Հայաստան. ընտրություն չկա

Կրեմլը կարող է ստիպել Երեւանին ճանաչելու «ղրիմյան պատերազմի» արդյունքներն անգամ առանց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ համապատասխան քայլի

Ռաուֆ ՄԻՐԿԱԴԻՐՈՎ
Լրագրող
Բաքու 

Մարտի 16-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հավաքվել էր իր ամենակարճ նիստին՝ ԱՄՆ-ի նախապատրաստած ուկրաինական բանաձեւը քվեարկության դնելու համար։ Ռուսաստանն Անվտանգության խորհրդի միակ անդամն էր, որը չի պաշտպանել Ղրիմի կայանալիք հանրաքվեն ոչ օրինավոր համարող բանաձեւը՝ կիրառելով իր վետոյի իրավունքը։

Հայաստանում եւ Ադրբեջանում բոլոր միջազգային իրադարձություններն ընդունված է դիտել ղարաբաղյան հակամարտության դիտանկյունից՝ այդ թվում եւ ուկրաինական դեպքերը։ Դա շատ մանրախնդիր մոտեցում է, բայց այդպիսին են իրողությունները։

Սկսեմ Ադրբեջանից։ Ադրբեջանական հասարակության եւ, ընդհանուր առմամբ, պաշտոնական Բաքվի դիրքորոշումն ակնհայտ է. Ադրբեջանն Ուկրաինայի կողմն է։ Այս անգամ պաշտոնական Բաքվին անգամ չի հաջողվել մինչեւ վերջ պահպանել «պաուզան», ինչպես դա եղել է 2008թ. օգոստոսին։ Ղրիմյան հանրաքվեից առաջ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի մակարդակով պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ լիովին պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

Շատ ավելի դժվար է պաշտոնական Երեւանի համար։ Կարծում եմ, որ Հայաստանում գիտակցում են իրավիճակի անելանելիությունը։ Կարելի է ասել, որ պաշտոնական Երեւանն ընտրություն անելու տեղ չունի։ Հայաստանի քաղաքական շրջանակներում տարածված է մի տեսակետ, որի համաձայն Ղրիմը, չլինելով հանդերձ Ղարաբաղի համար «նախադեպ», Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության աճին զուգընթաց նեղացնելու է Երեւանի մանրեւելու հնարավորությունները։  Քաղաքական գործիչներն ու փորձագետները չեն բացառում, որ կարող է գալ մի պահ, երբ Հայաստանն այլեւս չի կարողանա մի կողմ քաշվել։ 1998-2008թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար, այժմ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրման դեպքում Երեւանը հարկադրված կլինի հրաժարվել կոմպլեմենտարության սկզբունքից եւ կատարել միանշանակ ընտրություն։

Ամեն դեպքում, Հանրապետական կուսակցությունը, ինչպես նշել է դրա խորհրդարանական խմբակցության խոսնակ Գալուստ Սահակյան, «հանդես է գալիս ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման օգտին»։ «Սակայն չարժե համեմատել Ղրիմն ու Ղարաբաղը։ Դրանք տարբեր խնդիրներ են։ Ղրիմի խնդիրը վերաբերում է Ռուսաստանին, Եվրոպային եւ ԱՄՆ-ին»,-  «Ռեգնում» տեղեկատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է նա, հավելելով, որ Երեւանի առջեւ միանշանակ չի դրվելու Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու հարցը։ 1   

Ընդսմին, ես առավել քան համոզված եմ, որ Երեւանում միայն վերջին հերթին են մտածում Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին։ Նախ եւ առաջ հաշվի են առնվում հետեւյալ պահերը. նախ՝ Հայաստանն, անկասկած, կկամենար բարեդրացիական հարաբերություններ պահպանել Ուկրաինայի հետ։ Դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե Հայաստանը մնա «չեզոք», ինչպես եղել է Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի պարագայում։ Տեսականորեն կարելի է հղում կատարել նաեւ այն փաստին, որ Հայաստանը չի կարող ճանաչել Ղրիմի հանրաքվեի արդյունքներն այն պարզ պատճառով, որ այդ չի արել նաեւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Երկրորդ՝ Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքների եւ դրան հաջորդած՝ Ուկրաինայի մի մասի Ռուսաստանի կողմից բռնակցման ճանաչումը կարող է լուրջ առիթ հանդիսանալ Հայաստանի միջազգային մեկուսացման համար։

Դա զրկում է Հայաստանին Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման միջնաժամկետ հեռանկարից։ Արեւմուտքում պաշտոնական Երեւանի այդ քայլին կարձագանքեն շատ ավելի կոշտ, քան ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը չստորագրելուց հետո, այն պարզ պատճառով, որ Հայաստանի կողմից տվյալ պայմանագրի չստորագրումը կանխատեսված քայլ էր։ Եթե Հայաստանը ստորագրեր Ասոցացման պայմանագիրը, դա պարզապես հրաշք կլիներ։ Դա կլիներ այն բանի ապացույց, որ Ռուսաստանը դարձել է քաղաքակիրթ պետություն, ինչը Պուտինի օրոք սկզբունքորեն հնարավոր չէ պատկերացնել։

Երրորդ՝ Երեւանում գերազանց հասկանում են, որ ներկայիս իրավիճակն արմատապես տարբերվում է 2008թ. Ռուս-վրացական պատերազմից հետո մեր ականատես եղած իրադարձություններից։ Այն ժամանակ Մոսկվան առանձնապես կարիք չուներ, որ Հայաստանը կողմնորոշվեր ռուս-ամերիկյան դիմակայության հարցում։ Մեծ հաշվով, այդպիսի դիմակայություն չի էլ եղել։ Այժմ բոլորովին այլ իրավիճակ է. Ռուսաստանն արդեն մեկուսացված է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականության գեթ փոքր միջազգային աջակցության մեծ կարիք ունի, հետեւաբար նա փորձելու է կորզել  այդպիսի աջակցությունը գոնե «ամենավստահելի», իսկ ավելի ճիշտ՝ ամենակախյալ դաշնակիցներից։ Վենեսուելայում Չավեսի հետնորդ Նիկոլաս Մադուրոյին չհաշվենք։

Պուտինը հազիվ թե կարողանա աջակցություն գտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւից։ Նրան կխնդրեն լռել, որպեսզի դեմ չխոսի։ Իսկ ահա Սարգսյանին եւ Լուկաշենկոյին «հետեւողականորեն կհանձնարարեն» կողմնորոշվել։ Ինչպես ասում են, մի քայլ ձախ կամ մի քայլ աջ՝ գնդակահարություն տեղում։

Փորձենք հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանը կարող է այս ամենից շահել։ Տեսականորեն պաշտոնական Երեւանն իր աջակցության փոխարեն կարող է զուգահեռաբար պահանջել Լեռնային Ղարաբաղի անկախության կամ Հայաստանին միանալու ճանաչումը թե՛ Հայաստանի եւ թե՛ Ռուսաստանի կողմից։

Հանուն արդարության պետք է խոստովանել, որ դրա համար կան որոշ նախադրյալներ։ Քվեարկությունից հետո ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հիշեցրել է, որ Ռուսաստանը չէր կարող ընդունել Ղրիմին վերաբերող ԱՄՆ ներկայացրած բանաձեւի նախագիծը, քանի որ այն հակասում էր ՄԱԿ առաջին հոդվածում ամրագրված ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքին։ Ռուսաստանի կարծիքով, ինքնավարության կարգավիճակը որոշելիք հանրաքվեն Ղրիմում անցնում էր հենց այդ սկզբունքի հիման վրա։

«Մենք չենք կարող համաձայնվել փաստաթղթի գլխավոր մտքի հետ՝ իրավական ուժ չունեցող հռչակել մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն, որի ընթացքում Ղրիմի Հանրապետության բնակիչները պետք է որոշեն իրենց ապագան։ Նման փիլիսոփայությունը հակասում է միջազգային իրավունքի՝ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման հիմնարար իրավունքին, որն ամրագրված է ՄԱԿ Կանոնադրության առաջին հոդվածում»։ [2]

Պարոն Չուրկինը ոչ մի նոր բան չի ասել։ Նա կրկնել է Պուտինի հիմնական թեզը, ով հայտարարել է, թե նման դեպքերում Ռուսաստանը նախապատվություն է տալիս ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի իրականացմանը։ Ոչ ոք Պուտինի լեզվից չի քաշել։ Նա այդ հայտարարությամբ կամովին է հանդես եկել։ Հայերը սկզբունքորեն կարող են խնդրել Պուտինին հետեւողական լինել իր իսկ գործողություններում։

Բնական է, որ Պուտինից չպետք է սկզբունքներին հավատարմություն ակնկալել։ Գերակա են միայն շահերը։ Դրա համար էլ շատ դժվար է ասել, թե որքա՞ն երկար Պուտինը  հավատարմություն կպահպանի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին։ Համարյա հարյուր տոկոսով համոզված եմ, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքով Պուտինի «տարվելը» ժամանակավոր երեւույթ է, որը կախված է բացառապես հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացների շահարկման հետ՝ սեփական իշխանությունը վերարտադրելու համար։ Եվ ուրիշ ոչինչ։

Պուտինը չի կարող եւ չի էլ կամենում երկար շահարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին իր ցուցաբերած հավատարմությունը մի քանի պատճառով։ Սկսեմ այս սկզբունքի շուրջ պուտինյան ձեռնածություններն ապացուցելուց։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Ղրիմի հարցով իր դիրքորոշումը հիմնավորելու համար հղում է կատարել Կոսովոյի օրինակին, բայց Կրեմլը կարծես թե չի շտապում ճանաչել Կոսովոյի անկախությունը։

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Չինաստանը բոլոր դեպքերում էլ հետեւողականություն է դրսեւորում։ Չինաստանը միշտ հանդես է գալիս տարածքային ամբողջականության օգտին, ուստի նաեւ՝ ժողովուրդների ինքնորոշման դեմ։

Պուտինին կարելի է հասկանալ. նախ՝ շատ բան է կախված Ռուսաստանի միջազգային եւ հատկապես տնտեսական մեկուսացման մակարդակից։ Եթե Արեւմուտքը որոշի լրջորեն շրջափակել Ռուսաստանը, ապա տնտեսության անկումը սկզբունքորեն անխուսափելի է լինելու։ Հետեւաբար, Պուտինին շատ դժվար է լինելու հավատարմություն ցուցադրել ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին անգամ հետխորհրդային տարածքում։

Երկրորդ՝ Պուտինն առնվազն երկու պատճառով չի կարող իրեն թույլ տալ «կոկետություն» անել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ անգամ առանց Արեւմուտքի հակադարձության հաշվառման։ Նախ՝ այդպես կարելի է հավաքել «պատառիկներ», բայց զրկվել հետխորհրդային տարածքում պուտինյան հավակնոտ ինտեգրացիոն նախագծերի իրականացման հեռանկարից։ Ի վերջո, Եվրասիական միությունը նա ստիպված կլինի կազմել միայն Բելառուսի եւ Հայաստանի հետ, իսկ ԱՊՀ-ն կդադարի գոյություն ունենալ։

Երրորդ՝ պետք չէ մոռանալ, որ Ռուսաստանն ինքը դաշնություն է, որի ժողովուրդները նույնպես կարող են հավակնել ինքնորոշման իրավունքի իրացմանը շատ ավելի լայն չափով, քան Ուկրաինայում կամ որեւէ այլ երկրում։ Ընդ որում, հարկ է հաշվի առնել, որ Ռուսաստանի հարավը նման է ամեն վայրկյան պայթելուն պատրաստ վառոդի տակառի։

Այսինքն, ղարաբաղյան հարցում Պուտինի «հավատարմությունը» ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին ավելի շատ կախված է ոչ թե պաշտոնական Երեւանի դիրքորոշումից, այլ Ադրբեջանի հետ հարաբերությունների խզմանն ու դրա հնարավոր հետեւանքներին Ռուսաստանի պատրաստության աստիճանից։

Հազիվ թե պաշտոնական Երեւանին հաջողվի այս հարցում Պուտինի վրա ճնշում գործադրել։ ՌԴ նախագահը կարող է ամբողջովին «անջատել» Հայաստանը, այսինքն որոշ ժամանակով այն զրկել անվտանգության երաշխիքներից։ Այս դեպքում հնարավոր կլինի գնահատել հայկական բանակի մարտունակությունը ոչ թե մերձպատերազմական, այլ բուն պատերազմական վիճակում։ Չեմ կարծում, որ Հայաստանը պատրաստ է այդպիսի ռիսկերի…

Մի խոսքով, ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է ստիպել Հայաստանին ճանաչել «ղրիմյան պատերազմի» արդյունքներն առանց Կրեմլի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման…

Ադրբեջանն էլ պարտավոր է արագորեն լուծել անվտանգության միջազգային, իսկ ավելի պարզ ասած՝ ռազմաքաղաքական երաշխիքներ ստանալու հարցը, եթե, իհարկե, պաշտոնական Բաքուն չի ցանկանում դառնալ շանտաժի անմիջական առարկա կամ ավելի վատ՝ Ռուսաստանի կողմից ագրեսիայի զոհ։ Այստեղ էլ առանձնակի ընտրություն չկա…

Share

Comments are closed.