Տասներեքերորդը` Հովիկ Աբրահամյան

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երեւան

Սերժ Սարգսյանի եւ իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական որոշումը կանգ առավ Հովիկ Աբրահամյանի վրա: Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում ծնված 56-ամյա Աբրահամյանը, ով  խորհրդային բառապաշարով տիպիկ «ցեխավիկի» կերպար ունի, դարձավ Հայաստանի թվով 13-րդ վարչապետը: Նրա տնտեսական եւ քաղաքական անցյալը չպետք է ոգեւորի Հայաստանի քաղաքացիներին: Աբրահամյանի կրթությունը, ինտելեկտը, մտահորիզոնն ու էրուդիցիան, լեզուների իմացությունն ու ընդհանուր մակարդակը եւս չեն կարող ներշնչանքի աղբյուր լինել: Բայց սա է Սերժ Սարգսյանի եւ նրա Հանրապետական թիմի ճաշակը:

Հայաստանի արեւմտյան գործընկերները եւս Աբրահամյանի մասին դրական կարծիք չունեն: Այսպես, դեռեւս 2008թ. գարնանը Երեւանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը  պետքարտուղարություն ուղարկած իր խորհրդապահական հեռագրում, ըստ «Վիկիլիքսի», տեղեկացրել է, որ Աբրահամյանը վատ համբավ ունի ինչպես կոռուպցիայի, այնպես էլ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի ժամանակ եղել է ամենակեղտոտ մարտավարական քայլեր  իրականացնողը: Փենինգտոնը գրել է, որ շատ հայերի եւ արտասահմանցիների կարծիքով` Աբրահամյանը վատ կրթված, նեղ տեղային մտածողությամբ մարդ է, ում, սակայն, պետք չէ թերագնահատել: Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ Աբրահամյանն ավելի շատ աշխատում է սեփական շահերի համար, սակայն երկրորդ եւ երրորդ նախագահի միջեւ ընտրության դեպքում ավելի շատ Ռոբերտ Քոչարյանին է մոտ կանգնած:

Նույն տարվա աշնանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը պետքարտուղարություն ուղարկած իր խորհրդապահական հեռագրում Աբրահամյանին ներկայացրել է որպես մի գործչի, ով իր քաղաքական իշխանությունն օգտագործում է գործարար շահերը առաջ տանելու նպատակով: Մեկ այլ խորհրդապահական հեռագրում  Յովանովիչը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի  բիզնես բուրգերին, Հովիկ Աբրահամյանի մասին գրել է, որ Աբրահամյանը նախկինում եղել է Քոչարյանի բուրգի անդամ, սակայն վերջին շրջանում սեփական  բիզնես կայսրությունն է կառուցել:

Հայկական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Հովիկ Աբրահամյանի բիզնես կայսրությունը հիմնականում սահմանափակվում է Արարատի մարզի տարածքում: Նրան են պատկանում Արարատի մարզի քաղաքներից Երեւան երթեւեկող ավտոբուսները, գյուղատնտեսական նշանակության հարյուրավոր հեկտար հողեր, ավազի հանքեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, «Արտֆուդը» եւ բազմաթիվ այլ բիզնեսներ: Ըստ պաշտոնական վիճակագրության` Հովիկ Աբրահամյանը եւ նրա կինն ամեն տարի միլիոնավոր դրամների եկամուտ են ստանում գյուղմթերքի իրացումից: Հողի առաջ կքած հարյուր հազարավոր հայ գյուղացիների ֆոնին` Աբրահամյան ամուսիններն, անկասկած, հաջողված ագարակատերեր են:

Ի՞նչու Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատեց (իբր` սեփական դիմումի համաձայն) նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: Վերջինս, անկասկած, պետք է հրաժարական տար ավելի վաղ: Նա պետք է հրաժարական տար դեռ 2008 կամ 2009 թվականին, երբ ճիշտ չհաշվարկեց միջազգային տնտեսական ճգնաժամի հնարավոր հետեւանքները Հայաստանի տնտեսության համար: Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, որ այդ ճգնաժամը չի հարվածելու մեր երկրին, եւ Հայաստանը լինելու է «անվտանգ կղզի» փոթորկվող օվկիանոսում: Այդ անպատասխանատու հանգստության պատճառով էր նաեւ, որ 2009-ին Հայաստանն արձանագրեց տնտեսության ավելի քան 14 տոկոս անկում: Այդ նույն տարում` մեկ օրվա ընթացքում, հայկական դրամն արժեզրկվեց ավելի քան 20 տոկոսով:

Տիգրան Սարգսյանի վարչապետության վեց տարիները աղետալի էին Հայաստանի համար: Եթե 2008-ին Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) կազմում էր 11.6 միլիարդ դոլար, ապա 2013-ին այն 10.4 միլիարդ էր: Այսպիսով, վեց տարվա ընթացքում Հայաստանը չի կարողացել հասնել նախաճգնաժամային` 2008-ի ցուցանիշին: Եթե 2008-ին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն մոտեցել էր 4.000 դոլարին, ապա 2013-ին այն դեռեւս ցածր էր 3.500 դոլարից: Եթե 2008-ին Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր մոտ 1.5 միլիարդ դոլար, ապա 2013-ին այն գրեթե 4 միլիարդ դոլար է: Եվ, վերջապես, եթե 2008-ին Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմում էին 1 միլիարդ դոլար, ապա 2013-ին ընդամենը 270 միլիոն էին:

Այս թվերը խոսուն են: Թվերից բացի կան շատ այլ դառն իրողություններ: Այսպես, Տիգրան եւ Սերժ Սարգսյանների համատեղ ղեկավարման տարիներին Հայաստանից հեռացել է բնակչության 8 տոկոսը` ավելի քան 200 հազար մարդ: Փոքր եւ միջին գործարարությունը շնչահեղձ է լինում, մենաշնորհներն ավելի են խորանում: Վեց տարիների ընթացքում տնտեսական խոշոր որեւէ ծրագիր կյանքի չի կոչվել, թեեւ Սարգսյանները խոստանում էին նոր ատոմակայանի ու Հայաստան-Իրան երկաթուղու շինարարություն սկսել, Գյումրին դարձնել տեխնոլոգիական համաշխարհային, իսկ Դիլիջանը` ֆինանսաբանկային կենտրոն:

Իր նախագահության վեց տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի դիրքերն այսօր, առավել քան երբեէ, թուլացել են: Արդարացված է անգամ ասել, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ կա, թեեւ իշխող Հանրապետական կուսակցությունը որակական մեծամասնություն ունի խորհրդարանում: Այսօրվա ներքաղաքական ճգնաժամը երկու հատկանշական բնութագրիչ ունի. առաջին` տնտեսական վիճակը լավ չէ, երկրորդ` իշխանությունների նկատմամբ խորացել է անվստահությունը: Իշխանություններից դժգոհ են ոչ միայն հասարակության լայն շերտերը եւ ընդդիմադիր ու ոչ իշխանական կուսակցությունները, այլ դժգոհություն կա նաեւ իշխող համակարգի ներսում: Այս ամենին ավելանում է նաեւ այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանն այլեւս չունի Արեւմուտքի` Միացյալ Նահանգների եւ Եվրոպական Միության երկրների աջակցությունը, ինչն ուներ «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին: Ճիշտ է նաեւ, որ Եվրոպական Միության հետ անցած աշնանն Ասոցացման համաձայնագիրը չստորագրելուց եւ Մաքսային միությանն անդամակցելու ցանկություն հայտնելուց հետո Սարգսյանն ունի Վլադիմիր Պուտինի աջակցությունը: Հայաստանի ներքաղաքական կյանքում Ռուսաստանը չափազանց կարեւոր գործոն է:

Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը փորձում է մեղմել իր եւ իշխանությունների հանդեպ հասարակության զայրույթն ու կանխել ընդդիմության անկանխատեսելի գործողությունները: Տիգրան Սարգսյանի հրաժարականը մեկ հիմնական պատճառ ուներ` կանխել խորհրդարանի ոչ իշխանական չորս կուսակցությունների համատեղ գործողությունները: Ապրիլի վերջին «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, Հայ ազգային կոնգրես եւ «Ժառանգություն» կուսակցությունները նախատեսել էին եռօրյա հանրահավաք մեկ միասնական օրակարգով` Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Անկասկած, ոչ իշխանական այս չորս կուսակցությունները, որոնց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տվել է «հրաշալի քառյակ» անունը, միմյանց հետ առանձին-առանձին ունեն տարակարծություններ եւ հակասություններ: Երբեմն այդ հակասությունները շատ խորն են: Սակայն «հրաշալի քառյակի» ուժը հենց նրանում է, որ ունենալով ներքին հակասություններ` այդ կուսակցությունները կարողացան ձեւավորել մեկ միասնական օրակարգ, որից իշխանությունը վտանգ զգաց: Ահա այդ վտանգի գիտակցումը բերեց Տիգրան Սարգսյանի «զոհաբերմանը»:

Հայաստանում քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակներ թերահավատություն հայտնեցին, նշելով, որ վարչապետի հրաժարականի պահանջը որեւէ բան չի փոխի եւ պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Հրաշալի քառյակը», սակայն, Տիգրան Սարգսյանի հրաժարականը դիտում էր ոչ թե լոկ մեկ իրադարձություն, այլ երկարաժամկետ գործընթացի մաս, որը կարող է բերել ամբողջական իշխանափոխության:

Կարեւոր է հասկանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկելու «հրաշալի քառյակը» Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Ահա հենց այստեղ է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է «խաղալ» այդ ուժերի ներքին հակասությունների վրա: Սարգսյանը Աբրահամյանին նշանակելով վարչապետ, փորձելու է ձեւավորել մի կառավարություն, որում ընդգրկված կլինեն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, այսինքն` ձեւավորել կոալիցիոն կամ ազգային համաձայնության կառավարություն: «Բարգավաճ Հայաստանը», հավանաբար, չի մտնելու նոր կառավարության կազմ, ամենայն հավանականությամբ` չի էլ համագործակցելու նրա հետ: Սակայն շատ ավելի կարեւոր է այն, թե արդյո՞ք այս կուսակցությունն իշխանությունների դեմ պայքարում պատրաստ է համագործակցել Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» հետ: «Բարգավաճ Հայաստանը» պատրա՞ստ է  Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» հետ դուրս գալ փողոց եւ ֆինանսավորել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հրապարակին: Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռաֆֆի Հովհաննիսյանը, թվում է, պահանջում են նոր ընտրություններ, ընդ որում` ոչ թե նախագահական, այլ` խորհրդարանական:

Եթե Սերժ Սարգսյանը եւ իշխող Հանրապետական կուսակցությունը համաձայնվեն խորհրդարանական նոր ընտրությունների տարբերակին, պայմանով, որ դրանք չեն կեղծվելու, ապա նոր ընտրությունները կարող են լինել Հայաստանի ներքաղաքական դաշտն առողջացնելու եւ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու կարեւոր, բայց ոչ բավարար նախապայմանը:

Քանի դեռ չի ապամոնտաժվել Հայաստանում գործող օլիգարխիկ համակարգը, քանի դեռ չեն վերացել մենաշնորհները, վարչապետի փոփոխությամբ չի կարող լուծվել ժողովրդի հարցը: Դրանով կարող է լուծվել միայն կլանային խնդիր: Հարցն անձերի մեջ չէ: Հարցը համակարգային է: Եթե Սերժ Սարգսյանը եւ նրա ՀՀԿ-ն չեն պատրաստվում պայքարել մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ, այսինքն` իրենց իսկ դեմ, ապա վարչապետի փոփոխությամբ չեն լուծվելու անգամ կարճաժամկետ խնդիրներ, եւ Հայաստանը չի կարողանալու դուրս գալ տնտեսական ճգնաժամից:

Թաթուլ Հակոբյանն աշխատում է «Սիվիլիթաս» հիմնադրամում: Նա հեղինակն է «Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր» եւ «Հայացք Արարատից. Հայերը եւ թուրքերը» գրքերի:

Share

Comments are closed.