Անկվաբն Աբխազիան անցյալ է վերադարձրել

Իզիդա ՃԱՆԻԱ
«Нужная газета» թերթի խմբագիր
Սուխում

Մայիսի 6-ին Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հանդիպել է հանրության ներկայացուցիչների հետ: Ոչ պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներս չեն թողել:

Եթե դատենք ըստ Աբխազիայի օրենսդրությունում արձանագրվածի, ապա հանրության հետ հանդիպման ժամանակ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի այն խոսքերը, թե Աբխազիայում ազատության մակարդակն աննախադեպ է եւ էլ ոչ մի երկրում չկա, եւ թե ամբողջ աշխարհը նախանձում է մեր երկրում առկա խոսքի ազատությանը, ապա դրանք թերեւս այնքան էլ ստահոդ չէին հնչի:

Իսկապես, Աբխազիայում կա ԶԼՄ-ների մասին օրենք, որում նախատեսված չէ ոչ պետական ԶԼՄ-ների նկատմամբ խտրականություն: Օրենքը երաշխավորում է հանրային միջոցառումներին բոլոր լրագրողների մուտքի եւ առանց խոչընդոտների մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքը:

Օրենքում անգամ կա մի արտահայտություն, որը քո երկրով հպարտանալու առիթ է տալիս. «Պետությունը երաշխավորում է մասնագիտական գործունեություն կատարող լրագրողի` որպես հանրային պարտք կատարող անձի պատվի, արժանապատվության, առողջության եւ գույքի անվտանգությունը»: Ըստ նույն օրենքի` ԶԼՄ-ների ազատության եւ լրագրողի օրինական գործունեության խոչընդոտումը ենթադրում է նմանատիպ օրինազանցություն թույլ տված կազմակերպությունների, հաստատությունների եւ այլ մարմինների ֆինանսավորման անմիջական դադարեցում ու դրանց լուծարում:

Աբխազիայում կա եւս մի օրենք, որը երաշխավորում է սովորական մարդկանց` երկրի քաղաքացիների համար տեղեկատվության մատչելիությունը: Տեղեկատվություն ստանալու համար այնքան լայն հնարավորություններ են սահմանված, որ մեզ կարող են նախանձել եթե ոչ ամբողջ աշխարհը, ապա առնվազն հետխորհրդային տարածության երկրներից շատերը:

Սակայն առեղծվածը կայանում է հենց նրանում, որ երբ Անկվաբը հանրությանն էր պատմում Աբխազիայում հաղթանակած խոսքի ազատության մասին, իր պահակազորը մամուլի շենքից դուրս էր շպրտում ոչ պետական` «Նուժնայա գազետա» եւ «Էխո Աբխազիի» թերթերի երկու լրագրողներին, այսինքն` նրանց, ում օրենքը թույլ է տալիս ներկա գտնվել մարդկանց կուտակման բոլոր վայրերում անգամ արտակարգ իրավիճակներում` ամենուր, որտեղ չեն քննարկվում ազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Եվ ահա խոսքի ազատության բնագավառում այսպիսի բավականին լավ օրենսդրության առկայությամբ հանդերձ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ստիպված ենք խոսել երկրում գրաքննության հաստատման մասին:

Օրինակների համար հեռու գնալ պետք չէ. Աբխազիայում երկրի ներքին նորությունների մասին մարդիկ իմանում են գերազանցապես ռուսաստանյան ԶԼՄ-ներից, «Ազատություն» ռադիոկայանի համացանցային կայքէջից, «Էխո Կավկազա» թերթից եւ մրցակցությունից վեր գտնվող սոցիալական ցանցերից: Եվ սա  գաղափարախոսական եւ ժամանցային գործառույթներ կատարող պետական լրատվամիջոցներին պետբյուջեից հատկացվող լուրջ ֆինանսավորման պարագայում:

Քանի որ Անկվաբի հետ հանդիպմանը թույլատրվել է մասնակցել միայն գործադիր իշխանության խիստ վերահսկողության ներքո աշխատող պետական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, առաջին տեղեկատվական ալիքի հեռուստադիտողները հանրության հետ պետության ղեկավարի հազվագյուտ հանդիպման տեսագրության էապես կրճատված տարբերակն են տեսել, այն էլ` երկու օր անց: Այսպիսով, իշխանությունն իր արգելող գործողություններով զրկել է բնակչությանը տեղեկատվական մատչելիությունից ժամանակին, անաչառորեն եւ հավաստի օգտվելու օրենսդրորեն ամրագրված հնարավորությունից: Այսինքն, մեր իշխանությունը, իսկ ավելի ճիշտ` պետության ղեկավարը, չարտոնելով հիշյալ հանդիպմանը մի քանի ԶԼՄ-ների մասնակցությունը, խախտել է օրենքը.

– նախ` զրկելով բնակչությանը տեղեկատվությունից,

– երկրորդ` խտրական վերաբերմունք դրսեւորելով ոչ պետական ԶԼՄ-ների նկատմամբ,

– երրորդ` հրահանգելով պահակազորին կատարել իր պարտականությունների շրջանակից դուրս գտնվող եւ օրենքով չնախատեսված գործողություններ:

Պետական իշխանության բարձրագույն մարմինների պահպանության մասին օրենքում չկա «լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու մասին» դրույթ: Ավելին` օրենքը նախագահին առընթեր տեղեկատվական վարչության պետին չի լիազորում նախագահի պահակազորին լրագրողների գործունեությունը խափանող հրամաններ տալ:  Եթե մենք ապրեինք օրինապաշտ երկրում, ապա օրվա ավարտին կարող էինք ակնկալել լրագողների օրինական գործունեությանը խոչընդոտած իշխանավորների պաշտոնանկությունը:

Բայց, օրենքն` օրենք, նախագահն էլ` նախագահ: Հանուն արդարության պետք է ասել, որ բոլոր պետությունների ղեկավարների համար լրագրողների հանրային գործառույթը դժվարություններ է հարուցում: Իմ 20-ամյա խմբագրական փարձառությունը վկայում է, որ Աբխազիայի եւ՛  առաջին, եւ՛  երկրորդ նախագահի օրոք լրագրողները բախվում էին բազմաթիվ սահմանափակումների: Բայց պետք է նաեւ ասել, որ ո°չ առաջին, եւ ո°չ երկրորդ նախագահի օրոք նրանց թիմակիցները լրագրողներին ծեծի չէին ենթարկում, նրանց աղքատիկ գրասենյակներից միայն խմբագրության համար արժեք ներկայացնող հնացած համակարգիչներ չէին թալանում, «անցանկալի» անձանց ավտոմեքենաները չէին հրկիզում ու հանրային միջոցառումներից լրագրողներին դուրս չէին շպրտում:

Հրավիրված լինել-չլինելու փաստարկը տեղի ունեցածը որեւէ կերպ չի արդարացնում: Մամուլի ծառայության պարտականությունը ոչ թե լրագրողներին հրավիրելու, այլ նրանց նախատեսվող միջոցառումների մասին իրազեկելու մեջ է, քանի որ հանրության հետ իշխանության հանդիպումները չեն դասվում կորպորատիվ երեկույթների կամ պետական գաղտնիքներ քննարկող «փակ միջոցառումների» շարքին: Մամուլի ծառայության օրենքով սահմանված գործառույթները պահանջում են ընդամենը լրագրողների գործունեության համար պայմաններ ստեղծել` իրազեկել նրանց միջոցառումների թեմայի եւ ծրագրի վերաբերյալ: Մեզ պետք չէ հրավիրել. մեզ պետք է իրազեկել իրադարձությունների մասին: Վերջ: Մենք ինքներս կորոշենք, թե որքանով են դրանք հետաքրքիր մեր հեռուստադիտողին կամ ընթերցողին:

Իսկ եթե մի երկրում հանրային միջոցառումներին լրագրողների ներկայության հարցը տնօրինում է նախագահը, եթե նախագահի մամուլի ծառայության պետը միաժամանակ երկրի գլխավոր հեռուստաալիքի ղեկավարն է, եթե նախագահն արգելում է պաշտոնյաներին առանձին վերցված լրատվամիջոցներին հարցազրույց տալ, ապա այս ամենը հստակ վկայում է գրաքննության առկայության մասին: Սա իսկական, սանձարձակ եւ բացահայտ գրաքննություն է: Գրաքննությունը հանցագործություն է, եւ հայտնի է, թե սովորաբար ինչ է հաջորդում դրան` առանձին քաղաքացիների տների մոտ ցավագնորեն ծանոթ մեքենաներ են հայտնվում:

Հանցագործությունն արդարացնելու համար իշխանությունները «վհուկների որս» են կազմակերպել: «Վհուկների» դերը հատկացված է անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Մենք կրկին «Արեւմուտքի գործակալներ» ենք, «գաղափարախոսական հակառակորդներ» եւ «ժողովրդի ու պետության թշնամիներ»: Մնում է արգելել ոչ պետական ԶԼՄ-ների գործունեությունը, եւ «կեցցե¯ Խորհրդային Միությունն առանձին վերցված Աբխազիայում»:

Խմբ. կողմից` սույն հոդվածը հատուկ «Անալիտիկոնի» համարը գրվել է մայիսի կեսերին:

Share

Comments are closed.