ԱՄՆ-ն եւ «խորհրդային ժառանգության համար» պատերազմը

Էմիլ ՍԱՆԱՄՅԱՆ
Armenian Reporter թերթի խմբագիր
Վաշինգտոն

Ապրիլի14-ին Վլադիմիր Պուտինը հերթական անգամ զանգահարել է Բարաք Օբամային` Ուկրաինայի մասին խոսելու համար: ԱՄՆ նախագահի մամլո ծառայությունը հաղորդել է, որ Օբաման կրկին առաջարկել է Պուտինին խաղաղեցնել Դոնեցկի եւ Լուգանսկի նահանգները փաստացի վերահսկող ռուսամետ ուժերին եւ հեռացնել ուկրաինական սահմանի երկայնքով կուտակված ռուսական զինուժը:  Դոնբասից ստացվող վերջին նորությունների համաձայն ուկրաինական բանակը սկսել է տարածաշրջանում ռուսամետ ուժերի ճնշման գործողությունը, իսկ ռուսամետներն իրենց հերթին պատրաստվում են դիմադրել: Ռուսաստանն ու Ուկրաինան կանգնած են միմյանց դեմ ուղղակի ռազմական գործողություններ սկսելու շեմին:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերն ապրիլի 13-ին` ABCNews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի գործարկման մասին այն պարագայում, եթե վերջինս շարունակի ռազմական ներխուժումն Ուկրաինայի տարածք:  Ղրիմի համարյա անարյուն կցումն առայժմ հանգեցրել է 31 հոգու եւ մեկ բանկի դեմ պատժամիջոցների հաստատման: Փաուերի խոսքերով` նոր պատժամիջոցները կարող են առնչվել Ռուսաստանի տնտեսության մի շարք հատվածներին եւ առաջին հերթին` էներգետիկ ոլորտին: Միաժամանակ, ԱՄՆ-ն դեռեւս հրաժարվում է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերել  եւ հույս ունի խուսափել Ռուսաստանի հետ առճակատման սրացումից:

Հետխորհրդային սահմանների Պուտինի սկսած վերաձեւումը «խորհրդային ժառանգության» համար յուրօրինակ պատերազմում անակնկալի է բերել ամերիկյան ղեկավարությանը: ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլափերի հունվարի 29-ի տարեկան զեկույցը չէր քննարկում Ուկրաինայի նախագահի տապալման եւ ռուս-ուկրաինական հարաբերություններում ճգնաժամի առաջացման հնարավորությունը: Ընդհակառակը, դատելով Քլափերի գնահատականներից, ամերիկացիները սպասում էին, որ Վիկտոր Յանուկովիչը կկարողանա ճնշել ընդդիմությանը եւ Մոսկվայի տնտեսական աջակցությամբ 2015թ. նախագահ կվերընտրվի:

Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի` Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի հետ փետրվարի սկզբներին գաղտնալսված եւ Յութուբում հրապարակված զրույցը շատերի կողմից մեկնաբանվել է որպես Մայդանին ցուցաբերվող ամերիկյան օգնության վկայություն, մինչդեռ իրականում դրանում խոսվում էր Կիեւում արյունալի փողոցային բախումները կանգնեցնելու նպատակով Յանուկովիչի եւ ընդդիմության միջեւ կոալիցիա կազմելու փորձի մասին: Մինչեւ փետրվարի 21-ը ամերիկացիները եւ նրանց միացած ԵՄ երկների նախարարները հույս ունեին հասնել այդպիսի լուծման, բայց իրենց ծրագրերը ձախողվեցին ուկրաինացի արտահամակարգայինների` Աջ սեկտորի եւ Մայդանի ինքնապաշտպանության կողմից, որոնց ջանքերով ի սկզբանե խաղաղ Մայդանը վերաճեց զինված ապստամբության` հարկադրելով Յանուկովիչին Ռուսաստան փախուստի դիմել:

Փետրվարի 23-ին փակելով Սոչիի օլիմպիադան` Պուտինն իր ուշադրությունը սեւեռեց Ուկրաինայի վրա: Փետրվարի 27-ին ռուսամետ զորքերը, ամենայն հավանականությամբ` ռուսական հատուկ ջոկատայիններ, վերահսկողության տակ են առել Սիմֆերոպոլում ղրիմյան կառավարական մասնաշենքերը: Ղրիմում իշխանությունը Յանուկովիչի Տարածաշրջանների կուսակցությունից ձեւականորեն անցել է Ռուսաստանյան Միասնության կուսակցությանը, որը մինչ այդ Ղրիմի խորհրդարանում ուներ տեղերի ընդամենը չորս տոկոս: Մարտի 1-ին Պուտինը ստացել է Դաշնային խորհրդի ձեւական համաձայնությունը Ուկրաինայում ռուսական զորքերն օգտագործելու համար: Մարտի 11-ին Ղրիմի նոր դե-ֆակտո իշխանությունները հայտարարել են թերակղզու անկախության մասին: Մարտի 16-ին անցկացվել է Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվե: Ռուսաստանը հայտարարել է Ղրիմն իր կազմի մեջ ընդունելու մասին: Հետագա օրերին Կիեւին դեռեւս հավատարիմ մնացած զորամիավորումները լքել են Ղրիմը, իսկ ուկրաինական նավատորմի մեծ մասը բարձրացրել է անդրեեւյան դրոշներ:

Եթե որեւէ տեղ անցկացվեր բռնակցման մրցույթ, ապա Ղրիմի ռուսական կցումն ամենայն հավանականությամբ կհաստատեր նոր ռեկորդ: Առայժմ այն առաջացրել է ուժի համաշխարհային կենտրոնների պապանձումը: Այս օրերին Ռուսաստանի գործողությունները Ղրիմում թվում էին այնքան անհամարժեք եւ կիեւյան իրադարձություններին չառնչվող, որ շատ արեւմտյան ԶԼՄ-ներ եւ որոշ առաջնորդներ հարց էին տալիս, թե «արդյո՞ք Պուտինի խելքը գլխին է»:

Լատինական Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ագրեսիվ գործողությունները մատնանշող անկեղծ քննադատների ուշադրությունից վրիպում է այն, որ ԱՄՆ-ն վերջին անգամ ուրիշների տարածքներ է բռնակցել Ամերիկա-իսպանական երկրորդ պատերազմից հետո` 1898 թվականին: ԽՍՀՄ-ը նույնպես վերջին անգամ տարածքներ էր բռնակցել Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո: 60 տարի առաջ Ղրիմի` ՌԽՍԴՀ մաս լինելու հանգամանքը չի կարող կցման համար լուրջ հիմք լինել: Հասկանալի է, որ Ղրիմի բնակչության զգալի մասը, թերեւս` մեծամասնությունն էլ իրապես կամենում էր Ռուսաստանի մաս դառնալ, բայց տարածքային վերաձեւումը տեղի է ունեցել ոչ թե նրանց ձգտումների շնորհիվ, այլ բացառապես Կրեմլի ավտորիտար որոշմամբ, որը հասել է ait accompli-ի կիեւյան իշխանության ծայրագույն տկարության պահին:

Պուտինի գործողությունները միջազգային պրակտիկայում նոր նախադեպ են ստեղծել` առնվազն Ռուսաստանի «արտոնյալ շահերի ոլորտում»: Այսօր չկա ոչ մի հետխորհրդային պետություն (բացառությամբ մերձբալթյան երկրների), որտեղ հնարավոր է բացառել ուկրաինական նախադեպը: Թվում է, Ռուսաստանի ղեկավարությունն ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցներն ընդունելի գին է համարում հետխորհրդային տարածքում Ռուսաստանի գերիշխանությունը վերականգնելու համար:

Դատելով Վաշինգտոնի արձագանքից` ամերիկացիներն իրականում պատրաստ չեն պաշտպանել հետխորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունը: Օբամայի վարչակազմը հետ է կանգնել նաեւ Վրաստանին եւ Ուկրաինային 2008թ. նախորդ վարչակազմի տված խոստումից` այդ երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջ տանելու հարցում: Սենատոր Ջոն Մակքեյնը եւ մի շարք այլ գործիչներ պահանջում էին ավելի կոշտ արձագանք` ընդհուպ մինչեւ Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելը, բայց, ընդհանուր առմամբ, ուկրաինական ճգնաժամը դեռեւս թիվ 1 հարց չի դարձել ամերիկյան քաղաքական վերնախավի համար: Ղրիմի` առանց ուկրաինական կողմի դիմադրության անարյուն գրավումը ձեռնտու էր չմիջամտելու ամերիկյան կողմնակիցներին: ԱՄՆ-ի ոչ տնտեսական բնույթի գործողությունները դեռեւս սահմանափակվել են ռազմական նավերի եւ ինքնաթիռների տեղաշարժով` ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից երկրներն «ապահովագրելու» եւ Ուկրաինային վերաբերող հետախուզական տեղեկատվությունը հավաքելու համար:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԱՄՆ-ն, այդ թվում եւ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում պետքարտուղար Ջոն Քերիի ջանքերով, հույս ունեին կանխել դեպի Արեւելյան Ուկրաինա Ռուսաստանի հետագա ներխուժումը: Դոնբասից ստացվող վերջին նորությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ծավալապաշտական նկրտումներից չի հրաժարվել: Հինգ տարի առաջ (ցանկալի «վերբեռնման» փոխարեն) առաջարկված «գերծանրաբեռնումը» շարունակում է մնալ մարգարեական վրիպակ:

Հ.Գ. Դիտարկելով այն հարցը, թե ուկրաինական ճգնաժամն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա, դժվար է չնշել այն իրողության ողբերգականությունն ու հեգնանքը, որ Մայդանում եւ Դոնբասում ծավալված իրադարձությունների առաջին զոհերը Ուկրաինայի` բարիկադների տարբեր կողմերում կանգնած հայկական ծագում ունեցող քաղաքացիներն էին: Իսկ պատժամիջոցների տակ հայտնված պաշտոնատար անձանց շարքում կան Հայաստանի ազգային հերոս, այժմ` սենատոր Նիկոլայ Ռիժկովի եւ նրա ամերիկյան գործընկերոջ` հայկական շահերի ակտիվ ջատագով սենատոր Ռոբերտ Մենենդեսի անունները:

Share

Comments are closed.