Ղարաբաղյան հակամարտությունն ու կացնային քաղաքականությունը

Բանակցություններն արդյունավետ կլինեն ռազմական գործողություններից հրաժարվելուց հետո միայն

Վլադիմիր ԿԱԶԻՄԻՐՈՎ

Հեղինակի մասին. Կազիմիրով Վլադիմիր Նիկոլաեւիչ` Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: 1992-1996թթ-ին` Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդական առաքելության ղեկավար, Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ: 2000 թ-ից անցել է թոշակի: Կազիմիրովը «Ղարաբաղյան հակամարտությունն ու կացնային քաղաքականությունը» հոդվածը «Նեզավիսիմայա գազետայում» հրապարակել է Ղարաբաղյան պատերազմի ավարտի 20-ամյակի կապակցությամբ:

Հակամարտության կողմերի, միջնորդների եւ միջազգային հանրության կարեւորագույն խնդիրը զինադադարի ամրապնդումն է` քաղաքական կարգավորման միջոցով խաղաղության հասնելու համար:

Սա է առաջնահերթ խնդիրը, որից կախված է մնացած ամեն ինչը: Զինադադարն անժամկետ է, բայց դա բավական չէ: Բանակցությունների տասնամյակներն ապացուցել են, որ պատերազմի վտանգն ամբողջովին բացառված չէ, բանակցությունների հաջողությունը երաշխավորված չէ, անգամ` կասկածելի է: Կողմերն իրենց տրամադրվածությամբ իրենք իրենց զրկում են ճկունությունից, փոխզիջումներ փնտրելու պատրաստակամությունից:

Պաշտոնական Բաքուն, մարդասիրության կոչ անելով, առաջին հեթին, փորձում է հասնել նրան, որ հայկական զորքերը լքեն գրավյալ տարածքները` հետաձգելով խաղաղության հաստատումն ու իրական խնդրի լուծումը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Անգամ նոր պատերազմով է սպառնում: Այդ դեպքում ինչո՞ւ էին մարդասիրության մասին մոռանում նրանք, ովքեր, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի, չէին ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները: Նոր պատերազմի սպառնալիքներն էլ մարդասիրական դժվար թե անվանես:

Հայերը, ճակատային գիծը ԼՂ-ից հեռացնելով, զբաղեցնելով ամենակարճ դիրքերն (ինչը նրանց համար կարեւոր է) ու դրանք ապրապնդելով, չեն շտապում հեռանալ` փորձելով հասնել հակամարտության համապարփակ կարգավորման` զինադադարն ամրապնդել որպես խաղաղության ուղի, եւ, իհարկե, որքան հնարավոր է շուտ հաստատել ԼՂ-ի կարգավիճակը: Իսկ ինչպիսի՞նն էր առաջնահերթության խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերում: Նրանք պահանջում էին անհապաղ հրադադար, եւ որ օկուպացիոն ուժերը դուրս բերվեին, բայց ակնհայտ է, որ երկրորդն անհնար է, քանի դեռ առաջին պահանջը չի կատարվել:

Զինադադարի հիմքում, սակայն, այս բանաձեւե°րը չեն ընկած, այլ Ռուսաստանի միջնորդության կարեւորագույն փաստաթուղթը` ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի 1994թ. ապրիլի 15-ի հայտարարությունը: Պետությունների ղեկավարները` Հեյդար Ալիեւի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ, դրանում ներառեցին երկու առանցքային որոշումներ՝ 1) ոչ միայն կրակի դադարեցում, այլեւ դրա հուսալի ամրապնդում, 2) հետագա գործողությունների առաջնահերթության սահմանում: Հատկապես ընդգծվել էր, որ առանց հուսալի հրադադարի «չի կարելի անցնել ողբերգական հակամարտության հետեւանքների վերացմանը» (նկատի ունի թե զորքերը դուրս բերելը, թե փախստականների վերադարձը):

Իհարկե, դա իրավական փաստաթուղթ չէ: Բայց քաղաքական տեսանկյունից ամենակարեւորն է եւ ընդունվել է ամենաբարձր մակարդակով: Այդ հայտարարությունն ամրագրելու նպատակով հակամարտության բոլոր կողմերի խորհրդարանական կառույցների ղեկավարները 1994թ. մայիսի 4-5-ը հավաքվեցին Բիշքեկում: Նրանք պաշտպանեցին հայտարարությունն ու կոչ արեցին կրակը դադարեցնել մինչեւ մայիսի 9-ը: Կողմերից մեկի ձգձգումներն ու հնարքներն ստիպեցին զինադադարը բավական առանձնահատուկ կերպով ձեւակերպել, բայց 1994թ. մայիսի 12-ի դրությամբ համաձայնությունը լիարժեք իրավական ուժ ձեռք բերեց:

Բայց այն այդպես էլ հուսալիորեն չամրագրվեց: Բաքվի ռազմական նախապատրաստություններն ու միլիտարիստական հռետորությունը, ուժ չկիրառելու վերաբերյալ համաձայնությունից հրաժարումը, շփման գծում բազմաթիվ միջադեպերն ու կոպիտ ուժային, կացնային քաղաքականության դրսեւորումները բոլորին հայտնի են: Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կարգախոսն է` «Ավարտվել է ոչ թե պատերազմը, այլ` դրա առաջին փուլը»: Նրանք թաքցնում են, որ Հեյդար Ալիեւը խոսում էր հակամարտության «բացառապես խաղաղ ճանապարհով» կարգավորման մասին: Երբեմն կտրուկ են գործում նաեւ հայերը, բայց ոչ այդքան հաճախ ու, որպես կանոն, ի պատասխան Բաքվի քայլերի: Հակամարտության կարգավորման կարգն արմատապես փոխելու նախագահ Իլհամ Ալիեւի փորձերը (վերադարձնել կորցրած հողերը` առանց զինադադարի ամրագրման) նրա հոր` 1994 թ. ապրիլի 15-ին արտահայտած ավելի իրատեսական մոտեցման հետ որեւէ կապ չունեն:

Կողքից հայացք գցելով` թվում է, թե կողմերը «քվիթ են». հայերի հանդեպ բացասաբար են տրամադրված գրավյալ տարածքները չազատելու համար, իսկ ադրբեջանցիների հանդեպ` ակնհայտ ռազմատենչության ու սպառնալիքների պատճառով: Տարբերություն, այնուամենայնիվ, կա: Օկուպացիայի ու փախստականների խնդիրները ծագել են «երեկ եւ նախանցյալ օրը»: Դա արդեն փաստ է: «Այսօր» այն մի փոքր խլացված է ու խաղաղ կարգավորում է պահանջում «վաղը»: Իսկ կոտորածը վերականգնելու խոստումները, դա այն «վաղն» է, որը մտահոգություններով ու հոգսերով է լցնում ներկան: Հետեւաբար, հոգեբանորեն լիովին բնական է, որ ավելի շատ քննադատության է ենթարկվում այն, ինչ ավելի վտանգավոր է, այսինքն` Բաքվի քաղաքականությունը: Բացի այդ, կան նաեւ երեք այլ պատճառներ:

Առաջին հերթին, Ղարաբաղի շուրջ պատերազմը բոլորովին ավելորդ է ու վտանգավոր թե ադրբեջանցի, թե հայ ժողովրդի համար, եւ թե նրանց հարեւանների ու, իհարկե, Ռուսաստանի համար: Իսկ իմ կողմից ավելացնեմ, որ հրադադարի համար պայքարողները պարտավոր են ու կխանգարեն պատերազմի անմիտ կողմնակիցներին:

Երկրորդ, չափազանց կարեւոր է պաշտոնապես ստորագրված համաձայնությունների եւ կողմերի միջեւ այլ պայմանավորվածությունների կատարումը: Պետությունների համար, հատկապես` երիտասարդ, դա հասունության ու վստահելիության չափանիշ է` որպես գործընկերներ: Խաղաղարար նախաձեռնությունները չկատարելու եւ դրանցից խուսափելու ցուցակը Ադրբեջանի օգտին չէ. ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձեւերի, 4 զինադադարների, միջնորդների ավելի քան 20 առաջարկությունների ձախողում, հրադադարի ռեժիմի ամրագրման վերաբերյալ համաձայնության արհամարհում: Քի՞չ է: Սա մեծացնո՞ւմ է Բաքվի նկատմամբ վստահությունը:

Կա նաեւ «երրորդը»: Եթե առաջինը քաղաքականության ոլորտից է, երկրորդը` իրավունքի, ապա երրորդը, կարելի է ասել, բարոյականության ոլորտից է. հիմնազուրկ կամ, նույնիսկ, ստահոդ քարոզչություն: Բաքուն օկուպացիան մատուցում է որպես թիվ մեկ խնդիր: Այդ դեպքում վաղուց արդեն ժամանակն է հասկանալ դրա առաջացման պատճառները, այլ ոչ թե ամեն ինչ վերագրել հայերի ագրեսիվությանը: Ինչո՞ւ ոչինչ չի ասվում Աբուլֆազ Էլչիբեյի ու Հեյդար Ալիեւի` ուժի ակնհայտ սխալ հաշվարկների մասին, ինչի պատճառով օկուպացիան տարածվեց յոթ շրջաններով: Հայերի քարոզչությունն էլ անմեղսունակ չէ, բայց այնտեղ ղեկավարությունն ավելի զուսպ է, զերծ է մնում կասկածելի փաստարկներից: Իսկ Բաքվի պաշտոնյաներից ինչ «մարգարիտներ» ասես` չես լսի. իբր` հողերի 20 տոկոսը օկուպացված է, իբր` միլիոնից ավել փախստականներ կան, եւ այլն: Հիշում եմ նաեւ էթիկան. Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խորամանկորեն խնդրում էր փաստաթղթի իր նախագիծը հայերին փոխանցել որպես իմ սեփականը…

Այսպիսով, այս բոլոր ցուցիչներով պաշտոնական Բաքուն նույնպես «մրցույթից դուրս է»: Այդ դեպքում, ինչո՞ւ է զարմանում, որ քննադատությունը հիմնականում ուղղված է հենց իրեն (այլ ոչ° ադրբեջանցի ժողովրդին, ինչպես այնտեղ են ցանկանում պատկերել):

Իմ համոզմունքն է, որ Ղարաբաղի վերաբերյալ տեւական բանակցությունները կդադարեն տեղում դոփել ռազմական գործողությունների լիովին բացառումից հետո միայն: Ադրբեջանի, ինչպես նաեւ գերտերությունների կողմից երաշխավորված խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում կփոխեր հայերի դիրքորոշումը` նրանք ստիպված կլինեին աստիճանաբար, բայց արագ լքել գրավյալ տարածքները: Բաքուն, սակայն, իբր ձգտելով արագ կարգավորման, ամեն ինչ հակառակն է անում` չնայած հայտարարվող շահերի` երկարաձգում է ստատուս-քվոն:

Բանակցություններում նրա հարուցած խոչընդոտներից է նաեւ այն, որ Բաքուն չի ցանկանում ԼՂ-ն ճանաչել որպես հակամարտության կողմ ու, հետեւաբար, դրա մասնակից: Ընդ որում, պատերազմի տարիներին Բաքուն ինքն էր կապի դուրս գալիս Ստեփանակերտի հետ, տարբեր փաստաթղթեր ստորագրում (առանց Երեւանի մասնակցության): Բացի այդ, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ու Հայաստանի հետ երեք համատեղ փաստաթուղթ է ստորագրել` զինադադար, 1994 թ. հուլիսի 27-ի հայտարարություն, 1995 թ. փետրվարի 4-ի համաձայնություն: Առանց ԼՂ-ի մասնակցության` բանակցությունները չեն կարող եզրափակիչ փուլ դուրս գալ, քանի որ Ղարաբաղի կարգավիճակը հակամարտության հիմնական վիճելի հարցն է:

Չի կարելի դրա լուծումն անժամկետ հետաձգել: Այդ հարցը կարող է դրվել ու լուծվել բացառապես խաղաղ ու իրապես ժողովրդավարական հիմունքներով, ինչպես` Ղրիմում: Դրա համար բավական կլինեին նաեւ անցած 20 տարիները, եթե հակամարտության խնդիրները կարգավորելու բոլոր կողմերի մոտեցումներն առողջ լինեին:

Աղբյուրը՝ www.epress.am

 

Share

Comments are closed.