Նոր մարտահրավերներ ու նոր հնարավորություններ

Աշխարհը կրկին լուրջ փոփոխությունների շեմին է

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ

Ղրիմյան դեպքերը շատերն են փորձում առնչել Ղարաբաղին, հատկապես՝ Ռուսաստանում եւ Հայաստանում։ Նման առնչությունների ու համեմատությունների սիրահարները տարբեր նպատակներ են հետապնդում եւ տարբեր շահեր սպասարկում։ Կարծիքները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի, ըստ մեկի՝ շատ օգտակար նախադեպ է ստեղծվում հայերիս համար, ըստ մյուսի՝ ղրիմյան նախադեպը ոչ միայն անպտուղ է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի համար, այլեւ բավականին դժվարին կացության մեջ է դնելու թե մեկին, եւ թե մյուսին։

Անձամբ ես չեմ կիսում երկու տեսակետներն էլ, քանի որ երկուսի դեպքում էլ մեր ճակատագիրը, մեր երկրի ապագան կախման մեջ է դրվում արտաքին գործոնից։ Իշխանությունների ու իշխանամետ շրջանակների, ընդհանրապես՝ որոշում ընդունողների եւ որոշման ու դրա ընդունման նկատմամբ վերահսկողության համար այս կամ այն չափով պատասխանատուների համար սա շատ հարմարավետ կեցվածք է՝ ցանկացած պարագայում կարելի է սեփական մեղքերը կոծկել օտարների անբարյացակամության ու անազնվության գործոնով։ Նորերս սոցիալական ցանցում մի բանավեճի մասնակցեցի, որում տիրապետող էր օտարների դավադրությունների թեման մեր ժողովրդի ողբերգական պատմության մեջ։ Փաստելով, որ ըստ տիրապետող կարծիքի՝ մեր ժողովրդի պատմությունը լի է նման դավադրություններով ու չարակամությամբ, եւ որ դրանք էին մեր բոլոր դժբախտությունների պատճառը, ես պարզապես մի ճարտասանական հարց տվեցի՝ իսկ ու՞ր էինք մենք մեր պատմության մեջ։

Իրականում ամեն ինչ մեզնից է կախված, ամեն ինչ՝ ոչ թե աշխարհում, այլ գոնե մեր ճակատագրի ու մեր ապագայի որոշման հարցում։ Յուրաքանչյուր ազգ էլ անցնում է պայքարի ու տառապանքների ճանապարհներով ու հասնում իր նպատակին, եթե հանրային կոնսենսուսով է ձեռք բերվել այդ նպատակը, եւ եթե այն բարօրորություն է   պարգեւում ողջ հանրությանը, այլ ոչ թե դրա մի արտոնյալ մասին։ Իսկ եթե չկա նման նպատակ ու նման մոտիվացիա, կամ էլ եթե չկա իրավիճակի համարժեք գնահատում ու իրապաշտ աշխարհընկալում, ապա ազգը շարունակում է դարեդար խարխափել դեպի տաճար չտանող ճանապարհներին եւ արյամբ ու զուր ջանքերով շաղախել այդ ճանապարհները, որովհետեւ դրանք իրենը չեն։

Մեկ այլ հարմարավետ դիրքորոշում է երկակի չափորոշիչների (ստանդարտների) մասին խոսելը, դրանցից նվնվալը եւ դրանցով մեր անհաջողությունները պայմանավորելը։ Իսկ երկակի ստադարտներով ամեն ինչ պայմանավորելը վկայում է այն մասին, որ դրանով զբաղվողները հոգեբանական-հոգեկան բարդույթներ ունեն։ Նրանք կամ իրենց մտավոր մակարդակով ու աշխարհընկալման աստիճանով ի վիճակի չեն համարժեք գնահատելու շրջական միջավայրը, կամ էլ խիստ անձնական-խմբակային շահեր են հետապնդում, շահեր, որոնք անհարիր են հանրային շահերին։ Այս երկու տեսակներն էլ պիտի հեռու պահել հանրային կառավարումից։

Երկակի ստանդարտների մասին խոսողներին խորհուրդ կտայի ուշադիր զննել գոնե սեփական վարքն ու շրջապատը, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները, հանրության տարբեր շերտերի նկատմամբ իրենց վերաբերմունքը, սեփական զավակների ու այլոց ուստրերի ու դուստրերի նկատմամբ իրենց զգացմունքները, սեփական ունեցվածքն ու այլոց ունեցածը, իրենց հնարավորություններն ու այլոց շանսերը։ Միգուցե դրանից հետո հասկանան, որ այս ամենում երկակի ստանդարտներից բացի ոչինչ չկա։ Նման ստանդարտներով է լեցուն նաեւ շրջակա միջավայրը։ Օրվա նկատմամբ էլ է երկակի ստանդարտ՝ օրվա մի մասում արեւ կա, մյուսում՝ ոչ։ Տարվա եղանակներում ընդհանրապես սոցիալական անարդարություն է՝ մի եռամսյակի նկատմամբ բարեխառն վերաբերմունք է, մյուսի նկատմամբ՝ ցուրտ ու անտարբեր։ Անարդա՛ր աշխարհ։

Դիցուք, թեկուզեւ վերջին իրադարձությունները։ Արցախյան իշխանությունները մեծ տոնախմբություն անցկացրին ի պատիվ ղրիմյան ինքնորոշման, սակայն ժամանակին չոգեւորվեցին եւ չճանաչեցին Կոսովոյի անկախությունը (որովհետեւ Ռուսաստանը չի ճանաչել Կոսովոն)։

Կա շրջակա աշխարհ, եւ կան կանոններ այդ աշխարհում։ Կան Աստվածային օրենքներ եւ կան կանոններ, որ մարդիկ են գրում։ Սովորաբար գրում են ուժեղները։ Սովորաբար հասկանում են խելոքները։ Եթե հասկանում ես խաղի կանոնները, ապա մեծ հաշվով նշանակություն էլ չունի, թե ով է գրում այդ կանոնները, որովհետեւ կանոններ գրելը նույնպես ահավոր պատասխանատվություն է, եւ ամենը չէ, որ ի զորու է դա անել։Եթե հասկանում ես կանոնները, ապա կարող ես քո անվտանգությունն ու բարեկեցությունը տեղավորել այդ կանոնների շրջանականերում, իսկ առավել եւս եթե հասկանում ես, որ գործող կանոնները հնացել ու դրանց խմբագրման անհրաժեշտությունն է օդում թեւածում, ապա կարող ես քո ուժերի ներածին չափով նպաստել դրան կամ գոնե խանգարող գործոն չլինել։ Ուրիշ ելք չկա՝ կամ պիտի ինքդ գրես այդ կանոնները, կամ էլ հասկանաս դրանք։ Եթե ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, ապա քոնը երկակի ստանդարտների մասին խոսելն է՝ լավագույն դեպքում։ Իսկ վատագույն դեպքում այն ամենի կորուստը, ինչ ունես եւ քո իսկ կորուստը։

Պիտի հասկանալ, այլապես եթե աշխարհի բոլոր չճանաչված կամ մասնակի ճանաչված երկրներին մի գեղեցիկ օր միաժամանակ ճանաչելու որոշում ընդունվի, ապա դա դեռ չի նշանակելու, որ այդ որոշումը մեզ էլ է վերաբերվելու։ Այդպիսի օրինակներ շատ են եղել մեր պարագայում։ Ամենաթարմը՝ պատմական առումով. օսմանյան կայսրության փլուզումից հետո բոլոր ազգերը պետություն ստեղծեցին կայսրության նախկին տարածքում, բացի հայերից։

Այնպես որ՝ հասկանալ է պետք։ Հասկանալ ու առնվազը պատմական անկասելի զարգացումների ոտի տակ չընկնել, իսկ ավելի նախընտրելի կլինի հասկանալ ու մասնակցել նոր զարգացումներին։ Լինել Նորի մասնիկը, այլ ոչ թե Հնի կցորդը։

Ներկայումս շատ բան է վկայում, որ աշխարհում սկզբունքային բաներ են փոխվում, նոր աշխարհակարգ է ստեղծվում։ Աշխարհիս ուժային բեւեռները թեւակոխում են հարաբերությունների նոր ստադիա: Նոր աշխարհակարգը, միջազգային նոր գործընթացներն այս կամ այն ձեւով անպայման լինելու են՝ մեզնով կամ առանց մեզ։ Ու շատ կարեւոր է հասկանալ այդ ամենը։ Հասկանալ ու մասնակցել նոր գործընթացներին։ Այլ ոչ թե սպասել, որ նոր աշխարհակարգը եւ միջազգային նոր հարաբերությունները բարենպաստ կլինեն մեզ համար։ «Նստեմ թախտին՝ սպասեմ բախտին» մտածելակերպը որքան գայթակղիչ ու հարմարավետ, նույնքան էլ վատ ու վտանգավոր արտաքին-քաղաքական դոկտրին է։

Խնդիրն այստեղ միայն հասկանալը չէ, այլեւ սեփական դեմք ունենալն ու նոր քայլերի դիմելու կամքն ու համարձակությունը։ Իսկ դա կարող է անել ազգի լավագույն միտքն ու կադրերը ժողոված ու ողջ հանրության իղձերը սպասարկող իշխանությունը։ Սեփական հանրության կողմից վերահսկվող իշխանությունը։ Եթե իշխանությունը չի վերահսկվում սեփական հանրության կողմից, ապա վերահսկվում է այլ ուժերի կողմից եւ այդ ուժերից էլ կախված է։ Ու կախվածության մեջ է դնում ողջ ժողովրդին։ Դեպքերի անբարենպաստ զարգացման պարագայում նման իշխանությունը մեղքը բարդելու է օտարի վրա եւ խոսելու է երկակի ստանդարտների մասին։ Ու ինչպես միշտ՝ չոր է դուրս գալու ջրից, իսկ տուժելու է ժողովուրդը։ Այսպես եղել է քանի-քանի անգամ մեր պատմության մեջ։

Ինչ-որ է, մեր այս կրկին փոփոխվող աշխարհում ամենավտանգավորը ջայլամի պես գլուխն ավազներում թաղելն է, սեփական իրավունքներն ուրիշի պարտականություններում փնտրելն ու երկակի ստանդարտներով արդարանալը։ Մահացու վտանգավոր։

Նոր աշխարհակարգի ստեղծումն իր մեջ պարունակում է ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ։ Ու մեզնից է կախված՝ մարտահրավերները հնարավորությունների՞ կվերածվեն, թե՞ հնարավորությունները կվերաճեն հավելյալ մարտահրավերների՝ իրենց ծանրության տակ ճզմելով մեզ։

Մեր դառը պատմությունը ցույց է տալիս, որ ճակատագրական պահերին առավել հաճախ մեր իշխանությունների որակը, մեղմ ասած, չի համապատասխանել նոր մարտահրավերների որակին։ Ավելին՝ նրանք, որպես կանոն, նոր հնարավորությունները սեփականաշնորհել են՝ ժողովրդին մեծահոգաբար զիջելով նոր մարտահրավերները։

Բայց մեզնից, միմիայն մեզնից է կախված՝ շարունակվելու՞ է այս արատավոր ավանդույթը, թե՞ հանրությունն իր ձեռքն է վերցնելու նոր հնարավորությունները՝ դիմակայելու համար նոր մարտահրավերներին։

 

 

Share

Comments are closed.