ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եկամուտները

Հանուն կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ մեխանիզմների ստեղծման եւ հասարակության վստահության ապահովման

Հայկ Ղազարյան
Լրագրող
Ստեփանակերտ

Դեկտեմբերին «Անալիտիկոնը» ԼՂՀ Հարկային պետական ծառայություն հարցում է կատարել երկրի նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետի, նախարարների եւ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքը (այսուհետեւ՝ տեղեկանք) ստանալու նպատակով:

Երկար ժամանակ լրագրողներին մերժվում էր ստանալ տեղեկանքը, քանի որ այն տրամադրվում է «ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «տեղեկանքը տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում ստացած մամուլի միջոցներին՝ վերջիններիս ներկայացրած անվանական հայտերի հիման վրա՝ հայտերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:

Օրենքի նպատակն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումը»: [1]

Այս օրենքն արդեն հնացած է Հայաստանում, որի փոխարեն գործում է «Հանրային ծառայության մասին» օրենքը: Ինչ որ է, «ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի համաձայն՝ հայտարատու են նաեւ իշխանության մարմինների փոխկապակցված անձինք (ամուսինը, համատեղ ապրող ծնողները, համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակները): Պաշտոնյաները հայտարատու են նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող հինգ տարիների ընթացքում, իսկ իրենց փոխկապակցված անձինք՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող երկու տարվա ընթացքում: Հայտարարագրման ենթակա գույք են բանկերում կամ ֆինանսավարկային կազմակերպություններում ունեցած հաշիվներում եղած գումարները, որոնք տեղեկանքում չեն նշվում։

Հայաստանում, օրինակ, լրատվամիջոցներին տրամադրում են տեղեկություններ հանձնված եւ վերադարձված փոխառությունների եւ ունեցած դրամական միջոցների մասին («Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք) [2]:

ԼՂՀ կառավարության տարեվերջյան նիստերից մեկում հայտարարվեց, որ 2014 թվականին հարկային մարմնի կայքում կտեղադրվեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքները: [3]

«Անալիտիկոնի» ստացած տեղեկանքներում բացակայում են ԼՂՀ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի վերաբերյալ տեղեկությունները, քանի որ նրանք պաշտոնները ստանձնել են 2013 թվականին:

Ձեզ ենք ներկայացնում անվանական հայտերում նշված ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների 2012 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների հիման վրա կազմված տեղեկանքները:

Ըստ տեղեկանքի՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին է պատկանում (պաշտոնավարման ժամանակաշրջանը՝ 07.09 2007 թվականից) 257.54 քառակուսի մետր չափով 1 բնակելի շինություն: 2012 թվականի նրա բոլոր եկամուտները կազմել են 4 598 800 դրամ, ուղիղ այնքան, ինչքան աշխատավարձը (եւ դրան հավասարեցված այլ վճարումներ):

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին (14. 09 2007) պատկանում է 68.0 քառակուսի մետր չափով բնակելի շինություն, հասարակական/արտադրական (եւ այլ) 4 շինություն (821.2 քառ. մետր), 1 տնամերձ (190.22 քառ. մետր) եւ 1 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (120.8 հա): Արայիկ Հարությունյանի 2012 թվականի եկամուտները կազմել են 101 704 000 դրամ, որից 3 600 000 դրամը նրա աշխատավարձն էր:

ԼՂՀ Հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանն (01.10 2007) ունի 2 բնակելի շինություն (673.5 քառ. մ), 1 տնամերձ (0.2 հա) եւ 1 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (0.08 հա): Արտակ Բալայանին է պատկանում 1989 թ. թողարկման «ՎԱԶ-21061» փոխադրամիջոցը: Նրա 2012 թվականի եկամուտները կազմել են 10 925 000 դրամ, որից 8 745 000-ը աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումներն էին:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին (10.06 2010) պատկանում է 1 բնակելի շինություն (44.9 քառ. մ): Նրա եկամուտներն են 3 622 607 դրամ, ուղիղ այնքան, ինչքան աշխատավարձը:

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն (22.09.2012) ունի 2 բնակելի շինություն (467.0 քառ. մ), երկու տնամերձ (1.078 հա) եւ մեկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (1 հա): Աղաբեկյանին է պատկանում երկու փոխադրամիջոց՝ 2008 թվականի թողարկման Տոյոտա LL 200 եւ 2011 թվականի թողարկման Տոյոտա Հայլանդեր: Նրա ընդհանուր եկամուտները կազմել են 68 345 000 դրամ, որից 845 000 դրամն աշխատավարձն էր:

Տեղեկանքի համաձայն՝ ԼՂՀ Առողջապահության նախարար Զոյա Լազարյանն (22.09. 2012) ոչ մի գույք չունի, միայն աշխատավարձն է նշված՝ 3 304 346 դրամ:

ԼՂՀ Ազգային անվտանգության տնօրեն Վիկտոր Քոչարյանն (18.06. 2007) ունի 2 հատ բնակելի շինություն (120.7 քառ. մ) եւ աշխատավարձից բացի ոչ մի այլ եկամուտ՝ 11 106 864 դրամ:

ԼՂՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն (24.10. 2012) ունի 2 բնակելի շինություն (155.05 քառ. մ) եւ աշխատավարձից բացի ոչ մի այլ եկամուտ՝ 2 800 000 դրամ:

ԼՂՀ Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանին (2012 թվականից: Ներկայումս Արտադրական ենթակառուցվածքների նախարարն է) պատկանում է 2 բնակելի շինություն (238 քառ. մ), 2 տնամերձ հողամաս (0.3 հա) եւ մեկ գյուղատնտեսական նշանակության հողամաս (3 հա): Ղահրամանյանն աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 3 519 211 դրամ:

ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին (22.09.2012)պատկանում է 1 բնակելի շինություն (104 քառ. մ): Աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 785 400 դրամ:

ԼՂՀ Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանին (28.10.2011) պատկանում է 2 բնակելի շինություն (293.43 քառ. մ), 1 հասարակական/արտադրական շինություն (86.32 քառ. մ) եւ չորս գյուղատնտեսական հողամաս (0.214 հա): Նրա եկամուտները կազմել են 4 748 725 դրամ, որից 4 148 725 դրամն աշխատավարձն է եղել:

ԼՂՀ Կրթության նախարար Սլավիկ Ասրյանին (22.09.2012) պատկանում է մեկ բնակելի շինություն (61.44), 1 տնամերձ (0.88 հա), 1 գյուղատնտեսական (0.34) եւ 1 ոչ գյուղատնտեսական նշանակության (0.161 հա) հողամաս: Նրա եկամուտները կազմել են 3 066 040 դրամ, որից 2 776 040 դրամը Ասրյանի աշխատավարձն էր:

ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին (15.06.2009) պատկանում է 1 բնակելի շինություն (104.01 քառ. մ), 1 հասարակական/արտադրական շինություն (55.99 քառ. մ) եւ 1 ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս (0.002 հա): Նրա եկամուտները կազմել են 3 219 095 դրամ, որից 2 969 095 դրամն աշխատավարձն էր:

ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին (11.05.2007) պատկանում է 1 բնակելի շինություն (536.36 քառ. մ), 1 հասարակական/արտադրական շինություն (128.4 քառ. մ) եւ 1 տնամերձ հողամաս(0.18 հա): Մովսես Հակոբյանն աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 7 704 736 դրամ:

ԼՂՀ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին (16.07.2010) պատկանում է 1 բնակելի շինություն (270.7 քառ.մ) եւ 2 տնամերձ հողամաս (0.270 հա): Շահրամանյանն աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 3 341 343 դրամ:

ԼՂՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանին (1999 թվականից) պատկանում է 2 բնակելի շինություն (317.3) եւ 1 տնամերձ հողամաս (1.5 հա): Աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 5 702 824 դրամ:

ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանման վարչության պետ Սերգեյ Շահվերդյանին (2008) պատկանում է 3 բնակելի շինություն (241 քառ. մ) եւ 1 հասարակական/արտադրական շինություն (64.2 քառ. մ): Շահվերդյանը նաեւ ունի 1990 թվականի թողարկման «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենա: Նրա եկամուտները կազմել են 2 858 000 դրամ, որից 2 708 000 դրամն աշխատավարձն էր:

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանին (22.09.2012) պատկանում է 2 բնակելի շինություն (191 քառ. մ) եւ մեկ գյուղատնտեսական հողամաս (2.2 հա): Նրա եկամուտները կազմել են 13 106 000 դրամ, որից 3 106 000-ը աշխատավարձն էր:

ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանին (27.12.2007) պատկանում է 1 բնակելի (97.6 քառ. մ) եւ 1 հասարակական/արտադրական շինություն (24.0 քառ. մ): 2012 թվականին նրա ընդհանուր եկամուտները կազմել են 5 904 032 դրամ, որից 5 791 232-ը աշխատավարձն էր:

ԼՂՀ Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանին (24.09.2012) պատկանում է 1 բնակելի շինություն (160 քառ. մ) եւ 1 հասարակական/արտադրական շինություն (150 քառ. մ): Կասյանն աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 2 875 000 դրամ:

ԼՂՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանին (2011-ից) պատկանում է 2 բնակելի շինություն (253 քառ. մ), մեկ տնամերձ (1 հա) եւ մեկ գյուղատնտեսական նշանակության հողամաս (3.5 հա): Սողոմոնյանի եկամուտները կազմել են 9 084 000 դրամ, որից 2 640 000 դրամն աշխատավարձն էր:

ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանին է պատկանում 1 բնակելի շինություն (49.4 քառ. մ) եւ մեկ տնամերձ հողամաս (0.18 հա): Սուրեն Խաչատրյանի եկամուտները կազմել են 3 876 000 դրամ, որից 2 640 000 դրամն աշխատավարձ էր:

ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանին (09.06.2010) պատկանում է 2 բնակելի շինություն (370 քառ. մ): Նրա եկամուտները կազմել են 3561 971 դրամ, որից 2 601 971 դրամն աշխատավարձ էր:

ԼՂՀ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանին (26.09.2012) պատկանում է 1 բնակելի շինություն (86 քառ. մ) եւ 1 հասարակական/արտադրական հողամաս (39.7 քառ. մ): Նրա ընդհանուր եկամուտները կազմել են 4 292 000 դրամ, որից 2 660 000 դրամն աշխատավարձն էր:

ԼՂՀ Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանին (08.11.2008) պատկանում է 2 բնակելի շինություն (125.1 քառ. մ): Վիտալի Դանիելյանն աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 2 860 000 դրամ:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին (18.10.2011) պատկանում է 1 բնակելի շինություն (515 քառ. մ) եւ 1 տնամերձ հողամաս (0.2 հա): Աշխատավարձից բացի քաղաքապետն այլ եկամուտներ չի ունեցել՝ 3 000 000 դրամ:

ԼՂՀ ԿԱ Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանի (22.09.2012, ներկայումս՝ ԼՂՀ վարչապետի խորհրդական) տեղեկանքում ոչ մի գույք նշված չէ: Վազգեն Միքայելյանն աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել՝ 2 523 432 դրամ:

Ստացվում է, որ նշված 27 պաշտոնյաներից 2012 թվականին ամենամեծ եկամուտները ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանինն էին՝ 101 704 000 դրամ: Հաջորդը փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն է՝ 68 345 000 դրամ, երրորդը՝ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը՝ 13 106 000:

2012 թվականի կտրվածքով ամենաբարձր աշխատավարձերն (եւ դրան հավասարեցված այլ վճարումներ) ունեին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը (11 106 864 դրամ), ԼՂՀ Հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը (8 745 000) եւ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը (7 704 736):

Տեղեկանքում նշված պաշտոնյաներից միայն Արթուր Աղաբեկյանը, Արտակ Բալայանը ու Սերգեյ Շահվերդյանն ունեն փոխադրամիջոցներ:

1. http://nkrcadastre.am/?p=187
2. http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=2731
3. http://www.karabakh-open.info/hy/societyam/6445-am3147

 

Share

Comments are closed.