«Հայաստանը 5-7 տարի դեռ «թավալվելու» է իր հիմարության եւ քաղաքական թշվառության մեջ»․ Իգոր Մուրադյան

Առաջին լրատվականի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգ Իգոր Մուրադյանը։


Պարոն Մուրադյան, Իրանի շուրջ ձեւավորվում է նոր քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակ։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս այն կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, մասնավորապես՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների ջերմացման համապատկերում։

– Իրանի շուրջ նոր քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրավիճակի ձեւավորման հիմնարար պայմանը ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումն է, որին հակված է ոչ միայն ԱՄՆ վարչակազմը, այլեւ ամերիկյան իստեբլիշմենտը։ ԱՄՆ-ում կան զորավոր ուժեր, որոնք այդ միտմամբ շահագրգռված չեն, բայց նրանք հիմնականում Իսրայելի բարեկամներն են, իսկ արդի կացությունը ցույց է տվել, որ տվյալ խմբերը ԱՄՆ-ում մեկուսացման մեջ են հայտնվել, թեեւ նրանց դիրքերը նախկինի պես ամուր են։


Կան շատ լավատեսական գնահատականներ ու սպասումներ․ «նոր իրավիճակը» նախ եւ առաջ կնշանակի ԱՄՆ եւ Իրանի միջեւ սերտ գործընկերային հարաբերությունների ձեւավորում։ Դա, անտարակույս, արմատական շտկումներ կմտցնի Առաջավոր Ասիայի եւ հարակից տարածաշրջանների ահռելի տարածությունում։ Բայց հաջողությունն ինքնաբերաբար չի գալու, քանի որ Հայաստանը ձեռք է բերել խիստ անվստահելի պետության ու կասկածելի գործընկերոջ վարկանիշ։

Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը շատ կարեւոր պայման է․ այս ուղղությամբ բոլորիս մեծ աշխատանք է սպասում։ Թուրքիան եւ Ադրբեջանը հասկանում են, որ Հայաստանի միջազգային մեկուսացմանը զուգահեռ ծագում են նոր հանգամանքներ, որոնք կապված են արեւմտյան հանրության համար Իրանի կարեւորության մեծացման հետ, որն էլ կարող է հանգեցնել տարածաշրջանում Հայաստանի համար դրական գործընթացների ծավալման։

– Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է Իրանը Հայաստանի համար դառնալ արտաքին աշխարհի ուղղությամբ աշխարհաքաղաքական հնարավորություն։

– Իրանն արդի իրավիճակում միշտ եղել է Հայաստանի գոյատեւման եւ մեր երկրի դիրքերի ամրապնդման կարեւոր գործոն։ Իրանը ոչ միայն շանս, այլեւ իրական հնարավորություն է՝ նոր դիրքերի տիրանալու համար։ Նույնն ակնկալվում էր նաեւ Հայաստանի եվրաինտեգրման մասով, թեեւ բոլորս քաջ գիտենք, թե այն ինչ ավարտ է ունեցել։ Ոչ մի կասկած չկա, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրելու Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը չթույլատրելու համար՝ ներառյալ ԱՄՆ-Իրան գործընկերության գործոնը։ Միջազգային լայն իմաստով Իրանի ապաշրջափակումը նաեւ Հայաստանի ապաշրջափակման, նոր հեռանկարների եւ տնտեսական դինամիկայի ձեռքբերման կարեւոր գրավական է։

Ժամանակի ընթացքում Իրանը դառնալու է Եվրամիության եւ առաջատար եվրոպական երկրների կարեւոր տնտեսական եւ քաղաքական գործընկեր։ Այսինքն, տարածաշրջանում ձեւավորվում է Արեւմուտքի նոր ռազմավարական դաշնակից, որը զբաղեցնելու է Թուրքիայի եւ արաբական պետությունների տեղը։ Իսկ այն, որ Հայաստանն էլ ավելի է ինքնամեկուսանում՝ պարզապես անհեթեթություն է։

– Այս դեպքում ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը։  

– ԱՄՆ-ն, իհարկե, կկամենար օգտվել Իրանի հետ համագործակցությունից՝ Եվրասիայի ներքին տարածաշրջաններում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Ասիայում իր քաղաքականությունն իրականացնելու համար։ Այստեղ նկատի ունենք ծրագրավորված երկարաժամկետ նախագծեր, որոնք Վաշինգտոնում մշակվում էին ներկա ժամանակահատվածից շատ ավելի վաղ։ Վերջին տարիներին ԱՄՆ-ն դրանք փորձել է իրականացնել շիա եւ սուննի պետությունների, ավելի ճիշտ՝ այդ պետությունների բլոկների հետ։ Բայց իրավիճակը փոխվել է, քանի որ սուննի աշխարհը չի դրսեւորել բավարար չափով միավորվելու ունակություն, իսկ շիա պետություններն ու համայնքները բավականաչափ պատրաստ են ռազմաքաղաքական բլոկի ձեւավորումն ընկալելու համար։

ԱՄՆ-ում հասկացել են, որ տվյալ փուլում հենց շիա բլոկը կարող է տարածաշրջանային քաղաքականության մեջ նախընտրելի գործընկեր դառնալ։ Ինչպես տեսնում ենք, անգամ ռազմավարությունները ենթակա են ուժեղ դինամիկայի, վերաձեւումների ու շտկումների։ Այս իրավիճակում շատ կարեւոր է հասկանալ, որ ԱՄՆ-ի եւ Իրանի հակառակորդներից մեկն է դարձել Թուրքիան, իսկ դա կարող է անդրադառնալ նաեւ Թուրքիայի գործընկեր պետությունների վրա։ Դա ինքնին հնարավորություն է ռուս-թուրքական համաձայնությունների եւ դավադրության ճիրաններից դուրս պրծնելու համար։ Ցավոք, առկա են մեծ կասկածներ, որ Հայաստանը կկարողանա օգտվել այս նոր հնարավորություններից։ Սա հավուր պատշաճի խոսք չէ, սա իրականության բավականաչափ սթափ ըմբռնումն է․ հայ քաղաքական վերնախավը կորցրել է կամքի ուժն ու մոտալուտ աղետի զգացողությունը։

– Արդյո՞ք Հայաստանը կարող է իրանական գազի համար դառնալ տարանցիկ երկիր։ Վերջին հաշվով՝ գոյություն ունեն Թուրքիայի հետ մրցակցային հնարավորություններ։ 

– Մինչ օրս արեւմտյան պետություններն ու խոշոր ընկերությունները դիտարկում են իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու երկու՝  Հայաստան -Վրաստան -Սեւ ծով -Ռումինիա եւ Հարավային Իրաք -Սիրիա -Միջերկրական ծով տարբերակները։  Արեւմուտքն Իրանի պես ոգեւորված չէ իրանական գազը Թուրքիայի տարածքով տարանցելու հեռանկարից։ Իրանն էլ չէր կամենա օգտվել ադրբեջանական երթուղուց։ Սակայն, տեղի է ունեցել աշխարհագրա-տնտեսական եզրաձեւի վերիմաստավորում, քանի որ արեւմտյան հանրությունը կորցրել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը։ Դրա հետեւանքով Հարավային Կովկասում Արեւմուտքի առանցքային գործընկերը դարձել է Ադրբեջանը։ Այդ իսկ պատճառով հնարավոր է, որ Արեւմուտքը համառելու է Իրանից Եվրոպա գազատարն Ադրբեջանի տարածքով անցկացնելու տարբերակի վրա։ Հայաստանը պետք է մոռանա այդ ոչ վաղ անցյալում եղած հնարավորության մասին։ Այս կամ այն կերպ տվյալ նախագիծը սկսելու են իրականացնել 5-7 տարի անց, իսկ այդ ընթացքում Հայաստանը «թավալվելու» է իր հիմարության եւ քաղաքական թշվառության մեջ։

Մարիամ Գրիգորյան

Աղբյուրը՝ http://www.1in.am/rus/armenia_interview_40043.html

 

Share

Comments are closed.