«Ռումբ» Էրդողանի համար

Այն պայթեցվել է ճիշտ ժամանակին եւ պատեհ տեղում

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Անկարա

Ճիշտ է այն ասացվածքը, որը պնդում է, թե «որքան խորանում ես անտառի մեջ, այնքան շատանում է փայտը․․․»։ Չէ՞ որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը զգուշացրել է վարչապետին հենց այդ վտանգի մասին տառացիորեն օրեր առաջ, երբ Էրդողանը հայտարարել է, որ այսպես կոչված «զուգահեռ պետությունը» գաղտնալսում էր ոչ միայն իրեն, այլեւ պետության ղեկավարին եւ թուրքական խորհրդարանի նախագահին։ Մեծ հաշվով՝ Գյուլը զգուշացրել է Էրդողանին Ֆեթուլա Գյուլենի ղեկավարած «նուրչուլարների» շարժման հետ քաղաքական առճակատման վտանգավոր հետեւանքների մասին։ Չէ՞ որ, մեծ հաշվով, յուրային մարդիկ են, էլ ինչո՞ւ աղբը խրճիթից հանել։

Էրդողանը չի անսացել։ Նա որոշել է, որ իշխանության լծակներն օգտագործելով ի վիճակի է հաշվեհարդար տեսնել ինչպես «Հիզմեթի» առաջնորդի, այնպես էլ «կոռուպցիոն հետաքննության» հետ։ Սակայն․․․

Դատախազությունը դիմել է Թուրքիայի Մեծ Ազգային ժողովին՝ Էրդողանի կողմից պաշտոնանկ եղած չորս նախարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Սակայն այս հայցերը ոչ մի կերպ խորհրդարան չեն հասնում։ Սկզբում դրանք «լռվել» են արդարադատության նախարարությունում։ Մեկ ու կես ամիս անց արդարադատությունը «հիշել» է, որ դատախազությունը պարտավոր է դրանք անմիջապես խորհրդարան ուղարկել եւ հայցերը վերադարձրել է դատախազությանը։

Եվ ահա արդեն երկու ամիս է, ինչ հայցերը կրկին «լռվել» են դատախազությունից խորհրդարան ընկած ճանապարհին։

Հաստատվում են այն մասին պնդումները, թե խոսքը ոչ թե չորս, այլ առնվազն վեց նախարարների մասին է։

Առաջատար ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Ղըլըչըդարօղլուն պատգամավորներին է ներկայացրել ընդամենը մեկ նախկին նախարարի վերաբերվող մեղադրական հայց։

ԺՀԿ առաջնորդը հայտնել է, որ Թուրքիայի խոշորագույն մեդիահոլդինգներից մեկի՝ Sabah-ATV-ի առուծախի եւ փրկության գողծողությունը ղեկավարել է անձամբ վարչապետը։ Չար լեզուները պնդում են, որ տվյալ պահին մեդիահոլդինգի սեփականատերերից մեկը վարչապետի որդի Բիլալ Էրդողանն է։

Ղըլըչըդարօղլուն, հիմնվելով իբր իր ունեցած նախաքննության տվյալների վրա, պնդում է, որ մեդիահոլդինգի «փրկության» ծրագրի իրականացումը վստահվել է տրանսպորտի, նավագնացության եւհաղորդակցությունների նախկին նախարար Բինալի Յըլդըրըմին, որը ներկայումս Իզմիրում քաղաքապետի թեկնածու  է առաջադրվել իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (ԱԶԿ) կողմից։ Հիշեցնենք, որ Իզմիրը Թուրքիայի խոշորագույն քաղաքներից եւ ընդդիմության գլխավոր հենակետերից մեկն է։

Ծրագիրը շատ պարզ էր։ Թուրքիայի խոշորագույն ձեռներեցներից Մեհմեդ Չենգիզին, Ջելալ Քոլօղլուին, Նիհաթ Օզդեմիրին եւ Իբրահիմ Չեչենին ու եւս չորս հոգու «խնդրել» են «խոսքի ազատության փրկության» համար միջոցներ հատկացնել՝ յուրաքանչյուրից 100 միլիոն դոլար, այն էլ՝ կանխիկ։ Իբրահիմ Չեչենը պատրաստ էր հատկացնել անգամ 150 միլիոն՝ Ստամբուլում երրորդ միջազգային օդանավակայանի շինարարության մրցույթում իր հաղթանակի երաշխավորման դիմաց։

Ութ ձեռներեցներից հավաքել են 630 միլիոն դոլար։ Նրանցից ոմանք ագահ են գտնվել՝ «թուրքական ժողովրդավարության օգտին» հատկացնելով ընդամենը 30 միլիոն։

Ձեռներեցների առատաձեռնությունը շռայլորեն փոխհատուցվել է, թեեւ՝ պետության հաշվին։ Նրանք շահել են շուրջ 40 միլիարդ դոլար կազմող պետական մրցույթը։

Եվ դրանից հետո վարչապետը մեղադրում է Գյուլենին, պնդելով, որ այս ամենի հետեւում իբր նշմարվում է վերջինիս ստվերը։ Գյուլենն, իբր, իր կողմնակիցների օգնությամբ ծրագրում է պետական իշխանության զավթում՝ կոռուպցիոն սկանդալով կառավարության տապալումն իրականացնելու միջոցով։

Այդ ծրագրի իրականացման ճանապարհին առաջին քայլն էր «Մեծ կաշառք» աղմկահարույց հակակոռուպցիոն գործողությունը, որը հանգեցրել է վարչապետի շրջապատի անձանց եւ անգամ ընտանիքի անդամների հետ կապված մի շարք աղաղակող չարաշահումների մասին տեղեկությունների հրապարակայնացմանը։ Ի պատասխան՝ իշխանությունը սկսել է դատաիրավական մարմինների մաքրազտումը։

Հիշյալ կոռուպցիոն սկանդալների եւ դրանց հնարավոր հետեւանքների առնչությամբ կա մի քանի դիրքորոշում։ Նախ՝ Էրդողանի կողմնակիցները փորձում են չշեշտադրել գործի փաստական կողմը։ Նրանց պնդմամբ՝ սա ոչ թե կոռուպցիոն հետաքննությունն է, այլ՝ Թուրքիայի դատաիրավական համակարգում կենտրոնացված ուժի միջոցով օրինական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձ։

Հետեւաբար, այս սկանդալը իշխող քաղաքական կուսակցության համար ոչ մի բացասական քաղաքական հետեւանք չի ունենա։ Այսինքն, ԱԶԿ օգտին տրված ձայները չեն պակասի։

Երկրորդ՝ Գյուլենի կողմնակիցներն, ընդհակառակը, փորձում են ոչ մի կերպ չարձագանքել գործի քաղաքական բաղադրիչին՝ շեշտադրելով դրա մեջ առկա կոռուպցիոն տարրերը։

Բնական է, որ նրանք մերժում են դատաիրավական համակարգում «զուգահեռ պետություն» ստեղծելու վերաբերյալ մեղադրանքները։

Եվ, ի վերջո, երրորդ, ըստ իս, տեղի ունեցող իրադարձություններին ավելի իրատեսական գնահատականը տալիս է ավանդական ընդդիմությունը։ Նախ՝ գոյություն ունի գործի փաստական կողմը՝ կոռուպցիոն սկանդալը։ Երկրորդ՝ Գյուլենի կողմնակիցներն, անտարակույս, վերեւից եկած հրամանով «պայթեցրին ռումբը», Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելը ձախողելու համար։ Ավանդական ընդդիմությունն իրական է համարում դատաիրավական համակարգում քաղաքական նպատակներ հետապնդող կառույցի առկայությունը, որը վերոնշյալ «ռումբը» ճիշտ տեղում եւ պատեհ ժամանակին է պայթեցրել՝ Էրդողանի համար կենսականորեն կարեւոր տեղական ինքնակառավարման մարմինների եւ նախագահական ընտրությունների նախաշեմին։ Եւ երրորդ՝ այդ սկանդալները բացասական լուրջ հետեւանքներ կունենան իշխող ԱԶԿ-ի համար, ինչն էլ անպայման արտացոլվելու է կայանալիք ընտրությունների սպասվող արդյունքներում։

Փորձենք պարզել, թե որն է իրականությունը։ Ստորեւ մենք կքննենք մի սոցիալական հարցման արդյունքները, որոնք ցուցադրել են երկրում իշխող ԱԶԿ կուսակցության ժողովրդականության ցուցանիշների անկումը։

Թուրքիայի 42 նահանգներում 3038 հոգու շրջանում Veritas ընկերության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ ԱԶԿ աջակցության մակարդակը նվազել է՝ կազմելով 36,4%՝ ի տարբերություն 2011թ․ ազգային ընտրություններում արձանագրված համարյա 50% ցուցանիշի։ ԱԶԿ աջակցման արդի մակարդակը նույնպես զիջում է 2009թ․ ՏԻՄ ընտրություններում արձանագրված  38% ցուցանիշին։1

Հազիվ թե այս առանձին վերցված հարցման հիման վրա կարելի լինի հեռագնա եզրակացություններ անել։ Թուրքիայում այս օրերին անցկացվում են բազմաթիվ հարցումներ, որոնք հաճախ արձանագրում են տրամագծորեն հակառակ արդյունքներ։ Օրինակ, ըստ այլ հարցումների՝ ԱԶԿ-ն վայելում է ընտրողների ավելի քան 50%-ի աջակցությունը։

Վերջերս հրապարակվել են բոլորովին ոչ ընդդիմամետ Կադիր Խաս համալսարանի հետազոտության արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների համարյա 40%-ն իրեն «պահպանողական» է համարում (2011թ․ այսպես ինքնաբնութագրվել է հարցվածների 33,2, իսկ 2012թ․՝ 37,3%-ը)։ Դիտվում է  պահպանողական ընտրազանգվածի ակնհայտ աճ, որը հանդիսանում է հենց ԱԶԿ պես կուսակցությունների սոցիալական հենքը։ Ընդհանուր առմամբ, բնակչության ընդամենը 20%-ն է իրեն «քեմալական-հանրապետական» համարում։ Բնակչության համարյա 52%-ն իրեն «թյուրք» է համարում, իսկ 9%-ը՝ «քուրդ»։2

Ընդ որում, ընտրազանգվածի մեջ քաղաքական-գաղափարախոսական տարաձայնությունները երկրորդ պլան են մղվել։ Հարցվածների համարյա 30%-ը գործազրկությունը համարում է Թուրքիայի գլխավոր խնդիրը։  29%-ը տնտեսության վիճակն, ընդհանուր առմամբ, խնդրահարույց է գնահատում։ Առաջին անգամ երրորդ հորիզոնականում է հայտնվել կոռուպցիան՝ հարցվածների 15%։ Եվ միայն բնակչության 5%-ն է Թուրքիայի ամենամեծ խնդիրը կրկին ահաբեկչության մեջ տեսնում, մինչդեռ 2012թ․ բնակչության 27,4%-ն էր ահաբեկչությունը դիտում Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկը՝ այդ ժամանակ խնդրին հատկացնելով երկրորդ հորիզոնականը։

Բնակչության ավելի քան 33%-ը դրական է գնահատում կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ 2012թ․  31, 5 % ցուցանիշի դիմաց։ Միաժամանակ, ավելի կարեւոր է այն, որ հարցվածների գրեթե 50%-ը Էրդողանի տնտեսական քաղականությունը ձախողված է համարում․ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 42% էր։ Այսինքն, անցած տարվա համեմատ կառավարության օգտին արձանագրված «աճը» մեկ տոկոսի սահմանում էր, իսկ կորուստը՝ 8%-ի։

Կառավարության քաղաքականությունը դրական է համարվում ահաբեկչության դեմ մղվող պայքարում։ Բնակչության ավելի քան 40%-ը կարծում է, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել քաղաքական միջոցներով։ 2012թ․ այդպես էր կարծում ընդամենը 26%-ը։

Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել հետեւյալի վրա․ ողջ 2012թ․ ընթացքում համարյա ողջ Թուրքիայի տարածքով ընթանում էր հակաահաբեկչական պատերազմ։ Միայն 2012թ․ վերջում հնարավոր դարձավ հրադադար հաստատել։ 2013թ․ կառավարական զորքերի ու Քրդական բանվորական կուսակցության զինյալների միջեւ ակտիվ ռազմական գործողություններ չեն ընթացել։ Ընդհանուր առմամբ, կողմերը նախընտրում են հրադադար պահպանել։

Այդ իսկ պատճառով տվյալ խնդրի հանդեպ հասարակության հետաքրքրության նվազումը միանգամայն բացատրելի է։ Եթե վաղը վերսկսվեն ռազմական գործողություններն ու ահաբեկչությունները, ապա կարելի է հարյուր տոկոսով համոզված լինել, որ սույն խնդրի ուժային հանգուցալուծման կողմնակիցների թիվը կրկին 50%-ից պակաս չի լինի։.

Այժմ անցնենք վճռորոշ մասին։ Փորձենք պարզել, թե ինչպես է այս ընդհանուր պատկերն ազդում առաջատար քաղաքական գործիչների եւ կուսակցությունների հեռանկարների վրա։ 2012թ․ ԱԶԿ «արդյունավետության գործակցի» գնահատումը համարյա 39%-ի էր հասնում․ այժմ այն 35, 6% է։ Ընդ որում, ներկայումս ընտրողների գրեթե 47%-ը ԱԶԿ  քաղաքականությունն անարդյունավետ է համարում․ 2012թ․ այդ կարծիքին էր բնակչության 38%-ը։ Այսինքն, ԱԶԿ կորուստները կազմել են 10%, ինչն իշխող կուսակցության համար մտահոգիչ ցուցանիշ է։

Ընկնում է նաեւ անձամբ Էրդողանի վարկանիշը․ այսօր նրան արդյունավետ գործիչ է դիտում բնակչության ընդամենը 38,7%-ը՝ 2012թ․ 42,4%-ի դիմաց։ 10%-ով աճել է նաեւ այն մարդկանց թիվը, ովքեր նրան անարդյունավետ են համարում որպես կուսակցության ղեկավար՝ 46,8 %՝ 2012թ․ 35,9%-ի դիմաց։

Որքան էլ զարմանալի լինի՝ աճել է նաեւ բնակչության հակակրանքը գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հանդեպ․ դժգոհների հարաբերակցությունն այժմ ավելի բարձր է՝ 64,4%՝ 2012թ․ արձանագրված 57,5% ցուցանիշի համեմատությամբ։

Հետազոտման արդյունքները վկայում են իշխող կուսակցության քաղաքականության եւ անձամբ Էրդողանի նկատմամբ բնակչության տածած լուրջ դժգոհության մասին, որը չի կարող լրջորեն չանդրադառնալ կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ԱԶԿ արդյունքների վրա, իսկ այդ ընտրություններն, իրենց հերթին, ճակատագրական կլինեն Թուրքիայի նախագահի հիմնական թեկնածուների որոշման համար։

1.http://regnum.ru/news/1762153.html
2.http://www.cnnturk.com/haber/turkiye/yolsuzluk-turkiyenin-en-onemli-sorunlari-arasina-girdi

 

 

Share

Comments are closed.