հակամարտությունների խաղաղ փոխակերպման հարցերում հասարակական կարծիքի փոփոխման կարեւոր գործիք է։ Այս առնչությամբ կարեւորվել է էլեկտոնային ԶԼՄ-ների եւ տեղեկատվության տարածման՝ աշխարհում առկա ժամանակակից այլ միջոցների զարգացումը, ներառյալ սոցիալական ցանցերի մեծ ընտրանին։ Շատ կարեւոր է համարվել ԼՂՀ-ում այնպիսի սերնդի նախապատրաստումը, որն ունակ կլինի խաղաղարար նախաձեռնություններ իրականացնել տեղեկատվական ոլորտում։

Ծրագրերը կարող են հաջողված լինել, եթե դրանք թափանցիկ են, տիրապետում են հանրության ժողովրդավարական զարգացման ռեսուրսներին եւ ունեն կրթական ուղղվածություն։

Դրական է համարվում IKV Pax Christi-ի կողմից հովանավորված «Անկախ քաղաքացիական Մինսկի գործընթաց» նախագիծը, հատկապես կարճ ժամանակահատվածում ձեռք բերված արդյունքները (ընդունվել են հռչակագրեր, որոնք անվիճելի ճեղքում են համարվում հակամարտող երեք կողմերի փորձագետների գիտակցության մեջ)։ Սակայն այս նախաձեռնությունը հետագայում աջակցություն չի ստացել դոնորների կողմից։

Միեւնույն ժամանակ՝ հարցման մասնակիցներից մեկը բացասական կարծիք է հայտնել այս ծրագրի հեռանկարների վերաբերյալ, ծրագիր, որում չկա մասնակիցների հստակ արտահայտված պատկանելություն այն երկրներին, որոնց նրանք ներկայացնում են։ Նրա կարծիքով, եկել է պահը, երբ պետք է հստակ հայտարարել, որ մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ ենք եւ հենց մենք ենք ներկայացնում մեր երկրի շահերը, այլ ոչ թե նրանք, ովքեր ներկայումս ապրում են ԼՂՀ-ի սահմաններից դուրս եւ իրենց անվանում փախստականներ Լեռնային Ղարաբաղից։

Նշվել է 2001-2003թթ. Բաց հասարակության ինստիտուտի ցանցային ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի մամուլի ակումբի մասնակցությամբ ու Երեւանի մամուլի ակումբի եւ Բաքվի մամուլի ակումբի իրականացրած ուսումնասիրությունների կարեւորությունը։ Այս ծրագրի շրջանակներում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունների եւ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցների դիտարկման արդյունքները որպես օգտակար դիդակտիկ նյութեր են ծառայել շատ խաղաղարար կազմակերպությունների ու նախաձեռնությունների համար։

Հաջողված նախաձեռնություն է համարվել «Հելսինկյան նախաձեռնություն-92» կազմակերպության Լեռնային Ղարաբաղի կոմիտեի հովանու ներքո 2004 թվականից ի վեր գործող Բանավիճային ակումբը, որը հանրաճանաչ էր ղարաբաղյան հանրությունում։

Որպես միջազգային նախագծերի իրականացման հաջողված օրինակ, բերվել է այսպես կոչված «Դարտմուտյան գործընթացը», որում հակամարտող երկրների ինչպես պաշտոնական շրջանակների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները փորձում էին առաջարկություններ մշակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համար։ 2001 թվականին մեկնարկած ծրագիրը փաստորեն մինչեւ 2006 թվականը այլընտրանքային նեցուկ էր քաղաքացիական մակարդակով խաղաղարար նախաձեռնությունների համար եւ գործնականում աջակցություն է ստացել հակամարտող կողմերի իշխանական կառույցների ներկայացուցիչների կողմից։

Հաջողված է համարվել Conciliation Recourses կազմակերպության կողմից հովանավորվող «Երկխոսություն՝ ֆիլմերի միջոցով» ծրագիրը, որին ղարաբաղյան կողմից մասնակցում է Ստեփանակերտի մամուլի ակումբը։ Սույն ծրագրի դրական տարրերից է դրա, ըստ էության, երկկողմանի բնույթը՝ Բաքվում եւ Ստեփանակերտում ստեղծված ստեղծագործական խմբերի երիտասարդ մասնակիցները փորձառու մասնագետների ղեկավարությամբ անպաճույճ վավերագրական ֆիլմեր էին նկարահանում հակամարտության գոտում ապրող մարդկանց մասին։

Ֆոկուս խմբերի մասնակիցներից մեկը նշել է Եվրամիության եւ “Care” (Ավստրիա) կազմակերպության կողմից հովանավորված «Կանանց ներգրավում եւ կանանց հնարավորությունների ամրապնդում հանուն խաղաղության Հարավային Կովկասում» գենդերային հարցերով նախագծի իրականացման կարեւորությունը։

Բավականին հաջողված եւ օգտակար ծրագիր է համարվում «Անալիտիկոն» անկախ վերլուծական հանդեսը, որը ներկայումս միակ անկախ պարբերականն է Լեռնային Ղարաբաղում, որտեղ այլընտրանքային կարծիք է հայտնվում, եւ հրապարակվում են բացառիկ հարցազրույցներ ու այլ  նյութեր Ադրբեջանից։ Հանդեսը 2009 թվականից հրատարակում է Ստեփանակերտի մամուլի ակումբը։ 2010 թվականի կեսերից այն Conciliation Recourses կազմակերպության միջոցով ֆինանսական աջակցություն է ստանում EPNK-ից։ Սույն նախագծի շահառուներն են իշխանությունները, փորձագիտական հանրույթը, ՀԿ-ները եւ ուսանողությունը։

Օգտակար ու հաջողված են համարվել այլ հակամարտությունների ուսումնասիրությանն ուղղված International Alert կազմակերպության ծրագիրը եւ տեղացի եւ արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ ԼՂՀ տարբեր քաղաքներում անցկացված հանրային քննարկումները։ Ողջունվում է նաեւ ղարաբաղցի լրագրողների ներգրավումը նման ծրագրերում։

Ֆոկուս խմբերում կարծիք է հայտնվել Հարավային Կովկասի բոլոր վեց հանրությունների/սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությամբ տարածաշրջանային նախագծերի արդյունավետության վերաբերյալ։ Նման ծրագրերը թույլ են տալիս չկենտրոնանալ տեղական հակասությունների վրա եւ տարածաշրջանի հեռանկարները դիտարկել ավելի լայն համապատկերում։

Մասնակիցները համակարծիք էին նրանում, որ ժողովրդավարության արմատավորումը, ներառյալ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը եւ քաղաքացիական հասարակության կառուցումը, անկախ լրատվամիջոցների զարգացման հետ միասին պետք է դառնան խաղաղարար բոլոր նախաձեռնությունների գերակա ուղղություններ։ Ցանկացած հակամարտություն կայուն լուծում չի ունենա առանց ներգրավված հանրությունների ժողովրդավարացման։

Եղել են նաեւ իրականությունից հեռու նախագծեր, բայց նույնիսկ դրանք չի կարելի ձախողված համարել՝ ելնելով «կարեւոր է ոչ միայն արդյունքը, այլեւ բուն գործընթացը» տրամաբանությունից։ Իսկ ահա արդյունավետության տեսանկյունից ավելի շատ նշվել են լրագրողական ծրագրերը, որոնց արդյունքում հրատարակվել են գրքեր, հանդեսներ, նկարահանվել են ֆիլմեր, որոնք հակամարտությամբ հետաքրքրվող մարդկանց ապահովել են անհրաժեշտ տեղեկատվությամբ։ Ֆոկուս խմբերի մասնակիցներից մեկն ասաց, որ հակամարտող կողմերի ներկայացուցիչների կողմից նկարահանված ֆիլմերն ուղեցույց են հանդիսանում երիտասարդ խաղաղարարների համար։

Ֆոկուս խմբերի որոշ մասնակիցներ ընդգծել են կոնկրետ արդյունքների եւ «արտադրանքի» առկայության կարեւորությունը, նշելով, որ դա կարող է չափանիշ լինել խաղաղարար նախագծերի գնահատման դեպքում։

Հարցվածներից մեկի կարծիքով՝ ոչ քիչ մարդիկ են կարծում, որ համատեղ բիզնես-ծրագրերը նույնպես կարող են նպաստել հիմնախնդրի խաղաղ լուծմանը։ Նաեւ այնպիսի ծրագրեր են եղել, որոնց արդյունքում համատեղ արտադրանք է թողարկվել։ Նշվել է, որ հանրությունները քիչ են տեղեկացված նման նախագծերի մասին։ Նույն փորձագետը նշել է նաեւ այն ծրագրերի կարեւորությունը, որոնցում ներգրավվում է հակամարտող կողմերի երիտասարդությունը։

Ֆոկուս խմբերի մասնակիցներն անհեռատես ու վտանգավոր են համարում միջհամայնքային մակարդակով ծրագրերի նախաձեռնման կամ էլ արդեն իսկ գործող նախագծերին համայնքների ձեւաչափ հաղորդելու փորձերը։

Որպես անհաջող են գնահատվել առաջին փուլի որոշ ծրագրեր ու հանդիպումներ, որոնց ժամանակ ադրբեջանցի մասնակիցները դեմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը. անհաջողության պատճառներից մեկն էլ նման հանդիպումների ոչ բավարար նախապատրաստումն էր։ Հարցվածներից մեկը բերեց խաղաղարար նպատակների համար մասնակիցների սխալ ընտրության մի օրինակ ոչ հեռու անցյալից, ընդգծելով մասնակիցների եւ գործընկեր կազմակերպությունների ընտրության չափանիշների կարեւորությունը նաեւ ներկա փուլում։

Որոշ մասնակիցների կարծիքով, հաջողություններում եւ անհաջողություններում շատ կարեւոր է եղել ծրագրերի համակարգողների եւ մարզիչների դերը։

 

Քաղաքականության մակարդակով խաղաղարար նախաձեռնությունների ազդեցությունը 

Խաղաղարարության առաջին փուլում քաղաքացիական հասարակության նախաձեռնություններն էապես ազդել են ինչպես հումանիտար ոլորտում պետության քաղաքականության, այնպես էլ բանակցային գործընթացի վրա։ Ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ անմիջական կապ է հաստատվել Ադրբեջանի եւ ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների միջեւ (Հ.Հաջիզադե-Ա.Ղուկասյան, Մոսկվա, 1993թ.)։ 

Խաղաղարար նախաձեռնություններից մեկը կանխել է մի կողմից՝ Հայաստանի ու ԼՂՀ-ի եւ մյուս կողմից՝ Ադրբեջանի միջեւ ռազմական դիմակայության նոր շրջապտույտը։ Խաղաղարար նախաձեռնությունների ուշադրության կենտրոնում առաջին հերթին ռազմական գործողությունների հետեւանքով ծագած խնդիրներն էին, որոնց լուծումն անհետաձգելի բնույթ էր կրում եւ թույլ էր տալիս հակամարտող կողմերի միջեւ փոխադարձ վստահության հատկանիշներ դրսեւորել։ Սա նպաստել է խաղաղարար գործընթացում քաղաքացիական հասարակության դերի ուժեղացմանը։

Ուշադրության կենտրոնում էին ռազմագերիների ու պատանդների խնդիրները, ինչպես նաեւ փախստականների եւ ներքին տեղաշարժված անձանց սոցիալական ու հոգեբանական վերականգնման հարցերը։ «Հելսինկյան նախաձեռնություն-92» ոչ կառավարական կազմակերպությունը, օգտագործելով հանրային աջակցության գործոնը, կարողացավ հումանիտար ոլորտում ճիշտ որոշումների ընդունման նպատակով արդյունավետորեն ներազդել  Լեռնային Ղարաբաղի կառավարող էլիտայի վրա։ Չնայած ռազմականացված իրավիճակին՝ ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության դերը հսկայական էր, եւ դրա հետ իշխանությունները չէին կարող հաշվի չնստել։ Քաղաքացիական հասարակություն-հանրություն-իշխանություն փոխկապակցվածությունն ինտերակտիվ բնույթ էր կրում։

Այնպիսի ներքին հումանիտար խնդիրների դրական լուծումը, ինչպիսին էին ռազմագերիների ու պատանդների նկատմամբ վերաբերմունքի բարելավումը եւ նրանց ազատման օգտին իշխանությունների տրամադրվածությանը հասնելը, ոչ միայն ավելի է ամրապնդել երկրի ներսում այդ խնդիրներով զբաղվող կազմակերպությունների դերը, այլեւ դրական իմիջ է ստեղծել ինչպես արտերկրում, այնպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի գործընկերների հետ փոխհարաբերություններում։ Արդյունքում ԼՂՀ-ում նման վերաբերմունքը եւ ոչ կառավարական կազմակերպությունների ու ընդհանրապես քաղաքացիական հասարակության գործունեությանն առնչվող հաջողությունները վարակիչ են դարձել Հայաստանում ու Ադրբեջանում, որտեղ իշխանությունները սկսել են գիտակցել պատերազմի հետեւանքով ծագած հումանիտար խնդիրների լուծման գործում քաղաքացիական հասարակության դերը։

Հակամարտության կողմերի իշխանական կառույցների միջեւ անմիջական կապերի բացակայության պայմաններում ռազմական գործողությունների սկզբնական փուլում հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների գործնական համագործակցությունը սկսել է լուրջ արդյունքներ տալ։ Օրինակ, քաղաքացիական հասարակության գործունեության շնորհիվ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ հաջողվեց առանց որեւէ նախապայմանի ազատել ավելի քան 500 ռազմագերիների ու պատանդների, ընդ որում՝ այդ թվում նաեւ նրանց, ովքեր Ադրբեջանի իշխանությունների կողմից մահապատժի կամ էլ տեւական ժամկետով ազատազրկման էին դատապարտվել։ Հավանաբար, նման հաջողությանը նպաստել է նաեւ այն իրավիճակը, երբ հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունն անհետաձգելի խնդիրների լուծման միակ խողովակն էր եւ ընդգրկում էր ղարաբաղյան հանրության գործնականում բոլոր շերտերը, ներառյալ իշխանությունների, պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության ներկայացուցիչներ, գործարարներ, լրատվամիջոցների, պատերազմի զոհերի հարազատների, դպրոցականների, արվեստի բնագավառի ներկայացուցիչների։ Ահա թե ինչու է իշխանությունն ըստ ամենայնի աջակցել քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին։ Հումանիտար հարցերով, ընտանիքների՝ սահմանի տարբեր կողմերում հայտնված անդամների հանդիպման, կանանց խնդիրների քննարկման նպատակներով սահմանը հատելուն առնչված նախաձեռնություններն իրականացվում էին ԼՂՀ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի սահմանամերձ գոտիներում։ Ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններն աջակցել են նման նախաձեռնություններին, քանի որ դրանք իրենցից սոցիալական հստակ պատվեր էին ներկայացնում, իսկ իշխանություններն ու հանրությունն այդ պատվերի կատարման կարիքն ունեին։ Ու այդ պատվերի կատարման միակ խողովակն այն կառույցներն էին, որոնք գործում էին հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակություններում։

Այսպիսով, պատերազմական եւ առաջին հետպատերազմական տարիներին քաղաքացիական հասարակությունը հանդես էր գալիս որպես խաղաղարար գործընթացի «օրենսդիր» եւ բավականին ազդեցություն ուներ ինչպես իշխանությունների, այնպես էլ միջազգային միջնորդների վրա։

Ներկայիս պայմաններում, երբ ղարաբաղյան կողմը պաշտոնապես չի մասնակցում բանակցային գործընթացին, ԼՂՀ իշխանությունները հասկանում են հանրային մակարդակով քննարկումներին ղարաբաղյան ներկայացուցիչների մասնակցության կարեւորությունը, բայց երբեմն խանդով են վերաբերվում նրանց, երկյուղելով խաղաղարար տարբեր նախաձեռնություններում ծուղակներից։ Դրա հետ մեկտեղ նրանց հետաքրքրում է վստահության կամուրջների կառուցման գործում ոչ կառավարական կազմակերպությունների փորձը եւ Հայաստանում ու Ադրբեջանում հանրային տրամադրությունների մասին տեղեկատվությունը։

Ֆոկուս խմբերի որոշ մասնակիցներ նշել են այն հանգամանքը, որ ղարաբաղյան իշխանական շրջանակներում քիչ են նախկին հասարակական ակտիվիստները, եւ դա նույնպես ազդում է ոչ կառավարական կազմակերպությունների առաքելության կարեւորությունը չգիտակցելու վրա։

Դրա հետ մեկտեղ իշխանությունները մտածում են միջազգային շրջանակներում իրենց իմիջի մասին եւ հանուն դրա փորձում են «կառուցողական» հարաբերություններ ունենալ ՀԿ-ների հետ։

Այս ամենը վկայում է այն մասին, որ, այսպես թե այնպես, երրորդ հատվածի հետ  հաշվի են նստում Լեռնային Ղարաբաղում։ Միեւնույն ժամանակ, սույն ուսումնասիրության շրջանակներում հարցվածներից ոմանք հակված էին կարծելու, որ խաղաղարար նախաձեռնությունները ոչ մի ազդեցություն չեն ունեցել քաղաքականության վրա։

 

Խաղաղարար նախաձեռնությունների ազդեցությունը դրանցում ներգրավված շահառուների խմբերի՝ հակամարտության նկատմամբ վերաբերմունքի վրա 

Խաղաղարար նախաձեռնությունների մասնակիցները նշում են ծրագրերի անվիճելի ազդեցությունը ներգրավված շահառուների վրա՝ փոխվել է ներգրավված մարդկանց ներուժը (գիտելիքները, հոգեկերտվածքը, ակտիվությունը հանրությունում, հանդուրժողականությունը եւ այլն)։ Հակամարտության ու ընդդիմախոսների նկատմամբ շահառուների վերաբերմունքը զգալիորեն տարբերվում է նրանց վերաբերմունքից, ովքեր հնարավորություն չեն ունեցել ներգրավվելու խաղաղարար նախաձեռնություններում։

Ընդգծվել է պրոֆեսիոնալ ներուժի մեծացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը։ Ըստ հարցվածների՝ հարկ է ներգրավել ոչ միայն դոնորների ֆինանսական ռեսուրսները, այլեւ հասարակական կարծիքի փոխակերպման առումով եվրոպական գաղափարախոսության մեթոդաբանությունը եւ արժեհամակարգը (հումանիտար արժեքների ու մասնագիտական գիտելիքների վրա խարսխված հանրային ապաքաղաքական կարծիք)։

Չկան խաղաղարար գործընթացների մասնակիցների գիտակցության մեջ կատարված փոփոխությունների ու մետամորֆոզների որակական եւ քանակական ճշգրիտ ցուցանիշներ ու չափանիշներ։ Դա ավելի շատ ներքին, ոգեղեն գործընթաց է։ Սակայն եթե համեմատելու լինենք առաջին հանդիպումների մթնոլորտը վերջին տարիների խաղաղարար նախաձեռնությունների հետ, ապա փոփոխությունները տեսանելի կլինեն անգամ անզեն աչքով։ Ներկայումս քննարկումներն անցնում են շատ ավելի ազատ ու անկաշկանդ մթնոլորտում, փոխվել է բուն քննարկումների դիսկուրսը։ Խաղաղարար նախագծերի շատ մասնակիցներ խոստովանել են, որ նրանց համար այդ ծրագրերը ջրբաժան են եղել, եւ որ նրանց գիտակցության մեջ ղարաբաղյան հակամարտության ընկալումը բաժանված է երկու ժամանակահատվածի՝ «մինչեւ» խաղաղարար ծրագրերին մասնակցելը եւ «հետո»։

Խաղաղարար նախաձեռնությունների իրականացման արդյունավետության վրա ազդող գործոնները 

Նախաձեռնությունների իրականացմանը նպաստող գործոնների թվում մասնակիցների մեծամասնությունն առաջին հերթին նշել է հանրության եւ իշխանությունների կողմից սոցիալական, քաղաքական եւ հումանիտար պատվերի առկայությունը։ Քաղաքացիական հասարակության ներուժը սահմանող կարեւոր տարրերից է ինքնազոհողության եւ մեծամասնության ու իշխանությունների դիրքորոշումից մեծապես տարբերվող դիրքորոշում ընդունելու ունակությունը։ Նման ներուժի առկայությունը թույլ է տալիս այնպիսի գաղափարներ առաջ քաշել, որոնք, թվում է, պահանջված չեն ներկայիս օրակարգում, բայց որոնք անհրաժեշտ են տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ հանրությունում ինչպես խաղաղության մշակույթի, այնպես էլ ժողովրդավարական ճաշակի ձեւավորման համար, որոնք էլ, ի վերջո, նյութականացվելու են ԼՂՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության բարձրացման ոլորտում։

Դրա հետ մեկտեղ, եթե ոչ բոլորը, ապա մասնակիցների մեծամասնությունը գտնում է, որ քաղաքացիական հասարակության քաղաքականացման գործոնը նախագծերի հաջող իրականացման գլխավոր խոչընդոտն է։

Նշվել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ու ռեւանշիզմի քաղաքականության գործոնը, որը խանգարում է հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակությունների միջեւ վստահության ներուժի հաստատմանը։

Իսկ որպես նախագծերի արդյունավետ իրականացման երրորդ՝ առավել էական գործոն, նշվել է թույլ զարգացած ժողովրդավարությունների (ավտորիտար վարչակարգերի) առկայությունը։

Ֆոկուս խմբերի որոշ մասնակիցների կարծիքով՝ նպաստող գործոններ էին անմիջական շփումները, ծրագրերի շրջանակներում գործնական աշխատանքը եւ ընդհանուր պրոֆեսիոնալ հետաքրքրությունը, իսկ բացասական գործոններ էին կողմերի միջեւ անվստահության ընդհանուր մթնոլորտը եւ քարոզչական կարծրատիպերը։

Ղարաբաղյան քաղաքացիական հասարակության ներկայիս վիճակը խաղաղարարության համար սահմանափակ հնարավորություններ է պարունակում։ Որպես կանոն, խաղաղարար գործընթացում գլխավորապես ներգրավված են անկախ հասարակական կազմակերպությունները (ճիշտ է՝ կան նաեւ ԳՈՆԳՈ տիպի ոչ կառավարական կազմակերպություններ), որոնք կայացման ու զարգացման ոչ քիչ խնդիրներ ունեն։ Մասնավորապես, ԼՂՀ անկախ հասարակական կազմակերպությունները հայտնվել են երկու կրակի արանքում. մի կողմից՝ իշխանություններն այնքան էլ շահագրգռված չեն անկախ ՀԿ-ների առկայությամբ, ի դեմս նրանց տեսնելով մրցակիցների, մյուս կողմից էլ՝ պաշտոնական Բաքվի կոշտ դիրքորոշման պատճառով միջազգային ոչ կառավարական ու միջկառավարական կազմակերպությունների մեծ մասը խուսափում է անմիջականորեն համագործակցել ղարաբաղյան ՀԿ-ների հետ։ Ահա թե ինչու սույն ուսումնասիրության ժամանակ հարցվածների որոշ մասնակիցներ, նշելով տարածաշրջանային ու միջազգային ծրագրերում ղարաբաղյան ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը, միաժամանակ ընդգծել են ղարաբաղյան ՀԿ-ների կայացմանն ու զարգացմանը միտված հատուկ նախագծերի կարեւորությունը։

 

Եզրակացություն

Վերլուծելով ֆոկուս խմբերի մասնակիցների ու հարցվածների կարծիքները, ինչպես նաեւ հանրագումարի բերելով սույն հետազոտության հեղինակների սեփական փորձը եւ խաղաղարար նախաձեռնությունների ու հանրային տրամադրությունների դիտարկումները, կարելի է հետեւյալ եզրահանգումներն ու առաջարկություններն անել.

  • Տեղեկատվական պատերազմի պայմաններում անարդյունավետ են թե՛ բանակցային գործընթացը, եւ թե՛ խաղաղարար գործունեությունը, ուստի եւ միջնորդներն ու միջազգային հանրությունը պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն հակամարտող կողմերի իշխանությունների ռազմատենչ հռետորաբանությանը։ Քանի դեռ շարունակվում է տեղեկատվական պատերազմը՝ լուրջ չեն ընդունվում հիմնախնդրի քաղաքական կարգավորման հեռանկարները:
  • Խաղաղարար գործընթացը վարկաբեկող եւ դրա հեռանկարները սահմանափակող գործոն են հանդիսանում Ադրբեջանի իշխանությունների հակահայկական հռետորաբանությունը եւ հիստերիան։ Այնպիսի երեւույթներ, ինչպիսին են Ռամիլ Սաֆարովի հերոսացումը եւ հանդուրժողական հայացքների համար ստեղծագործական մտավորականության, բարոյական հեղինակությունների (զորօրինակ, գրող Աքրամ Այլիսլիի) հալածումը, թուլացնում են խաղաղարար կազմակերպությունների դիրքերը հանրային գիտակցության մեջ:
  • Միջնորդներն ու միջազգային հանրությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն հակամարտության կարգավորման գործընթացում հակամարտող կողմերի հանրությունների ներգրավման ուղղությամբ։ Մինչդեռ միջնորդները, որպես կանոն, խուսափում են հանրության հետ շփումներից, սահմանափակվելով սոսկ ղեկավարությունների հետ հանդիպումներով։ Հանրությունները միշտ էլ անտեսվել են թե՛ սեփական իշխանությունների, եւ թե՛ միջնորդների ու միջազգային խաղացողների կողմից:
  • Շատ վտանգավոր է «ոչ պաշտոնական պաշտոնականությունը» խաղաղարար գործընթացում, երբ իշխանությունների հրապարակային ու ոչ հրապարակային մասնակցությամբ արվեստի ու այլ ոլորտների ներկայացուցիչներ հանդես են գալիս խաղաղարար նախաձեռնություններով։ Երբեմն ստիպված ենք լինում գործ ունենալ նման «խաղաղարարության» տեւական հետեւանքների հետ։ Օրինակ, հայ եւ ադրբեջանցի մտավորականների այցելությունները Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ կազմակերպվել են որպես հատուկ օպերացիաներ, իսկ դրանց հաջորդած մեկնաբանությունները, հատկապես՝ հայտնի երգիչ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու հայտարարությունները, լուրջ վնաս են հասցրել խաղաղարարությանը:
  • Խաղաղարարությունը չի կարող գաղտնապահական լինել, ուստի պիտի բացառել գաղտնի խաղաղարար նախաձեռնությունները (այսպես, հայ եւ ադրբեջանցի մտավորականների այցելությունները Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ նաեւ գաղտնիության շղարշով էին պատված. տպավորություն է ստեղծվում, որ ժողովուրդներին ուզում են հաշտեցնել թաքուն, որպեսզի դրա մասին ոչ ոք չիմանա, այդ թվում՝ նույն այդ ժողովուրդները):
  • Խաղաղարար գործընթացին խանգարում է նաեւ բանակցային գործընթացի համատարած գաղտնապահությունը։ Ինչ խոսք, յուրաքանչյուր բանակցային գործընթաց ենթադրում է որոշակի գաղտնիություն, սակայն չի կարող ընդունելի լինել հակամարտող կողմերի հանրությունների լիակատար անտեղյակությունը բանակցային գործընթացի մասին։ Ավելորդ գաղտնապահությունը հակամարտող երկրների հանրություններին զրկել է ճակատագրական որոշումների նախապատրաստմանը մասնակցելու հնարավորությունից եւ բոլոր խաղաթղթերը տվել իշխանությունների ձեռքը:
  • Առկա է խաղաղարար բոլոր նախաձեռնությունների ու ջանքերի համակարգման, խաղաղարար կազմակերպությունների ցանցի ստեղծման եւ խաղաղարար ծրագրերի մասնակիցների՝ խաղաղարար գործընթացի համար հավաքական պատասխանատվության ձեւավորման անհրաժեշտություն։ Խաղաղարար նախաձեռնությունների ցաքուցրիվությունն ընդհանուր առմամբ խաղաղարարության անբավարար արդյունավետության պատճառներից մեկն է:
  • Խաղաղարար ներուժի աճին կարող են նպաստել չճանաչված երկրների եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եվրոպական կառույցների հստակ դիրքորոշումն ու ռազմավարությունը, ինչը թույլ կտար այդ պետական կազմավորումներին ներգրավել եվրաինտեգրման ուղեծրում:
  • Գոյություն ունի հակամարտությունների կարգավորման ու հակամարտող երկրների զարգացման հեռանկարների վերաբերյալ երկու կարծիք, երկու հայեցակարգ։ Ըստ առաջինի՝ միայն հիմնախնդրի շուտափույթ լուծումը կարող է նպաստել պետական շինարարության բնականոն ընթացքին ու իրական ժողովրդավարության կայացմանը։ Ըստ երկրորդի՝ միայն իրական ժողովրդավարության կայացումից ու քաղաքացիական հասարակության կազմավորումից հետո է հնարավոր հիմնախնդրի քաղաքական կարգավորումը։ Երկու հայեցակետերն էլ յուրովի իրավացի են, սակայն ըստ էության՝ ոչ բավարար։ Ամենայն հավանականությամբ, նախընտրելի է երկրորդ ուղին, քանի որ հակամարտող երկրներում այսօր առկա իրողություններն այնպիսին են, որ հանրությունները մեկուսացվել են բանակցային գործընթացից ու երկխոսությունից։ Ժամանակի ընթացքում տիրապետող է դառնում այն կարծիքը, որ ժողովրդավարության աճի համար պայմանների ստեղծումը բոլոր դեպքերում էլ պիտի հիմնախնդրի կարգավորումից առաջանցիկ լինի:
  • Ժողովրդավարական զարգացման առումով հակամարտող երկրների անհամաչափությունը կարող է նոր մարտահրավեր դառնալ տարածաշրջանային կայունության համար։ Ու ընդհակառակը, որքան ժողովրդավարական դառնան տարածաշրջանի երկրները, այնքան հեշտ կլինի հասնել տարածաշրջանային ու եվրոպական ինտեգրման։ Եվրաինտեգրումը կարող է ընդհանուր դաշտ դառնալ ժողովուրդների հաշտեցման համար:
  • Հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել Հայաստանում, Ադրբեջանում ու Լեռնային Ղաարբաղում անկախ ԶԼՄ-ների ինստիտուտի կայացմանը, ինչը կնպաստի այլընտրանքային կարծիքի դրսեւորման ռեսուրսների ընդլայնմանը, կուժեղացնի խաղաղարար կազմակերպությունների հնարավորությունները եւ կաջակցի իսկական հասարակական կարծիքի ձեւավորմանը։ Առաջատար լրատվամիջոցները եւ, հատկապես, հեռուստաընկերությունները վերահսկվում են իշխանությունների կողմից։ Հենց այդ վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով էլ քաղաքականություն է իրականացվում։ Այսօրինակ, լրատվամիջոցներն արտացոլում են ոչ թե հանրային, այլ՝ կառավարող էլիտայի տրամադրությունները։ Այս վերջիններն էլ ներկայացվում են որպես հասարակական կարծիք։ Զարգացնելով երրորդ հատվածը եւ ամրապնդելով չորրորդ իշխանությունը՝ կարելի է հասնել հակառակ ազդեցության. «ընդհատակյա» (իսկական) հասարակական կարծիքը կարող է ազդել նաեւ քաղաքական իստեբլիշմենթի տրամադրությունների վրա:
  • Շատ կարեւոր է խաղաղարար ուղեծրում ներգրավել ոչ միայն մայրաքաղաքի ու խոշոր քաղաքների բնակիչներին, այլեւ գյուղաբնակներին, ինչը թույլ կտա խուսափել հասարակական կարծիքի անհամաչափությունից։

Երախտագիտության խոսքեր

Հետազոտության նախապատրաստման գործում ցուցաբերած անգնահատելի օգնության համար հեղինակները շնորհակալություն են հայտնում ֆոկուս խմբերի վարողներ Կարեն Օհանջանյանին («ՀՆ-92» ԼՂԿ) եւ Անահիտ Դանիելյանին (Ստեփանակերտի մամուլի ակումբ)։

Share

Comments are closed.