Անգլոսաքսոնական նախադեպային իրավունքը պահանջում է ճանաչել ԼՂՀ-ն

 

Ռուբեն ԶԱՐԳԱՐՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
Մոսկվա

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդիգը 2014թ. մարտի 5-ին Բաքվի Խազար համալսարանում հանդես է եկել «Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության եւ Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը» ելույթով, որի ընթացքում արել է հետեւյալ նշանակալից հայտարարություն. «Շոտլանդիայի որոշ բնակիչներ չեն ցանկանում մնալ Մեծ Բրիտանիայի կազմում: Պատերազմ սանձազերծելու փոխարեն մենք կանցկացնենք հանրաքվե: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման ելքը նույնպես պետք է հանդիսանա հանրաքվեն: Սա տրամաբանական փոխզիջում է կարգավիճակի որոշման համար»:

Մեծ Բրիտանիայի դեսպանը փաստորեն դատապարտել է 1991-1994 թթ. ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան` մատնանշելով Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի քաղաքական մշակույթների միջեւ առկա տարբերությունը, եւ զգուշացրել Ադրբեջանին նոր պատերազմ չսկսել: 1991թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետություն) միջազգային իրավունքին եւ ԽՍՀՄ օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան անցկացված անկախության հանրաքվեից հետո ենթարկվել է Ադրբեջանի լայնածավալ ահաբեկչական ագրեսիային: ՄԱԿ-ի Կանոնադրության եւ հիմնարար միջազգային-իրավական պահանջների համաձայն ԼՂՀ-ի անկախության անմիջական ճանաչման փոխարեն Ադրբեջանը ԼՂՀ-ի դեմ պատերազմ է սկսել:

Հանրաքվեների` որպես աշխարհի տարբեր կողմերում էթնոքաղաքական հակամարտությունների լուծման հիմք ճանաչելու` Մեծ Բրիտանիայի հետեւողականորեն արտահայտված պաշտոնական դիրքորոշումը ստեղծում է հարկադրող իրավական նախադեպ: Թեեւ բրիտանական կառավարությունը միշտ չէ, որ հետեւողական  է եղել տարբեր երկրներում հանրաքվեները ճանաչելու հարցում, դա Մեծ Բրիտանիային չի ազատում 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու հրամայական իրավական պարտավորությունից:

Բրիտանական իրավական համակարգի առանձնահատկությունն այն է, որ վերջինս կառուցված է նախադեպի վրա. իրավունքի հիմնական աղբյուր է ճանաչվում նախադեպը եւ իրավակիրառ գործառնությունը: Բրիտանական իրավական համակարգում այդպիսի իրավական նախադեպերը պետք է իրավական ազդեցություն գործեն համանման միջազգային հարցերի լուծման վրա: Մեծ Բրիտանիայի հավատարմությունն ինքնորոշման իրավունքին ու հանրաքվեներին եւ իրավական նախադեպերի (Շոտլանդիա, Ֆոլկլենդ, Ջիբրալթար, Հյուսիսային Իռլանդիա) ստեղծումը միջազգային իրավունքի այլ կանոնների հետ միասին Միացյալ Թագավորության համար իրավական պարտավորություն է սահմանում ճանաչել ԼՂՀ ինքնորոշման իրավունքն ու 1991թ. հանրաքվեի արդյունքները:

Մեծ Բրիտանիան ճանաչել է Շոտլանդիայի` անկախության հանրաքվե անցկացնելու իրավունքը: 2011թ. մայիսի 8-ին Շոտլանդիայի գործերով բրիտանական նախարար Մայքլ Մուրը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի խոչընդոտելու Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացմանը: 2012թ. հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սելմոնդը համաձայնություն են ստորագրել անկախության հանրաքվեի անցկացման պայմաննների վերաբերյալ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստացել է ընդունել շոտլանդացիների` հանրաքվեով արտահայտվելիք ընտրությունը: Հանրաքվեն տեղի է ունենալու 2014թ. սեպտեմբերի 18-ին: Եթե հանրաքվեն արձանագրի անկախության կողմնակիցների հաղթանակը, ապա 2016թ. մարտի 24-ին Շոտլանդիան հռչակվելու է անկախ պետություն: Մեծ Բրիտանիայի Համայնքների ու Լորդերի պալատները միաձայն հաստատել են Շոտլանդիայի խորհրդարանին անկախության հարցով հանրաքվե անցկացնելու իրավունք տրամադրելու որոշումը:

Ֆոլկլենդական կղզիներում 2013թ. մարտի 10-11-ին տեղի է ունեցել հանրաքվե. կղզիների բնակչության 99,9%-ը քվեարկել է հետեւյալ ձեւակերպման օգտին` «պահպանել Միացյալ Թագավորության անդրծովային տարածքի արդի կարգավիճակը», այսինքն` Մեծ Բրիտանիայի կազմում:  2013թ. հունվարի կեսերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մերժել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Քիշների առաջարկը բանակցություններ սկսել կղզիների վրա ինքնիշխանության հարցի շուրջ, պատճառաբանելով այն Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին Ֆոլկլենդների բնակիչների արտահայտած դիրքորոշմամբ: Արգենտինային ասվել է, որ նա պարտավոր է հարգել նրանց ինքնորոշման իրավունքը:

2002թ. նոյեմբերի 8-ին Ջիբրալթարում տեղի է ունեցել հանրաքվե, որի ընթացքում բնակչության  98,97%-ը դեմ է արտահայտվել հիշյալ ինքնակառավարվող բրիտանական գաղութում Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի «համատեղ ինքնիշխանության» նախագծին: Մեծ Բրիտանիան հղում է կատարել հանրաքվեի արդյունքներին` Ջիբրալթարի հարցի վերջնական լուծման շուրջ բանակցային գործընթացում դրանք որպես հիմք ընդունելու համար: Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Դենիս Մաքշեյնն ընդգծել է, որ Ջիբրալթարի ժողովուրդը միաձայն դեմ է արտահայտվել հիշյալ տարածքի կարգավիճակում որեւէ փոփոխություն կատարելուն: Դ. Մաքշեյնը հայտարարել է, որ այժմ 17-րդ կամ 19-րդ դարերը չեն, երբ դիվանագետները կարող էին ստորագրել պայմանագրեր, իսկ մարդիկ պարտավոր էին դրանց ենթարկվել: 2004թ. դեկտեմբերի 16-ին Իսպանիան համաձայնվել է բանակցություններ վարել Իսպանիա-Ջիբրալթար-Մեծ Բրիտանիա եռակողմ ձեւաչափով` առաջին անգամ ճանաչելով Ջիբրալթարը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ:

1998թ. ապրիլի 10-ին ձեռք է բերվել հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնությունը, որն արձանագրել է 1998թ. մայիսի 22-ին Հյուսիսային Իռլանդիայում եւ Իռլանդիայի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունն` ըստ ստորագրված համաձայնագրի: Հանրաքվեի ժամանակ համաձայնագրի օգտին է քվեարկել Իռլանդիայի Հանրապետության բնակչության 94% եւ Հյուսիսային Իռլանդիայի բնակչության 71%-ը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար նախադեպային նշանակություն ունի նաեւ այն իրավական փաստը, որ համաձայնագրի վերաբերյալ հանրաքվեն անցկացվել էր Հյուսիսային Իռլանդիայում եւ Իռլանդիայի Հանրապետությունում, նաեւ անցկացվելու է միայն Շոտլանդիայում, իսկ Մեծ Բրիտանիայում այն չի անցկացվել եւ չի անցկացվելու: Հետեւաբար, այս նախադեպերը պահանջում են ԼՂՀ-ում արդեն իսկ անցկացված հանրաքվեի ճանաչումը եւ Ադրբեջանի այն թեզի հերքումն, ըստ որի, այդօրինակ հանրաքվեն անհրաժեշտ է անցկացնել ողջ Ադրբեջանում:

Անգլոսաքսոնական նախադեպային իրավունքը թույլ է տալիս պատասխանել նաեւ այն հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է երկրի կառավարության համաձայնությունն ինքնորոշվող ժողովրդի անջատման համար: Շատ բնութագրական է Կանադային Գերագույն դատարանի 1998թ. որոշումը Կանադայի կազմից Քվեբեկի դուրս գալու հարցի վերաբերյալ, որում ասված է, որ թեեւ երկրի սահմանադրությունը Քվեբեկին միակողմանիորեն անկախություն հռչակելու իրավունք չի տալիս, այնուամենայնիվ, եթե Քվեբեկի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեի միջոցով արտահայտվի հօգուտ անկախության, ապա դաշնային կառավարությունը եւ Կանադայի մյուս նահանգները պարտավորված կլինեն բանակցություններ սկսել Քվեբեկի անջատման շուրջ: Կանադային Գերագույն դատարանը ճանաչել է երկրի սահմանադրության մեջ Քվեբեկի անջատման քաղաքակիրթ եղանակներ սահմանող փոփոխություններ մտցնելու հնարավորությունը:

Արժե ընդգծել, որ միջազգային իրավունքում գոյություն չունեն անջատման համար մետրոպոլիայի համաձայնությունը պահանջող կանոններ: Միջազգային իրավունքը հստակորեն արձանագրում է, որ քաղաքական կարգավիճակի որոշման իրավունքը պատկանում է հենց ժողովուրդներին եւ ո՛չ այլոց: Այս իրավական կանոնն արձանագրվում է ՄԱԿ Գերագույն Ասամբլեայի 1948թ. դեկտեմբերի 10-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում» եւ 1960թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 15-րդ նստաշրջանում ընդունված «Գաղութացված երկրներին ու ժողովուրդներին անկախություն տրամադրելու հռչակագրում»,  1966թ. «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային ակտում», «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում» (ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 1970թ. հոկտեմբերի 24-ին ընդունված թիվ 2625 բանաձեւը), 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտում: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ՄԱԿ Կանոնադրության համակարգարար դրույթներից մեկն է: ՄԱԿ Կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ կետը հաստատում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Մեծ Բրիտանիայի՝ 2009թ. ապրիլի 17-ի Կոսովոյի միակողմանիորեն հռչակված անկախության ճանաչման միջազգային իրավունքին համապատասխանելու հարցին նվիրված գրավոր հուշագրում արձանագրվում է, որ «ինքնանջատումն ինքնին միջազգային իրավունքին չի հակասում» (էջ 87), «… ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքն ինքնանջատումը եւ անջատումը չի արգելում եւ չի երաշխավորում նախորդ պետությունների միասնականությունը` անջատման կամ անկախության տանող` շահագրգիռ ժողովուրդների աջակցած ներքին շարժերից» (էջ 93):

2009թ. ապրիլի 17-ին Կոսովոյին վերաբերող ԱՄՆ գրավոր հուշագրում արձանագրված է. «Ա. Տարածքային ամբողջականության սկզբունքը չի բացառում գոյություն ունեցող պետությունների տարածքում նոր պետությունների առաջացումը» (էջ 79): «Անտարակույս, անկախության հռչակագրերը կարող են, եւ այդպես հաճախ է պատահում, խախտել ներքին օրենսդրությունը: Սակայն, դա չի նշանակում, որ տեղի է ունենում միջազգային իրավունքի խախտում» (էջ 51):

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն 2014թ. մարտի 11-ին ընդգծել է, որ «միջազգային իրավունքում նախադեպն օրենք է», հիշեցնելով` «արդեն իսկ առկա է ձեւավորված միջազգային պրակտիկա: Մասնավորապես, ես կամենում եմ հիշատակել 2010թ. հուլիսի 22-ին ՄԱԿ Միջազգային դատարանի Կոսովոյի վերաբերյալ կայացրած որոշումը, որը, հիմնվելով ՄԱԿ Կանոնադրության  1-ին հոդվածի 2-րդ կետի վրա, ստեղծել է նախադեպ, որի համաձայն հանրաքվե անցկացնելու եւ պետության մի մասի ինքնորոշման հարցը լուծելու համար կենտրոնական իշխանությունների մանդատ չի պահանջվում»:

ՄԱԿ Միջազգային դատարանի 2010թ. հուլիսի 22-ի եզրակացության մեջ արձանագրված է. «81. ՄԱԿ Անվտանգության խորհրդի պրակտիկայից անկախությունը միակողմանիորեն հռչակելու ընդհանուր ոչ մի արգելք չի բխում»:  «84. Վերոշարադրյալ պատճառներով Միջազգային դատարանը համարում է, որ ընդհանուր միջազգային իրավունքը չի պարունակում անկախության հռչակման որեւէ կիրառելի արգելք»: Այս իրավակիրառ պրակտիկան վերաբերում է ինչպես Կոսովոյին, այնպես էլ միեւնույն սկզբունքի ուժով մետրոպոլիայից ինքնորոշվող ժողովրդի կողմից անկախության հռչակմանը:

Ժամանակակից միջազգային պրակտիկան ձեւավորել է էթնոքաղաքական հակամարտությունների լուծման իրավական սկզբունքները: Առաջին հերթին դա անկախության հանրաքվեներ անցկացնելու իրավունքն է, որն իրացվել կամ իրացվելու է Արեւելյան Թիմորում, Էրիտրեայում, Քվեբեքում, Ֆարերական կղզիներում, Ջիբրալթարում, Արեւմտյան Սահարայում, Նոր Կալեդոնիայում, Հարավային Սուդանում, Գրենլանդիայում, Չեռնոգորիայում, Շոտլանդիայում, Կատալոնիայում, Ղրիմում, Մերձդնեստրում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում: Երկրորդ սկզբունքը երկրի` որեւէ տարածքի նկատմամբ իրավունքների կորուստն է` ժողովրդավարության սկզբունքների, մարդու իրավունքների հարգանքի, էթնիկական խաղաղության եւ տարածաշրջանային կայունության հիման վրա այն արդյունավետորեն կառավարելու` կառավարությունների անկարողության պարագայում:

Այս երկու սկզբունքներն անմիջական կապ ունեն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Վերջին 20 տարիների ընթացքում երեք տասնյակ երկրներ դարձել են ՄԱԿ անդամ: Այս ամենը դինամիզմ է հաղորդում միջազգային իրավունքին, որը հրամայաբար թելադրում է վաղուց ի վեր կայացած եւ հաջողված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) անկախության վերջնական ճանաչումը:

Share

Comments are closed.