Վստահության կառուցումը ղարաբաղյան հակամարտությունում. ի՞նչ կհետեւի դրան

Լոուրենս ԲՐՈԵՐՍ
«Հաշտության պաշարներ»
(CR) կազմակերպության կովկասյան ծրագրերի աշխատակից
Լոնդոն 

2013թ. նոյեմբերին Կովկասյան Հրատարակությունում  (Caucasus Edition) լույս տեսած հոդվածում կարծիք եմ արտահայտել, որ պետք է ընդլայնել ղարաբաղյան խաղաղ գործընթացի շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները։ Այս հոդվածում ես կկամենայի ամրապնդել այս տեսակետը հնարավոր ամենատարբեր խաղաղարար նախաձեռնությունների մասին դատողություններով։

Ես առանձնացնում եմ անվտանգության եւ տնտեսական համագործակցության ոլորտներին, անդրսահմանային այցելություններին, խորհրդանշական, կրթական, «առանձին» կամ «արտաքին» համայնքներին, ինչպես նաեւ համատարածաշրջանային նախաձեռնություններին առնչվող գաղափարների յոթ խմբեր։

Խաղաղարար նախաձեռնությունների կամ վստահության կառուցման միջոցների քննարկումը սովորաբար բախվում է «ինչի՞ց սկսել» կամ «ո՞ւմ ներառել» պատնեշ-հարցերից։ Ադրբեջանը հետեւողականորեն դեմ է ադրբեջանական հողերի զավթումն ամրացնելու եւ խորացնելու ունակ նախաձեռնություններին։ Սովորաբար միայն այն ժամանակ, երբ այդ նախաձեռնություններն առաջ են քաշում հակամարտության իռեդենտիստական վերլուծություն կամ Ղարաբաղի հայերին ու ադրբեջանցիներին՝ որպես իրավահավասար համայնքներ դիտելու մոտեցում, դրանք խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից։

Հայերը, հատկապես Ղարաբաղում եւ շփման գծին (ՇԳ) մերձ շրջաններում, սովորաբար ավելի բաց են վստահության կառուցման միջոցների նկատմամբ, որոնք շահավետ են դիտվում Լեռնային Ղարաբաղում դե-ֆակտո պետության օրինավորեցման ու առաջխաղացման տեսանկյունից։ Սակայն Ղարաբաղի բնակչության հայկական եւ ադրբեջանական հատվածների հավասարություն ենթադրող նախաձեռնությունները նրանց համար մերժելի են։

Մտածելով ապագայի մասին՝ կարելի է քննել երեք առաջարկություններ։ Վստահության միջոցների եւ դրանց նպատակի հայկական եւ ադրբեջանական ըմբռնման փոխակերպումն ինքնին կարող է առաջընթաց դիտվել։ Վստահության կառուցման նկատմամբ հակամարտության կողմերի վերաբերմունքն այսօր ամենաթշնամականը, գործիքակազմով հագեցածն ու զրոյական գումարովն է, քան երբեւէ։ Դրա համար էլ անհրաժեշտ է վստահության կառուցման միջոցների նշանակության եւ օգտավետության վճռական ու հետեւողական սատարումը դիվանագիտական մակարդակում։

Երկրորդ՝ բազում «նոր» նախաձեռնություններ կամ գաղափարներ իրականում նոր չեն. դրանք պարզապես կախակայված էին, այնպես որ հարկ է վերադառնալ դրանց։ Խաղաղարարության համար քաղաքական միջավայրը ներկայումս նվազ շահավետ է, քան հինգ տարի առաջ եւ շատ ավելի անբարենպաստ է, քան 1998-2001թթ. ժամանակահատվածում, երբ հայերի ու ադրբեջանցիների միջեւ վստահության կառուցման միջոցները գտնվում էին իրենց բարձրակետում։

Երրորդ՝ տարբեր նախաձեռնությունների գծով թեպետեւ սահմանափակ առաջընթացն ավելի կարեւոր է երկարաժամկետ փոփոխության համար, քան որոշ միանվագ աղմկահարույց իրադարձություններ կամ «հաջողված պատմություններ»։ Այդպիսիք գործնականում կարող են ավելի վնասակար լինել։

Անվտանգության ոլորտի նախաձեռնություններ

Իրադրությունը շփման գծի /ՇԳ/ երկայնքով իրավիճակը բարդացնող  ամենալուրջ սպառնալիքներից է։ Վերջին տարիներին շփման գծում գրանցվում են տարեկան 30-40 մահեր. հրադադարի խախտման, զորքերի տեղաշարժի եւ զինված ընդհարումների մասին նորությունները շահագրգիռ հասարակություններում ամրապնդում են վտանգի զգացումը, ինչն ընդգծվել է 2014թ. հունվարին վերսկսված հրադադարի աճող խախտումներով եւ մի քանի զոհերով։ Այնուամենայնիվ,  գոյություն ունեն մի շարք բոլորովին ոչ նոր մոտեցումներ, որոնք կարող են նվազեցնել շփման գծում առկա լարվածությունը եւ չկանխամտածված սրացման վտանգները։ Նախորդ մերժումները չպետք է բացառեն այդպիսի միջոցառումների վերսկսմանն ուղղված աշխատանքը։ Ուշագրավ է «Saferworld» միջազգային ոչ կառավարական կազմակերպության զեկույցը, որում մանրամասն քննության են առնվում հայ-ադրբեջանական դե-յուրե սահմանի երկայնքով լարվածության նվազեցմանը միտված մի շարք հնարավոր նախաձեռնություններ, որոնք հաջողվելու դեպքում կարող են վերարտադրվել նաեւ դե-ֆակտո սահմանի երկայնքով։

Սխալ ըմբռնումն ու անհասկանալի վարքագիծը հատկապես վտանգավոր են խիստ ռազմականացված շփման գծի համատեքստում։ Ոչ համարժեք գործողությունները կանխելու համար անհրաժեշտ խողովակներն ապահովելու նպատակով պետք է ստեղծվեն «թեժ գծեր»՝ հայ-ադրբեջանական դե-ֆակտո եւ դե-յուրե սահմաններում գտնվող հրամանատարների միջեւ։ Այսպիսի «թեժ գիծը» կարող է հաստատվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ։ Պետք է քննել եւ ուսումնասիրել համայնքների վաղ իրազեկման համակարգերի հնարավորությունները։

Դեսպան Կասպշիկը եւ հինգ դիտորդներից կազմված նրա փոքր թիմն ունեն շատ սահմանափակ մանդատ՝ շփման գծի մշտադիտարկումն իրականացնելու համար։ Ավելի լայն ու լիազորված, ավելի հաճախ եւ առանց նախազգուշացման այցեր կատարող մշտադիտարկման առաքելությունը կարող է պատվաստել այն պատկերացումը, որ միջազգային հանրությունն իսկապես մտահոգ է հրադադարի խախտումների բացառմամբ, որոնց համար պատասխանատվությունը դրված է զինված ուժերի վրա։ Ժամանակի ընթացքում մանդատի ամրապնդումը կարող է վերաճել նախադեպերի հետաքննության միասնական մեխանիզմի, որը կնպաստի հակամարտության կողմերի մոտ համագործակցության եւ պատասխանատվության իրական զգացում ձեւավորելուն։

Բացի դրանից, անհայտ կորածների հարցով հակամարտող կողմերի հանձնաժողովները մի քանի տարի իրար չեն հանդիպել, մինչդեռ այս ձեւաչափի վերականգնումը տեղեկությունների փոխանակման, շփման գծի շրջանում աճյունների ինքնության հաստատման եւ առանձին միջադեպերի ժամանակ հաղորդակցվելու համար պետք է դառնա առաջնահերթային։

 

Տնտեսական նախաձեռնություններ

Պաշարների (ջուր) համատեղ օգտագործման եւ առեւտրային շփումների ու փոխգործակցության աշխուժացմանն ուղղված տնտեսական տրամաբանությամբ նախաձեռնությունները հաճախ առաջ են տարվում որպես վստահության կառուցման յուրօրինակ «գործառութային» միջոցներ։ Թերեւս ավելի իրական է պաշարների համատեղ օգտագործման եւ պահպանման հիմնարար նախագծերի մեկնարկը, քան հայ-ադրբեջանական առեւտրի աշխուժացման միջոցառումները, քանի որ կենսունակ լինելու համար այդ նախագծերը պետք է ունենան հստակ տնտեսական տրամաբանություն։

Հյուսիսային Ղարաբաղում Թարթառ գետով դեպի արեւմտյան Ադրբեջանի դաշտերն ուղղվող ջրային հոսքերն արգելակվելու դեպքում լարվածություն են ստեղծում, իսկ համատեղ օգտագործման պարագայում՝ համագործակցության ներուժ։ Խնդիրն այն է, որ Թարթառի ջրերը հոսում են հայերի կողմից վերահսկվող շրջաններից դեպի ներքեւ՝ ադրբեջանցիների կողմից վերահսկվող շրջանները։ Նախկինում՝ (2000-2001թթ.) այնտեղ իրականացվել են ջրի համատեղ օգտագործման մի քանի նախաձեռնություններ, որոնք կարող են վերսկսվել։

Գոյություն ունեն համագործակցության զարգացման այլ հնարավորություններ գործառութային մյուս հարցերում, օրինակ՝ անտառային հրդեհների վերահսկողություն, վնասատուների (դաշտային մկներ, մորեխ եւ այլն) դեմ պայքար, վարակիչ հիվանդությունների եւ համաճարակների (թռչնագրիպ, դաբաղ) կանխարգելում եւ այլն։ Կողմերը կարող են պայմանավորվել նաեւ հայ-ադրբեջանական պաշտոնական սահմանը կամ ռազմաճակատի գիծը հատող անասունները միմյանց վերադարձնելու հարցում։ Այսպիսի նախաձեռնությունների համար անհրաժեշտ է քաղաքական սատարում՝ համապատասխան տեղի պետական պաշտոնյաների միջեւ ազատ համագործակցության համար կանաչ լույս ապահովելու համար։

Ի հեճուկս հաճախ լսվող այն ենթադրությունների, թե տնտեսական խթանները կարող են նպաստել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ վստահության ամրապնդմանը, գործնականում դրանք նվազ ակներեւ են։ Նախ՝ այդօրինակ դատողությունները հաճախ ենթադրում են կոռուպցիայից եւ օլիգարխիկ հետաքրքրություններից զերծ շուկաներում ապրանքների անարգել շրջանառություն։ Այդ ազատությունը չկա ո՛չ Հայաստանում, եւ ո՛չ էլ Ադրբեջանում։ Փակ սահմանները կոնկրետ տնտեսական վերնախավերի եւ մենաշնորհատերերի մոտ ստեղծել են շահատենչություն։ Հզոր խաղացողները չեն ցանկանում հրաժարվել մենաշնորհներից, իսկ առեւտրային օգտի մասին մտածող փոքր վաճառականների ազդեցությունը շատ թույլ է։

Երկրորդ՝ այս հակամարտության մեջ առաջնահերթային նշանակություն ունեն խորհրդանիշների եւ անվտանգության հարցերը, եւ քիչ հիմքեր կան ենթադրելու, որ տնտեսական հիմնավորումը կարող է գերազանցել հիշյալ գործոնները։ Տնտեսական բնույթի խթաններ ընդգծող խաղաղարար փաստարկները կողմերի համար նախկինում համոզիչ չեն եղել, թեեւ  երբ այսպիսի փաստարկներն ամրապնդում են եւ ոչ թե պարզապես նախորդում քաղաքական խթաններին, դրանք հարկ է լիովին խրախուսել։

«International Alert» ոչ կառավարական կազմակերպությունը քաղաքացիական հասարակության նախաձեռնություններից մեկում աջակցել է առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների համատեղ արտադրությանը «Ձեռներեցություն եւ հակամարտություն» ծրագրի շրջանակներում։ Այդ աշխատանքի ընթացքում հաջողվել է հակամարտության կողմերի միջեւ գործընկերային հարաբերություններ հաստատել՝ որոշ ապրանքատեսակների արտադրությունը հնարավոր դարձնելու համար։ Այն ըստ հնարավորության առաջացրել է նաեւ ինովացիոն ձեւաչափեր, որոնցում հակամարտող կողմերի գործընկերները միասնաբար էին ներկայացնում իրենց արտադրանքը։ Այս փորձը խաղաղության տնտեսական խթանման ավելի արդյունավետ ցուցադրումն էր, քան շատ տեսական ուսումնասիրություններ։

Անդրսահմանային նախաձեռնություններ

Վստահության ամրապնդման միջոցների մեծամասնությունն, իհարկե, անդրսահմանային է, բայց ես այստեղ այդ եզրույթն առանձին եմ օգտագործում՝ հատուկ նախաձեռնությունների շրջանակներում իրենց սահմաններից դուրս մեկնող հայերի եւ ադրբեջանցիների համար։ Փոխայցելությունները կանոնավոր բնույթ էին կրում 1990-ականների վերջերին եւ 2000-ականների սկզբներին, սակայն 2003 թվականից ի վեր դրանք մեծամասամբ դադարեցվել էին։  Բացառություն են կազմում ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-Բյուլ օղլուի կազմակերպած «մտավորականների խմբերի» երկու այցերը։ Այդ այցերը լայնորեն լուսաբանվել են մամուլում, բայց կայուն գործընթացի մաս չեն դարձել եւ շարունակություն չեն ունեցել։ Վերջին տարիներին շատ քչերն են սահմանը հատում։ Անդրսահմանային պարբերական այցերի վերականգնումը կարող է անգամ բեկումնային դառնալ, եթե ամեն ինչ արվի պատշաճ նրբանկատությամբ։ Այսպիսի նախաձեռնությունները հայ եւ ադրբեջանցի դիվանագետների ու կառավարությունների կողմից որոշակի սատարման կարիք ունեն, թեեւ նրանք վերջին տարիներին հետեւողականորեն դիմադրում էին ոչ կառավարական կազմակերպություններից հնչող համապատասխան առաջարկություններին։

Անդրսահմանային այցերն, այնուամենայնիվ, որոգայթներով են լի։ Այցերը պետք է ծրագրվեն եւ ներկայացվեն որպես շարք՝ «մտավորականների խմբերի» այցն ուղեկցած «միանվագության բարդույթը» եւ չափազանցված ճնշում/սպասումը նվազեցնելու համար։ Յուրաքանչյուր նմանօրինակ նախաձեռնություն պետք է լինի գործընթաց, այլ ոչ թե իրադարձություն։ Այցերի շարք կազմակերպելու որոշման դեպքում կազմակերպիչներն առանց ավելորդ աղմուկի պետք է սկսեն միջին-ավագ պաշտոնատար անձանցից կամ տեխնիկական փորձագետներից՝ փակ ճանաչողական հանդիպումներին մասնակցելու համար։ Նախաձեռնության մյուս շերտը բարձր մակարդակի քաղաքական գործիչներից տնային պայմաններում հարցազրույց վերցնող լրագրողների փոխայցերի գաղափարն է։ Շվեյցարական «CIMERA» կազմակերպության նախաձեռնած այդօրինակ փոխանակումներ եղել են 1998-1999թթ.։ Յուրաքանչյուր այսպիսի խումբ պետք է իր կազմում ունենա չեզոքներ (վրացի եւ արեւմտյան լրագրողներ), ինչպես նաեւ ոչ միայն կառավարությունների վերահսկած, այլեւ անկախ  ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Հրապարակային այցելությունների մասնակիցները կարող են նախ հանդիպել չեզոք տարածքում, ապա ամեն մի նոր տեղ մեկնեն որպես կոլեկտիվ, այսինքն՝ ոչ թե սոսկ հայերի՝ Ադրբեջան մեկնող խումբ, այլ՝ որպես գործընթացի մեջ ներգրավված եւ միասնաբար ճամփորդող հայերի եւ ադրբեջանցիների խումբ։ Յուրաքանչյուր պատվիրակության կեսը կարող է գործել որպես միջնորդ կամ պատնեշ՝ պատվիրակության մյուս կեսի եւ իրենց սեփական հասարակության միջեւ՝ հասարակություններին փոխգործակցության տեսանելի օրինակ ցուցադրելու համար։

Հարկ է խուսափել վիճելի ձեւաչափերից, օրինակ՝ ղարաբաղցի հայերին Բաքու հրավիրել առանց Հայաստանի հայերի, կամ ղարաբաղցի ադրբեջանցիներին Ղարաբաղ հրավիրել առանց մյուս ադրբեջանցիների… Ինչպիսին էլ լինի այցերին մասնակցող մասնագիտացված խումբը, պետք է առավելագույնս աշխուժացնել մնացյալ անձնական կապերը. Երեւանում եւ Բաքվում որոշ բարձրաստիճան լրագրողներ միմյանց լավ են ճանաչում եւ կարող են դառնալ փոխանակման խմբերի «ողնաշարը»։ Սակայն, յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնության համար պարտադիր նախապայման է հանդիսանում հռետորաբանության մեղմացումը։ Մտահոգություններն ավելի շատ հատուկ են հայկական կողմին, որի մոտ ադրբեջանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններ հարուցել են Ադրբեջան այցելելու վտանգի զգացում, որը բացակայում էր 1990-ականներին։

Խորհրդանշական նախաձեռնություններ

Այս եզրույթը վերաբերում է այն նախաձեռնություններին, որոնք առնչվում են եկեղեցիների, մզկիթների, գերեզմանոցների եւ այլ խորհրդանշական օբյեկտների վերականգնմանը։ Վստահության միջոցների կառուցման այդպիսի հետաքրքիր եւ ոչ անվիճելի օրինակներ կան հայ-թուրքական համատեքստում, օրինակ՝ արեւելյան Թուրքիայում Ախթամար եկեղեցու վերականգնումը։

Ի տարբերություն հիշյալ թուրք-հայկական նախադեպի՝ հայկական եւ ադրբեջանական բնակչության նախապատերազմյան համակեցությունը հուշում է, որ օրինավոր գործողություն դիտվելու համար այդպիսի աշխատանքը պետք է երկկողմանի լինի։ Հայերը հազիվ թե համաձայնվեն իրենց վերահսկած տարածքում ադրբեջանական ժառանգության վերականգնմանը՝ առանց համապատասխան հայկական ժառանգության վերականգնման Ադրբեջանի տարածքում։ Նախաձեռնությունների այս տեսակը, ցավոք, մթագնվեց 2000-ականների կեսերին ադրբեջանական արտատարածք (էքսկլավ) Նախիջեւանում պատմականորեն կարեւոր հայկական գերեզմանոցի իբր տեղի ունեցած ոչնչացմամբ։ Ադրբեջանում կատարվելիք հետաքննությունը կամ ոչնչացման վերաբերյալ պնդումների հաստատումը Հայաստանի կողմից, հավանաբար, որպես նախապայման է առաջադրվելու։ Նմանատիպ գործողությունների է դիմել նաեւ 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմի օրոք Աբխազիայի ազգային դիվանը ոչնչացրած Վրաստանի կառավարությունը։

Որոշ մշակութային շենքեր, օրինակ, Բաքվի շատրվանների փողոցում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կամ Յուխարի Գովհար աղայի մզկիթը Շուշիում երբեմն հիշատակվում են որպես վերականգնողական աշխատանքերի հնարավոր թեկնածուներ։ Սակայն, այս կարգի յուրաքանչյուր նախաձեռնություն նպատակահարմար է սկսել ավելի փոքր բանից, օրինակ՝ սովորական գերեզմանոցի պահպանությունից։ Անդրսահմանային այցերից առաջ Բաքվի հայկական եկեղեցու վերականգնումը կարող է միայն ընդգծել քաղաքում հայերի բացակայությունը։ Ղարաբաղի հայերն, իրենց հերթին, պնդում են, որ մզկիթները հարկ է վերականգնել ոչ թե որպես ադրբեջանական, այլ՝ պարսկական կոթողներ, ինչը կհանգեցնի սադրանքի, այլ ոչ թե վստահության կառուցման։

Հայ-ադրբեջանական համապատկերը, հավանաբար, դեռ պատրաստ չէ բարձր հանրային արձագանք հարուցող խորհրդանշական օբյեկտների վերականգնմանը. այստեղ ցայժմ գերիշխում է դրանք ֆիզիկական ոչնչացմամբ, անտեսմամբ կամ փաստերի աղավաղմամբ մոռացության մատնելու տրամաբանությունը։  Այս կարգի նախաձեռնություններ ձեռնարկելու պարագայում պետք է սկսել խորհրդանշաբար նվազ կարեւոր տեղերից՝ դիտելով դրանք որպես ելակետ։ Օրինակ, կան երկու գյուղեր՝ Քերքենջ եւ Ղըզըլ-Շեֆեկ, որոնց բնակչությունը փոխանակվել է հակամարտության սրման ժամանակ։ Այս գյուղերի բնակիչները սեփականի պես խնամում են միմյանց թողած գերեզմանոցները։ Նրանց կարելի է թույլատրել փոխադարձ այցելություններ իրենց հարազատների շիրիմներին։ Այս գաղափարը կարող էր առաջարկվել որպես սակավարձագանք փորձառական նախագիծ՝ անդրսահմանային եւ վերականգնողական նախագծերը ձեռնարկելուց առաջ։

Կրթական նախաձեռնություններ

Ժամանակի ընթացքը, սերնդափոխությունը եւ տեղեկատվական ու մեդիամիջավայրի սահմանափակվածությունը ենթադրում են ղարաբաղյան հակամարտության թեմայով կրթության նոր գործիքների ստեղծման անհրաժեշտությունը։ Դրանք կարող են զարգացնել այն, ինչը կարելի է անվանել երիտասարդ հայերի եւ ադրբեջանցիների «հակամարտաբանական գրագիտություն», որը թույլ կտա կասկածի տակ դնել պետության կողմից վերահսկվող ԶԼՄ-ների եւ կրթական ծրագրերի միջոցով միակողմանիորեն շարադրված «գրագիտությունը»։

Գոյություն ունի քննադատական մտածողության ծարավ ու պաշտոնական քարոզչամեքենայի ալիքին չհետեւող երիտասարդների մեծ, բայց չկառուցակարգված հանրույթ։ Այդ խումբը հաճախ «Ֆեյսբուքի սերունդ» է կոչվում։ Այն ավելի ապակենտրոնացված է եւ զգալիորեն ավելի լայն է, քան որեւիցե նախաձեռնության ընդգրկումը։ Պատմության քննադատական ըմբռնում արտահայտող եւ խաղաղություն ավետող նոր ու մատչելի ուսումնական ձեռնարկների ստեղծումը կարող է հաղթահարել հանրաճանաչեցման խոչընդոտները՝ համացանցում լայն տարածում ունենալու միջոցով։

Այսպիսին է «Երկխոսություն՝ ֆիլմերի միջոցով» մոդելը։ Սույն մոդելի լուսաբանման համար «Հաշտության պաշարներ» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է հատուկ ձեռնարկ, որում օգտագործված են  հայ եւ ադրբեջանցի երիտասարդների նկարահանած կարճամետրաժ ֆիլմերը։ Սա ընդամենը մեկ օրինակ է, թեեւ կան մատչելիություն ապահովող այլ կրթական նյութեր, որոնք առաջարկում են պատմության քննադատական եւ բազմակողմանի ներկայացում եւ կարող են մեծ ազդեցություն ունենալ՝ բավարարելով գիտելիքների նկատմամբ իրական պահանջարկը եւ կոտրելով «զոհի բարդույթի» ամրակուռությունը։

Առանձին եւ արտաքին համայնքների հետ աշխատանքային նախաձեռնություններ

Տվյալ եզրութաբանության ներքո ես նկատի ունեմ ոչ թե բաժանում, այլ յուրաքանչյուր համայնքի մեջ կատարվող (այսինքն առանձին համայնքի նախաձեռնած) աշխատանքը կամ՝ կարեւորագույն սփյուռքյան համայնքների ներգրավում ենթադրող աշխատանք։

Աշխատանք առանձին համայնքի հետ

Գոյություն ունի մի հզոր փաստարկ առ այն, թե  հակամարտության կողմերի ներկայացուցիչների փոխայցելությունների ու փոխգործակցության գործում առաջընթացի հնարավորությունն առանց համայնքերից մեկի աջակցության շատ սահմանափակ է։ Միայն մեկ համայնքի հետ տարվող աշխատանքին հարկ է զգուշորեն վերաբերվել։ Այստեղ կարող են օգնել երկու ռազմավարություններ։ Դրանցից մեկը կայանում է հակամարտության համար արդիական օգտակար աշխատանքի հայտնաբերումը, որը համայնքներից մեկին թույլ է տալիս մշակել եւ դիրքորոշում հստակեցնել տվյալ կողմի համար առաջնահերթային հարցի նկատմամբ, որն այդպիսին չէ մյուսի համար։ Օրինակ, ադրբեջանական համայնքի համար Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ամբողջական հայեցակարգի նախագծի մշակումն առաջնային հարցերից է, այլ կերպ ասած՝ այստեղ խոսվում է մի տարածաշրջանի ինքնակառավարման հայեցակարգի մասին, որը ցայսօր զուտ հռետորական արժեք ունի՝ զուրկ մնալով հստակեցված համալիր իրավունքներից ու պարտականություններից։ Դրա շնորհիվ ադրբեջանական հասարակությունում կմեկնարկեն մինչ օրս տեղի չունեցած, բայց անհրաժեշտ քննարկումներ այն մասին, թե ինչպիսի՞ իրավունքներով է այն պատրաստ կիսվել հայերի հետ. միեւնույն ժամանակ, պարզ է, որ նմանօրինակ քննարկումը մյուս կողմին երբեւէ չի հետաքրքրի։ Երկրորդ ռազմավարությունն առանձին վերցված համայքների հետ «զուգահեռ» աշխատանքն է, որը տարբեր համայնքներում առաջ տարվում իրարից անկախ։ Այն թույլ է տալիս անցկացնել որոշ համեմատականներ եւ միմյանց հղում կատարել՝ միաժամանակ թույլատրելով տեղական պայմանների հաշվառմամբ գործունեության մեջ պահանջվող շտկումներ կատարել։ Մեր օրերում այսպիսի օգտակար միջոցառումներից կարող է լինել Մադրիդյան սկզբունքների զուգահեռ քննարկումների աշխուժացումը։ Դրանք վերջին երկուսուկես տարիների ընթացքում համարյա ամբողջովին բացակայում են հանրային քննարկումներում եւ պետք է կրկին մղվեն առաջին պլան։ Նոր քննարկումները կարող են լույս սփռել այն փոփոխությունների վրա, որոնք արձանագրվել են իրականացվելիք Մադրիդյան սկզբունքների համատեքստում։  Հասարակական քննարկումների շարքը, որի ընթացքում նորովի կքննարկվեն Մադրիդյան սկզբունքները, կարող է հանդիսանալ այն հարթակը, որի վրա հնարավոր է լինելու մարտնչել վերջին տարիների ամենակործանարար այն միտումների դեմ, որոնք օրինավորեցնում են ատելության, ռազմականացման եւ բռնազավթման հռետորաբանությունը։ Այնուամենայնիվ, ոչ պակաս կարեւոր է հաշվի առնել նախորդ սխալները եւ երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության մասնակցությունը նշված քննարկումներին։

Աշխատանք արտաքին համայնքի հետ

Երբեմն տեսակետ է հայտնվում, որ հայկական եւ ադրբեջանական սփյուռքների ներգրավումը խաղաղարար գործունեության մեջ, մասնավորապես Ռուսաստանում, կարող է դառնալ ռազմավարական հնարավորություն։ Ինչպես եւ այլ համատեքստերում, հայկական եւ ադրբեջանական սփյուռքները սովորաբար ավելի պահպանողական տեսակետների են հարում եւ նրանց մոտ թերեւս կան այլ առաջնային հարցեր, օրինակ՝ հայկական սփյուռքի նշանակալից հատվածներ հակամարտության փոխակերպումից ավելի շատ են կարեւորում ցեղասպանության ճանաչումը։ Հայկական եւ ադրբեջանական սփյուռքները ենթակա են առանձնակի հիշատակության մի կողմից հակամարտության գոտուն նրանց մոտ լինելու, իսկ մյուս կողմից՝ խաղաղ փոխգործակցության եւ անգամ առեւտրի տեսանկյունից։ Խաղաղության ավետիս պարունակող մշակութային միջոցառումների (կինոնդիտումներ, ցուցահանդեսներ եւ այլն) շնորհիվ այս համայնքների ներգրավումը խաղաղարար գործընթացին կարող է շատ օգտակար լինել։ Այնուամենայնիվ, այս համայնքների միջեւ ավելի կայուն փոխգործակցության հաստատման ճանապարհին կարող են հառնել մի շարք խոչընդոտներ։ Ինչպես ցույց են տվել 2013թ. իրադարձությունները, Կովկասից եկածները Ռուսաստանում առավել քան երբեւէ բախվում են թշնամական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ վտանգավոր միջավայրի սպառնալիքներին։ Կովկասի հետ կապված կոնկրետ խնդիրների շուրջ նրանց ներգրավման չափն այն անորոշությունն է, որը կպահանջի մանրակրկիտ քննարկում որեւէ քայլի դիմելուց առաջ։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում անցկացնել բացառապես «մշակութային» («չքաղաքականացված») ուսումնասիրություններ՝ հետագա գործողություններն ու ցանցային աշխատանքը ծրագրելու համար։

Համատարածաշրջանային աշխատանք

Հարավկովկասյան համատարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակում գոյություն ունեն ներուժ ունեցող օգտավետ հնարավորություններ՝ հայերին եւ ադրբեջանցիներին ակտորների ավելի լայն հանրության մեջ ներառելու համար։ Այդպիսի նախաձեռնություններն ունեն բավական երկար պատմություն. դրանք ապացուցել են իրենց արժեքավոր եւ կարեւոր լինելը՝ հաստատելով հարավկովկասյան տարածաշրջանային կոորդինատների համակարգի արդիականությունը՝ միաժամանակ զերծ չլինելով որոշ ստորջրյա խութերից։

Որոգայթներից մեկն այն է, որ համատարածաշրջանային ձեւաչափերը երբեմն կարող են անհստակ դարձնել հակամարտության կենտրոնում գտնվող կոնկրետ երկկողմանի օրակարգերը։ Վստահության ամրապնդման գործում «քաղաքականությունից» խուսափելու գայթակղությունը կարող է մեծ լինել, մինչդեռ այդպիսի նախաձեռնությունների ուշադրությունից չպետք է վրիպի քննարկվող հարցերի քաղաքական բնույթը։  Երկրորդ որոգայթը կարող է լինել այն, որ համատարածաշրջանային ձեւաչափերն ներառական են միայն մինչեւ որոշ աստիճան։ Պաշտոնական եւ «թրեք֊1» մակարդակի անձանց  մասնակցությունը սահմանափակված է տարածաշրջանի ճանաչված պետություններով եւ, ըստ էության, ուժեղացնում է «չճանաչված գործընկերների» մեկուսացումը։

Առանձնահատուկ հիշատակության են արժանի երկու նախադեպեր. առաջինը՝ Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնությունն է (SCPI)՝ բրիտանական «Հակամարտությունների եւ պետական շինարարության լոնդոնյան տեղեկատվական ցանց» (LINKS) ոչ կառավարական կազմակերպության կողմից 2000-ականների վերջերին մի քանի տարի շարունակ կազմակերպվող հայ, ադրբեջանցի եւ վրացի խորհրդարանականների հանդիպումները։ Այն կարեւոր փորձ էր Եվրոպայի մյուս մասերին բնորոշ միջխորհրդարանական համագործակցության տեսակը Հարավային Կովկասի շատ ավելի բարդ միջավայրում ներդնելու ուղղությամբ։ Արժե ուսումնասիրել, թե արդյո՞ք հայ, ադրբեջանցի եւ վրացի պատգամավորները ցանկություն ունեն վերականգնել այդ հանդիպումները։ Վրաստանը վերջերս դարձել է խորհրդարանական հանրապետություն, ուստի հնարավոր է, որ վրացիները շահագրգռվեն կրկին ստանձնելու հրավիրող կողմի դերը։ Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել սույն նախաձեռնության աշխատատարությունն ու ծախսաշատությունը։

Երկրորդ նախադեպը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետին ամենամոտ՝ հարավային Վրաստանի Թեկալի ադրբեջանաբնակ գյուղում կազմակերպվող ամենամյա խաղաղության փառատոնն է։  Սա «խաղաղության, ազատության եւ համագործակցության կառուցման» խաղաղարար լոկալ գոտի է, որը SCPI-ի սպեկտրի հակառակ ծայրում է գտնվում։ Այն ներառում է կինոփառատոն եւ հրապարակային բանավեճ («լսումներ») այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսին են հրադադարի խախտումներ, երկխոսություն հայ եւ ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների, երիտասարդական խմբերի, նկարիչների եւ կինեմատոգրաֆիստների միջեւ։ Թեկալին՝ ներգրավված քաղաքացիների՝ ներքեւների ինքնավար նախաձեռնության վառ օրինակ է, որը շարունակվելու դեպքում կարող է դառնալ խաղաղության կառուցման եւ փոփ-մշակույթի թեմաներ միահյուսող ամենամյա միջոցառման նախադեպ ողջ  Հարավային Կովկասի համար։

 Published in Caucasus Edition:  Journal of Conflict Transformation

Աղբյուրը՝  http://caucasusedition.net/analysis/confidence-building-in-the-karabakh-conflict-what-next/

 

Share

Comments are closed.