«Արեւելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր, որը Հայաստանում արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը: Ինչպես հաղորդել էր «Ազատություն» ռ/կ-ն, այդ փաստաթուղթը բաղկացած է 20 կետերից: Իրականում փաստաթուղթը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արեւելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»:

Բրյուսելյան մեր գործընկերները մեզ տրամադրեցին այս փաստաթղթի պաշտոնական, սակայն աշխատանքային տարբերակը, որը բավական հետաքրքրական է եւ, ըստ էության, ուրվագծում է Եվրոպայի քաղաքականությունը Եվրամիությունից արեւելք ընկած երկրների առնչությամբ: Այն բավական ուշագրավ կետեր է պարունակում՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, բացի այդ, հատկանշական է` անվտանգության եւ էներգետիկ ոլորտներում Արեւելյան գործընկերության երկրներին Եվրամիության աջակցության առումով:

«20 կետերը» հաստատվել են 2014 թ. փերվարի 6-ին եւ քննարկվել փետրվարի 10-ին` Եվրոպական միության խորհրդի նիստում, սակայն պաշտոնապես չեն հրապարակվել: Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես 2009 թվականից մասնակցում է ԵՄ-ի Արեւելյան գործընկերություն ծրագրին, ծրագրի մյուս անդամներն են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը եւ Բելառուսը:

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Լիտվայի մայրաքաղաքում գումարվեց Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը, որտեղ Հայաստանը, Վրաստանը եւ Մոլդովան պետք է նախաստորագրեին, իսկ Ուկրաինան` ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերը, սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին, ինչից հետո Ասոցացման պայմանագրի նախաստորագրման գործընթացն, ըստ էության, կասեցվեց:

Ասոցացման պայմանագրի ստորագրման գործըթնացը վիլնյուսյան գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ սառեցրեց նաեւ Ուկրաինայի կառավարությունը: Միայն Մոլդովան եւ Վրաստանը Վիլնյուսում ԵՄ-ի հետ նախաստորագրեցին սույն համաձայնագիրը: Նկատենք, որ փաստաթղթում ընդամենը մեկ կետ է վերաբերում կոնկրետ Հայաստանին: Դրա համաձայն` ԵՄ-ն պատրաստվում է համագործակցության նոր, տարբերակված համաձայնագիր մշակել Հայաստանի հետ:

Եվրոպական փաստաթուղթը, որը հաստատել են ԵՄ անդամ 13 պետությունները` Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան, Սլովակիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան, ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Արեւելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»
Ուժեղացնել տեսլականը 

 1. Ավելացնել աջակցությունը Արեւելյան գործընկեր երկրներում այնպիսի ծրագրով, ինչպիսին «Միասին ավելի ուժեղ ենք»-ն է` հատկապես տարածելով տեղեկություններ Արեւելյան գործընկերության (այսուհետ` ԱԳ,- խմբ.) մասին եւ պատասխանելով ապատեղեկատվությանը` այդ թվում հանրային դիվանագիտության փորձագետների միջոցով:

2. Բացատրել Ասոցացման/ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի եւ Արեւելյան գործընկերությանը մասնակցելու տնտեսական եւ այլ շահերը: Օժանդակել ու առաջ քաշել այն ուսումնասիրությունները, որոնք բացատրում են ԱԳ-ից երկարաժամկետ հեռանկարում ստացվելիք օգուտները, այդ թվում` բացատրել դրանց հնարավոր ազդեցությունը Ռուսաստանի եւ Մաքսային/Եվրասիական տնտեսական միության վրա, եւ հերքել կորուստների մասին չհիմնավորված հայտարարությունները:

3. Ավելացնել շփումներն ԱԳ երկրների հասարակությունների բոլոր խավերի հետ` այցելությունների, սեմինարների միջոցով, ցանկալի է ներգրավել նաեւ նրանց, ովքեր դեռեւս համոզված չեն ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների դեպքում օգուտների մեջ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազգային փոքրամասնությունների եւ հեռավոր շրջանների վրա:

 

Կարգավորել եւ ընդլայնել համագործակցությունը

4. Պահպանել ԱԳ հայեցակարգն ու առաջարկը, միաժամանակ շարունակել խրախուսել բարեփոխումները` հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունները եւ հանգամանքները:

5. Արագացնել այն ընթացակարգերը, որոնք թույլ կտան Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման/ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերը ստորագրել որքան հնարավոր է շուտ` 2014 թ. օգոստոսից ոչ ուշ, աջակցել այս գործընկերներին` Ասոցացման/ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի ժամանակավոր կիրառման գործընթացում:

6. Խրախուսել ԱԳ-ի առաջատար երկրներին` կիրառելով «ավելին` ավելիի դիմաց» հայեցակարգը` այդ թվում` կարեւորելով ԵՄ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորումը` գոյություն ունեցող գործիքների եւ այժմյան երկարամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում:

7. Բացի Ասոցացման/ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերից` սկսել քննարկել, այսպես կոչված, «Եվրոպական փաթեթը», որը կենտրոնանում է տեղաշարժի, վիզաների, ուսանողների փոխանակման, ինչպես նաեւ Եվրոպական միության համայնքային ծրագրերում եւ գործակալությունների աշխատանքում Արեւելյան գործընկերության երկրների ավելի շատ մասնակցության վրա:

8. Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ` զարգացնել Միասնական տնտեսական տարածքի մոդել, որը կնպաստի նաեւ երկարաժամկետ նպատակին` ավելի լայն միասնական տնտեսական տարածքի բարեկեցությանը, ինչպես նշված է Վիլնյուսյան հռչակագրում:

9. Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիր +») ԱԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար:

10. Ավելացնել քաղաքական երկխոսությունը գործընկեր երկրների հետ` ավելի լայն խնդիրների հետ կապված, ինչպիսին, ի թիվս այլոց, ավելի լայն հարեւանությունն է, եւ ուսումնասիրել անվտանգության քաղաքականության դաշտում համագործակցության հնարավորությունները` ներառելով Արտաքին գործերի խորհրդի եզրակացություններն Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության (CSDP) վերաբերյալ:

11. Մշակել բազմակողմանի ձեւաչափ` ԱԳ-ի համար, ապահովել նախարարների մակարդակով հանդիպումների պարբերականությունը:

 

Աջակցել գործընկեր երկրների զարգացմանը

12. Երաշխավորել, որ ԵՄ-ից բարձր մակարդակի այցեր կլինեն Մոլդովա եւ Վրաստան` Ասոցացման/ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի` շուտ ստորագրման վերաբերյալ հստակ հավաստիացումներով:

13. Շարունակել շփումներն Ուկրաինայի հետ լայն քաղաքական օրակարգով եւ կարգավորել ԵՄ քաղաքականությունը` Ուկրաինայում զարգացումների լույսի ներքո:

14. Մոլդովայի համար պատրաստել հստակ, լավ կազմակերպված եւ անվտանգ առանց վիզաների ռեժիմ:

15. Օգնել գործընկեր երկրներին` նվազեցնելու էներգետիկ կախվածությունը եւ բարելավել մրցակցունակությունը` օրինակ, վերջերս ընդլայնված` Արեւելյան Եվրոպայի հետ Էներգետիկ արդյունավետության եւ շրջակա միջավայրի համագործակցության ծրագրի (E5P) միջոցով:

16. Կիրառել ԵՄ ներկայիս գործիքները` ԱԳ երկրներում քաղաքացիական հասարակություններին եւ արմատական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցելու նպատակով:

17. Ռուսաստանի հետ սկսել հանգամանալից, բաց եւ անկեղծ երկխոսություն` Եվրոպային ինտեգրվելու հարցերի շուրջ: Միեւնույն ժամանակ, ընդգծել, որ ԱԳ երկրների նկատմամբ Ռուսաստանի պատժիչ եւ սպառնալից գործելակերպն անընդունելի է:

18. Բարձրացնել պատրաստության մակարդակը, որպեսզի հետագայում հնարավոր լինի դիմակայել ԱԳ առաջատարների նկատմամբ ներքին եւ արտաքին այնպիսի վտանգներին կամ գործողություններին, ինչպիսիք են առեւտրային էմբարգոները, ներգաղթյալների սահմանափակումները, հակամարտությունների գոտում լարվածության ավելացումը եւ այլն: Այսպիսի հնարավոր գործողություններին ԵՄ-ի համակարգված պատասխանը չափազանց կարեւոր է:

19. Ոչ պաշտոնական կապերի միջոցով, ինչպես նաեւ դրական ուշադրությամբ եւ մոտ ապագայում կայանալիք միջոցառումների (Բելառուս` Հոկեյի աշխարհի առաջնություն, Ադրբեջան` նախագահություն Եվրոպայի խորհրդում, 2014-ի մայիս-նոյեմբեր) օգնությամբ Ադրբեջանին եւ Բելառուսին համոզել, որպեսզի դրական քայլեր կատարեն քաղաքական բանտարկյալների խնդրի ուղղությամբ, որպեսզի կարողանան բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

20. Մեծացնել ԵՄ-ի դերակատարությունը երկարաձգվող հակամարտությունների կարգավորման գործում, այդ թվում` ԵՄ-ի կարեւոր խաղացողների մշակված համաձայնության միջոցով: Ասոցացման/Խորը ու համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի իրականացումն օգտագործել Քիշնեւի/Թբիլիսիի հարաբերություններն այդ երկրների անջատողական շրջանների հետ կապերն ամրապնդելու համար, ինչպես նաեւ մշակել խթաններ փոխադարձ շփման համար:

Աղբյուրը՝  http://168.am/2014/02/13/329315.html

 

Share

Comments are closed.