Նավթի եւ գազի գործոնը. Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա. Civilnet.am

«Նավթի եւ գազի գործոնը. Ադրբեջան, Թուրքիա, Ուկրաինա». այս խորագիրն էր կրում ՍիվիլՆեթի տաղավարում ֆրանսիական Petrostrategies ընկերության նախագահ Պետրոս Թերզյանի դասախոսությունը1:

ՍիվիլՆեթը հաղորդումների նոր շարք է սկսել, որը կոչվում է C-ԿԱՃԱՌ: Նոր ձեւաչափով հաղորդումների բանախոսները լինելու են տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ, որոնք բանիմաց լսարանին կներկայացնեն իրենց փորձը եւ ասելիքը, կպատասխանեն հարցերի: C-ԿԱՃԱՌ հաղորդման առաջին բանախոսը Պետրոս Թերզյանն էր: Դասախոսությունը բաղկացած էր երեք մասից:

Մաս 1. Կասպիցի պաշարները 

Կասպից ծովի ընդհանուր նավթային պաշարները կազմում են 47 մլրդ տակառ.

Ղազախստան՝ 40 մլրդ տակառ,
Ադրբեջան՝ 5 մլրդ տակառ,
Թուրքմենստան՝ 1 մլրդ տակառ:

Կասպիցի նավթի նշանակությունը համաշխարհային շուկայում մեծ չէ: Պաշարները կազմում են համաշխարհայինի ընդամենը 3%-ը:

Ինչ վերաբերում է Կասպից ծովի գազի պաշարներին, ապա դրանք համաշխարհային գազային պաշարների 6%-ն են կազմում: Գազի արդյունահանմամբ առաջատարը Թուրքմենստանն է՝ 75 մլրդ խմ, որի հիմնական շուկաներից մեկը Չինաստանն է: Եվրոպան թուրքմենական գազի շուկա չէ:

Ղազախստանում արդյունահանումը կազմում է 65 մլրդ խմ, իսկ Ադրբեջանում` 17 մլրդ խմ: Գազի պաշարներով եւս այս հաջորդականությունը պահպանվում է.

Թուրքմենստան` 8200 մլրդ խմ,
Ղազախստան` 1900 մլրդ խմ,
Ադրբեջան` 1500 մլրդ խմ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Կասպիցի պաշարների վերաբերյալ հսկայական թվեր էին ներկայացնում եւ պնդում էին, թե այս շրջանը լինելու է Պարսից ծոցին համազոր շրջան: Նավթի պաշարների մասին, օրինակ, ամերիկյան աղբյուրներն ասում էին, որ Կասպիցի շրջանում կա 200-233 մլրդ տակառ նավթի պաշար: Այսօրվա իրականությունը, սակայն, այն է, որ կա ընդամենը 47 մլրդ տակառ նավթի պաշար: Նման հայտարարություններ անելու պատճառը քաղաքական էր, որպեսզի կարեւորություն տրվի այս շրջանին, եւ քաղաքական ծրագրերը շրջանի վերաբերյալ իրագործվեն:

Ադրբեջանում անկախությունից ի վեր անգամ մեկ տակառ նավթ չի հայտնաբերվել: Այն, ինչ հայտնաբերվել է, գազ էր, իսկ ինչ արտադրվում է նավթի պարագայում, արդեն Խորհրդային ժամանակներից մնացած պաշարներ էին:

Կասպից ծովի ածխաջրածինների արտահանումը բավական դժվար է: Նախ՝ ելք չկա դեպի ազատ ծով, եւ դա հսկայական խնդիր է: Երկրորդ` ենթակառուցվածքային խնդիրներ կան: Հսկայական սարքավորումներ են պետք, ինչը կարելի է բերել նավերի միջոցով: Բայց այս պարագայում, որպեսզի Կասպից ծով մտնեն այդ նավերը, պետք է Վոլգայի եւ Դոնի ջրանցք հասնեն: Այդ ջրանցքները սահմանափակ են չափով եւ ձմեռը փակվում են: Հետեւաբար, շատ դժվար է սարքավորումներ բերել Կասպից ծովի շրջան: Դրա առաջին հետեւանքն այն է, որ արդյունահանումը շատ ավելի թանկ է, քան աշխարհի այլ վայրերում:

Կասպից ծովի հետ կապված մյուս խնդիրն այն է, որ վերին՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի հատվածում խորությունը շատ փոքր է՝ 8-10 մետր: Այս տարածքում սարքավորուներ տեղադրելը շատ բարդ է: Խորությունից բացի՝ խնդիր է, որ ձմռանը ծովի այս մասը սառչում է: Հարավում՝ Իրանի հատվածում, խորությունը հասնում է 300-400 մետրի:

Կասպիցի իրավական կարգավիճակի անորոշությունը նույնպես խնդիր է: Առայսօր որոշված չէ՝ այն լի՞ճ է, թե՞ ծով: Միջազգային ծովային իրավունքի դրույթները չեն կիրառվում Կասպիցի պարագայում: Մերձափնյա երկրներից ոմանց համար լիճ է, ոմանց համար՝ ծով: Այդ վեճը շարունակվում է եւ այդ վեճի հարատեւությունը քաղաքական պատճառներ ունի: Որոշ երկրներ, օրինակ՝ Ռուսաստանը, չեն շահի կարգավիճակի հստակեցումից, որովհետեւ այդ պարագայում ուղիներ կբացվեն, որ Կասպիցի պաշարները տեղափոխվեն Եվրոպա:

Կասպիցի շուրջ քաղաքականությունը 

Այս շրջանի վերաբերյալ տարբեր երկրներ տարբեր քաղաքականություն են վարում:

ԱՄՆ քաղաքականությունը այս շրջանում կարելի է երկու բառով բնութագրել՝ «ո՛չ Իրանով, ո՛չ Ռուսաստանով»: Այսինքն` գազը կամ նավթը, որ այստեղից պետք է դուրս գա, չպետք է անցնի ո՛չ Ռուսաստանով, ո՛չ Իրանով:

Ադրբեջանի պարագան շատ հստակ է՝ Հայաստանով չպետք է անցնի եւ հնարավորինս պետք է հեռու մնա Ռուսաստանից, որպեսզի կախվածությունը չմեծանա:

Ռուսաստանի քաղաքականությունն է «Կասպիցին ո՛չ վերջնական եւ ամբողջական կարգավիճակ»:

Թուրքիան շատ հաջող քաղաքականություն է վարում: Այնպես է անում, որ Կասպից ծովի նավթը եւ գազն իր տարածքով անցնեն: Կասպից ծովի այս փակ իրավիճակը շրջանցնելու համար Թուրքիան օգտագործում է իր տարածքում կառուցված նավթատարերը եւ գազատարերը դեպի Արեւմուտք:

Ադրբեջանցիները սկզբում կառուցեցին փոքր նավթամուղ դեպի վրացական Սուպսա: Հետո համաձայնություն ձեռք բերվեց կառուցելու «Բաքու-Ջեյհան» նավթատարը՝ Վրաստանով մինչեւ Թուրքիայի միջերկրածովյան ափ: Եվս մեկ գազատար կառուցվեց Թուրքիայի ներքին պահանջների համար, ոչ թե դուրս գնացող: Թուրքիան սկսեց գազ ստանալ նաեւ Իրանից՝ կամաց-կամաց դառնալով գազի եւ նավթի տարանցման կարեւոր առանցք:

Մաս 2. Ուկրաինա եւ Թուրքիա

Բավական հետաքրքրական է Ուկրաինայի եւ Թուրքիայի համեմատությունը որպես տարանցիկ երկրներ: Երկու տասնամյակի ընթացքում Ուկրաինան վատնել է ռուսական գազի տարանցման մենաշնորհային դիրքը, մինչդեռ Թուրքիան նույն ժամանակահատվածում դարձել է տարածաշրջանի գլխավոր տարանցիկ երկիրը:

Ուկրաինայի դեպքն աշխարհում առանձնահատուկ է: 1991-ին, երբ նա անկախացավ, Եվրոպա մատակարարվող ռուսական գազի 100%-ի տարանցումը կատարվում էր նրա տարածքով: Այսինքն՝ Ուկրաինան երանելի իրավիճակում էր՝ ինչպես փողի իմաստով, այնպես էլ քաղաքական իմաստով, քանի որ ծանրակշիռ քարտ էր ստացել ինչպես եվրոպացիների, այնպես էլ ռուսների հետ բանակցություններում: 1991-ին Ուկրաինայում վաճառվող գազի 80%-ը եւ նավթի 65%-ը ռուսական էր: Ինչու՞ 80%-ը, որովհետեւ մնացած 20%-ը՝ 20 մլրդ խմ, արտադրվում էր Ուկրաինայում, եւ մինչեւ հիմա էլ այդպես է:

Թուրքիան այդ ժամանակ միայն մեկ տարանցիկ խողովակ ուներ, որը գալիս էր Իրաքից՝ դեպի Ջեյհան: Իրավիճակը հաջորդ 20 տարիների ընթացքում լիովին փոխվեց, եւ 2014-ին բոլորովին այլ պատկեր է:

Ուկրաինայի տարածքով այժմ անցնում է Եվրոպա արտահանվող ռուսական գազի միայն 24%-ը՝ տարեկան 1 մլրդ դոլար տարանցման եկամտով, այն դեպքում, երբ 2013թ. տարանցման համար Ուկրաինան ստացել էր 3 մլրդ դոլար: Տարանցիկ նշանակությունը կորցնելով՝ Ուկրաինան շարունակեց կախված մնալ ռուսական գազից եւ նավթից, քանի որ սեփական արտադրության ծավալները չավելացան եւ մնացին նույն մակարդակի վրա:

Այժմ Ուկրաինան մտածում է Եվրոպայից ռուսական գազ ներկրելու մասին, քանի որ ռուսական տարանցիկ գազի ծավալները նվազում են, եւ մի օր կարող են դադարել: Իրավիճակի ինչպիսի՞ փոփոխություն. տասը տարի առաջ Ուկրաինան ռուսական գազի տարանցման մենաշնորհ ուներ, այժմ սկսելու է ռուսական գազ ներմուծել երրորդ երկրների միջոցով:

Թուրքիան այս ընթացքում կարողացել է համալրել իր տարանցիկ խողովակաշարերի թիվը, որոնք գալիս են Իրաքից, Ադրբեջանից, Իրանից: Քննարկումներ կան անգամ Իսրայելից գազատարի կառուցման շուրջ: Բացի այդ, Թուրքիան բավական ընդլայնել է գազի ներկրման աղբյուրները՝ Ալժիր, Նիգերիա, եւ էներգետիկ անվտանգության առումով կամա թե ակամա դարձել է անկախ երկիր: Այսինքն՝ կարելի է ասել՝ որտեղից ուզի, կարող է ներկրել: Ավելին՝ գազի ու նավթի տարանցման հարցում Թուրքիայից այժմ կախված են Ադրբեջանն ու Իրաքը, ինչպես նաեւ Եվրոպան:

1991-1994 թթ. Թուրքիան «Փրկիր Բոսֆորը» քաղաքականության ներքո սկսեց քարոզել իր տարածքով տարանցիկ խողովակաշարերի կառուցման անհրաժեշտությունը՝ ցանկանալով քչացնել Բոսֆորով անցնող հեղուկանավերի թիվը եւ մեծացնել իր տարանցիկ նշանակությունը:

Ներկայում Թուրքիայի տարանցման ցանցը բավական խիտ է՝ 10-20 տարի առաջվա համեմատ: Մի խոսքով՝ Թուրքիան դարձել է Եվրոպա նավթի եւ գազի տարանցման կարեւոր առանցք: Թուրքիայի համար ապագա տարանցիկ խողովակաշարերից ամենակարեւորը TANAP-ն է` Անդրանատոլիական խողովակաշարը, որն ընտրվել է Nabucco-ի փոխարեն: Եվրոպացիները փորձեցին համոզել Ադրբեջանին, որ իր գազը Nabucco-ով տարանցի Եվրոպա: Սակայն ի վերջո TANAP-ը ընտրվեց, որպեսզի ադրբեջանական Շահ Դենիզ-2 հանքավայրից ադրբեջանական գազն արտահանվի Եվրոպա:

Չպետք է մոռանալ, որ մինչեւ 1991-ը Ուկրաինան գոյություն չուներ որպես անկախ հանրապետություն, հետեւաբար նրա ներքին գազատար ցանցը խորհդային ներքին ցանցի մասն էր, եւ չկային անհրաժեշտ հաշվիչ սարքավորումներ: ԽՍՀՄ փլուզումից հետո ներքին ցանցը դարձավ արտաքին ցանց: Խորհրդային տարիներին՝ 1960-ականներին, ցանցի կառուցման ժամանակ որոշվեց, որ բոլոր գազամուղերը մտնեն Չեխոսլովակիա եւ այնտեղից անցնեն Արեւմտյան Եվրոպա: Իսկ թե ինչու ԽՍՀՄ-ի գազը մեկ երկրով էր անցնում, Մոսկվայում պարզապես ասում էին՝ մեկ երկիր վերահսկելը շատ ավելի հեշտ է: Ուշագրավ է, որ հետո խնդիրներ առաջացան ոչ թե Չեխոսլովակիայի բաժանման ժամանակ, այլ Ուկրաինայի անկախացումից հետո: Եվրոպացիները եւ ռուսները՝ որպես գազի հաճախորդներ, Ուկրաինային առաջարկեցին հաշվիչներ դնել գազի ելքին եւ մուտքին, որպեսզի այս ցանցը տարբերվի ուկրաինական ներքին ցանցից, եւ ուկրաինացիները կարողանան գազի տարանցման դիմաց գումարներ գանձել՝ առանց գազ վերցնելու իրավունքի: Ուկրաինացիները մերժեցին այդ առաջարկը, եւ դրա հետեւանքով բավական մեծ խնդիրներ առաջացան հաջորդ տարիներին:

Ի՞նչ ակնկալել հինգ տարի հետո՝ 2019-ին:

Հինգ տարի հետո Ուկրաինայով գազի տարացնումը կարող է դադարեցվել: Եվրոպան այլեւս Ուկրաինայի՝ որպես տարանցիկ երկրի անհրաժեշտությունը չի ունենա, եւ Ուկրաինան կարող է վերանալ այդ քարտեզից: Ուկրաինան ունի գազի 145 մլրդ խմ տարեկան տարանցման հզորություն, որը կարող է պարզապես չօգտագործվել:

Թուրքիան հինգ տարի հետո կունենա 2,5 մլն տակառ նավթ/օր հզորությամբ խողովակներ եւ գազի 32 մլրդ խմ/գազ տարանցման հզորություն:

Մաս 3. Ադրբեջան. «Նոր Քուվեյթի» հեքիաթը 

1991-ին, երբ խոսվում էր, որ Կասպիցի շրջանը 200-230 մլրդ տակառ պաշար ունի, Ադրբեջանին ասում էին «Նոր Քուվեյթ», որը կարեւոր երկիր է նավթի իմաստով: Եվ որպեսզի «ծախեն» Ադրբեջանը, այն ներկայացվեց որպես «Նոր Քուվեյթ»: Ադրբեջանն ակնկալում էր ունենալ 100 մլրդ տակառ նավթի պաշար, սակայն ներկայում նրա նավթի պաշարները ընդամենը 5 մլրդ տակառ են կազմում: Պաշտոնապես ակնկալվում էր, որ 2013-ին Ադրբեջանում կարդյունահանվի 70 մլն տոննա նավթ, սակայն իրականությունը 43 մլն է: Գրեթե 30 մլն տոննա տարբերություն ակնկալիքների եւ իրականության մեջ:

Նավթի արժեքից որքա՞նն է մտնում Ադրբեջանի պետական բյուջե: Սա շատ կարեւոր հարց է: Զուտ շահույթից 66.8%-ն է մտնում, ոչ թե արտահանված գումարից: Այսինքն, եթե 100 տակառ արտահանում են եւ 100 դոլարով վաճառում, ոչ թե դրա, այլ զուտ շահույթի 66.8%-ն է մտնում՝ ծախսերը հանած: Իսկ ծախսերը բավական մեծ են, 1 տակառի հաշվով՝ 25 դոլար, քանի որ Կասպիցի շրջանն արդյունահանման համար շատ բարդ է: Սրան պետք է ավելացնել այն, որ բարել նավթի յուրաքանչյուր 100-կմ-ի տեղափոխման ծախսը կազմում է 6.3 դոլար: Բաքու-Նովոռոսիյսկի դեպքում այդ ծախսը կկազմեր ընդամենը 2 դոլար: Օպտիմալ տարբերակ կարող էր լինել նաեւ Իրանի տարածքով Պարսից ծոց դուրս գալը, ինչին բնականաբար առաջին հերթին դեմ էին ամերիկացիները:

Փաստացի, ադրբեջանցիներն իրենց նավթը դեպի օտար շուկաներ ուղղելու համար ընտրել են ամենաթանկ ճանապարհը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը:

Առհասարակ, նավթ եւ գազ արդյունահանող յուրաքանչյուր երկիր ստեղծում է հիմնադրամներ, որպեսզի արտահանած գումարների մի մասը դնի այնտեղ ապագա սերունդների համար: Ադրբեջանի պարագայում դա «Սոֆազ» հիմնադրամն է (State Oil Fund of Azerbaijan): Մինչեւ հիմա 90 մլրդ դոլար է դրվել այդ հիմնադրամում: Այսօր մնացել է միայն 30 մլրդ դոլար, այն դեպքում, երբ դեռ ապագա սերունդները չեն եկել: Բաքուն, որպեսզի իր բյուջեի բացը փակի, անցնող տարիներին 60 մլրդ դոլար ստիպված արդեն վերցրել է այդ հիմնադրամից: Այսինքն` ձախողված տնտեսական քաղաքականություն է:

Շահ Դենիզ – 2 

1996-ին ստորագրվեց Շահ Դենիզի գազի հանքավայրի պայմանագիրը, 1999-ին գտնվեցին առաջին պաշարները, որոնք հսկայական են՝ 1200 մլրդ խմ: Յոթ տարի հետո սկսվեց արտադրվել առաջին փուլի գազը՝ 9 մլրդ խմ տարեկան, որի 6 մլրդ-ը գնում է Թուրքիա: 2013-ի դեկտեմբերին ստորագրվեց երկրորդ փուլի պայմանագիրը: Այդ պայմանագրի որոշումներից մեկն այն է, որ 16 մլրդ խմ պետք է արտադրվի, 6 մլրդ պետք է մնա Թուրքիային, 10 մլրդ պետք է գնա Եվրոպա:

Հաճախ ադրբեջանական գազը Եվրոպայի համար ներկայացվում է որպես փրկության հույս եւ այլընտրանք ռուսական գազին:

Մեկ վայրկյան նայե՛ք իրականությանը. խոսքը 10 մլրդ խմ-ի մասին է, այն դեպքում երբ Եվրոպայի գազի պահանջարկը կազմում է 500 մլրդ խմ:

Ակնկալվում էր, որ Շահ Դենիզ 2-ի գազը Եվրոպա կհասնի 2014-ին: Այժմ այդ ժամկետը լավագույն դեպքում 2019-ն է:

Ավելին, որպես նախագիծ՝ Nabucco-ն մեռավ, եւ ենթադրվում էր, որ Եվրոպայի կենտրոնում՝ Ավստրիայում, այն պետք է մրցակցեր ռուսական գազի հետ: Այժմ ստացվում է, որ ադրբեջանական գազը գնում է Եվրոպայի հարավ՝ մինչեւ Իտալիա, որտեղ մրցակցության մեջ է լինելու լիբիական եւ ալժիրական գազի հետ: Այսինքն` Ադրբեջանի գազի արտահանումը դեպի Եվրոպա ոչ միայն զուտ ծավալային առումով մեծ չէ, այլեւ բոլորովին այլ շուկա է ուղղվում, որտեղ չի մրցակցելու ռուսականի հետ:

Այսօրվա տվյալներով՝ 50,6 մլրդ դոլար պետք է ծախսվի, որպեսզի Շահ Դենիզի երկրորդ փուլի գազը հասնի Իտալիա: Հսկայական գումար է, աշխարհի ամենածախսատար ծրագրերից մեկը, թերեւս՝ ամենածախսատարը: Արաբական երկրներում 15-20 հազ. դոլար ծախսը բավարար է օրական մեկ տակառին համարժեք նավթ կամ գազ արդյունահանելու հնարավորություն ստեղծելու համար: Շահ Դենիզի դեպքում տակառի հաշվով կպահանջվի 140 հազ. դոլար:

Ի՞նչ կմնա այդ գումարից Ադրբեջանի բյուջեին: Դրան պետք է ավելացնել այն, որ այդ գազը Եվրոպայում պետք է վաճառվի ոչ թե նավթի գների հետ փոխկապված, այլ ազատ շուկայի գներով, որոնք նավթի գնից ավելի ցածր են:

Մաս 4. Հարցեր 

Ադրբեջանական նավթի անկման մասին

Պատճառներից մեկը, որ ադրբեջանական նավթի արդյունահանման ակնկալված ցուցանիշները չապահովվեցին, այն էր, որ 1993-ին իշխանության եկած Հեյդար Ալիեւը Կասպիցի նավթահորերը շահագործող կոնսորցիումը ղեկավարող British Petroleum-ից պահանջեց հնարավորին չափ շուտ նավթ արդյունահանել, քանի որ փողի հրատապ կարիք ուներ իր քաղաքական նպատակների համար: Դա կոչվում է նավթի վաղ արդյունահանում՝ early oil: Առհասարակ, նավթի արդյունահանման արդյունավետ տարբերակն այն է, երբ հորատանցքեր են փորվում ամբողջ հանքավայրի տարածքով, եւ արդյունահանումը սկսվում է զգուշությամբ: Երբ ընդամենը մեկ-երկու հորատանցք է փորվում նավթ արդյունահանելու համար, նավթավայրում ընկնում է ճնշումը եւ հետագայում հնարավոր չի լինում արդյունահանել այդ նավթավայրի ամբողջ նավթը:

Իրանից Հայաստան գազի մատակարարումների մասին 

Իրանն իր գազով հազիվ ներքին պահանջարկն է բավարարում: Պետությունը տարեկան 100 մլրդ դոլարի չափով գազը եւ լայն սպառման այլ ապրանքներ սուբսիդավորում է, ինչը հանգեցրել է գազի սպառման ծավալների աննախադեպ աճի: Արդյունքում Իրանը հազիվ հասցնում է ներքին պահանջարկը բավարարել, անգամ Թուրքմենստանից է ներմուծում գազ:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին 

Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում «պոչն է շարժում շանը» մոտեցումը փոխվում է. Թուրքիան այժմ շատ ավելի նպաստավոր դիրքում է, քանի որ բազմազանեցրել է իր էներգետիկ աղբյուրները եւ դարձել տարածաշրջանի ամենակարեւոր տարանցիկ հանգույցը՝ ի տարբերություն Ուկրաինայի, որը մսխել է իր մենաշնորհային տարանցիկ դիրքը: Թուրքիայի ադրբեջանական քաղաքականությունն աստիճանաբար կարող է շեղվել այսօրվա եղածից: Չի բացառվում, որ ապագայում դա ինչ-ինչ հետեւանքներ կարող է ունենալ նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

Եվրոպայի` ռուսական գազին այլընտրանքի մասին 

Եվրոպան կանխատեսելի հեռանկարում ռուսական գազին այլընտանք չունի: Ուկրաինայի հարցով Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի պատժամիջոցները կլինեն շատ խորհրդանշական: Գերմանական ընկերությունները ներգրավված են գազի տարանցման ռուսական նախագծերում եւ համատեղ լուրջ շահեր կան: Ղրիմի կորստին Եվրոպան կհամակերվի, Ուկրաինայի հարցով մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը եւ Եվրոպան կհանգեն ինչ-որ հայտարարի, բայց եվրոպացի որեւէ զինվոր երբեք չի մեռնի Ուկրաինայի համար:

Թերթաքարային գազի արդյունահանման մասին

Ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ Եվրոպան չի կարող արագ զարգացնել այլընտրանքային՝ թերթաքարային գազի արդյունահանումը մի քանի պատճառով: Նախ՝ ԱՄՆ-ում շատ զարգացած են գազի ենթակառուցվածքները, կան հազարավոր ընկերություններ (ի տարբերություն Եվրոպայի), որոնք թերթաքարային գազ գտնելու դեպքում կարող են շատ արագ անցնել դրա արդյունահանմանը: Այն շուկա հասցնելու համար եւս խնդիրներ չկան, քանի որ ներքին ցանցը շատ զարգացած է՝ ի տարբերություն Եվրոպայի: Մյուս հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ը աշխարհում միակ երկիրն է, որտեղ օրենքի համաձայն որեւէ տարածքում գտնված բնական հարստությունից այդ տարածքի տերը փայ ունի. այլ երկրների ընդերքում եղածը համարվում է պետության հարստությունը:

Ամերիկյան գազը Եվրոպա հասցնելու մասին

Ինչ-որ ժամանակ ԱՄՆ-ը կարող է փորձել մեղմել Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից՝ մատակարարելով հեղուկացված գազ, սակայն այդ դեպքում Ռուսաստանը կարող է իջեցնել գազի գները եւ ավելի մեծ հնարավորություն ունի դեմպինգի:

Պատրաստեցին Անի Գրիգորյանը եւ Լիլիթ Միքայելյանը

 

1.http://civilnet.am/pierre-terzian-oil-gas-lecture-c-academy

http://civilnet.am/pierre-terzian-oil-gas-lecture-c-academy-text

Share

Comments are closed.