Սիրիահայերը Հայաստանում ինտեգրվելու խնդիր ունեն

նրանց մի մասը երազում է այլ երկիր գնալու մասին

Աննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Ազատ լրագրող
Երեւան 

Հայաստան տեղահանված մեր սիրիահայ հայրենակիցներից շատերը չեն կարողանում ինտեգրվել հայաստանյան իրականությանն ու ցանկանում են տեղափոխվել երրորդ երկիր եւ, չնայած պատերազմին, նույնիսկ հետ վերադառնալ Սիրիա:

«Չնայած պատերազմը շարունակվում է` 19 մլն մարդ կա Սիրիայի մեջը, ու հացի կիլոն այս օրեն 40 դրամ է ու լիմոնի կիլոն` 50 դրամ,- ասում է 55-ամյա սիրիահայ Ջեբրայիլ Բաշարը:- Եթե ասանկ պիտի ըլլա, ավելի լավ է հոն մնամ: Գոնե մեր քաղաքն է ու ազգականներս հոն են: Աստեղ կխեղդեն ժողովրդին` մեղք են: Չեմ ուզում ձեռքս մեկնեմ, թե` տուր, տուր»:

2011թ. մարտին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի հետեւանքով 2012թ. ամռանից սկսվեց հայերի ներգաղթը Հայաստան: Սփյուռքի նախարարության տվյալների համաձայն՝ ցայսօր 15 000-16 000 հայ է ներգաղթել, որոնց մեկ երրորդը գնացել է երրորդ երկիր՝ Լիբանան, ԱՄՆ, Եվրոպա եւ այլուր: Ըստ այդմ, այսօր Հայաստանում է մոտ 10 000-11 000 սիրիահայ: Այս թիվը, սակայն, ճշգրիտ չէ, քանի որ մինչեւ պատերազմի սկսվելը մոտ 5000 սիրիահայ երկքաղաքացի է եղել ու, հետեւաբար, նշյալ գերատեսչության ներկայացրած թիվը չի արտացոլում հայկական անձնագրերով ներգաղթած մարդկանց թիվը:

«Հայաստանը լավ է, մաքուր է, բայց թանկ է: Կամ Եվրոպա պիտի գնամ, կամ` Սիրիա,- ասում է Ջեբրայիլը, ով հայտնի է Ավետիս անունով,- բայց հիմա ցամաքով ետ դառնալ չեմ կարող, որովհետեւ ճամփան գոց է, իսկ օդանավի էլ փող չունեմ»:

Հայաստան գալուց հետո Ավետիսը փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Միգրացիոն պետական ծառայություն եւ 7 ամիս ապաստանել օտարեկրացիների համար նախատեսված կացարանում, որը ՄԱԿ Փախստականների գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) միջոցներով բոլորովին վերջերս վերանորոգվել է:

Ըստ Միգրացիոն ծառայության տվյալների՝ 2010-2013թթ. Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով դիմել է 1040 անձ, որից մոտ 800-ը սիրիահայեր են:

Ապաստարանը Երեւանի կենտրոնից հեռու գտնվող բարձրահարկ շենքերից մեկի առաջին մի քանի հարկը զբաղեցնող բնակելի տարածք է: Կացարան է համարվում ներքեւի երկու հարկը, որտեղ փոքր` մոտ 13-14 քմ տարածքով սենյակներ են: Կացարանում 10 օրվա հաշվարկով ՄԱԿ ՓԳՀ-ն նրանց սնունդ է տրամադրել` ձու, թթվասեր, մակարոնեղեն, երբեմն էլ` հավ ու ձուկ: Ավետիսը  դժգոհ էր տրամադրված սննդի քանակությունից: «Ատ տվածով մարդ 10 օր կրնա՞ ապրել,- հարցնում է նա,- տված սուրճն էլ մի երկու գդալ էր, մի այդքան էլ պեսոկ»:

Այս կացարանի մեկ այլ նախկին բնակիչ` Անի Մկրտչյանը, սակայն, ասում է, որ սնունդը բավարար էր: «Հիմա իմ տեղը մի սիրիահայ լիներ` մի կուշտ կբողոքեր, բայց ես բավարարվում էի դրանով,- ասում է նա,- իրենց համար ինչ էլ անես` չեն գնահատում ու ավելի շատ են պահանջում»:

Անին Սիրիայի Ղամիշլի քաղաք հարս գնացած տեղացի հայ է, ով ամուսնացել էր մինչեւ պատերազմի բռնկվելը: Երեխայի ծննդից մոտ 6 ամիս հետո նա գալիս է ծնողներին այցելության, բայց այդ ընթացքում վիճակը Ղամիշլիում վատանում է, ու նա որոշում է հետ չգնալ: Որոշ ժամանակ անց նրան է միանում սիրիահայ ամուսինը, ապա տեգրը:

«Նրանք լավ ապրելուն սովոր են, երեւի դրա համար չեն բավարարվում, մենք ամեն ինչին էստեղ սովոր ենք»,- պարզաբանում է Անին:

Երբ անձը դիմում է միգրացիոն ծառայություն, նա նախ համարվում է ապաստան հայցող եւ օգտվում կացարանի ծառայություններից, իսկ երբ հայցը բավարարվում է, եւ վերջինս ստանում է փախստականի կարգավիճակ, տրվում է անձնագիր, եւ նա դառնում է փախստականի մանդատ ունեցող այլ կազմակերպությունների շահառու:

Թե Ավետիսի, եւ թե Անիի հայցերը բավարարվել են, եւ նրանք կացարանից դուրս գալուց հետո տուն են վարձել, որի վարձը մոտ 8 ամիս վճարելու է ՄԱԿ ՓԳՀ կողմից ֆինանսավորվող «Առաքելություն Արեւելք» ՀԿ-ն, մինչեւ որ նրանք կկարողանան ոտքի կանգնել:

Ավետիսը վարորդ է եւ տաքսի է վարել  Բեյրութ-Հալեպ երթուղում, նաեւ Բեյրութի ֆաբրիկաներից հագուստ է բերել ու վաճառել Հալեպի խանութներին: Այստեղ եւս ցանկացել է մեքենա գնել ու տաքսի վարել:

«Սփյուռքի նախարարությունն ասել էր, թե վարկ կուտան, որ գործ սկսեմ, բայց չտվեցին»,- դժգոհում է նա:

Սփյուռքի նախարարությունը ՓՄՁ ծրագրի շրջանակներում սիրիահայերին տարեկան 4-5 տոկոսադրույքով 3-5 մլն դրամ վարկեր է տրամադրում: Ավետիսին մերժել են:  Նա 2 տարի Երեւանում ապրելուց հետո կենտրոնում մի քանի տեղեր է ճանաչում. «Մի քանի տեղեր արդեն գիտեմ. Բարեկամության մետրոն, հրապարակը, Ծածկած շուկան»:

Բացի սիրիահայ իր ծանոթներից՝ Ավետիսը տեղացի հայերի հետ է ծանոթացել ու ընկերություն է անում: Խանութներից մեկում հացի առաքիչի հետ է ծանոթացել, ում հետ ընկերություն է անում:

«Ինքը փուռը կաշխատի ու ամեն օր մի լավաշ կբերե ինծի,- ասում է նա:- Ես անոր պես ազնիվ մարդ օրումս չեմ տեսել: Իմ ընկերներն ալ կուգան՝ ձեռքները լեցուն է: Կարագ է, սուրճ է, ամեն ինչ կբերեն, բայց չգիտեմ, թե ասոր վերջն ինչ է լինելու»:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող  կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաճյանն ասում է, որ թեպետ իրենք ունեն պետական եւ մարդասիրական կազմակերպությունների աջակցությունը, սակայն գնալով մեծանում է իրենց մոտ գրանցված կարիքավոր սիրիահայերի թիվը. ընդամենը մեկ տարի առաջ կազմակերպությունում գրանցված էր 2000 մարդ, իսկ այսօր՝ 6000:

«Սա չի նշանակում, թե մենք նոր հոսք ունենք, թեպետ դա էլ կա, բայց հիմնականում կնշանակե, որ խնայողություն ունեցող մի մեկն արդեն դարձել է կարիքավոր,- ասում է նա,- քանի որ տան վարձը շատ թանկ է, ու այսպես եթե շարունակվի, արդեն պիտի մտածեն երրորդ երկիր գնալու մասին»:

Ոչ բոլոր սիրիահայերն են, որ ցանկանում են երրորդ երկիր գնալ, եւ կա մի որոշ շերտ, որ Երեւանում հաստատվել է ու չնայած դժվարություններին` կարողանում է աստիճանաբար ինտեգրվել հայաստանյան իրականությանը, սակայն սիրիահայ համայնքի միջինից ցածր խավը, ովքեր նույնիսկ օդանավի փող չունեին ու ցամաքով են եկել` չեն կարողանում հարմարվել:

«Որովհետեւ այս մարդիկ աղքատ մարդիկ չէին, ունեին իրենց գործն ու տեղը, վարժված չեն փոքր աշխատանքի մեջ, հետո լեզվի խնդիր կա,- ասում է Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Ռաֆայել արքեպիսոկոպոս Մինասյանը,- բացի այդ պետք է ընդունել, որ Հայաստանում գործը քիչ է, ու հեռանկարներն ու գործելակերպը լրիվ տարբեր են դրսի հոգեբանությունից»:

Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանում ապաստանած 56-ամյա Մարալ Նալբանդյանը խիստ անհանգստանում է երկու որդիների համար, որոնք չեն կարողանում հարմարվել այստեղ ու մորը համոզում են, որ գնան Եվրոպա: Նրանք երիտասարդ են՝ 21 եւ 15 տարեկան, ու ոչ մի կերպ չեն կարողանում աշխատանք գտնել:

«Ես քաջ կին եմ, ամեն նեղությանը կդիմանամ, բայց աս Եվրոպային հարցը չեմ կրնար լուծել, ինչ պիտի անեմ՝ չեմ գիտնար,- լացը զսպած ասում է նա:- Մենք չգիտցանք այսպես ահավոր կըլլա, հակառակ դեպքում տունս կծախեի ու Եվրոպա կերթայի: Աստված ինձի ուժ եւ կորով տա: Երբեմն կնստեմ տունն ու կուլամ»:

Սիրիահայերի մի փոքր զանգված ապաստանել է Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանում, որը հանգրվանել է Թբիլիսյան խճուղու՝ Շամպայն գինիների գործարանի մոտակայքում գտնվող նախկին խորհրդային մանկապարտեզներից մեկում:

Մանկապարտեզի մի թեւը վերանորոգվել է, բաժանվել փոքրիկ սենյակների՝ 13 սենյակ, որտեղ այս երկու տարվա ընթացքում մոտ 80 մարդ է եկել ու գնացել՝ ամեն մեկն իր ճամփով: Մարդիկ կան, որ երկու տարի է այնտեղ են ապրում: Այստեղ նրանց նաեւ օրական մեկ անգամ կերակրում են:

Ըստ տիկին Մարալի՝ խոսակցություններ կան, որ Կաթողիկե եկեղեցուց որոշ սիրիահայերի Ղարաբաղի գյուղեր են տանելու, սակայն դա նրա համար ընդունելի տարբերակ չէ:

«Մեզի ասացին՝ կով կուտանք, ինչք կուտանք, բայց ես Ղարաբաղ չեմ կարող գնալ, ես գյուղի կյանքին վարժված չեմ, ես կով ու շուն տեսնեմ՝ կվախնամ, գիտցա՞ր,- բացատրում է նա:- Քեսաբեն, Ղամիշլիեն եկածները գյուղի կյանքին վարժված են, կրնան ապրել, ես չեմ կրնար էնտեղ ապրել, հող մշակել»:

Անիի ապագան էլ է օդում կախված: Ասում է, որ ինքը կարող է հարմարվել ու այստեղ մնալ, սակայն ամուսինը չի կարողանում հարմարվել, ուզում է, որ ընտանիքով տեղափոխվեն այլ երկիր՝ Եվրոպա:

«Միայն օրվա հացի փող է կարողանում մի կերպ վաստակել, իրենք սովոր չեն այդպես ապրելուն,- հոգոց է հանում նա,- հիմա ուզում է, որ երկրորդ երեխան ունենանք, բայց ես հարցնում եմ, թե ո՞նց ենք պահելու»:

Share

Comments are closed.