Ո՞վ է իրականում սեպ խրում հայ-ռուսական հարաբերություններում

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երեւան

Ռուսաստանը, ավելի ճիշտ` նրա այսօրվա իշխող վերնախավը հաստատուն քայլերով վերադառնում է դեպի խորհրդային անցյալ: Դրա վկայությունը նրա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ առկա որոշ ազդակներն են: Իսկ ամենամեծ ազդակն այն է, որ այդ երկրի ղեկավարության ու նրան սատարող լրատվամիջոցների աչքին ամենուր թշնամիներ ու արտասահմանյան գործակալներ են երեւում:

Ընդ որում, բավական է մատնացույց անել Պուտինի աչքի վերեւի հոնքը կամ կասկածել նրա վարած «իմաստուն քաղաքականությանը», նման տեսակետի հեղինակի հասցեին պրոպագանդիստական մեղադրանքների մի ամբողջ հեղեղ է սկսվում. էլ արտասահմանյան լրտես, էլ թշնամիների ջրաղացին ջուր լցնող, էլ «հինգերորդ շարասյուն», էլ բարեկամության մեջ սեպ խրող… ԽՍՀՄ-ի ղեկավարության նման, սրանք էլ իրենց երկրի պրոբլեմները լուծել չկարողանալով, մեղավորներ են ման գալիս ոչ թե իրենց վարած քաղաքականության մեջ, այլ անպայման դրսում, արտասահմանում:

Եվ ահա, լռեցնելու համար բոլոր տեսակի անցանկալի ձայները, նրանք նաեւ օրենսդրական խոչընդոտներ են ստեղծում: Այդպես եղավ մի քանի տարի առաջ, երբ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորղ օրենսդրության մեջ փոփոխություն մտցրին, ըստ որի՝ միջազգային ֆոնդերից գրանտներ ստացող կազմակերպությունները պարտավոր են գրանցվել, իբրեւ… չեք հավատա` «արտասահմանյան գործակալ»: Այդպես եղավ, երբ «Ռոսկոմնադզոր» կոչվող անհասկանալի հիմնարկին իրավունք տրվեց փակելու ցանկացած ինտերնետային կայք, որի բովանդակության մեջ նրանք հանրության համար վտանգավոր տեղեկություններ կտեսնեն… Իսկ թե ինչ են հասկանում «հանրության համար վտանգավորի» տակ ռուսական նորաթուխ գրաքննիչները՝ մենք լավ գիտենք: Վերջերս էլ նույն «Ռոսկոմնադզորը» հայտարարեց, թե Ֆեյսբուքն ու Թվիթերը արգելափակելն իրենց համար դժվարություն չի ներկայացնում:

Բայց գլուխը քարը` իրենք իրենց երկիրը, ինչ ուզում են անեն, ում ուզում են արգելափակեն, ուզում են թող այլախոհներին կախաղան հանեն կամ վերականգնեն «ԳՈՒԼԱԳՆ» ու սիբիրյան համակենտրոնացման ճամբարները: Բայց թող դրանք անեն իրենց երկրում: Սակայն խնդիրն այն է, որ նրանք միայն իրենց երկրով չեն բավարարվում եւ ցանկանում են նաեւ ուրիշներին քարշ տալ տոտալիտարիզմին վերադարձի իրենց ճանապարհով:

Ահավասիկ, սովետ վերդարձող կամ արդեն վերադարձած պուտինյան վերնախավի տիպիկ ներկայացուցիչներից մեկի` Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի մի, բառիս բուն իմաստով` սադրիչ հայտարարությունը` Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որեւէ կասկած չկա: Սակայն հավանաբար պետք է նաեւ այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը» (տե’ս այդ թերթի պաշտոնական կայքում` http://www.noev-kovcheg.ru/mag/2014-08/4466.html ): Ամենից հետաքրքիրն այն է, որ հարցազրույց վարողն էլ իր հարցը ձեւակերպելիս ուղղակի հարձակվում է Հայաստանի ՀԿ-ների վրա, ասելով, թե արտասահմանյան գրանտներով սնվող ՀԿ-ները բացահայտ հակառուսական քարոզչություն են իրականցնում (տե°ս նույն տեղում): Սա ժուռնալիստական տարրական էթիկայի չիմացությունն է, բայց մենք դրան չենք անդրադառնա: Դա այլ խնդիր է: Ինչեւէ, դեսպանի այդ հայտարարությունից հետո Հայաստանում բարձրացած հասարակական աղմուկին ի պատասխան, նույն Վոլինկինը մայիսի 9-ին հայտարարեց, թե իր խոսքերը միայն «առանձին շրջանակներ են վատ ընդունել», եւ ինքն իր խոսքերը երբեք հետ չի վերցնի (տե°ս «Ազատություն» ռադիոկայանի կայքում` http://goo.gl/xC0AMD):

Եվ այսուհանդերձ, իր այս, դարձյալ կրկնեմ, միանգամայն սադրիչ հայտարարությունների համար Վոլինկինը մեղավոր չէ. նա իր` պուտինյան Ռուսաստանի կայսերապետական շահերից է ելնում: Մեղավորը Հայաստանի այսօրվա իշխանությունն է, որ հանդուրժում է Վոլինկինի նմաններին եւ նրան չի հայտարարում «պերսոնա նոն գրատա»: Բացի այդ` ամենից առաջ մեղավոր է, որովհետեւ ինքն է ցանկացել, որ Վոլինկինն ու նրա նմանները Հայաստանում իրենց զգան իբրեւ կայսրության փոխարքաներ եւ անպատժելիության զգացումով անեն ինչ ուզում են` խախտելով դիվանագիտական էթիկետի տարրական նորմերը: Եթե մի «Գազպրոմ», որը թեեւ հսկա, բայց ընդամենը մի այլ երկրի սովորական տնտեսվարող սուբյեկտ է, Հայոց խորհրդարանի մի խումբ պատգամավորների թեթեւ ձեռքով Հայաստանում Սահմանադրությունից ու օրենքներից վեր կարգավիճակ է ստանում, Ռուսատանի պետությունը ներկայացնող Վոլինկինն ինչո՞ւ պիտի հարգի Հայաստանն ու մեր օրենքները: Եվ ոչ միայն Վոլինկինը: Նման ու առավել սադրիչ հայտարարություններ կարող է անել անգամ Վոլինկինի վարորդը, կամ` «Գազպրոմի» նախագահի սիրուհու ամուսինը…

Երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Եվրոպական ասոցացման համաձայնագրի փոխարեն դեպի Մաքսային (կամ Եվրասիական) միություն շրջադարձի մասին, իշխանական «դամքաշները» սկսեցին դա բացատրել երկրի անվտանգության նկատառումներով: Բայց հարկ է երեւի նրանց ու իրենց ղեկավարներին հիշեցնել ԱՄՆ նախագահ Բենջամին Ֆրանկլինի խոսքերը. «Նա ով անվտանգությունը գերադասում է անկախությունից, ի վերջո կորցնում է ե’ւ անկախությունը, ե’ւ անվտանգությունը»: Եթե 1988- 95 թվականներին էլ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունն ու ժողովուրդը մտածեին այսօրվա իշխանությունների նման եւ անվտանգությունը գերդասեին անկախությունից, այսօր մենք ոչ անկախ Հայաստան-պետություն կունենայինք, ոչ էլ ազատագրված ու անկախ Արցախ: Չէ՞ որ այն ժամանակ էլ կային նվնվաններ, որ ասում էին. «Ղարաբաղի հարց եք բարձրացնում կամ` անկախություն եք ուզում, բա անվտանգության մասին մտածե՞լ եք…», «Հենց անկախանանք` Ադրբեջանն ու Թուրքիան մեզ կուտեն» եւ նման այլ բաներ: Մինչդեռ այդ տարիների նվաճումները վառ ապացույցն են այն բանի, որ անտեսելով նվնվանների «փաստարկները» եւ սեփական անվտանգության համար միան սեփական ուժերի վրա հենվելով, Հայաստանն ու Արցախը նվաճեցին եւ անկախություն, եւ ապահովեցին անվտանգությունը:

Իսկ հիմա` Վոլինկինն իր մի հայտարարությամբ ընդամենը հաստատեց Ֆրանկլինի խոսքերի ճշմարտացիությունը: Նրա հայտարարությունը նշանակում էր. «ձեր անկախությունը թվացյալ է, ձեր անվտանգությունը մեր երկրի՞ն եք հանձնել, ուրեմն բարի եղեք խաղալ մեր կանոններով, եւ մենք ինչպես կասեենք, էնպես կանեք…»:

Եվ ամենից ցավալին այն է, որ վոլինկինյան հայտարարությանը հետեւում են ռուս գործիչների այլ, ոչ պակաս սադրիչ հայտարարություններ եւս: Ահա դրանցից մեկը. «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը հայտարարել է, թե ըստ էության դեսպանը բովանդակային առումով ճիշտ է ու հավելել է. «Ինչ անել, իրականությունն այն է, որ որոշ երկրներ չեն կարող ընտրություն կատարել եւ պետք է գործեն իրադրությանը համապատասխան` հաշվի առնելով սահմանափակումները: Իսկ եթե ուզում են վերջնական որոշումներ ընդունել, ապա տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ» (տե’ս www.aravot.am/2014/05/15/460777/): Հասկացա՞ք, մեզ արդեն սպառնում են ուկրաինական սցենարով, անուղղակիորեն հասկացնելով նաեւ, որ այնտեղ էլ խառն է իրենց մատը:

Դե, իսկ դեսպան Վոլինկինի կամ խմբագիր Լուկյանովի այսպիսի հայտարարությունները կարդալուց հետո, հարց է առաջանում. ո՞վ է իրականում սեպ խրում հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մեջ. հասարակական կազմակերպություննե՞րը, որոնք կողմնակից են իսկական, հավասարը-հավասարի գործընկերային հարաբերություների` առանց ավագ-կրտսեր եղբոր բարդույթների, թե՞ դեսպան Վոլինկինն ու նրան ձայնակցողները, որոնք ցանկանում են Հայաստանն ու մյուս հետխորհրդային երկրները պահել Ռուսաստանից վասալային կախման մեջ, ընդսմին` խլելով նաեւ անկախության 24 տարում մարդկանց պայքարի գնով նվաճված ժողովրդավարական դեռեւս փխրուն ազատությունները:

Share

Comments are closed.