Արդի արտաքին մարտահրավերները՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համապատկերում

Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«Հելսինկյան նախաձեռնություն-92»
կազմակերպության ԼՂ կոմիտեի համակարգող
Ստեփանակերտ 

Ղարաբաղյան հակամարտությունն ամենահին ու կարգավորման առումով, թերեւս, ամենադժվարն է ողջ հետխորհրդային տարածքում։  Խնդրի կարգավորումը պատմական, ապա նաեւ իրավական հարթությունից արդեն ավելի քան երկու տասնամյակ փոխադրվել է քաղաքական դաշտ, որում հակամարտության բուն մասնակիցները գնալով ավելի են միջնորդավորված դեր խաղում։ Փոխզիջումային հիմքի վրա խնդրի կարգավորման անհրաժեշտությունը պարբերաբար շեշտվում է համաշխարհային եւ տարածաշրջանային քաղաքականության օրակարգերում։

Եթե նայենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս քարտեզին եւ նշենք վերջինիս նշանակությունն այն երկրների ու տարածաշրջանների համար (ԱՄՆ, Եվրոպա, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Աֆղանստան, Չինաստան, Հնդկաստան), որոնք արդի աշխարհակարգը ձեւավորող առանցք են հանդիսանում, ապա պարզ կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման իսկական գինը եւ այն, թե ինչպես կարող է փոխվել համաշխարհային եւ տարածաշրջանային խաղացողների աշխարհաքաղաքական փոխդասավորվածությունն ու ազդեցությունը տարածաշրջանում եւ ողջ աշխարհում։

Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բռնակցումից եւ անկախ պետություն ճանաչելուց հետո Լեռնային Ղարաբաղը որոշիչ է դարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ առաջնորդած ազատական երկրների եւ նորակայսերական տերություն հանդիսացող արդի Ռուսաստանի միջեւ շահերի եւ ազդեցության գոտիների բախման մեջ։ Հարցի գինը ինչպես ածխաջրածինների գերհարուստ պաշարներ ունեցող տարածաշրջանի տարանցիկ եւ հաղորդակցային հնարավորությունների գործառնությունն է, այնպես էլ ազատական կամ ավտորիտար-բռնապետական արժեքների արմատավորումը։  Սա մի տարածաշրջան է, որի համար պայքարում իսլամն ու քրիստոնեությունը կարող են հանդես գալ միասնական ճակատով, իսկ ազատական արժեքներով առաջնորդվող երկրները՝ համագործակցել բռնապետական եւ ավտորիտար վարչակարգերի հետ։ Տարածաշրջան, որի վրա հետզհետե ավելի մեծ ուշադրություն են դարձնում համաշխարհային տնտեսության արագ զարգացող այնպիսի հսկաները, ինչպիսին են Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք աչքի են ընկնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգի մշակման հարցում ավելի մեծ կամ առանցքային դեր ունենալու հավակնություններով։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրադրությունը վերջին ամիսների ընթացքում կարծես թե ձեռք է բերում նոր ու հետաքրքիր գծեր եւ Քի Վեստից ու այսպես կոչված մադրիդյան սկզբունքների մշակումից հետո լճացման մեջ գտնված բանակցային գործընթացը գաղափարների մրցակցության եւ խնդրի կարգավորման գիտակցման անհրաժեշտության նշաններ է ցույց տալիս։ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կոչված է ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով միջնորդական առաքելություն իրականացնել հակամարտության կողմերի միջեւ, դարձել է ավելի լավատես… Այդ լավատեսության համար կան որոշակի հիմքեր…

Նոր միտումների հաշվարկման ելակետն է դարձել 2013թ. սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած իրադարձությունը, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առանց երկրի քաղաքական առաջնորդների հետ խորհրդակցելու, անտեսելով հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը, հանդես է եկել այնպիսի հայտարարությամբ, որը ոչ միայն ի չիք է դարձրել Հայաստանի ղեկավարության բազմամյա աշխատանքը, այլեւ զրոյացրել եվրաինտեգրման, տնտեսության ազատականացման, երկրի առաջնահերթությունների տարբերակման եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քիչ թե շատ կանխատեսելի լուծման նկատմամբ ժողովրդի տածած հույսերը. . . Անուղղակի, միջնորդավորված շանտաժի ենթարկվելով Ռուսաստանի ղեկավարության կողմից, ինչը դրսեւորվել է համապատասխան գերատեսչությունների մակարդակով շփումների բացակայության եւ Ռուսաստանի ղեկավարության մոտ կանգնած անձանց կողմից ազդեցության լծակների անխնա գործադրմամբ, ՀՀ նախագահն ընդունել է միանձնյա որոշում, եւ երկիրը շրջադարձել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրում նախատեսող լուրջ բարեփոխումների ճանապարհից՝  Մաքսային միություն տնտեսական անվան ներքո թաքնվող անցողիկ միության  օգտին, որի բուն նպատակն, իհարկե, ոչ թե նրա անդամ երկրների տնտեսական բարգավաճումն է, այլ Ռուսաստանի քաղաքական գերիշխանության ապահովումն իր արբանյակների նկատմամբ։

Սեպտեմբերի 3-ից հետո շատ վերլուծաբաններ եւ քաղաքական գործիչներ սկսել են հարց բարձրացնել, թե արդյո՞ք հաղորդակցային շրջափակման եւ չկարգավորված ղարաբաղյան հակամարտության մեջ գտնվող Հայաստանն ուներ որեւէ այլընտրանք։ Առաջին հայացքից, հաշվի առնելով Ուկրաինայում տեղի ունեցածը, կարելի էր համաձայնվել այն տեսակետի հետ, որ անգամ ազատական արժեքների օգտին կողմնորոշված ուժերի հաղթանակից հետո Հայաստանի ղեկավարությունն այլընտրանք չէր ունենա։ Ռուսաստանը կարող էր անմիջապես պատժել նրանց՝ արտոնելով Ադրբեջանին նոր պատերազմ սանձազերծել Ղարաբաղը գրավելու համար։ Համաձայն եմ, որ այդպիսի սցենարը կարող էր իրականություն դառնալ, բայց այն այսօր էլ չի բացառվում՝ ի հեճուկս Մաքսային միության շեմին Հայաստանի կանգնած լինելու հանգամանքի։ Հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունն իրենից կախված ամեն ինչ արել է նորակայսերական հավակնություններով տարված դարավոր հովանավորից ապահովագրելու համար։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։

Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի շուրջ բանակցելու ժամանակահատվածում փոխանակ ղարաբաղյան ղեկավարության հետ միասին որոնելու Ռուսաստանի չարաբաստիկ ազդեցության ռիսկերը նվազեցնելու ուղիներ՝ Հայաստանի ղեկավարությունը պարզապես ժամանակ էր ձգում։ Իմ պատկերացմամբ՝ հարկ էր որոնել ռիսկերի նվազեցման այլընտրանքային ուղիներ, ինչն, առաջին հերթին, ենթադրում էր «մետաքսի ճանապարհի»՝ մեզ ավանդաբար բարեկամաբար վերաբերվող եւ իրենց տնտեսական ռազմավարությունները կառուցելու ժամանակ Հայաստանն առանցքային համարող երկրների հետ հարաբերությունների սերտացում։

Հաշվի առնելով Իրանի նկատմամբ արագորեն փոփոխվող աշխարհաքաղաքական կոնյունկտուրան՝ Հայաստանը պետք է ավելի սերտ տնտեսական հարաբերություններ զարգացներ Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ։ Նրանց հետ լուրջ տնտեսական հարաբերություններ ունենալու պարագայում հնարավոր կլիներ հանգիստ հայտարարել Ասոցացման պայմանագիրը ստորագրելու մտադրության մասին։ Հայաստանի ղեկավարությունն, անկասկած, ժամանակ է կորցրել եւ չի տարբերակել իր քաղաքական, ռազմական եւ տնտեսական վարքագծի հիմքերը։

Հայաստանի ղեկավարության որոշումը միաժամանակ թե՛ կանխատեսելի, եւ թե՛ անսպասելի էր։ Այն ոչ միայն անսպասելի եւ անցանկալի էր Եվրամիության, այլեւ մեր ավանդական ընդդիմախոսներ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, որոնք այդ որոշման մեջ տեսնում են տարածաշրջանում Ռուսաստանի դերի ուժեղացում եւ իրենց իսկ հավակնությունների նվազում՝ ինչպես տնտեսական ոլորտում, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման գործընթացում։

Մաքսային միություն մտնելու մասին Հայաստանի ղեկավարության որուշումից առաջ Թուրքիային եւ Ադրբեջանին հեշտ էր դիմագրավել հայաստանյան դիվանագիտությանը։ Իսկ այժմ արդեն ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական կամքի նշանակալից մասը փոխանցվելու է Ռուսաստանին։ Ադրբեջանի համար դա ամենաանընդունելի երեւույթն է, որը երկար տարիներով հետաձգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությանն ավելի հեշտ էր պայմանավորվել հայաստանցի, քան ռուսաստանցի գործընկերների հետ, որոնք կարգավորման գործընթացը պահպանելու են առկախ վիճակում։

Առաջին անգամ ողջ հակամարտության ընթացքում մի իրավիճակ է ստեղծվել, երբ Ադրբեջանը շահագրգռված է իր կողքին ունենալ տնտեսապես եւ քաղաքականապես հզոր, եվրոպամետ Հայաստան։ Դրանով է բացատրվում ԵԱՀԿ Մինսկի խմբի լավատեսությունը 2013 թ. նոյեմբերին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման առթիվ, որն արտահայտվել է նրանց հետեւյալ խոսքերով՝ «Նախագահները դեռ երբեւէ այդքան մոտ չէին փոխըմբռնմանը. . .»։

Սույն հոդվածի շրջանակներում հնարավոր չէ նկարագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ազդեցություն ունեցող բոլոր արտաքին գործոնները։ Այդուհանդերձ, կցանկանայի նշել, որ Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի ղեկավարության որոշումից բացի, որը փոփոխել է ղարաբաղյան հակամարտության լուծման սպասելիքների աստիճանը եւ էլ ավելի մեծացրել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործում, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններն, անշուշտ, նույնպես ազդելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։ Եթե Մաքսային միություն մտնելու վերաբերյալ Հայաստանի որոշումը Ռուսաստանի վարկանիշի վրա ցավագնորեն չի անդրադարձել, ապա ուկրաինական իրադարձությունները, որոնք պատասխան էին ուկրաինական ղեկավարության համանման որոշմանը, լուրջ ֆիասկո են դարձել Ռուսաստանի համար։

Այս իրադարձություններն անդրադառնալու են նաեւ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարքագծի վրա։ Եթե Ուկրաինայից առաջ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը ցուցադրաբար ոչ գործընկերային էր, ապա Ուկրաինայում իր քաղաքականության տապալումից եւ իր ազդեցության գոտուց Ուկրաինայի փաստացի ձերբազատվելուց հետո Ռուսաստանն արագորեն վերանայելու է Հայաստանի նկատմամբ իր վերաբերմունքը։ Եվս մեկ կորուստը Հարավային Կովկասում կնշանակի հետխորհրդային տարածությունում Ռուսաստանի գերակայության ավարտ…

Շուտով մենք ականատես կլինենք, թե ինչպիսի ճկունությամբ է Ռուսաստանի ղեկավարությունն արձագանքում իր իսկ քաղաքականությամբ ստեղծված մարտահրավերներին… Մի բան պարզ է՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կանգնած են մեծ մարտահրավերների առջեւ եւ նրանց կշռադատված ինքնուրույն կեցվածքից է զգալիորեն կախված լինելու ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։

Share

Comments are closed.