Հեղինակների մասին

Գեղամ Բաղդասարյանը զբաղվել է լրագրությամբ եւ քաղաքականությամբ, հանդիսանում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը, կազմակերպություն, որը 1998-ից ի վեր դարձել է Լեռնային Ղարաբաղում ազատ ԶԼՄ-ների կենտրոն։ 2004-2008 թվականներին խմբագրել է հանրաճանաչ «Դեմո» թերթը, ներկայումս «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Ավազ Հասանովը «Հումանիտար հետազոտությունների ընկերություն» ոչ կառավարական կազմակերպության տնօրենն է, որը ժողովրդավարական բարեփոխումների է ձգտում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության եւ քաղաքացիական հասարակության կառուցման գործում քաղաքացիների ավելի հետեւողական մասնակցության ապահովման ճանապարհով։ Լինելով քաղաքացիական հասարակության ամենաակտիվ գործիչներից մեկը՝ Ավազ Հասանովը նաեւ հանդիսանում է «Մարդու իրավունքներն Ադրբեջանում» հանդեսի խմբագիրը եւ հաճախակի մասնակցում է Հայաստանի իր գործընկերների հետ հանդիպում-երկխոսություններին։

Միքայել Զոլյանը պատմաբան է եւ քաղաքական վերլուծաբան, Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի կրթաթոշակառու։ Ներկայումս դասավանդում է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ աշխատում է «Երեւանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունում։ Միքայել Զոլյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է ազգայնամոլության եւ էթնիկականության հարցերը, էթնոքաղաքական հակամարտությունները, ժողովրդավարացման գործընթացները եւ հասարակական շարժումները։ Հայաստանում եւ արտասահմանում հրապարակված մի շարք հոդվածների հեղինակ է։

Մասիս Մայիլյանը Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի (FSPC) նախագահն է։ Խորհուրդը ոչ կառավարական գործընկերություն եւ վերլուծական կենտրոն է Լեռնային Ղարաբաղում։ Լինելով փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ, Մասիս Մայիլյանը մասնակցել է պաշտոնական (Track I)  բանակցություններին, ժողովրդական դիվանագիտության (Track II) համաժողովներին եւ քաղաքական փորձագետների՝ կովկասյան տարածաշրջանին ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկումներին։ Հեղինակ է ղարաբաղյան հիմնախնդրի ու տարածաշրջանային խնդիրների մասին բազմաթիվ հոդվածների ու վերլուծական զեկույցների։

Գյուլշան Փաշաեւան Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրենն է։ Նախկինում նա աշխատել է Ադրբեջանում ՄԱԿ-ի առաքելությունում, հանդիսանում էր ՅՈՒՆԻՖԵՄ-ի (այժմ՝ ՄԱԿ-Կանայք) «Կանայք հանուն Հարավային Կովկասում հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղության կառուցման» տարածաշրջանային ծրագրի (2001-2006) ազգային համակարգող, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության դեպարտամենտի աշխատակից (2007-2009)։ 1996-2001-ին Գյուլշան Փաշաեւան ղեկավարել է «Հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնը» եւ դասավանդել  Ադրբեջանի տարբեր պետական ու մասնավոր համալսարաններում։ Դոկտոր Փաշաեւան մասնագիտանում է հակամարտությունների կարգավորման եւ անվտանգության, գենդերային ու լեզվական քաղաքականության հարցերի ոլորտում։ Ավելի քան 50 հրապարակումների հեղինակ է։

Share

Comments are closed.