Հայաստանի «մաքսային» ճանապարհն ու արցախյան հակամարտությունը

Աշոտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՂՀ վարչապետի օգնական
Ստեփանակերտ

Սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո արտաքին քաղաքականության ուղեծրի ընտրության անորոշության առջեւ հայտնված հետխորհրդային պետությունները ժամանակի ընթացքում ինտեգրացիայի բազմաթիվ փորձեր ձեռնարկեցին: Սակայն դրանցից շատերը տարբեր հանգամանքների բերումով դուրս չեկան քաղաքական հավակնությունների շրջանակից:

Թերեւս, այդ պատճառով էլ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ Միասնական տնտեսական տարածության ձեւավորումը եւ հետագայում Մաքսային միության (ՄՄ) առաջացումը մեծ զարմանք պատճառեցին:

2009 թվականից ի վեր Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն իր օրակարգում կարեւոր տեղ է հատկացնում տարածաշրջանային այդ նախաձեռնությանը, սակայն միջազգային հանրության կողմից այն բավարար ուշադրության չէր արժանացել մինչեւ 2011 թվականը, երբ վարչապետ Պուտինը հանդես եկավ հոդվածով, որում Եվրասիական միությունը ներկայացրեց «որպես նոր նախագիծ Եվրասիայի համար»:[1]  Հաջորդող շաբաթների ընթացքում Պուտինի հոդվածին հավելելու եկան նախագահներ Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հոդվածները, որոնցում մեկ անգամ եւս հաստատվեց Ռուսաստանի հետ աշխատելու Բելառուսի եւ Ղազախստանի մտադրությունը:

Այս նորությունը ցնցեց միջազգային հանրությանը եւ բազմաթիվ շահարկումների առարկա դարձրեց Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունները: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի բնութագրմամբ` դա տարածաշրջանի վերախորհրդայնացման փորձ է:[2]  Այնուամենայնիվ, երեք երկրների ղեկավարների հավաստիացմամբ` իրենց հիմնական նպատակը եվրասիական գոտում տնտեսական համագործակցության ձեւավորումն է:

Ակնհայտ է, որ աշխարհի քաղաքական քարտեզի վրա նոր տարածաշրջանային բլոկ է ձեւավորվում Եվրամիության համանմանությամբ, որի հիմքում եւս տնտեսական համագործակցությունն է:

Փոքր պետություններն ավանդաբար դժվարին որոշումների են առերեսվում

Սեպտեմբերի 3-ին Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սարգսյանը հանդես եկավ Մաքսային միությանը եւ հետագայում Եվրասիական միությանն անդամակցելու պատրաստակամության մասին հայտարարությամբ: Այսպիսով,  Սարգսյանը, չնայած ԵՄ-ի հետ ասոցացման համաձայանգիր ստորագրելու հանձնառությանը, տեղի տվեց տնտեսական եւ քաղաքական ճնշումներին` մասնակցելով Ռուսաստանի «Վերադարձ դեպի գերտերություն» ծրագրին: Սեպտեմբերի 3-ի  Հայաստանի շրջադարձային որոշումն ապացուցեց ոչ միայն Ռուսաստանի մտադրությունների լրջությունն, այլեւ Հայաստանի անկարողությունն` իրականացնելու կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն:

Որոշ փորձագետներ պնդում են, որ եթե Հայաստանը չմիանար ՄՄ-ին, ապա կկորցներ Արցախը: Համաձայն Ժիրայր Լիպարիտյանի (նա եղել է ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականը) տեսակետի` Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին չի երաշխավորում Երեւանի դիրքերի ամրապնդում Արցախի հարցում. «Մենք երաշխիքներ չունենք, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում Ղարաբաղը կմնա նույն կարգավիճակում, բայց  գիտենք, որ չմիանալու պարագայում կարող ենք կորցնել այն»:[3]  Մյուսները պնդում են, որ ՄՄ-ին անդամակցելը Հայաստանի համար մեծ շուկաներ կբացի, կբարձրացնի բնակչության կենսամակարդակը, կուժեղացնի անվտանգության ոլորտը: Այսկերպ հայկական կողմին ռազմական եւ քաղաքական առավելություններ կտրվեն` նպաստելով ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը:[4]

Հայաստանին զենք մատակարարելու հետ մեկտեղ` Ռուսասատանը միաժամանակ սպառազինում է Ադրբեջանին: Այդ մասին է փաստում 4 միլիարդ դոլար արժողությամբ լայնածավալ ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարում զրահապատ տրանսպորտային միջոցներ, հրթիռահրետանային համակարգեր, մարտական ուղղաթիռներ եւ օդային պաշտպանության միջոցներ:[5]  Սրանով Ռուսաստանը փորձում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռություն պահպանել` բարձրացնելով երկու երկրների կախվածությունն իրենից:

Կարծում եմ, որ տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմամբ Ռուսաստանը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում նվազեցնում է պատերազմի հավանականությունը, բայց եւ այնպես` երկարաժամկետ հեռանկարում չի վերացնում այդ սպառազինությունների կիրառման վտանգը:

Ձողը, որը կոտրում է ուղտի մեջքը

Արցախի կարգավիճակի հարցն այն առանցքային խնդիրներից է,  որի շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է համաձայնության գան: Ձեւավորվող միության ապագայի վրա Արցախի ազդեցությունը հսկայական է. այն կարող է ինչպես կերտող, այնպես էլ կազմաքանդող դերակատարություն ունենալ:

Խորհրդային տարիների պատմական փորձը ցույց է տալիս, որ Արցախն անկախական շարժումների առաջին  օջախն էր, որը ցնցեց ԽՍՀՄ-ի հիմքերը:[6]  1980-ական թվականներին գորբաչովյան քաղաքականությունն անկարող  էր կասեցնել հայերի անկախանալու ձգտումները: Այս տեսանկյունից Արցախը հանդիսանում է Ռուսաստանի կողմից ղեկավարվող  եւ Հայաստանը ներառող ցանկացած քաղաքական միության աքիլեսյան գարշապարը:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունն ինչպե՞ս  կազդի արցախյան հակամարտության վրա

Հարցն ունի երկու հավանական պատասխան. իրադարձությունները կզարգանան կամ հօգուտ կամ ի վնաս Արցախի Հանրապետության:

1. Կան պնդումներ, որ Հայաստանը  պարտություն կկրի Արցախի հարցում, եթե վերջինս դուրս մնա քաղաքական միության շրջանակներից: Փորձագետների դիտարկումների համաձայն` Ղազախստանը երբեք չի համաձայնի Հայաստանի` Լեռնային Ղարաբաղի հետ միասին ՄՄ կազմ ընգրկվելուն: «Հայաստանի հետ ճանապարհային քարտեզն  արդեն մշակված է, սակայն Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի հարցը ճշգրտված չէ»:[7] Նման հայտարարություն է արվել 2013թ. դեկտեմբերի 23-ին ՄՄ երկրների նախագահների հանդիպմանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ արցախյան հակամարտության կարգավորումն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, նրանց մոտեցումներում կարելի է կտրուկ փոփոխություններ ակնկալել, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանի ինտեգրման պատճառով ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն կփոխեն Արցախի նկատմամբ իրենց դիրքորոշումները:

Ասվածի վկայությունն է Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ուորլիքի հայտարարությունը Քարնեգի հաստատությունում, որը հայկական կողմի համար միանգամայն անընդունելի է ու հղի բացասական հետեւանքներով:[8]

2. Նշված դիտարկումներից բացի կան նաեւ պնդումներ, համաձայն որոնց Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամակցությունը նախապայմաններ է ստեղծում արցախյան հակամարտության հայանպաստ լուծման համար: Հայաստանի անդամակցությունը կարող է ավելի ամրապնդել Ռուսաստանի ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործընթացում:

Արցախյան գործոնը Հայաստանի վրա որպես ճնշման գործիք կիրառելու փոխարեն` Ռուսաստանը հակամարտության արդյունավետ լուծման շնորհիվ կարող է ավելի շատ քաղաքական եւ տնտեսական օգուտներ ունենալ: Ավելին, միասնական տնտեսական տարածք կիսելով` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական դաշինքը ոչ միայն անհանգստացնող է դառնում, այլեւ փոխում է իրավիճակը Ադրբեջանի համար: Այս ամենը պատերազմի վերսկսումը հավանական է դարձնում: Լեռնային Ղարաբաղի անուղղակի անդամակցությունը Եվրասիական միությանն անխուսափելի է. ՀՀ-ն եւ Արցախն ունեն ընդհանուր տնտեսական համակարգ եւ Ադրբեջանի հետ բանակցություններում միասնաբար են հանդես գալիս:[9]  Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի համար այս ամենը կընկալվի որպես իրեն չպատկանող տարածքների նկամամբ ունեցած նկրտումների վերջնական կորուստ, ինչն էլ կհանգեցնի պատերազմի:

Մաքսային միությունում  Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներառման նախադեպը Արցախի համար չափազանց կարեւոր է: 2013թ. դեկտեմբերի 22-ին Պուտինը ստորագրել է օրենք, որով  վավերացրել  է Աբխազիայի եւ Հարավային  Օսիայի հետ առեւտրային  պայմանագրերը:[10]  Ճանաչված չլինելով Մաքսային միության մյուս երկու  երկրների` Բելառուսի եւ Ղազախստանի կողմից` Վրաստանից անջատված այդ երկու միավորները փաստացի դարձան Մաքսային Միության տարածք: Նույն տրամաբանությամբ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունն անուղակիորեն կհանգեցնի մաքսային տարածքում Արցախի ընդգրկմանը, ինչը վերջինիս կտա տնտեսական ճանաչում: Համաձայն ռուս մեկնաբան Վիկտոր Յադուկայի` ոչ ոք չի պատրաստվում մաքսակետեր դնել Արցախի եւ  Հայաստանի միջեւ:[11] Այսպիսով, Ղարաբաղը փաստացիորեն կմիանա ՄՄ-ին:

Արեւմուտքի հետ էներգետիկ եւ տնտեսական կապերը Բաքվին մանեւրելու մեծ հնարավորություն են ընձեռում: Ռուսաստանը ոչ մի տնտեսական լծակ չունի ներսից ապակայունացնելու Ադրբեջանը: Սակայն, Ռուսաստանը կցանկանա քաղաքականապես հրապուրել Ադրբեջանին միանալու Մաքսային միությանը` օգտագործելով արցախյան գործոնը որպես խայծ: Նմանատիպ սցենար կարող է կիրառվել Վրաստանի դեպքում եւս` օգտագործելով հարավօսական եւ աբխազական հակամարտությունները:

Վրաստանի` այս նոր քաղաքական եւ տնտեսական միության մեջ հաջող ինտեգրման դեպքում Ադրբեջանը տարածաշրջանային մեկուսացման մեջ կհայտնվի: Արդյունքում, անիմաստ պատերազմ վարելու հավանականությունը կողմերից ոչ մեկի շահերից չի բխի: Փոխարենն Ադրբեջանը կարող է իր շահերի տեսանկյունից  հաջող ընտրություն կատարել եւ միանալ ՄՄ-ին, քանի որ քաղաքական մեկուսացումը նրա շահերից չի բխում:

Սրանով Արցախի ապագայի շուրջ զարգացումները նոր սցենարի հիմք են ստեղծում, ինչն էլ ավելի իրատեսական է դարձնում երրորդ սցենարը, համաձայն որի Ադրբեջանը կմիանա ՄՄ-ին` «վերախորհրդայնացնելով» տարածաշրջանը: Մինչ Ադրբեջանի միացումը ստատուս քվոն չի փոխվի, որն ի շահ Հայաստանի է: Մյուս կողմից, եթե Ադրբեջանը միանա, ապա հավանական է, որ Արցախին կպարտադրվի վերադառնալ իր` մինչեւ անկախությունը ունեցած կարգավիճակին:  Այդ ամենի  հետեւանքով բանակցությունները փակուղի կմտնեն, եւ երկու կողմերն էլ խաղը տանուլ կտան:

Այնուամենայնիվ, նշված սցենարը Հայաստանի շահերի տեսանկյունից կործանարար է. Արցախի անկախության նվաճմամբ Հայաստանը հաղթող կողմ է, սակայն նախկին կարգավիճակին վերադառնալու դեպքում հաղթողի բոլոր առավելությունները կզրոյացվեն, եւ ՀՀ-ն Ադրբեջանի հետ համահավասար դիրքերում կհայտնվի:

Սա, ըստ իս, ամենաիրատեսական եւ ամենահավանական սցենարն է, որն Արցախի շուրջ կիրականանա Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում: Հաշվի առնելով արցախյան հակամարտության առանցքային նշանակությունը տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացների վրա` հավանական եմ համարում, որ այն զգալի ազդեցություն կունենա ՄՄ հետագա կենսունակության վրա:

Եզրակացություն

Վերջին երկու տասնամյակների ընթացքում արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդները, վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները մշտապես հանդես են եկել միանման առաջարկներով: ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կենտրոնանա կարգավորման այն մեխանիզմների վրա, որոնք ԼՂՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ խաղաղ գոյակցության պայմաններ կապահովեն:

Սակայն Արցախի` Հայաստանի հետ միասին Մաքսային միություն թափանցելը կարող է երկարատեւ հակամարտության լուծման համար նոր հնարավորություններ ստեղծել: Ինչպես նկատում է Թոմաս դե Վաալը` տնտեսական համագործակցությունը կխթանի տարածաշրջանային ինտեգրացիան եւ շրջափակման վերացումը:[12]

Կարծում եմ, պետք է սկսել ջանքեր ներդնել տնտեսական ոլորտում, ինչն էլ կհանգեցնի հակամարտության  գաղափարական եւ զգայական բաղկացուցիչների նվազեցմանը: Հենց տնտեսությունը եւ հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցությունը պետք է լինի հաշտության հասնելու շարժիչ ուժը:

Հայաստանի տնտեսությունը մեծապես կշահի` դառնալով էներգետիկ տարանցման ուղի: Իր հերթին Ադրբեջանի տնտեսությունը կշահի` բազմազանեցնելով ՌԴ-ն եւ Իրանը շրջանցող գազամատակարարման ուղիները: Սրանով պարարտ հող կնախապատրաստվի երկու հարեւանների միջեւ վստահության ամրապնդման գործընթացում, որը կնպաստի արցախյան հարցի լուծմանը:

Հակամարտության կարգավորմանն ուղղված մեկնարկային կետը պետք է լինի առկա մոտեցումների փոփոխությունը: Սա առաջին հերթին ենթադրում է սահմանի երկայնքով լարվածության թուլացում, ռազմական միջադեպերի կանխարգելում: Ադրբեջանը պետք է վերջ տա իր ռազմական հռետորաբանությանն` ուղղված Հայաստանի ու հայերի դեմ, դադարեցնի ազգային հողի վրա ատելության սերմանումը: Այս ամենն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ հաշտեցման գործընթացում:

Ցանկացած վերադարձ դեպի անցյալ բացառվում է: Արցախի ճակատագիրը վճռվել է 1991 թվականի անկախության հանրաքվեում` արցախահայության ազատ եւ լեգիտիմ կամաարտահայտմամբ: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացարձակ արժեքներ են եւ սակարկման ենթակա չեն:

Այսպիսով, կարծում եմ, որ Հայաստանի համար ամենատրամաբանական առաջարկը Եվրասիական միությանն ինտեգրվելուց առաջ Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ հստակ երաշխքիներ ստանալն է: Վատագույն դեպքում այդ նախապայմանը Ռուսաստանի առաջ պետք է դրվի նախքան Ադրբեջանի` միությանն անդամակցելը, որպեսզի ապագայում հնարավոր լինի խուսափել ստալինյան  գործելաոճի հետեւանքներից: Հակառակ պարագայում` Արցախը կդառնա այն ձողը, որը կկոտրի մեկ այլ ռուսական «ուղտի» (Եվրասիական Միության) մեջքը:

 

————————-


[1] Владимир Путин, «Новый интеграционный проект для Евразии – будущее, которое рождается» [‘New integration project for Eurasia – future is born here’], Izvestiya, 3 October 2011 at <http://izvestia.ru/news/502761> [accessed: 15.01.2014].

[2] Nikolas Gvozdev ‘The Realist Prism: U.S. Stance on Eurasian Union Threatens Russia Reset’, World Politics Review, 14 December 2012 at <http://www.worldpoliticsreview.com/articles/12569/the-realist-prism-u-s-stance-on- eurasian-union-threatens-russia-reset> [accessed: 15.01.2014]

[3] Jirair Libaridian, Interview by Arca News Agency, 26 March
http://arka.am/en/news/politics/jirair_libaridian_says_if_armenia_did_not_join_cu

[4] Expert, Armenia’s decision to join Customs Union is due to the NK conflict’, Panorama, 8 November 2013, at <http://www.panorama.am/en/popular/2013/11/08/minasyan/>, [accessed 01 April 2014].

[5] ‘Azeri-Russian arms trade $4 billion amid tension with Armenia’, Bloomberg, 13 August 2013, at <http://www.bloomberg.com/news/2013-08-13/azeri-russian-arms-trade-4-billion-amid-tension-with-armenia.html> [accessed 03 April 2014].

[6] Hunter Shireen. 1994. The Transcaucasus in Transition: nation-building and conflict, Washington, DC: Center for Strategic and International Studies, 99.

[7] ‘Nazarbayev is against Karabakh’, Lragir, 24 December 2013, at <http://www.lragir.am/index/eng/0/politics/19693/31623> [accessed: 03 April 2014].

[8] ‘Remarks at the Carnegie Endowment for International Peace’, U.S. Department of State, 7 May 2014, at <http://www.state.gov/p/eur/rls/rm/2014/may/225707.htm> [accessed: 7 May 2014].

[9] «ВступлениеАрмениивТСможетпривестикпризнаниюНагорногоКарабаха – мнения» [‘Armenia’s joining the Customs Union may bring to the recognition of Nagorno_karabakh-opinion’], Regnum, 27 December 2013, at <http://www.regnum.ru/news/1750853.html> [accessed: 18.02.2014].

[10] ‘Putin Ratifies Free Trade Deals with Abkhazia, South Ossetia’, RiaNovosti, 22 December 2013, at <http://en.ria.ru/business/20131222/185831332/Putin-Ratifies-Free-Trade-Deals-with-Abkhazia-SOssetia.html> [accessed: 16.02.2014].

[11] ‘Will Karabakh “Join” Russia’s Customs Union’, Eurasianet, 10 December 2013, at <http://www.eurasianet.org/node/67852> [accessed: 21.02.2014].

[12] Call of the Great Game’, Foreign Policy, 13 September 2010, at <http://www.foreignpolicy.com/articles/2010/09/13/call_off_the_great_game> [accessed: 20.02.2014].

Share

Comments are closed.