Աբխազիայի հանրությունը Սեւ ծովի ավազանի բոլոր երկրներին կոչ է անում ձեռք չտալ ծովին՝ բնապահպանական աղետից խուսափելու համար

Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի գլխավոր խմբագիր
Սուխում 

Անկախ նավթագազային ընկերության (ԱՆԸ) եւ Աբխազիայի կառավարության միջեւ նավթի հետախուզման եւ արդյունահանման վերաբերյալ պայմանագրի կնքման մասին տեղեկությունը երկրում բնապահպանական թեմայի վերարծարծման առիթ է դարձել; Բնապահպանական խնդիրների մասին սկսել են խոսել լրագրողները, համացանցային հանրության ներկայացուցիչները, խորհրդարանի պատգամավորները եւ ընդդիմությունը։ Բայց եթե խորհրդարանում հիմնականում քննարկվում է իշխանությունների ստորագրած պայմանագրերի օրինականության հարցը, ապա հանրությունն առավելս անհանգստացած է բնապահպանական անվտանգության չափանիշներին դրանց համապատասխանությամբ։

Աբխազական ընդերքի պաշարների հանդեպ բազմամյա տնտեսական հետաքրքրությունը սկսել է մարմնավորվել Բագապշի նախագահության օրոք, երբ «Ռոսնեւֆտ» ընկերությունը Ռուսաստանի եւ Աբխազիայի փոխհարաբերությունների պատմության մեջ դեպի Աբխազիա առաջին կոմերցիոն չվերթը կազմակերպեց։ Այդ ժամանակ՝ 2009 թ. դեկտեմբերին, «Ռոսնեւֆտ» եւ «Աբխազտոպ» պետական ընկերությունները ստեղծեցին «ՌՆ-Աբխազիա» համատեղ ձեռնարկությունը, իսկ էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը եւ «Ռոսնեւֆտ» ընկերության «ՌՆ-Աբխազիայի շելֆ» դուստր ձեռնարկության տնօրեն Վադիմ Իվանցովը ստորագրեցին Գուդաուտայի ընդերքի հատվածում Սեւ ծովի հատակում ածխաջրածնային հումքի որոնման եւ հանքավայրերի պաշարների գնահատման վերաբերյալ պայմանագիր։ Սերգեյ Բագապշն այդ գործարքն անվանել է «երկրի համար շատ օգտակար նախագիծ» եւ համոզում էր հանրությանը, որ «Ռոսնեւֆտի» գալը հավասարազոր է աշխատատեղերի ստեղծմանը եւ լուրջ ներդրումների հոսքի ապահովմանը…

Մարդիկ համարձակ հաշվարկներ էին անում՝ միլիարդավոր ներդրումներ, միլիոնավոր հարկեր, բնապահպանական մշտադիտարկում, բնական միջավայրի պահպանության համալիր միջոցներ, բնական պաշարների մասին լիարժեք տեղեկություն… Այսինքն, ստացվում էր ոչ թե կոմերցիոն, այլ միանգամայն բարեգործական նախագիծ, որից Աբխազիայի բյուջեն պետք է ուղղակի «պայթեր»։ Բնապահպանության մասին անհանգստացող հոռետեսներին մատուցվում էր նաեւ «քնեցնող» այն միտքը, թե Աբխազիայում ոչ մի ածխաջրածին էլ չկա, իսկ Ռուսաստանը «Ռոսնեւֆտի» միջոցով պարզապես կամենում է հերթական բնագավառում ապահովել իր ներկայությունը երկրի տարածքում, որպեսզի Վրաստանը դույզն իսկ գայթակղություն չունենա Աբխազիայի ընդերքի պաշարներին հավակնելու։

Աբխազիայում «Ռոսնեւֆտի» եռամյա ներկայության արդյունքները ոչ ոք ի մի չի բերել։ Հանրությանը հայտնի չէ, թե ինչ եւ ինչքան է հայտնաբերվել Գուդաուտայի ծովախութում, ինչ է ցույց տվել մշտադիտարկումը, եւ որքանով «Ռոսնեւֆտի» մուտքը նպաստել Աբխազիայի բյուջեի մեծացմանը։ Խորհրդարանում հպանցիկ հնչած միակ թիվը վերաբերում էր 280 միլիոն ռուբլու չափով հարկային մուտքերին, որոնք ոչ մի կերպ չեն զգացվել անգամ Գուդաուտայի շրջանում։

Տեղեկություն՝ խորհրդածության համար

Աբխազիայի գործող սահմանադրության համաձայն՝ Աբխազիայի տնտեսության մեջ որեւէ նյութական ակտիվի տեսքով 250 հազար դոլարից ավելի ներդրում կատարող օտարերկրյա ընկերությունների համար գործում են հարկային արտոնություններ։ Մեկ միլիոն դոլարից ավելի ներդրում կատարող ընկերությունն ազատվում է համարյա բոլոր տեսակի հարկերից՝  երեք տարի ժամկետով։ Հետեւաբար, հուշագրի մեջ հիշատակված հինգ տարիներից երեքի ընթացքում աբխազական բյուջեն ռուսաստանյան ներդրողներից հարկերի տեսքով ոչինչ չի ստանա։

Դրա փոխարեն անցած տարվա վերջին հասարակությունը տեղեկացել է եւս մի նավթային նախագծի մասին. «Ռոսնեւֆտի» նախկին փոխնախագահ Էդուարդ Խուդայնաթովի ղեկավարած Անկախ նավթագազային ընկերությունը (ԱՆԸ) փոխվարչապետ Լեոնիդ Լակերբայայի հետ ստորագրել է Ածխաջրածինների հետախուզման եւ արդյունահանման մասին պայմանագիր։ Փորձագետները պնդում են, որ Խուդայնաթովի հետաքրքրությունն Աբխազիայի նկատմամբ բացատրվում է «Ռոսնեւֆտի» հետ վերջինիս ունեցած սերտ հարաբերություններով, ուստի եթե ԱՆԸ-ն արեւելյան Աբխազիայում հայտնաբերի նավթի բավարար պաշարներ, ապա նա, ամենայն հավանականությամբ, կառաջակի «Ռոսնեւֆտի» պաշարների համատեղ շահագործում։ Բայց սա Խուդայնաթովի շահն է։

Թե որն է այստեղ Աբխազիայի շահը՝ հասկանալ չհաջողվեց։ Կառավարության տրամադրած ժլատ տեղեկություններից եւ հայտարարություններից ստացվում է, որ հերթական նավթային ընկերությունը դարձյալ զբաղվելու է բարեգործությամբ՝ առանց սեփական շահերը հետապնդելու։ Լակերբայան պնդում է, որ խոսքը 1970-1980 թվականներից գոյություն ունեցող հորատանցքերի վիճակի հետախուզման մասին է։ «Դրանց վիճակն այնպիսին է, որ չի կարող չառաջացնել որոշ մտահոգություններ։ Այս հորատանցքերի տեխնիկական եւ բնապահպանական վիճակի հետազոտությունը մեզ համար ոչ պակաս կարեւոր է, քան նավթային նոր պաշարների հայտնաբերումը» ,- ասում է նա։

Տեղեկություն՝ խորհրդածության համար

Խորհրդային շրջանում աբխազական ծովափում փորվել է այժմ պահածոյացված 22 հորատանցք՝ Գալիի, Օչամչիրի եւ Սուխումի շրջաններում։

Հենց այս բարեգործությունն է անհանգստացրել խորհրդարանի պատգամավորների մի մասին, որոնք գործադիր իշխանության ուշադրությունն են հրավիրել  առանց խորհրդարանական համաձայնության ստորագրված փաստաթղթերի անօրինականության վրա եւ կառավարությունից պահանջել հիմնավորելու Աբխազիայում նավթարդյունահանման նպատակահարմարությունը։ Պատգամավորների հետ հանդիպմանը վարչապետ Լակերբայայի փոխարեն եկել է փոխվարչապետ Բեսլան Էշբան, ով քաջածանոթ է ածխաջրածինների արդյունահանման հարցերին, քանի որ պետական պաշտոնը ստանձնելուց առաջ ղեկավարում էր հանքարդյունաբերական խոշոր ընկերություն։ Պատգամավորների զրույցը գործադիր իշխանության հետ չի հաջողվել. Բեսլան Էշբան պնդում էր կառավարության ինքնուրույնության վրա՝ պատգամավորներից պահանջելով չմիջամտել ստորագրվող պայանագրերի կնքմանը։ Աբխազիայում նավթարդյունահանման նպատակահարմարության հարցն անպատասխան է մնացել։ Հնչել են ընդամենը սովորական դարձած նավթային նախագծերի շնորհիվ տնտեսությունն աշխուժացնելու հավաստիացումներ։

Այսպիսի խոստումներով էին նախագահներն ու կառավարությունն ուղեկցում Աբխազիայի ընդերքի շահագործման հետ կապված բոլոր նախագծերը։ Այդպես էր երկրին երկաթգծի «վերականգնման» համար 2.5 միլիարդ ռուբլի պարտք թողած՝ Սոչիում օլիմպիական շինարարության համար շինարարարական ավազաքարի մատակարումների պարագայում, այդպես էր «Ռոսնեւֆտի» դեպքում, որի գործունեությունը Գուդաուտայի ծովախութում նավթային պաշարների հետախուզման ուղղությամբ «անսպասելիորեն» արտոնյալ հարկային ռեժիմում է հայտնվել եւ բյուջեին ոչ մի շոշափելի օգուտ չի բերել։ Դժվար չէ ենթադրել, որ Աբխազիայում արդեն մի քանի դուստր ձեռնարկություն բացած ԱՆԸ-ի հետ կրկնվելու է նույն պատմությունը։ Իսկ ընդերքի շահագործման ոլորտում կառավարության ցուցաբերած նախանձախնդրությունը հասարակությունը կապում է այդ նախագծերի կոռուպցիոն բաղադրիչի հետ՝ ելնելով տեղեկատվության բացակայության պայմաններում դրանց իրականացնելու հանգամանքից։

Բայց ածխաջրածինների արդյունահանման տնտեսական նպատակահարմարության եւ հիմնավորվածության հարցերը եւ անգամ առանց խորհրդարանի հետ համաձայնության կառավարության ստորագրած պայմանագրերի օրինականությունը ոչ մի համեմատական չունի դրանց հարուցած բնապահպանական վտանգների հետ։ Այդ ո՞ր տնտեսական նպատակահարմարությունն է կարող արդարացնել բնապահպանական աղետը։

Փորձագետների կարծիքներ

Տեղաշրջանների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Իգոր Մելամեդն ասում է. «Աբխազիայում ածխաջրածինների արդյունահանումը կործանարար է երկրի բնապահպանության համար։ Մենք չենք կարողանում դրանք յուրացնել։ Այսօր Ռուսաստանի համար ծովախութերի արդյունահանմամբ զբաղվում են օտարերկրյա ընկերությունները… Աբխազիայում կան այլ արժեքավոր բնական պաշարներ հաջողակ տնտեսական զարգացման համար՝ մաքուր ջուրն ու հողը։ Սա այն հարստությունն է, որի մեծ կարիքն ունեն զարգացած շատ երկրներ։ Պետք չէ ոչինչ արտահանել, ամեն ինչ կարելի է սպառել տեղում»։

Նավթի եւ գազի խնդիրների ինստիտուտի տնօրեն Անատոլի Դմիտրեւսկի. «Սեւծովյան շելֆում նավթի արդյունահանման հեռանկարայնությունը հաստատվել է դեռեւս Խորհրդային Միության օրոք։ Այն ժամանակ էլ ստեղծվել է հատուկ «Չեռնոմորնեւֆտեգազ» տրեստը։ Բացի դրանից, այստեղ կա ամբողջ պահանջված ենթակառուցվածքը՝ նավահանգիստներ, խողովակաշարեր, հարեւանությամբ են գտնվում նաեւ հնարավոր սպառողները… Բայց Կովկասյան տարածաշրջանը սեյսմակայուն չէ, ուստի արդյունահանող սարքավորումներին այստեղ առանձնակի վտանգ է սպառնում»։

Թեմայի քննարկումից զերծ չեն մնացել նաեւ աբխազ բնապահպանները։

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Աբխազիայի Ազգային ակադեմիայի թեկնածու-անդամ, բնապահպան Յանդարբի Էկբան Սեւ ծովի ավազանի երկրներին կոչ է անում ձեռք չտալ Սեւ ծովին՝ բնապահպանական աղետից խուսափելու համար։  «Ես ոչ միայն իմ երկրին, այլ Սեւ ծովի ավազանի բոլոր երկրներին կոչ եմ անում չփորփրել Սեւ ծովի հատակը։ Սեւ ծովին չի կարելի ձեռք տալ…»,- ասում է երկար տարիներ բնապահպանական խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող եւ նավթարդյունաբերահանման հետեւանքներին գիտակ մասնագետը։

«Սեւ ծովի աղտոտման տեսանկյունից մենք արդեն անցել ենք ճգնաժամային եզրագիծը։ Սրանից հետո տեղի են ունենալու անշրջելի գործընթացներ։ Դրա համար հենց այսօր Սեւ ծովի ավազանի բոլոր երկրներին պետք է կոչ անել դադարեցնելու ծովի հատակից ցանկացած բանի արդյունահանումը եւ հսկողություն սահմանել այն աղտոտողների վրա ու նրանցից մեծ տուգանքներ գանձել՝  ծովի մաքրման համար միջոցներ հայթայթելու համար։ Միայն այսպես կարելի է կանխել աղետը, բայց դրա համար պետք է միջազգային հանրությանը գործընթացին միանալու կոչ հղել»,-  ասում է Յանդարբի Էկբան։

200 հազար բնակիչ ունեցող երկրին սնել-պահելու համար բոլորովին էլ անհրաժեշտ չէ զբաղվել նավթարդյունաբերությամբ։ Աղքատությունն Աբխազիայում կապված չէ տնտեսական ներուժի բացակայության հետ՝ այն ժողովրդական տնտեսության ծրագրավորված ոչնչացման (ուստի եւ բարձր գործազրկության), ուռճացած պետական-կառավարման համակարգի եւ կոռուպցիայի բարձրագույն մակարդակի հետեւանք է։

Share

Comments are closed.