Հայացք Երեւանից

Ներածություն

Արդեն ավելի քան երկու տասնամյակ ամենատարբեր մակարդակներում եւ զանազան գործիչների կողմից իրականացվում են Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված խաղաղարար նախաձեռնություններ՝ հակամարտության մեջ ներգրավված պետությունների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միանգամայն բնական է, որ պարբերաբար ինչպես հենց իրենց՝ այդ նախաձեռնությունների հեղինակների, մասնակիցների  ու դոնորների, այնպես էլ հանրության ավելի լայն շերտերի մոտ հարց է ծագում, թե որքանո՞վ են արդյունավետ այդ նախաձեռնությունները։ Կամ էլ, այլ կերպ ասած, արժե, արդյո՞ք, նման նախաձեռնությունների համար այնքան ժամանակ, փող ու ջանք վատնել, որքան ծախսվում են դրանց վրա ինչպես հակամարտության մեջ ներգրավված երկրների ներսում, այնպես էլ՝ դրանց սահմաններից դուրս։

Այդ հարցը հատկապես հրատապ է դառնում, երբ դրան հավելում ենք նաեւ այն հանգամանքը, որ այդ նախաձեռնություններին մասնակցությունը զուգակցվում է որոշակի ռիսկով։ Ճիշտ է, առայժմ նման նախաձեռնությունների մասնակիցների մեծամասնությունը շարունակում է հանգիստ ապրել ու աշխատել իրենց երկրներում, սակայն եղել են դեպքեր, երբ խաղաղարարությունն ավարտվել է խաղաղարարների համար բավականին տհաճ հետեւանքներով, եւ եթե այսօր առկա միտումները պահպանվեն, ապա դժվար կլինի ասել, թե սեփական երկրում որքան հարմարավետ են իրենց զգալու խաղաղարար գործընթացների մասնակիցները մոտ ապագայում։

Եվ այսպես, սույն հետազոտության հիմնական հարցը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ արդարացված են արդյո՞ք այն խաղաղարար նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն երկխոսության միջոցով քաղաքացիական հասարակության մակարդակում նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։

Ինչ խոսք, սույն հետազոտության մասնակիցներից դժվար կլիներ ակնկալել բացասական պատասխան այդ հարցին, քանի որ համատեղ ուսումնասիրությանը նրանց մասնակցությունն ինքնին խոսում է այն մասին, որ նրանք հակված են դրական պատասխանի, այլապես նրանք պարզապես չէին մասնակցի նման նախաձեռնություններին։ Սակայն նույնիսկ դրական պատասխանի պարագայում ծագում են մի շարք ոչ պակաս բարդ հարցեր։ Խաղաղարար նախաձեռնությունների ո՞ր ձեւաչափն է ավելի մոտ օպտիմալին։ Ո՞վ եւ ինչպե՞ս պիտի մասնակցի նման ծրագրերին։ Ո՞ր գործոններն են որոշում նման նախաձեռնությունների հաջող կամ անհաջող լինելը։ Ինչպե՞ս են խաղաղարար նախաձեռնություններն ազդում դրանց մասնակիցների վրա։

Ինչպե՞ս որոշել եւ չափել նման ծրագրերի հաջողվածությունը։ Սպառիչ պատասխանի չհավակնելով՝ սույն հետազոտության մեջ կանդրադառնանք այս եւ համանման այլ հարցերի։

Հետազոտությունն անցկացվել է ֆոկուս խմբերի եւ խաղաղարար նախաձեռնությունների մասնակիցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, քաղաքագետների, կոնֆլիկտաբանների ու լրագրողների հետ փորձագիտական հարցազրույցների մեթոդով։

Ընդհանուր դիտողություններ. քաղաքացիական հասարակության եւ քաղաքական էլիտաների դերը հակամարտության կարգավորման գործում

Նախքան բուն խաղաղարար նախաձեռնություններին անդրադառնալը, հարկ է փորձել հասկանալ, թե որքանո՞վ կարող են քաղաքացիական հասարակության գործիչներին ներգրավող նախաձեռնություններն ազդել մեր երկրներում քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա։ Այս հարցի պատասխանը կախված է, մի կողմից,  իշխանության կամ քաղաքական էլիտաների եւ, մյուս կողմից, ընդհանուր առմամբ հանրության, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների բնույթից։

Հակամարտության լուծմանն ուղղված շատ նախաձեռնություններ խարսխված էին այն կասկածելի վարկածի վրա, որ հակամարտության մեջ ներգրավված պետություններում առկա է հակամարտության լուծման շահագրգռվածություն քաղաքական էլիտաների մակարդակով։ Այս ենթադրությունն իր հերթին բխում է այն կանխավարկածից, ըստ որի՝ կառավարող էլիտաներն իրենց գործողություններում ելնում են այդ պետությունների բնակչության լայն շերտերի շահերից, կամ, այլ կերպ ասած՝ կառավարող էլիտայի ու մյուս ազդեցիկ խմբերի շահերը համընկնում են հանրությունների կամ էլ ընդհանուր առմամբ երկրների շահերին։ Այս ենթադրությունը կարող էր աշխատել զարգացած ժողովրդավարություններում, որտեղ կառավարող էլիտան գտնվում է հանրության վերահսկողության տակ, ինչն իրականացվում է զսպումների ու հակակշիռների գործունակ համակարգի, իրապես գործող ընտրական համակարգի եւ ազատ ԶԼՄ-ների միջոցով։ Ինչ խոսք, զարգացած ժողովրդավարություններում եւս քաղաքական էլիտաներն ունեն իրենց սեփական օրակարգը, որը կարող է հակասել քաղաքացիների մեծամասնության շահերին։ Սակայն ժողովրդավարական պետությունում հանրային բարիքին հակասող որոշումներն ի վերջո կարող են անարդյունավետ թվալ հենց իրենց՝ էլիտաների տեսանկյունից, քանի որ հանրությունը հնարավորություն ունի «պատժելու էլիտայի այն ներկայացուցիչներին, որոնք նման որոշումներ են ընդունում»։

Հարավային Կովկասի իրողություններին որոշակի չափով ծանոթ դիտորդի համար ակնհայտ է, որ վերոնշյալը չի վերաբերում մեր տարածաշրջանին։ Չտրվենք այն հարցի քննարկմանը, թե որքանով են ժողովրդավարական Հարավային Կովկասի երկրների քաղաքական համակարգերը։ Միայն ասենք, որ քաղաքական էլիտաների կողմից որոշումների ընդունման վրա ազդելու հանրության հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Ընտրություններն այստեղ սովորաբար չեն հանգեցնում քաղաքական էլիտայի փոփոխմանը, իսկ ընդդիմության, մեդիայի եւ քաղաքացիական հասարակության կողմից քաղաքական էլիտայի ներկայացուցիչների քննադատությունը հաճախ սահմանափակվում է գրաքննության միջոցով (սովորաբար՝ ոչ պաշտոնական)։ Այն դեպքերում, երբ գրաքննությունը բացակայում է կամ թույլ է արտահայտված, միեւնույն է՝ այդպիսի քննադատությունը,  որպես կանոն, այն ազդեցությունը չունի, ինչպիսին այն ունենում է կայացած ժողովրդավարական պետություններում. քաղաքական էլիտաները հանգիստ կարող են իրենց թույլ տալ անտեսելու հանրությունում առկա կարծիքները։ Ուստի քաղաքական էլիտաները գործնականում ազատ են այն սահմանափակումներից ու վերահսկման մեխանիզմներից, որոնք իրենց կստիպեին հանրային բարօրությունը վեր դասել իրենց նեղ խմբակային շահերից։ Ասվածն, իհարկե, ամենեւին էլ չի նշանակում, որ քաղաքական էլիտաների բոլոր ներկայացուցիչները գործում են բացառապես հանուն սեփական եսասիրական շահերի, բայց ակնհայտ է, որ էլիտայի վարքն ամբողջությամբ վերցրած թելադրված է այլ նկատառումներով, այլ ոչ թե հանրային շահերին ծառայությամբ։

Զարգացած ժողովրդավարական համակարգ ունեցող երկրներում գոյություն ունի էլիտաների ու հանրության մյուս շերտերի միջեւ որոշակի փոխզիջումային մոդել, որի շնորհիվ քաղաքական էլիտաները գոնե որոշ չափով հաշվի են նստում հանրության լայն շերտերի պահանջմունքների հետ։ Մեր երկրներում ոչ միայն հանրության կամքից քաղաքական էլիտայի կախվածության աստիճանն է ոչ բարձր, այլեւ իրավիճակն ինքնին բարդանում է նրանով, որ առկա է քաղաքական էլիտաների կախվածություն արտաքին ուժերից, որոնք ամենեւին էլ ոչ միշտ են շահագրգռված հակամարտության լուծմամբ։ Քանի որ մեր երկրների քաղաքական առաջնորդները, որպես կանոն, իշխանության են գալիս կամ, ավելի շուտ, իշխանությունը պահում են ընտրությունների միջոցով, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում զարգացած ժողովրդավարության չափանիշներին, նրանք միշտ չէ, որ կարող են ակնկալել հանրության վստահությունն ու աջակցությունը, քանի որ նրանց լեգիտիմությունը վիճարկվում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ահա թե ինչու որոշումներ ընդունելիս քաղաքական էլիտաները զգալի չափով կախված են տարբեր արտաքին ուժերից, ինչպիսին են գլոբալ կամ տարածաշրջանային տերությունները, վերազգային կորպորացիաները, միջազգային քրեական ցանցերը եւ այլն։ Արտաքին ուժերից կախվածությունն ուժեղանում է այն պատճառով, որ մեր երկրների քաղաքական էլիտաների ներկայացուցիչները հաճախ խոցելի են իրենց բիզնես-գործունեությանն առնչվող ճնշման ամենատարբեր եղանակների համար (կոմպրոմատ, բանկային հաշիվներ, անշարժ գույք արտերկրում եւ այլն)։ Նրանցից շատերն ապահովված մարդիկ են, որոնց հարստությունը սովորաբար ձեռք է բերվում այնքան էլ ոչ օրինական եղանակներով, ընդ որում, որպես կանոն, այդ հարստությունները դուրս են բերվում երկրից ու ներդրվում արտասահմանում։ Եթե սրան հավելենք, որ չի կարելի բացառել մեր երկրներում արտասահմանյան հատուկ ծառայությունների ճյուղավորված գործակալական ցանցի առկայությունը, այդ թվում՝ քաղաքական էլիտաների ներկայացուցիչների շրջանում, ապա պարզ կդառնա, թե մեր երկրների քաղաքական էլիտաները որչափ են ենթակա դրսի ազդեցությանը։ Տարակուսելի չէ, որ հաճախ կառավարող էլիտաները որոշումներ ընդունելիս առաջնորդվում են ոչ այնքան սեփական երկրների երկարատեւ շահերով, որքան ելնելով արտասահմանյան ազդեցիկ դերակատարների ցասումն իրենց վրա ուղղելու վախից։

Ասվածը նկատի ունենալով ակնհայտ է դառնում, որ բավականին բարդ է մեր երկրների քաղաքական էլիտաներից ակնկալել հակամարտության կարգավորմանն առնչվող բարդ ու պատասխանատու որոշումներ, անգամ եթե նման որոշումները համապատասխանում են այն երկրների երկարաժամկետ շահերին, որոնց առաջնորդում են այդ էլիտաները։ Հիմնական նկատառումները, որոնցով, որպես կանոն, առաջնորդվում են քաղաքական էլիտաները, սեփական քաղաքական եւ սոցիալ-տնտեսական դիրքերի պահպանումն ու ամրապնդումն է։ Ստատուս-քվոյի ցանկացած կտրուկ փոփոխություն, անգամ եթե այն ընդհանուր առմամբ բարենպաստ է հանրության համար, կարող է հանգեցնել էլիտաների կողմից իրենց դիրքերի լիովին կամ մասնակի կորստի։ Բոլոր մյուս նկատառումները երկրորդական են սեփական դիրքերը պահպանելու՝ կառավարող էլիտայի ձգտման համեմատ։

Քաղաքական էլիտաները կարող էին շահագրգռված լինել հակամարտությունների լուծմամբ, եթե «ստատու-քվո» իրավիճակը սպառնար նրանց դիրքերին։ Նման բան կարող էր տեղի ունենալ արտաքին միջամտության պարագայում կամ էլ հակամարտությունների «սառեցման» դեպքում։ Սակայն հակամարտության մեջ ներգրավված բոլոր պետություններում ներկայիս ստատուս-քվոն, կամ, այլ կերպ ասած, «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»  իրավիճակն ընդհանուր առմամբ ձեռնտու է քաղաքական էլիտաներին։ Եվ ընդհակառակը՝ իրական կարգավորմանը միտված յուրաքանչյուր քայլ կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ եւ կասկածի տակ դնել քաղաքական էլիտաների դիրքերը։ Այս պայմաններում ցանկացած խաղաղարար նախաձեռնություն բախվում է գործնականում անհաղթահարելի խոչընդոտների այն ամենում, ինչը վերաբերում է քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա ազդեցությանը։

Խաղաղարար նախաձեռնություններ. ու՞մ հետ աշխատել եւ ինչպե՞ս 

Այնուհանդերձ, ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող խաղաղարար նախաձեռնություններ իրականացվել են ավելի քան 20 տարիներ ի վեր եւ շարունակվում են իրականացվել։ Զուտ այն փաստը, որ նման նախաձեռնությունները տեղ են գտնում, անկասկած դրական է թեկուզեւ նրանով, որ նման նախաձեռնությունները հանդիպելու եւ շփվելու հնարավորություն են տալիս այն մարդկանց, որոնց երկրների միջեւ հաղորդակցությունը գործնականում բացառված է։ Որքան էլ առաջին հայացքից աննշան թվա այդ արդյունքը, իրականում դա շատ կարեւոր ձեռքբերում է խաղաղարարության ոլորտում, քանի որ այդ կերպ ստեղծվում է հաղորդակցման խողովակ, որը շատ կարեւոր է միմյանցից հանրությունների՝ քաղաքական էլիտաների կողմից պարտադրված գրեթե լիակատար մեկուսացման պայմաններում։ Այն պայմաններում, երբ կառավարությունները կամ գիտակցաբար են խոչընդոտում նման փոխկապերի ստեղծմանը, կամ էլ, լավագույն դեպքում, անտեսում են դրանք, դժվար է պատկերացնել, թե առանց միջազգային կազմակերպությունների ու դոնորների ինչպես կարող էր ծագել եւ գոյություն ունենալ հաղորդակցման այդպիսի խողովակ։

Այս առումով հատկապես կարեւոր են այն նախաձեռնությունները, որոնցում ներգրավվում են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Բանը նրանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպելու շատ հնարավորություններ ունեն նույնիսկ առանց զանազան միջազգային կազմակերպությունների ու հիմնադրամների նախաձեռնությունների. նրանք հանդիպում են տարածաշրջանային ու միջազգային միջոցառումների շրջանակներում ամենատարբեր ձեւաչափերով՝ միջկառավարական գագաթաժողովներից մինչեւ ակադեմիական սեմինարներ (զորօրինակ, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերից մինչեւ ԱՊՀ շրջանակներում կազմակերպվող միջոցառումներ)։ Մինչդեռ չճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունների ներկայացուցիչները, որպես կանոն, նման ձեւաչափերին մասնակցելու հնարավորություններ չեն ունենում. արդյունքում ստացվում է, որ եթե Հայաստանի ու Ադրբեջանի էլիտաների ու հանրությունների միջեւ այսպես թե այնպես կան ինչ-որ փոխկապեր, ապա Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հանրությունները բացարձակապես մեկուսացված են միմյանցից։ Ուստի միջազգային կազմակերպությունների ու դոնորների այն նախաձեռնությունները, որոնց մասնակցում են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, փաստորեն միակ հնարավորությունն են Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ թեկուզեւ ինչ-որ կապեր հաստատելու համար։

Ոչ կառավարական կազմակերպություններ ներգրավող խաղաղարար նախաձեռնություններին առնչվող լուրջ երկընտրանքներից մեկն այն կազմակերպությունների խնդիրն է, որոնք, այսպես ասենք, լոյալ են իրենց երկրների կառավարող էլիտաների նկատմամբ. ընդունված է դրանց բնորոշել «ԳՈՆԳՈ» եզրույթով։ Արդյո՞ք պետք է այդ կազմակերպություններին ներգրավել խաղաղարար նախաձեռնություններում, եւ եթե այո, ապա ի՞նչ չափով։ Մի կողմից՝ նման կազմակերպությունները քիչ չեն, եւ դրանք ներկայացնում են հանրության որոշակի մասի կարծիքներն ու մոտեցումները, որոնք ճիշտ չէր լինի անտեսել։ Թվում է, նման կազմակերպությունները կարող են դիտարկվել որպես կառավարող էլիտաների հետ շփումների խողովակ, եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ բոլոր կարեւոր որոշումներն ի վերջո ընդունվում են քաղաքական գործիչների կողմից, դա կարող է միանգամայն օգտակար լինել։ Ինչ խոսք, դա կարող էր օգտակար լինել այն իրավիճակում, երբ հակամարտության մասնակից պետությունների իշխանություններն անկեղծորեն շահագրգռված են հակամարտության լուծմամբ, ու քանի որ հանրությունները պատրաստ չեն փոխզիջումների՝ իշխանությունները ձգտում են իրենց քաղաքացիներին նախապատրաստել փոխզիջումների, եւ որոշակի աշխատանք տանել նրանց շրջանում։ Սակայն ասվածն ավելի շատ վերաբերում է տեսությանը, քան պրակտիկային, համենայն դեպս՝ Հարավային Կովկասի պարագայում։ Իրականում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանի երկրների կառավարություններն այնքան էլ դրական չեն վերաբերվում խաղաղարար նախաձեռնություններին, այդօրինակ կազմակերպությունների մասնակցությունը ոչ միայն առանձնակի օգուտ չի բերում, այլեւ զգալի ռիսկի հետ է կապված այն առումով, որ խաղաղարար նախաձեռնությունները կարող են հայտնվել խափանման կամ իմիտացիոն գործընթացի վերաճելու վտանգի տակ։

Խաղաղարար նախաձեռնություններին առնչվող մեկ այլ խնդիր էլ կայանում է նրանում, որ այդ նախաձեռնությունների արդյունքները հաճախ մատչելի են «արհեստավարժ» խաղաղարարների համեմատաբար նեղ շրջանակի համար, եւ հանրության ավելի լայն շերտերում դրանց տարածումն ընդհանուր առմամբ բավականին սահմանափակ է։ Այդ արդյունքներն այնքան էլ լայնորեն չեն ներկայացված ոչ միայն ավանդական, այլեւ «նոր մեդիայում»։ Այսպիսով, հայերի եւ ադրբեջանցիների մեծ մասը քիչ է իրազեկված այդ արդյունքների մասին, ավելին՝ նրանցից շատերի մոտ ստեղծվում են այդ նախաձեռնությունների մասին միֆականացված ու կարծրատիպացված պատկերացումներ, ըստ որոնց՝ այդ նախաձեռնություններն ուղղված են իրենց երկրի ազգային շահերի դեմ։

Իհարկե, պիտի հաշվի առնել նաեւ օբյեկտիվ բարդությունները, որոնք առնչված են հանրությանն այդ արդյունքները ներկայացնելու հետ։ Որոշ դեպքերում խաղաղարար նախաձեռնությունների ու դրանց արդյունքների վրա ուշադրություն սեւեռելու փորձերը հակառակ արդյունքն են տալիս, ինչպես դա եղել է, օրինակ, Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման նախաձեռնության պարագայում, երբ խաղաղարար նախաձեռնությունների վրա հանրության ուշադրությունը սեւեռելու փորձը ոչ միայն ցանկալի արդյունք չի տվել, այլեւ օգտագործվել է այն ուժերի կողմից, որոնք հանդես են գալիս նման նախաձեռնությունների դեմ։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունների մեծ մասը կարելի է բաժանել հետեւյալ խմբերի.

  • ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով երկխոսություն,
  • ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ երկխոսություն,
  • փորձագետ-քաղաքագետների մասնակցությամբ ծրագրեր,
  • ակադեմիական հանրույթների ներկայացուցիչների միջեւ երկխոսություն,
  • բնակչության որոշակի խմբերի (այդ թվում՝ խոցելի խմբերի) ներկայացուցիչների միջեւ երկխոսություն՝ երիտասարդներ, կանայք, փախստականներ, զանազան մասնագիտությունների ներկայացուցիչներ եւ այլն:

Խաղաղարար նախաձեռնությունները նվիրված էին ամենատարբեր խնդիրների։ Սույն հետազոտության շրջանակներում հարցման ենթարկված փորձագետներից մեկի խոսքերով՝ «խաղաղարար նախաձեռնությունները 1990-ականների սկզբից հասցեագրված էին հակամարտության շատ հայեցակետերի՝ սկսած չճանաչված պետությունների/տարածքների կարգավիճակից ներառյալ՝ տեղահանված անձանց հարցերը, մինչեւ սովորական շփումներն այն մարդկանց միջեւ, ովքեր գտնվում են հակամարտության տարբեր կողմերում, ինչպես, օրինակ, երիտասարդները, կանայք եւ այլք»։ Մեկ այլ փորձագետի կարծիքով՝ համեմատաբար քիչ ծրագրեր են նվիրված եղել ապագայի տեսլականին, իրավիճակի իրատեսական ուսումնասիրությանը, ինչպես նաեւ քիչ են եղել ոչ երկխոսային ծրագրերը, այսինքն այնպիսի ծրագրերը, որոնք սեփական հանրության ներսում են աշխատանք ենթադրում։ Նույն փորձագետի կարծիքով՝ ամենանվազ հետաքրքիրը աշխարհաքաղաքական նախագծերն էին, «երբ տարեցներն ու երիտասարդները հավաքվում են եւ նորից ասում, թե ինչ են մտածում հակամարտության մասին՝ իբր թե վերլուծելով այն»։

Մեկ այլ փորձագետի կարծիքով՝ տարբեր փուլերում ուշադրության կենտրոնում են եղել խնդիրների զանազան խմբեր։ Այսպես, սկզբնական փուլում առաջնահերթ էին այնպիսի խնդիրներր, ինչպիսին են ռազմագերիների փոխանակումը, անհայտ կորածների որոնումներն ու մյուս կողմի հետ արդյունավետ համագործակցելու ունակ խաղաղարարների խմբերի ձեւավորումը։ Պայմանականորեն երկրորդ փուլն ավելի երկարատեւ էր եւ ուղղված էր հակամարտության հնարավոր լուծումներ գտնելու փորձերին, զանազան մեթոդների ու այլ երկրների օրինակներին։ Այն բանից հետո, երբ նման նախագծերը սկսեցին խոչընդոտվել 2000-ական թվականների սկզբներից ադրբեջանական իշխանությունների դիրքորոշման փոփոխության հետ կապված,  հաղորդակցության անհրաժեշտության մասին հարցը կրկին հրատապ դարձավ, բայց դրան ավելացավ նոր խնդիր՝ երիտասարդության, պատմաբանների, լրատվամիջոցների եւ այլնի շրջանում հետպատերազմյան ժամանակաշրջանում ծագած կարծրատիպերի հաղթահարումը։

Հայեցակարգային տեսանկյունից, ըստ փորձագետներից մեկի, կարելի է երեք հիմնական խնդիր առանձնացնել, որոնց էլ նվիրված է եղել խաղաղարար նախաձեռնությունների մեծ մասը.

  • միմյանց նկատմամբ անվստահության հաղթահարում,
  • հետեւողականորեն ստեղծվող թշնամու կերպարի հաղթահարման ձգտում,
  • համագործակցության այնպիսի հնարավոր ոլորտների հայտնաբերման փորձեր, որոնք կարող են օգտակար լինել խաղաղության կառուցման համար։

Խաղաղարար նախաձեռնություններին առնչվող կարեւոր հարցերից մեկն էլ սոցիալական տարբեր շերտերի ընդգրկման մասին հարցն է։ Որչա՞փ են խաղաղարար նախաձեռնությունները բաց սոցիալական տարբեր խմբերի համար, հաջողվում է, արդյո՞ք, խաղաղարար ուղերձ հասցնել բնակչության լայն շերտերին։ Փորձագետների մեծ մասը համաձայն է, որ թեեւ ձեւական տեսանկյունից ծրագրերում ներգրավվել են ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, նրանց ընդգրկումը մնում էր բավականին նեղ, եւ դա ցայսօր հանդիսանում է խաղաղարարության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը։ Այստեղ, կարծում եմ, տեղին է մեջբերել հարցված փորձագետներից մեկի կարծիքը, ըստ որի` ներգրավվել են ամենատարբեր խմբեր, խաղաղարար ծրագրերում չափից ավելի հաճախ մասնակցել են «այսպես կոչված վերլուծաբաններն ու փողկապավոր տղամարդիկ, կանայք, ովքեր կարիերա են անում գենդերային հարցերով զբաղվելով, երբեմն էլ այսպես կոչված երիտասարդությունը՝ վաղահաս կարիերիստները, եւ առավել քիչ մարդիկ շրջաններից, կամ էլ՝ ընդհանրապես իսկական մարդիկ։ Ընդհանրապես, իսկական մարդիկ, իհարկե, քիչ են, եւ այդ նախագծերի խնդիրն այն է, որ դրանց մեծ մասն արվում է փողի համար… Դրանցում գոնե ինչ-որ բանի հասնելու համար հարկ է ավելի շատ աշխատել հանուն քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանի ապագայի, այլ ոչ թե հանուն փողի… Դա դժվար է…Խաղաղարար լինելը նույնքան դժվար է, որքան այսօր տաղանդավոր նկարիչ լինելը… Այն հատով ապրանք է»։

Ինչպես մեկ այլ փորձագետ է նշում, «հիմնականում ներգրավվել են մարդիկ, ովքեր փոքրիշատե մասնագիտորեն առնչված են հիմնախնդրին…Չեն օգտագործվում գիտնականների, պաշտոնաթող դիվանագետների հնարավորությունները»։ Այս նույն փորձագետի կարծիքով՝ բացասական դեր է խաղացել բոլոր տեսակի հարաբերությունների սահմանափակման մասին Ադրբեջանի որոշումը, ինչպես նաեւ դոնորների ոչ միշտ ճիշտ քաղաքականությունը, որոնք հաճախ բաց էին թողնում խաղաղարար նախաձեռնություններում ներգրավված մարդկանց շրջանակի ընդլայնման հնարավորությունները։ Այսպես, որոշ բացառություններով, բաց է թողնվել բիզնեսը ներգրավելու եւ այնպիսի կառույցներ ստեղծելու հնարավորությունը, որոնք կարող էին հովանավորել հենց իրենց՝ Հայաստանի ու Ադրբեջանի գործարարների կողմից։ Այս փորձագետի կարծիքով՝ բավականին հեռանկարային կարող էր լինել հայ եւ ադրբեջանցի գործարարների մասնակցությամբ համատեղ բիզնես-ծրագրերի ստեղծումը (բնականաբար, երրորդ երկրներում), ինչը ժամանակի ընթացքում կարող էր նպաստել խաղաղության մեջ շահագրգռված տնտեսական լոբբիի ձեւավորմանը։

Ինչպես նկատեց մեկ այլ փորձագետ՝ իրականացված նախագծերը ներգրավել են ամենատարբեր գործիչների եւ սոցիալական խմբերի։ Այլ հարց է, որ ոչ բոլոր ծրագրերն են հաջողված եղել, եւ նրանց նպատակը՝ երկխոսության մեջ ներգրավել սոցիալական նոր խմբեր, ոչ միշտ է հասանելի եղել։ Որոշ փորձագետներ նաեւ նշեցին այն ծրագրերի փոքրաթվությունը, որոնցում ներգրավվել են սփյուռքի ներկայացուցիչները։ Եվս մի փորձագետ նշել է, որ «բացառությամբ երիտասարդական, գենդերային եւ փախստականների մասնակցությամբ ծրագրերի, բոլոր մյուսները սահմանափակված էին գործունեության ձեւերի շրջանակներով (լրագրողներ, իրավապաշտպաններ, ակադեմիական հանրույթի ներկայացուցիչներ եւ այլն): Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր չէին մտնում այդ խմբերից որեւէ մեկի մեջ, մասնակցելու հնարավորություն չունեին»։ Փորձագետներից մեկն էլ նաեւ նշեց, որ ոչ բավարար ուշադրություն է դարձվել տարբեր մարգինալ խմբերի, ինչպես նաեւ պահպանողական եւ ազգայնամոլական տրամադրություններ ունեցող խմբերին. ինչ խոսք, դժվար է պատկերացնել երկխոսություն նրանց միջեւ, բայց հարկ է նրանց ներգրավելու ուղիներ փնտրել։

Խաղաղարար նախաձեռնությունների գնահատումը 

Եթե խոսելու լինենք խաղաղարար նախաձեռնությունների հաջողվածության մասին, ապա այստեղ հարց է ծագելու՝ ինչպե՞ս սահմանել չափանիշներ, որոնք թույլ կտային գնահատելու դրանց հաջողվածությունը։ Այսպես, փորձագետներից մեկն առաջարկում է տարբերակել հաջողվածությունը լայն ընկալմամբ, ինչն արտահայտվում է անգլերեն “effectiveness” բառով եւ հաջողվածությունը նեղ ընկալմամբ, ինչն արտահայտվում է անգլերեն “efficiency” բառով։ Եթե խոսելու լինենք “effectiveness”-ի մասին, ապա ծրագրերի մեծամասնությունը հաջողված չէր, քանի որ դրանցից շատերն այդպես էլ չեն հանգեցրել կոնկրետ արդյունքների ստեղծմանը, իսկ այն արդյունքները, որոնք, այնուամենայնիվ, ստեղծվել են նման նախաձեռնությունների ընթացքում, գրեթե չեն օգտագործվել պրակտիկայում։ Սակայն հաջողվածության մասին նեղ ընկալման, այն է՝  “efficiency”-ի պարագայում, շատ նախագծեր հաջողված են եղել, քանի որ դրանց շնորհիվ ապագայի համար զգալի ներուժ է ստեղծվել։ Մասնավորապես, կապեր են ստեղծվել հակամարտության մեջ ներգրավված հանրությունների կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող մարդկանց միջեւ: Նման կապերն այն ռեսուրսն է, որը կարող է ապագայում օգտագործվել։ Բացի դրանից, նման նախաձեռնությունների ընթացքում անցկացվել են հետազոտություններ, որոնք կարող են օգտակար լինել ապագայում, երբ հանրություններն ու քաղաքական էլիտաները հակամարտությունը լուծելու քաղաքական կամք ունենան։

Մեկ այլ փորձագետի կարծիքով՝ առանձնակի առաջխաղացում չկա, եւ դրա պատճառներից մեկն էլ կայանում է նրանում, որ «նորեկներից ոչ ոք չի կարող իմանալ այդ ծրագրերի գոնե մի մասի մասին, նույնիսկ չգիտես, թե որտեղ տեղեկություններ փնտրել…եւ դրա պատճառը նրանում է, որ նախագծերի մասին տեղեկատվության տարածումը ա) սովորաբար նախատեսված չէր ծրագրերի բյուջեում կամ բ) անգամ եթե եղել է՝ մասնակիցները խորապես շահագրգռված են այդ ծրագրերում իրենց մասնակցության մասին չտեղեկացնելու եւ դրա վրա ուշադրություն չհրավիրելու մեջ…պատճառը նրանում է, որ այդ մարդիկ գումարային առումով պարզապես շահագրգռված են կթելու արտասահմանյան հարուստ կովը: Կամ այդ մարդիկ վախենում են, որ իրենց մասնակցությունը բացասական արձագանք կգտնի հանրությունում, կամ էլ այս երկու պատճառները միասին»։ Խաղաղարարությունը, ըստ սույն փորձագետի, ոչ միայն չի օգնել հաղթահարելու դիմակայությունը, այլեւ չի նպաստել «որպեսզի երկրների ներսում ստեղծվեն նվազ ազգայնամոլական, ռասիստական, ֆաշիստական հանրույթներ…Ցավոք, իշխանությունները գնացին մյուս կողմի նկատմամբ ֆաշիզմի սերմանման ուղիով՝ հանուն իշխանության պահպանման…Այն կարծիքը, որ հակամարտությունում կարելի է բեկման հասնել առանց հանրություններում ժողովրդավարության հաստատման՝ չի արդարացվել»։ Այնուամենայնիվ, ինչպես նշում է նույն այդ փորձագետը, ընդհանուր առմամբ ողջ խաղաղարարական շարժումն իր գործն արել է, քանի որ պահպանվել են կապերն ու երկխոսությունը։

Մեկ այլ փորձագետ ծրագրերի հաջողվածությունը որոշելու ավելի յուրահատուկ չափանիշ է առաջարկում՝ ծրագրի նվազագույն հաջողությունը կարելի է որոշել ըստ այն բանի, թե որքանով է հաջողվել հաղորդակցությունը. եթե այն հաջողվել է, ապա իմաստ ունի առաջ շարժվել, փորձել զարգացնելու հաղորդակցության հնարավորությունները եւ շարունակելու աշխատանքը։ Հաջողված հաղորդակցության պարագայում ցանկացած համատեղ կամ համաձայնեցված արտադրանք՝ լինի դա տեքստ, տեսալսանյութ կամ միասին ձեռքբերված հմտություն ու գիտելիք, կարելի է հաջողություն համարել։ Այս տեսակետը զարգացնում է մեկ այլ փորձագետ, ով գտնում է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես են չափում հաջողությունը. եթե խոսենք այն մասին, թե արդյո՞ք այդ նախաձեռնություններն ունեցել են շարունակություն, ասենք, հետագա նախագծերի տեսքով, ապա դրանցից շատերն այդ առումով հաջողված են եղել։ Իսկ եթե խոսելու լինենք այն մասին, թե այդ ծրագրերի շնորհիվ որքանով են հանրությունները մերձեցել հաշտեցմանը, ապա հիմա շատ շուտ է այդ մասին դատել, եւ, հնարավոր է, պիտի տարիներ անցնեն, որպեսզի այդ նախաձեռնությունների ազդեցությունն ակնհայտ դառնա։ Փորձագետներից մեկի կարծիքով, բավականին հեռանկարային են այն նախաձեռնությունները, որոնք միտված են Հարավային Կովկասում ինտեգրման համակարգերի ստեղծման մասին գաղափարի առաջ մղմանը (պայմանականորեն ասած՝  Եվրամիության նմանությամբ՝ Հարավկովկասյան միություն), բայց այդ նախաձեռնություններն այնքան էլ պահանջված չէին մեր երկրների իշխանությունների կողմից իրական շահագրգռվածության բացակայության պատճառով, ինչպես նաեւ բուն հանրությունների ներսում աշխատելուն ուղղված լուսավորչական նախաձեռնությունների բացակայության պատճառով։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե խաղաղարար նախաձեռնություններն ի՞նչ չափով են ազդել քաղաքական մակարդակի վրա, ապա այստեղ փորձագետների մեծամասնությունը համամիտ էր, որ քաղաքական գործիչների ու կառավարությունների մակարդակով որոշումների ընդունման վրա խաղաղարար նախաձեռնությունների ազդեցությունը, որպես կանոն, նվազագույնն է եղել։ Մի քանի փորձագետներ համակարծիք էին առ այն, որ բոլոր նախաձեռնությունները, հնարավոր է, որոշակի ազդեցություն ունեցել են քաղաքական մակարդակի վրա, սակայն այսօր դեռ վաղ է այդ մասին դատել, եւ եթե անգամ նման ազդեցություն եղել է, ապա այն ակնհայտ է դառնալու միայն երկարաժամկետ հեռանկարում։

Ինչպես կարծում է փորձագետներից մեկը, «ի սկզբանե սխալ էր խաղաղարար նախաձեռնությունները ներկայացնել որպես «քաղաքացիական դիվանագիտություն», իմա՝ որպես մի ինչ-որ բան, որը կարող է օգնել պաշտոնական մակարդակով քաղաքական երկխոսությանը…Այդ նախաձեռնությունները չպիտի համարվեին մի բան, որը կարող է ազդել քաղաքական մակարդակում որոշումների ընդունման վրա, քանի որ այդպիսի բան հնարավոր չէ առանց իշխանությունների համապատասխան վերաբերմունքի…Այդպիսի բան հնարավոր է դառնում, երբ կա պաշտոնական մակարդակով համապատասխան որոշում, ինչպես, ասենք, մի ժամանակ եղել է Քի-Վեսթի առնչությամբ, երբ կառավարությունները պիտի հանրությունները նախապատրաստեին հնարավոր փոխզիջմանը»։

Փորձագետներից մեկն ընդգծեց, որ այս հարցում որոշակի տարբերություն կա ղարաբաղյան եւ հայ-թուրքական գործընթացների միջեւ. երկու դեպքերում էլ կառավարությունները քիչ խանդավառություն են ցուցաբերում խաղաղ երկխոսության կապակցությամբ, բայց դրանցից մեկի պարագայում նրանք գոնե փորձում են քաղաքացիական հասարակություններին չխանգարել երկխոսության մեջ մտնելու։ Մեկ այլ փորձագետ նույնպես գտնում է, որ «այդ նախաձեռնություններն իմաստ ունի շարունակել, միշտ էլ պետք է նման աշխատանք տանել, քանի որ այն դրականորեն է անդրադառնում հանրության ներսում առկա իրավիճակի վրա, խթանում է երիտասարդությանը, հանդիսանում է ազգայնամոլական գաղափարախոսությունների ազդեցության արդյունավետության նվազեցման միակ եղանակը»։

Եթե քաղաքական մակարդակի վրա քաղաքացիական նախաձեռնությունների ազդեցության առումով ամեն ինչ բավականին ոչ միանշանակ է, ապա հարց է ծագում՝ որքանո՞վ են դրանք արդյունավետ հենց իրենց՝ ծրագրերում որպես շահառուներ ներգրավված խմբերի վրա ազդեցության առումով։ Ինչպես գտնում է փորձագետներից մեկը, «հակամարտության կողմերի ներկայացուցիչների միջեւ ինքնին հաղորդակցման փաստը լուրջ գործոն է հանդիսանում վերաբերմունքի փոփոխության եւ կարծրատիպերի հաղթահարման համար։ Շրջանառվող գաղափարների տեսանկյունից կառուցողական համարվող նախաձեռնությունները նույնպես օգտակար նեցուկ են հակամարտության, հակամարտող կողմի եւ հակամարտության լուծման հնարավորությունների նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար»։

Ինչպես նշում է եւս մեկ փորձագետ, «ներգրավված խմբերը մյուս կողմի նկատմամբ ավելի «սիրառատ» չեն դառնում, բայց նրանք դառնում են սեփական կողմի նկատմամբ նվազ «սիրառատ», այսինքն՝ կարծրատիպացման աստիճանը նվազում է, իսկ քննադատության մակարդակը՝ մեծանում»։ Փորձագետներից եւս մեկի խոսքերով՝ մասնակիցներն, օրինակ, տեսնում են, որ «հայերն արնախում չեն, եւ ոչ բոլոր ադրբեջանցիներ են ռամիլսաֆարովներ»։ Ինչ վերաբերվում է նրանց, ովքեր չեն մասնակցում երկխոսությանը, ապա, փորձագետներից մեկի կարծիքով, նույնիսկ այն դեպքում, եթե նրանք չեն հանդիսանում բացասական կարծրատիպերի ու թշնամու կերպարի կրողներ եւ հանդես են գալիս հանուն խաղաղության, միեւնույն է, չեն հավատում երկխոսության ուժին եւ կարծում են, որ ոչինչ չեն կարող փոխել, եւ իրենցից ոչինչ կախված չէ։

Որոշ փորձագետներ ավելի հոռետեսական են այս հարցում։ Այսպես, օրինակ, փորձագետներից մեկն ընդունում է, որ հոռետես է այս հարցում, քանի որ անգամ ամենահաջողված նախաձեռնությունները լավագույն դեպքում օգնել են դանդաղեցնելու թշնամանքի արմատավորումը, մինչդեռ արդի պայմաններում դրական դինամիկայի ստեղծման մասին դժվար է խոսել։ Ավելին, այն դեպքերում, երբ բացակայում էին խաղաղարար նախաձեռնությունների որակյալ անցկացման համար կարեւոր որոշ բաղադրիչներ, որպիսին են կազմակերպիչների բանիմացությունն ու անկեղծությունը, նման նախաձեռնությունները նույնիսկ կարող էին հակառակ ազդեցությունն ունենալ, տարբեր կողմերի ներկայացուցիչների միջեւ հարաբերությունները կարող էին ավելի լարվել։ Քիչ չէ նաեւ պատահել, որ անգամ եթե անձնական մակարդակով նախաձեռնությունների մասնակիցների հարաբերությունները բարելավվել են կամ առնվազը չեն վատթարացել, ապա հանրության կողմից նրանց միջոցով ուղարկված ազդանշաններն ու հայտարարությունները բացասական էին եւ, այդպիսով, հանգեցնում էին հակամարտության խորացմանը։

Մեկ այլ փորձագետ նաեւ ուշադրություն է հրավիրում ոչ բավարար մտածված նախաձեռնությունների հնարավոր բացասական հետեւանքների վրա. «հանդիպումներն, ինչ խոսք, օգտակար են գոնե ավելի տեղեկացված լինելու համար. լինում են հանդիպումներ, որոնք ազդում են մարդկանց վրա, նրանք նոր բաներ են իմանում, բայց քանի որ մասնակիցների թիվը շատ սահմանափակ է, եւ նրանք այնքան էլ փորձ չունեն, դա կարող է հանգեցնել անկեղծության մակարդակի նվազման, եւ նման հանդիպումների արժեքավորությունը զրոյացվի, որովհետեւ ամեն անգամ սեփական երկիր վերադառնալով նրանք առնչվում են այնպիսի նախահարձակ արձագանքի, որ դրանից հետո անկեղծությունից հետք անգամ չի մնում»։

 

Խաղաղարար նախաձեռնությունների իրականացման արդյունավետության վրա ազդող գործոնները

Որո՞նք են խաղաղարար նախաձեռնությունների հաջողությանը նպաստած կամ խոչընդոտած գործոնները։ Ցավոք, այսօր տպավորություն է ստեղծվում, որ շատ ավելի հեշտ է հիշել այդ նախաձեռնություններին խանգարած գործոնները, քան նրանք, որ նպաստել են դրանց։ Այսպես, փորձագետներն այդ գործոններից են համարել.

  • Քաղաքական գործոնները. ինչպես փորձագետներից մեկն ասաց՝ հակամարտության մեջ ներգրավված բոլոր պետություններում «առկա են արտաքին ուժերից կախյալ վիճակում գտնվող ավտորիտար ռեժիմներ»:
  • Անմիջականորեն նախորդ կետից բխող՝ նախաձեռնությունների նկատմամբ պաշտոնական մակարդակով վերաբերմունքը (անշուշտ, պարբերաբար փորձեր են լինում խաղաղարար նախաձեռնությունները վարկաբեկել, սակայն դա համակարգային բնույթ չունի եւ ուղղված է ոչ այնքան ընդհանուր առմամբ խաղաղարարության գաղափարի դեմ, որքան քաղաքացիական հասարակության կոնկրետ գործիչների դեմ, որոնք կառավարությանը խանգարում են այլ առիթներով, մասնավորապես՝ նրան քննադատում են մարդու իրավունքները խախտելու համար)։
  • Հանրության ներսում առկա հակամարտություն՝ ազգայնամոլական դիսկուրսը պաշտպանող զանգվածային կարծիքի եւ փոքրաթիվ այլընտրանքային դիրքորոշման միջեւ։
  • Տեղերում չփորձարկված մեթոդների կիրառման փորձերն իրականում  անարդյունավետ դուրս եկան (թեեւ տեսականորեն պիտի որ աշխատեին)։
  • Նախաձեռնողների ոչ բանիմացությունը, ինչը հաճախ արդյունք էր այն բանի, որ օրակարգ էին թելադրում այլ տարածաշրջանների ու երկրների մարդիկ, իսկ 1990-ականների վերջից ի վեր այդ ոչ ձեռնհաս կազմակերպություններից շատերը շարունակում էին իներցիայով զգալի ռեսուրսներ ստանալ։
  • Լուսավորչական աշխատանքի անբավարար լինելը եւ, որպես հետեւանք, հանրություններում նման նախաձեռնությունների մասին ոչ բավարար իրազեկվածությունը։
  • Ազգայնամոլական քարոզչությունը, որը հատկապես ներգործուն է երիտասարդ սերնդի շրջանում. խորհրդային փորձ ունեցող ավագ սերունդն ավելի է հակված անկեղծության։

Խաղաղարարությանը նպաստող գործոններն անհամեմատ քիչ են, բայց դրանք կան։ Փորձագետներից մեկի կարծիքով՝ ամենակարեւոր գործոնը կայանում է նրանում, որ «հակամարտության մեջ ներգրավված պետություններում զարմանալիորեն շատ են այն մարդիկ, ովքեր նվիրված են երկխոսության գաղափարին եւ պատրաստ են շատ ջանքեր թափել ինչ-որ բանի հասնելու համար. . . Մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչը կարող է աշխատել եւ ինչը՝ ոչ, կան ամենատարբեր մակարդակներում՝ քաղաքական գործիչների, լրագրողների, հասարակական ակտիվիստների շրջանում»։ Փորձագետների մեծամասնության կողմից նշված մեկ այլ կարեւորագույն գործոն է միջազգային դոնորների ուշադրությունը։ Թեեւ հարկ է նշել, որ ոչ միշտ է այս գործոնին առնչված իրավիճակն ամբողջովին միանշանակ։ Այսպես, փորձագետներից մեկի կարծիքով՝ «փողը նպաստել է, իսկ այն պայմանները, որոնց առկայությամբ տրամադրվել են այդ գումարները, երբեմն խոչընդոտել են։ Օրինակ, շատ դեպքերում դրանք հատկացվել են պայմանով, որ չներգրավեն Ղարաբաղն ու ղարաբաղցիներին»։

Փորձագետներից մյուսի կարծիքով՝ առաջին եւ ամենակարեւոր գործոնը նման նախաձեռնություններին մասնակցելու ցանկության առկայությունը կամ բացակայությունն է, ինչպես նաեւ մասնակցության դրդապատճառները։ Գերիշխող ազգայնամոլական դիսկուրսը հաղթահարելու ունակ մարդիկ իրենց զինանոցում ավելի շատ միջոցներ ու հնարավորություններ ունեն նոր գաղափարների որոնման համար։ Երկրորդ կարեւոր գործոնը նման նախաձեռնությունների կազմակերպման համար միջոցների առկայությունն է. այս առումով կարեւոր է միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը։ Նախաձեռնությունների ձեւաչափերի բազմազանությունը (տարածաշրջանային, թեմատիկ, պրոֆեսիոնալ) նույնպես դրանց կիրարկմանը նպաստող գործոն է։

Եթե բուն տարածաշրջանում խաղաղարարությանը խոչընդոտող գործոններն ավելի շատ են, քան նպաստող գործոնները, ապա զարգացման գլոբալ միտումները, ինչպես կարծում են հետազոտության շատ մասնակիցներ, ավելի բարենպաստ են հակամարտությունների լուծման համար։ Այսպես, փորձագետներից մեկի կարծիքով՝ «միակ գործոնը, որ կարող է իրապես դրական լինել, գոյություն ունեցող գլոբալ միտումն է, երբ նոր աշխարհ է ձեւավորվում, երբ այլ հարաբերություններ են գործում, այսինքն՝ համացանցային տարածքի հայտնվելը, անձնական ազատության աճը, անհատական որոշումների ընդունման համար պատասխանատվությունը»։ Սակայն ժամանակ է պետք, որպեսզի այս միտումները հասցնեն իրենց դրական ազդեցությունն ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Այս նույն փորձագետի կարծիքով՝ «քանի որ այս գործոնը դեռ նոր-նոր է իրեն զգացնել տալիս, իսկ կառավարման համակարգը մնացել է հինը, ապա արդյունքը քաոսն է, որը մենք տեսնում ենք, եւ որն ազդում է խաղաղարար բոլոր փորձերի վրա»։

Ինչպես գտնում է հետազոտության ժամանակ հարցման ենթարկված փորձագետներից մեկը՝ փորձը ցույց է տալիս, որ ղարաբաղյան հիմնախնդրի նման հակամարտությունները լուծվում են, որպես կանոն, երկու ճանապարհով։

Դրանցից մեկը ժողովրդավարականն է, երբ վստահությանն առնչվող բոլոր մեթոդները կասկած չեն հարուցում (լավագույն օրինակը Քվեբեկն է, որն անջատման հակառակորդների աննշան առավելության շնորհիվ մնաց Կանադայի կազմում)։ Այս ուղին ենթադրում է լուծման ժողովրդավարական եղանակ՝ հանրաքվեներ, կամարտահայտության այլ ձեւեր, իշխանական կառույցների կողմից տարվող լուսավորչական աշխատանքներ։ Երկրորդ ուղին, ըստ այս կարծիքի, հակամարտության փոխակերպումն է, ինչը «նույնպես ենթադրում է ժողովրդավարության բարձր մակարդակ եւ հանրությունում իրական գործընթացների զարգացում. այս ուղու լավագույն օրինակը ԵՄ ստեղծման պատմությունն է…Այն փաստը, որ Հարավային Կովկասում մենք առայժմ չենք կարող խոսել կայացած քաղաքացիական հասարակության մասին, անհաջողությունների հիմնական պատճառն է»։ Խաղաղարար ծրագրերի անհաջողության պատճառների թվում փորձագետները նշում են թույլ քաղաքացիական հասարակությունը, լուսավորչական աշխատանքների իսպառ բացակայությունը, իշխանությունների կողմից ազգայնամոլական գաղափարախոսության առաջմղումը, ինչը միտված է ստատուս քվոյի պահպանմանը, քանի որ դա ձեռնտու է իրենց։

Եզրահանգում

Մեր հետազոտության ընթացքում փորձագետների, կազմակերպիչների եւ մասնակիցների կողմից արտահայտված մոտեցումների հիման վրա կարելի է մի շարք եզրակացություններ անել։ Ակնհայտ է, որ ընդհանուր առմամբ խաղաղարար նախաձեռնություններն օգտակար են հակամարտության մեջ ներգրավված հանրությունների համար, եւ անհրաժեշտ է, չնայած բոլոր դժվարություններին, շարունակել դրանք։ Ինչ վերաբերում է այդ նախաձեռնությունների արդյունավետությանը, ապա ներկա փուլում բավականին բարդ է այն չափելը։ Եթե խոսենք քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա անմիջական ազդեցության մասին, ապա այս առումով նման նախաձեռնությունները քիչ արդյունավետ են, քանի որ մեր երկրների քաղաքական էլիտաների մոտ բացակայում է հակամարտության լուծման քաղաքական կամքը։ Իսկ եթե խոսենք հաղորդակցման խողովակների ստեղծման ու պահպանման մասին, որոնք նպաստում են հաղթահարելու միմյանցից հանրությունների մեկուսացումը եւ հանդիսանում են հեռանկարային խաղաղարար ռեսուրս, որը կբացվի այն պահին, երբ փոխված կլինի քաղաքական էլիտաների դիրքորոշումը, ապա խաղաղարար գործունեությունն ընդհանուր առմամբ կարելի է հաջողված համարել։

Ինչ խոսք, գոյություն ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ բնույթի բազում դժվարություններ։ Ամենահիմնական դժվարությունը քաղաքական էլիտաների բացասական վերաբերմունքն է, ինչն իրենց երկրներում ի զորու չեն հաղթահարել ոչ միայն իրենք՝ խաղաղարարները, այլեւ միջազգային դոնորները։ Այս վերաբերմունքը հետեւանք է ներքաղաքական եւ արտաքին-քաղաքական գործոնների որոշակի զուգակցման եւ, ամենայն հավանականությամբ, այն կարող է փոխվել կամ մեր երկրներում քաղաքական համակարգի փոփոխմամբ, կամ էլ մեր տարածաշրջանում ու դրա շուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետեւանքով։ Սակայն գլոբալ քաղաքական գործոններից զատ, առկա են նաեւ ավելի մասնավոր խնդիրներ, որոնք կարելի է լուծել խաղաղարար նախաձեռնություններին մասնակցող կազմակերպությունների շրջանակի ընդլայնման, հանրությունների ներսում լուսավորչական աշխատանքների ավելի բաց ու արդյունավետ ռազմավարության եւ խաղաղարար նախաձեռնությունների տեղեկատվական ապահովմամբ։

Երախտագիտության խոսքեր

Հեղինակները շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են փորձագիտական հարցազրույցներին ու ֆոկուս-խմբերին՝ Օլյա Ազատյանին, Կարեն Հակոբյանին, Աննա Հարությունյանին, Հայկակ Արշամյանին, Լալա Ասլիկյանին, Արտակ Այունցին, Արմինե Բաբաջանյանին, Գեւորգ Տեր-Գաբրիելյանին, Սեդա Գրիգորյանին, Տիգրան Զաքարյանին, Սուրեն Զոլյանին, Մարիա Կարապետյանին, Մարինե Մանուչարյանին, Բորիս Նավասարդյանին, Արմեն Օհանյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Միքայել Հովհաննիսյանին, Սարհատ Պետրոսյանին, Սուրեն Սաղաթելյանին, Մանե Թամանյանին, Մարգարիտա Թադեւոսյանին եւ մյուսներին։

 

 

Share

Comments are closed.