«Դեմ եմ»

Շարժում՝ ընդդեմ կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի

Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազատ լրագրող
Երեւան 

2014 թվականի հունվարից Հայաստանում գործարկվեց երեք տարի առաջ ընդունված` բարեփոխված կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչը, որի դեմ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից քաղաքացիական բողոքի ալիք էր ձեւավորվել՝ այս տարվա սկզբին վերածվելով «Դեմ եմ» անվանումով հզոր հասարակական շարժման:

Քաղաքացիական լայն զանգվածներ բողոքում են համակարգում ընդգրկված 5 տոկոս պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ, որով գանձված գումարները տնօրինելու են մասնավոր ընկերություններ՝ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) հսկողությամբ:

«Մարդն իր աշխատավարձը մինչեւ վերջին կոպեկն ամբողջությամբ բաշխում է ըստ իր կարիքների եւ պատրաստ չէ  դրանից 5 տոկոս եւս վճարել,- ասում է «Դեմ եմ»  խմբի ակտիվիստ, ինժեներ Հայկ Ավետիսյանը,- այս օրենքով մարդկանց՝ առանց այդ էլ սոցիալական վատ վիճակն ավելի է վատանում»:

Մինչ այս բարեփոխումները Հայաստանում գործում էր Սովետական Միությունից ժառանգություն մնացած բաշխողական համակարգը, որը հիմնված էր սերունդների համերաշխության սկզբունքի վրա եւ հաշվարկվում էր ըստ թոշակառուի ստաժի: Մասնագետների ներկայացմամբ՝ այս համակարգը կենսունակ է այն դեպքում, երբ մեկ կենսաթոշակառուին կերակրելու համար աշխատում է մոտավորապես 7 քաղաքացի: Սակայն բարձր միգրացիայի եւ ցածր ծնելիության մակարդակի պատճառով կենսաթոշակառուի եւ աշխատող մարդկանց հարաբերակցությունը նորանկախ հանրապետության ձեւավորումից ի վեր շեշտակի անկում ապրեց՝ 2013 թվականին հասնելով գրեթե 1/1-ի:

2014թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է մոտ 520 հազար կենսաթոշակառու, իսկ եկամտահարկ վճարող զբաղված քաղաքացիների թիվը մոտավորապես 500 հազար է:

«Մենք ընտրեցինք կենսաթոշակային այս համակարգին անցնելու որոշումը, որովհետեւ այլընտրանք ուղղակի չունեինք»,- նախորդ տարեվերջյան ասուլիսում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն ասում է, որ 2008թ. հավաքագրված սոցապվճարները կազմել են 105 մլրդ դրամ, իսկ վճարված կենսաթոշակները՝ 153 մլրդ դրամ: «Այսինքն՝ կենսաթոշակային ֆոնդում առկա էր 48 մլրդ դրամի դեֆիցիտ, որը 2012թ. դարձավ արդեն  67 մլրդ դրամ»,- մեկնաբանում է նա:

Այս խնդիրը լուծելու համար կառավարությունը 2003թ. սկսած մշակում էր ոլորտի բարեփոխումների փաթեթ, որը մի քանի տարի մշակվելուց եւ ընդդիմության կողմից սուր քննադատությունների ենթարկվելով հանդերձ՝ երեք ընթերցում անցնելուց հետո 2010թ. դեկտեմբերին ընդունվեց եւ հաստատվեց Ազգային ժողովի կողմից: Օրենքի տարբեր դրույթներ ուժի մեջ մտան տարբեր ժամանակահատվածներում:

 

Պարտադիր կուտակային բաղադրիչ եւ մասնավոր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ

Նոր օրենքով սոցապվճարները միացվեցին եկամտահարկին՝ ներկայացվելով մեկ միասնական եկամտահարկով: Այս հարկի դրույքաչափը կազմում է 24-26 տոկոս մինչեւ 120 հազար դրամ եւ դրանից բարձր աշխատավարձ ունենալու դեպքում:

Բացի այս եկամտահարկից, որը գործում է բոլորի համար, կա պարտադիր բաղադրիչ, որը տարածվում է միայն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների վրա: Դրա համաձայն՝ քաղաքացիների այդ խումբը պարտավոր է իր եկամտից վճարել եւս 5%, որը գնալու է նրանց անձնական հաշիվներին: Որպեսզի պետությունը քաղաքացուն շահագրգռի անելու այդ ներդրումը, իր կողմից քաղաքացու հաշվին ավելացնում է 5%: Մինչեւ 1974թ. ծնված անձանց թոշակները վճարվելու է նախկին համերաշխության սկզբունքով:

Սոցիալական բարդ պայմաններում մարդիկ դեմ են 5% լրացուցիչ մասհանմանը: Բացի այդ, մարդկանց մոտ պետության նկատմամբ վստահություն չկա, եւ քաղաքացին, որ այս բարեփոխման արդյունքը կզգա 40 տարի հետո, չի հավատում դրա ապագային:

Տնտեսագետ Սամվել Ավագյանը մոտավոր հաշվարկ է կատարել ու ասում է, որ 1974թ. ծնված քաղաքացին, որ այսօրվանից վճարելու է 5 տոկոս իր եկամտից՝ թոշակի անցնելուց հետո  կստանա իր աշխատավարձի 40 տոկոսի չափով եկամուտ: Մասնավորապես, 200 000 դրամ (մոտ 400 դոլար) աշխատավարձի դեպքում նա 40 տարի հետո կստանա մոտ 80 000 դրամ թոշակ: Այսօր բազային թոշակը 14000 դրամ է, իսկ միջին թոշակը 2014թ. կկազմի 36 000 դրամ:

«Սակայն սա շատ կոպիտ հաշվարկ է ու կախված է նաեւ գնաճից ու նրանից, թե կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներն ինչքան փող կավելացնեն»,- մեկնաբանում է Ավագյանը:

Ամբողջ հարցն այն է, որ այդ 5% գումարը քաղաքացին ներդնում է մասնավոր կենսաթոշակային ֆոնդերում, որոնք պետք է բավարարեն օրենքով սահմանված պահանջները: Իսկ վերահսկելու է պետությունը՝ ԿԲ-ի միջոցով:

Կառավարությունը բազմիցս նշել է, որ պետության մասնակցությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը համարվում են ամենաբարձր վարչական ծախսեր ունեցող ֆոնդեր եւ, հետեւաբար, երկարաժամկետ կտրվածքում էապես նվազեցնում են քաղաքացու կուտակումները:

«Բացի այդ, տվյալ դեպքում ռիսկ կա, որ ֆոնդերի ներդրումները կծառայեցվեն կառավարության սոցիալական եւ քաղաքական նպատակներին,- ասում է Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետի տեղակալ Արման Ջհանգիրյանը,- այդ պատճառով նպատակահարմար է այն հանձնել պրոֆեսիոնալ մասնավոր կառավարիչների, որոնք այդ ոլորտում ունեն տարիների կուտակած փորձ եւ միջազգային հեղինակություն»:

Այդ ֆոնդի կառավարիչները ներկայացնում են ավստրիական՝ “C-QUADRAT INVESTMENT AG”-ն՝ 6 մլրդ ԱՄՆ դոլար ակտիվներով եւ ներկայացված աշխարհի 17 երկրներում եւ ֆրանսիական՝ “AMUNDI ASSET MANAGEMENT” ընկերությունը՝ մոտավորապես 1 տրլն ԱՄՆ դոլար ակտիվներով եւ ներկայացված աշխարհի շուրջ 30 երկներում:

Սակայն ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, ով մշտապես պայքարել է այս օրենքի ընդունման դեմ, ասում է, որ երկրում սոցիալական կյանքի պատասխանատուն պետությունն է, եւ  նա չպետք է այդ պատասխանատվությունից իրեն զերծ պահի, ինչպիսի գերհզոր ընկերություններ էլ որ դրանք լինեն:

«Որովհետեւ ստացվում է, որ մասնավոր սեկտորն ավելի լավ է կառավարելու ու տնօրինելու  այդ ակտիվները,- մեկնաբանում է նա,- եւ ստացվում է, որ մենք նսեմացնում ենք մեր պետական ինստիտուտները»:

Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր ֆոնդի կառավարիչ պետք է ունենա երեք տեսակի ֆոնդ, որոնք տարբերվում են ռիսկայնության աստիճանով` հավասարակշռված, պահպանողական եւ կայուն: Աշխատողն իր ընտրությամբ կարող է կենսաթոշակային վճարը կատարել այս երեքից որեւէ մեկում: Ընտրությունից կախված` նրա թոշակի չափը կավելանա, բայց տարբեր կարող է լինել ռիսկի աստիճանը:

Ինժեներ Հայկ Ավետիսյանն ասում է, որ մարդիկ միանշանակ համոզված են, որ այդ փողերը նրանք երբեք հետ չեն ստանալու:

«Որովհետեւ մեր տնտեսության վիճակը շատ անկայուն է, բացի դրանից Հայաստանից մի քանի անգամ զարգացած երկներում անգամ այդ փորձը չի հաջողվել,- ասում է նա,- կենսաթոշակային բարեփոխումներ պիտի լինեն, որովհետեւ այսօրվա թոշակը քիչ է, բայց այդ անվան տակ փորձում են մարդկանցից ինչքան հնարավոր է փող խլել»:

Օրենքը նախատեսում է, որ ֆոնդի կառավարիչը պարտավոր է այս գումարների 60 տոկոսը ներդնել Հայաստանի տնտեսությունում, իսկ 40 տոկոսը՝ ցանկության դեպքում՝ Հայաստանից դուրս: Այս պայմանը օրենսդրական փաթեթի նախնական քննարկումների ժամանակ չկար եւ մտցվել է ընդդիմադիր ՀՅԴ-ի պահանջով եւ այն մտավախությամբ, որ կառավարությունն այս օրենքով մտադրություն ունի այդ գումարները Հայաստանից դուրս հանելու:

«Սակայն այդ գումարները տեղաբաշխվելու են ֆինանսական շուկաներում, եւ այդ 60 տոկոսը կարող է ներդրվել որեւէ ներդրումային ընկերությունում, որն իր ակտիվները կձեւավորի Հայաստանից դուրս,- ասում է Մինասյանը,- այսինքն՝ նորից կստացվի դրամի արտահոսք երկրից»:

Հետաքրքիր է նշել, որ հունվարի 16-ի դրությամբ մոտավորապես 1400 քաղաքացի էին ընտրություն կատարել, սակայն դրանից մոտ տասն օր հետո կառավարությունը հայտարարեց, որ մոտավորապես 10 հազար քաղաքացի կատարել է կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն:

Օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը տարածվում է շուրջ 250 հազար զբաղված մարդկանց վրա, որը Հայաստանի աշխատուժի մոտ 25 տոկոսն է: Մնացածը դուրս են մնում այս համակարգից, այդ թվում՝ մոտ 500 հազար գյուղացիներ եւ օրենքով սահմանված այլ կատեգորիայի պատկանող անձինք:

Կան որոշ գործատուներ, որոնք որոշել են ավելորդ հարկային բեռն իրենց աշխատողների վրայից վերցնել՝ այսպիսով բարձրացնելով նրանց աշխատավարձերը: Հայտնի են մոտ 30 ընկերություններ, որոնք հիմնականում հեռահաղորդակցության եւ ՏՏ ոլորտից են:

Սակայն ինժեներ Հայկ Ավետիսյանը կարծում է, որ եթե գործատուն իր աշխատողի աշխատավարձը փոխհատուցում է, այդ դեպքում ինքն անուղղակի ձեւով հարկ է մուծում, որը Հայաստանի նման հարկային դաշտ ունեցող իրավիճակում տանելու է դեպի տնտեսական ճգնաժամի:

«Զարգացող երկրներում պիտի հարկերը քչացնեն, որպեսզի բիզնեսը զարգանա, իսկ մեզ մոտ հակառակն է լինում,- մեկնաբանում է նա։ Եթե գործատուն բարձրացնում է աշխատողի աշխատավարձը, նա պիտի իր արտադրանքի գներն էլ բարձրացնի, որպեսզի կարողանա վճարել ավելորդ գումարը, իսկ դա բերելու է տխուր իրավիճակի»:

 

Օրենքի թերություններն ու առավելությունները

Որպես օրենքի առավելություն որոշ տնտեսագետներ ընդգծում են «երկար փողերի» առկայությունը, որոնք կարող են աշխուժացնել տնտեսությունը: Ավելին, կառավարության հիմնական ակնկալիքներից մեկն այս գումարների միջոցով ներքին ֆինանսական շուկայի խթանումն է, որը Հայաստանում գործնականում գոյություն չունի:

Այս ֆոնդերում հավաքված գումարը տարեկան կտրվածքով կազմելու է մոտավորապես 150 մլն դոլար, որը, տնտեսագետ Ավագյանի կարծիքով, հաջող ներդրումների դեպքում կարող է Հայաստանի ՀՆԱ-ի վրա 2-3% անուղղակի ազդեցություն ապահովել:

Սակայն օրենքի լուրջ թերություններից մեկն, ըստ Ավագյանի, այն է, որ այն տարածվում է մինչեւ 1974թ. հունվարի 1-ը ծնվածների վրա, ով արդեն ունի մոտավորապես 20 տարվա աշխատանքային փորձ:

«Ստացվում է, որ նախորդ աշխատանքային ստաժը «ջուրն է ընկնում» եւ այդ մարդու հաջորդ  20-30 տարվա կուտակված գումարը համադրելի չէ 45 տարում կուտակվածի հետ,- պարզաբանում է նա։- Էստոնիայում, օրինակ, 2002թ. ներդնելով պարտադիր կուտակայինը՝ այն տարածեցին միայն 19 տարեկանների ու հաջորդ սերունդների վրա, որպեսզի չվնասեն արդեն աշխատանքային ստաժ ունեցողներին»:

Իսկ Արծվիկ Մինասյանն ասում է, որ այս համակարգի ռիսկերը գալիս են ֆինանսական շուկաներից, իսկ 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ հսկայական ֆոնդեր փլուզվեցին:

«Կենսաթոշակային ֆոնդերը չի կարելի թողնել ֆինանսական շուկաների հայեցողությանը,- գտնում է նա,- բացի այդ՝ կարծրացած հայկական աշխատաշուկայի վրա դնել նման բեռ՝ նշանակում է փակել նոր եւ ճկուն աշխատատեղեր ստեղծելու հնարավորությունը»:

Մեկ այլ խնդիր է նաեւ այն, որ քաղաքացիները չունեն համապատասխան ֆինանսական գիտելիքներ, թե որ ֆոնդի կառավարչին ընտրեն կամ ինչպիսի ֆոնդում ներդնեն իրենց գումարները: Այս հարցում քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու համար ԱՄՆ ՄԶԳ-ն հատկացրել է 149 հազար դոլար՝ համակարգային աշխատանք տանելու եւ մարդկանց գիտելիքներ տալու համար:

 

Օրենքը վիճարկվում է Սահմանադրական դատարանում

Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին ԱԺ չորս՝ Ժառանգություն, Ազգային կոնգրես, Դաշնակցություն եւ Բարգավաճ Հայաստան խմբակցությունները խորհրդարանին առաջարկեցին համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու մասին նախագիծ, որը քվեարկության արդյունքում մերժվեց խորհրդարանական մեծամասնության՝ իշխող Հանրապետական կուսակցության կողմից: Նրան միացավ նաեւ Օրինաց երկիր կուսակցությունը:

Օրինագիծը մերժելուց հետո չորս խմբակցությունները դիմեցին դատարան՝ օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու հայցով:

Մինչ Սահմանադրական դատարանը որոշում կկայացներ՝ «Դեմ եմ» շարժումը քանիցս բողոքի բազմահազարանոց ցույցեր կազմակերպեց, այդ թվում՝ ավտոերթեր: Հետաքրիքր է նշել, որ ի տարբերություն այլ հետընտրական բնույթի հանրահավաքների՝ որոշ գործատուներ խրախուսում են իրենց աշխատողներին հանրահավաքներին մասնակցելու համար, իսկ ֆեյսբուքյան խմբում այս հարցերն ակտիվորեն քննարկվում են մոտավորապես 28000 անդամ ունեցող խմբում, ինչը բավական եզակի երեւույթ է վերջին շրջանում նկատված քաղաքացիական շարժումների շրջանում:

«Դեմ եմ» շարժմանն են միանում քաղաքացիական հոծ խմբեր նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներից եւ Ֆեյսբուքում նույնիսկ տեղական խմբեր են ձեւավորվել՝ «ԴԵՄ եմ Կապան», «Դեմ եմ Ալավերդի» եւ այլն: Հայաստանի 4-ամյա քաղաքացիական նախաձեռնությունների պայքարում սա այն եզակի դեպքերից է, երբ շարժումը դուրս է գալիս մայրաքաղաքից՝ տարածվելով դեպի մարզեր:

Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին հրապարակեց իր որոշումը, որով կասեցնում է օրենքի երկու դրույթներ, որոնք, ի դեպ,  «Դեմ եմ»–ը չի վիճարկում: Ըստ այս որոշման՝ մինչեւ մարտի 28-ը քաղաքացիները չեն ենթարկվի տույժ-տուգանքի, եթե չեն կատարել իրենց պարտադիր 5 տոկոս մասհանումը, ինչպես նաեւ դեռեւս պարտավոր չեն ընտրել ֆոնդի կառավարիչ:

Դատարանի այս որոշումը մեծ խնդիր է հարուցել գործատուների համար, քանի որ արդեն հունվար ամսվա հաշվետվություն ներկայացնելիս նրանք չեն կարողանում կատարել իրենց հարկային պարտավորությունները՝ բաց թողնված տողը լրացնելու համար:

Հայցի մասին վերջնական որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի մարտի 28-ին:

Share

Comments are closed.