Համառոտ ակնարկ

Ներածություն

Հրադադարի մասին համաձայնագրի կնքումից մոտ երկու տասնամյակ անց ղարաբաղյան հիմնախնդրի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող պաշտոնական խաղաղ գործընթացն այդպես էլ չի ավարտվել կարգավորմամբ։ Ներկայումս այդ տարածաշրջանում քաղաքացիական հասարակության խմբերը փորձում են խաղաղության հեռանկարները մերձեցնել  քաղաքական բանակցություններից դուրս տարբեր մակարդակներում։ Սույն հետազոտությունն իրենից ներկայացնում է քաղաքացիական հասարակության քսանամյա խաղարարար ջանքերի հավաքական իմաստավորման նորարական փորձ։ Ուսումնասիրությունը բաղկացած է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մի հանրության շրջանակներում խաղաղարար ծրագրերում աշխատող տեղական հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ ՀԿ) ու քաղաքացիական հասարակության առաջնորդների մոտ գերակայող կարծիքները։ Դրանք միաբոլոր իրենցից ներկայացնում են հենց իր՝ խաղաղարար հանրույթի կողմից հակամարտության փոխակերպման գործում ունեցած սեփական դերի գնահատման հետահայաց պատկեր։

International Alert  կազմակերպությունը Հարավային Կովկասի հակամարտության փոխակերպմամբ զբաղվում է 1990-ականների կեսերից։ Ղարաբաղյան հակամարտության համապատկերում մենք ձգտում ենք հակամարտության տարբեր կողմերում մեծացնել հանրության ամենատարբեր հատվածների ներուժը վստահության կառուցման ոլորտում, դիտարկել հակամարտության այլընտրանքային տեքստեր եւ որոշում ընդունող անձանց շրջաններում խաղաղություն քարոզել։ Սույն հետազոտությունը, որն իրականացվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Եվրոպական գործընկերության շրջանակներում (EPNK), առաջին քայլն է մի գործընթացում, որը նպաստում է համատեղ ուսումնասիրությունների իրականացմանը եւ հանրություններում հակամարտության մասին ոչ ստանդարտ մտածողության ձեւավորմանը։ International Alert կազմակերպությունը ժողովել է հակամարտության տարածաշրջանի մի խումբ փորձագետների՝ այլ հակամարտությունների օրինակների հիման վրա համեմատական ուսուցման եւ տվյալ հակամարտության փոխակերպման վերաբերյալ նոր գաղափարներն ու կարծիքները բնակչության ամենատարբեր խմբերի հետ լայն քննարկումների խթանման նպատակով։ Որպես այս համեմատական աշխատանքի մեկնակետ, խումբը վերլուծել է քաղաքացիական հասարակության կողմից խաղաղարար ջանքերի՝ այս պահին առկա ընկալումը սեփական հակամարտության համապատկերում։ Այդ աշխատանքի արդյունքներն էլ կազմել են սույն հետազոտության հենքը։

Հետազոտության նպատակները հետեւյալն են՝

  • Հանրություններից յուրաքանչյուրի անդամներին հնարավորություն ընձեռել կանգ առնելու եւ վերլուծելու ինչպես ձեռնարկված ջանքերը, այնպես էլ հանրությունների մակարդակով քաղած դասերը՝ խաղաղության համար պայքարի 20 տարիների ընթացքում:
  • Հանրությունների միջեւ տեղեկատվություն փոխանակել խաղաղարարության ոլորտում ներդրված ջանքերի մասին, բարելավել տարբեր տեսակետների ընկալումը եւ հանրություններին օգնել բացահայտելու ընդհանուր շահերի ոլորտը:
  • Քաղաքացիական խաղաղարարության գործընթացի թերացումների բացահայտում, որպես այլ հակամարտությունների ուսումնասիրման համար հիմք։

Այդ հաշվետվություններից յուրաքանչյուրն սկսվում է ավելի քան քսան տարի իրականացվող խաղաղարար գործունեության ակնկալվող նպատակներից, որից հետո բերվում է այդ նպատակներին հասնելու արդյունավետության գնահատականը, ինչպես նաեւ այդ գործունեության ազդեցությունը քաղաքական հարթությունում եւ այդ ծրագրերի բուն մասնակիցների վրա։ Բացի դրանից, հեղինակներն ուսումնասիրում են այն արտաքին գործոնները, որոնք, հանրություների կարծիքով, ներազդել են խաղաղարար նախագծերի վրա։

Հետազոտական գործընթացը կանխամտածված էր այնպես, որ ներառվեն ամենատարբեր խմբեր, օգտագործվեն քաղաքացիական հասարակության զանազան հատվածների կարծիքների լայն համապատկերի լուսաբանման համար մասնակիցների ներգրավմամբ աշխատանքի մեթոդներ։ Փորձագետներն աշխատել են ֆոկուս խմբերի հետ եւ հարցազրույցներ են վարել քաղաքացիական հասարակության առանցքային այն ներկայացուցիչների հետ, ովքեր մասնակցել են իրենց հանրությունում տվյալ հակամարտության համապատկերում տարվող խաղաղարար աշխատանքին, ինչպես նաեւ կատարել են ընդգրկուն երկրորդային հետազոտություն։ Ավելի քան 100 մարդ է մասնակցել ֆոկուս խմբերին ու հարցազրույցներին բոլոր երեք հանրություններում։ Հետազոտությանը մասնակցել են ՀԿ-ներ, կանանց կազմակերպություններ, պատերազմի զոհերի մայրերի, փախստականների, երիտասարդ ակտիվիստների, պատերազմի վետերանների միություններ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, կրոնական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ։

Սույն հետազոտության միակ սահմանափակումը եղել է բացառապես քաղաքացիական հասարակության այն խմբերի ընդգրկումը, որոնք արդեն իսկ ներգրավվել են խաղաղարար գործունեության մեջ ու հաճախ հայտնվում են մարգինալ վիճակում, եւ որոնց համար դժվարամատչելի են հանրության լայն շերտերը։ Ուստի այստեղ ներկայացված կարծիքները կարող են եւ չարտահայտել ողջ հանրության կարծիքը, դրանք ավելի շատ արտացոլում են քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչների ներքին հայացքները, ովքեր արդեն իսկ մասնակցում են խաղաղարարությանը։

Այս ուսումնասիրությունն իրենից ներկայացնում է մի ակնթարթային հատույթ, որը թույլ է տալիս պատկերացում կազմել խաղաղարար ջանքերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության խմբերի բավականին ընդգրկուն դաշտի կարծիքների մասին։ Այն իր առջեւ նպատակ չի դնում սպառիչ բնորոշում տալ կամ խորունկ վերլուծության ենթարկել առկա խաղաղարար նախաձեռնությունները։ Հետազոտությունների տվյալները թույլ են տալիս լավագույնս պատկերացում կազմելու ավելի լայն համատեքստում իրենց իսկ աշխատանքի վերաբերյալ տեղացի գործիչների կարծիքների մասին։ Մենք գտնում ենք, որ դրանք միագումար կարող են կառուցակարգված հիշողության արժեքավոր ռեսուրս դառնալ խաղաղության կառուցման բնագավառում հետագա աշխատանքների համար։

 

Արդյունքների համառոտ շարադրանք

Յուրաքանչյուր հաշվետվություն արտացոլում է կոնկրետ հանրության կարծիքները, ուստի եւ տարբերվում է այնտեղ արտահայտված կարծիքներով ու մոտեցումներով։ Այդուհանդերձ, հարկ է նշել, որ բազմաթիվ դրույթներ նույնկերպ են ընկալվում հակամարտության կողմերում։ Դրանց կարելի է միավորել հետեւյալ խմբերում՝ խաղաղարարությունում առաջընթացի վրա ազդող գործոններ, թերություններ՝ կիրառվող մոտեցումներում եւ ձեռքբերումներ։ Ստորեւ համառոտ շարադրանքում ներկայացված են հետազոտության առանցքային ընդհանուր արդյունքները, որոնք հետագա իմաստավորման հնարավորություն են տալիս։ Մենք, հարկավ, հասկանում ենք արդյունքների համառոտ շարադրանքին հատուկ թերատությունն ու սահմանափակվածությունը, ուստի ընթերցողներին խորհուրդ ենք տալիս հանգամանորեն ծանոթանալու բուն հաշվետվություններին՝ հասու լինելու համար հավելյալ մանրամասնություններին, կարծիքներին, նրբերանգներին ու օրինակներին։

Խաղաղարարության վրա ներազդող գործոններ

  • Էլիտաների կողմից որոշումների ընդունման գործընթացում աշխարհաքաղաքական եւ արտաքին ուժերն ավելի նշանակալից դեր են խաղում, քան բնակչության երկարաժամկետ շահերը, որոնց ներկայացնում են այդ խմբերը։ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը ծառայում է էլիտաների շահերին, ինչը վատագույն դեպքում խաղաղարար օրակարգը ոչ հրատապ է դարձնում բարձրագույն մակարդակների համար։
  • Պաշտոնական եւ ոչ պաշտոնական մասնակիցների ու գործընթացների միջեւ բացակայում է երկխոսության իրական մեխանիզմը։ Պաշտոնական ինստիտուտների կողմից խաղաղ գործընթացի մենաշնորհումը հանգեցնում է քաղաքացիական հասարակության մարգինալացմանը։ Որոշ դեպքերում էլ խաղաղարարներին դիտարկում են որպես անդորրը խախտողների, նրանք քննադատության առարկա են դառնում իրենց իսկ հանրությունում։
  • Քաղաքացիական հասարակությունը թույլ է լինում հակամարտությամբ տարված յուրաքանչյուր հանրությունում, նրան ավելի ուժեղ աջակցություն է պետք այլընտրանքային մտածողության ամրապնդման եւ ավելի լայն տարածման համար։ Միեւնույն ժամանակ, «պետական ՀԿ-ների» (GONGO – a government organized non-governmental organization) ստեղծումը կազմաքանդում է քաղաքացիական հասարակության հատվածի անկախությունը եւ, մասնավորապես, խաղաղարար նախագծերի նկատմամբ վստահությունը։ Աճում է խաղաղարար ջանքերի քաղաքականացման ռիսկը։
  • Մեծ անհամաչափություն կա պատերազմի եւ դիմակայության գաղափարախոսությունում արվող ներդրումների եւ խաղաղության կառուցման համար մատչելի ռեսուրսների միջեւ։ Արդյունքում խաղաղարարներն ստիպված են լինում հաղթահարել իրենց հետ դիմակայության մեջ գտնվող ուժերի խոչընդոտները, երբեմն էլ այն տպավորությունն է ստեղծվում, որ նրանց բոլոր ձեռքբերումներն աննկատ են մնում։
  • Խաղաղարար շատ նախաձեռնություններ տարատեսակ են ու վատ համակարգված։ Միջազգային հանրության երկարատեւ նվիրվածության կամ ընդհանուր ռազմավարության բացակայությունը հանգեցնում է գործընթացի դրվագացման եւ անկայունության։ Որպես հիմնախնդիր է ներկայացված նաեւ տեղերում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների/գործիչների միջեւ համակարգման բացակայությունը,

 

Խաղաղարարության նկատմամբ կիրառվող մոտեցումներում առկա թերությունները

  • Քաղաքացիների ընդամենը ոչ մեծ թվաքանակ է ներգրավված խաղաղարար գործունեության մեջ, ինչի արդյունքում սահմանափակ է մնում հանրության ավելի լայն ընդգրկման ներուժը։ Խաղաղարարները պայքարում են հանուն հավասարակշռության պահպանման՝ բնակչության ավելի լայն ներգրավման անհրաժեշտության եւ ավելի խոր վստահության նվաճման գործընթացի ամրապնդման եւ ուժեղացման համար բավարար ժամանակ ու տարածություն հատկացնելու միջեւ, վստահություն, որը տեւական հեռանկարում դնում է կայուն փոխգործակցության հիմքը։
  • Հաճախ ծրագրերը սահմանափակված են բավականին նեղ շրջանակներով եւ չեն օգտագործում գործընթացի շրջանակներից դուրս գտնվող մարդկանց ներուժը, օրինակ՝ պաշտոնաթող դիվանագետների, սփյուռքի, բիզնեսի ներկայացուցչիների, ուսուցիչների, մշակույթի գործիչների, տեղական վարչակազմերի հնարավորությունները։
  • Ոչ բավարար ջանքեր են ներդրվել ավելի երիտասարդ սերնդի ներգրավման նկատմամբ արդյունավետ մոտեցման մշակման համար։ Այս խումբը տիրապետում է մյուս կողմի հետ փոխկապերի սոսկ աննշան փորձի եւ գտնվում է ազգայնամոլական հռետորաբանության ու ԶԼՄ-ների կողմից քարոզվող թշնամու կերպարի ավելի ուժեղ ազդեցության տակ։
  • Տարեցտարի զգալիորեն կրճատվել է ԶԼՄ-ների աշխատանքը արհեստավարժության բարձրացման, էթիկական վերաբերմունքի եւ միջսահմանային շփումների ստեղծման ուղղությամբ։ Նախկինում հաստատված կապերը եւ համատեղ նախաձեռնությունների անցկացման նկատմամբ խթանը թուլացել է։ Արհեստավարժ լրագրողների միջեւ հարաբերությունների հաստատումն առանձնակի կարեւոր  դեր ունի հակամարտությունների սրումը կանխելու գործում, քանի որ ԶԼՄ-ներն ունեն գերակայող ազգային դիսկուրսի վրա ներազդելու ներուժ եւ դրական դեր են խաղում տեղեկատվական պատերազմի ազդեցությանը հակազդելու գործում։
  • Խաղաղարար նախաձեռնությունների եւ դրանց արդյունքների մասին հանրության ցածր իրազեկվածություն։ Այդ նախաձեռնությունների մասնակիցները ռեսուրսներ ու հնարավորություններ չունեն տեղեկությունները տարածելու եւ հաղթահարելու իրենց նկատմամբ հանրության քննադատական վերաբերմունքը։
  • Խաղաղարար նախաձեռնությունները ծագում ու շարունակում են գոյություն ունենալ հիմնականում միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աջակցության շնորհիվ։ Չնայած այն հանգամանքին, որ որոշ ծրագրեր էլ երբեմն-երբեմն ծագում են տեղական խմբերի նախաձեռնությամբ, խաղաղարար գործունեությունը շարունակում է խարսխված մնալ միջազգային կազմակերպությունների աջակցության վրա, եւ նրանց օգնությունը կենսականորեն կարեւոր է մնում։

 

Խաղաղարարության շահաբաժիններն այս պահին. ընթացիկ արդյունքներ

Վերջին 20 տարիների ընթացքում խաղաղարարության հիմնախնդիրները հանգեցրել են այն բանին, որ նրա ազդեցությունը լղոզվել է, ու երբեմն շատ դժվար է լինում այն հայտնաբերել։ Սակայն սույն ուսումնասիրությունը երեւան է հանել տարբեր փորձագետների այն համոզվածությունը, որ առայսօր ծախսված ջանքերն իրենցից ներկայացնում են ներդրումներ հանրային կապիտալում, որն ապագայում կարող է օգտագործվել բանակցությունների եւ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ վստահության կառուցման, փոխզիջման ու հաշտեցման հասնելու համար։ Զեկույցում նշված կոնկրետ հաջողությունների համապատկերում սահմանվել են հետեւյալ ընդհանուր դրույթները՝

  • Հաղորդակցման ուղիներ. ծրագրերը հակամարտության բոլոր կողմերի միջեւ հաղորդակցման ուղիների ստեղծման ու պահպանման միակ եղանակն են։ Մի իրավիճակում, երբ հանրությունները լիովին մեկուսացված են միմյանցից, հակամարտության տարբեր կողմերի մարդկանց միջեւ փոխկապերը կարեւորագույն դեր են խաղում ազգային քաղաքականության մակարդակով առաջ տարվող ազգայնամոլական հռետորաբանության արմատականացվող ազդեցության նվազեցման գործում։ Դա օգնել է դանդաղեցնելու հանրությունների միջեւ խորացված թշնամության զարգացումը։
  • Ոչ քաղաքական հարթակ. խաղաղարար նախաձեռնությունների առաջարկած քաղաքացիական մասնակցության ձեւաչափերը պաշտոնական ձեւաչափերից դուրս մղված խմբերին բացառիկ հնարավորություն են տալիս սեփական ներդրումն ունենալու հակամարտության լուծման ապագա գործընթացի քննարկումներում։ Տարբեր խմբեր ներառող այդ դաշտը երկխոսության հնարավորություն է տալիս հակամարտության մեջ գտնվող ժողովուրդներին, որոնք, ի վերջո, պիտի խաղաղ գոյակցության մեխանիզմներ գտնեն, գոյակցություն, որը հանդիսանում է կայուն եւ երկարատեւ կարգավորման հենքը։
  • Անհատի փոխակերպում. խաղաղարար գործունեության  կարեւոր ձեռքբերումներից մեկը դրա մասնակիցների անձնական փոխակերպումն է։ Ներազդման այս ոլորտը դժվար է որակապես արտահայտել, եւ այն հաճախ թերագնահատվում է։ Այդուհանդերձ, այս գործընթացի երկարաժամկետ մասնակիցների մոտ ձեւավորվում է մյուս կողմի առավել խորունկ ընկալում եւ նրա նկատմամբ առավել հանդուրժողականություն: Նրանք ավելի հաստատուն են դառնում միֆերի ու կարծրատիպերի ազդեցության նկատմամբ եւ ընդունում են փոխզիջման հնարավորությունը։ Սակայն այս անձնական փոխակերպման առավելությունները չեն կարող ստացվել միջոցառումներին հանպատրաստից ու առիթից առիթ մասնակացության արդյունքում, դրանք զարգացվում ու համախմբվում են անընդհատ, տեւական աշխատանքի միջոցով։ 

Փոփոխությունների «հաղորդիչները». ավելի քան 20 տարի խաղաղարար գործընթացները հանգեցնում են քաղաքացիական հասարակության առաջնորդների մի ամբողջ կոհորտայի ի հայտ գալուն՝ այն բանի հստակ ընկալմամբ, որ փոխվստահությունն ու փոխզիջումը խաղաղության հասնելու էական տարրերն են։ Այս անձինք, ովքեր կարողացել են հարաբերություններ ստեղծել հակամարտության մյուս կողմում գտնվող մարդկանց հետ, տիրապետում են այլ կողմերի հայացքների ընկալմանը եւ երկխոսության համար առավելս բաց լինելուն էապես աջակցելու ներուժով։ Խաղաղարարության նրանց փորձը, տեսլականն ու շահագրգռվածությունը կարող են օգտագործվել խաղաղության գաղափարի առաջ մղման եւ նրանց հանրություններում փոփոխությունների արագացման համար։

Share

Comments are closed.