Ղարաբաղյան հիմնախնդիրը` ուկրաինական իրադարձությունների եւ Եվրասիական Միության ընդլայնման համապատկերում

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արտաքին քաղաքականության
եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

Ընթացիկ տարվա մայիսը հարուստ էր ԼՂՀ քաղաքական եւ տնտեսական ապագային վերաբերող հայտարարությունների տեսանկյունից: Մայիս եւ հունիս ամիսների ընթացքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ղազախստանի պաշտոնատար անձանց ելույթները Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում դարձել են աշխույժ քննարկումների եւ մեկնաբանությունների առարկա:

2014թ. մայիսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Հանուն միջազգային խաղաղության Կարնեգիի հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակում:[1]  Դեսպան Ուորլիքը լսարանին է ներկայացրել խաղաղությանը հասնելու համար ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը: Պետք է նշել, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնում հնչած սույն դիրքորոշումը գրեթե չի տարբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների մոտեցումներից:

Դեսպան Ուորլիքի ելույթը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հրադադարի[2]  համաձայնագրի կնքման 20-ամյա տարեդարձի կապակցությամբ հերթական անգամ ցույց են տվել, որ միջազգային միջնորդները շարունակում են առաջնորդվել նախկին Խորհրդային Միության տարածքում հռչակված նոր պետությունների նկատմամբ 1991թ. ուժի կենտրոնների կողմից ընդունված որոշումներով եւ հայեցակարգով: Այն ժամանակ ընդունվել է զուտ քաղաքական որոշում՝ որպես նոր պետություն ճանաչել միայն Խորհրդային Միության ժամանակներում միութենական հանրապետության կարգավիճակ ունեցած հանրապետությունները, թեեւ այդ մոտեցման ընդունման պահին որոշ նախկին ինքնավար կազմավորումներ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, միանգամայն օրինավոր կերպով կազմավորել են իրենց պետությունները: Նոր պետությունների ընտրովի ճանաչումը դարձել է հետագայում պատերազմների վերաճած հակամարտությունների ընդլայնման հիմնական պատճառներից մեկը:

ԽՍՀՄ-ը փլուզվել է շուրջ քառորդ դար առաջ, եւ վաղուց ժամանակն է հրաժարվել նախկինում ընդունված եւ շատ վաղուց հնացած հայեցակարգերը իրականությանը հարմարեցնելու ձգտումից: Առավել եւս, որ նախկին մետրոպոլիաների կամքին հակառակ 2008թ. մեկնարկած նախկին ինքնավարությունների անկախության ճանաչման գործընթացը (Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսիա) միջազգային իրավունքում եւ միջազգային հարաբերություններում[3]  ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ:

Բանակցային գործընթացի լճացման համար պատասխանատու են ոչ միայն միջազգային միջնորդները, այլեւ հակամարտող կողմերի իշխանությունները: Ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը Կարնեգիի հիմնադրամում հայտարարել է. «Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է եւ ուրվագծում է համաձայնությունը. եւ ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք»:  Դեսպան Ուորլիքը հասկացրել է, որ այդ մոտեցումները չեն վերանայվի, քանի դեռ հակամարտող կողմերի իշխանությունները դրանցից չեն հրաժարվել: Դատելով հակամարտության կարգավորման նախկինում հրապարակված սկզբունքների եւ Ջեյմս Ուորլիքի վերջերս hնչեցրած ելույթի հանդեպ հանրային արձագանքից` «մադրիդյան փաստաթղթի» եւ հատկապես վերջինիս տարրերի նկատմամբ առկա վերաբերմունքը խիստ բացասական է:[4]  Կարծում եմ, որ միջազգային միջնորդները հասարակություններից համապատասխան ազդանշաններ են ստացել, բայց նրանց դեռեւս հարկավոր է հակամարտության կողմերի իշխանությունների հրաժարումն այդ սկզբունքներից: Այս կապակցությամբ հայկական դիվանագիտությունը պետք է հրաժարվի հայկական շահերի դեմ բազմաթիվ տարրեր եւ զորեղ ապակառուցողական ներուժ պարունակող փաստաթղթի նախագծի քննարկումից:

Ժամանակն է միջազգային դիտորդներին ազատել կեղծ պատրանքներից եւ թույլ տալ նրանց մշակել արդի իրողություններին համապատասխանող՝ կարգավորմանը նպաստող, խաղաղությունը մերձեցնող եւ պատերազմը կանխող նոր սխեմաներ:

Նշանակալից հետաքրքրություն են ներկայացնում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունները:[5]  Մայիսին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը «RFE/RL»-ին տված հարցազրույցում ուղղակիորեն ասել է, որ Ղրիմում Ռուսաստանի կատարած գործողություններից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն էլ ավելի արդիական է դարձել: Նա այդ անհրաժեշտությունը բացատրել է Ադրբեջանի անկախության համար անկայունության գոտու հարուցած սպառնալիքով: Դեսպանը փաստորեն ասել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի անկախության միակ երաշխավորն է:

Եթե ի մի բերենք երկու ամերիկացի դիվանագետների արտահայտած մտքերը, ապա կարելի է եզրակացնել, որ «մադրիդյան փաստաթղթի» հիման վրա ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ կարգավորելու ձգտումն այլ բան չէ, քան Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անվտանգության հաշվին Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ անկախությունն ապահովելու փորձ: Ձեւավորվող պայմաններում տրամաբանական եւ բանական կլիներ, որ համանախագահող երկները ճկունություն դրսեւորեին եւ Ադրբեջանին կոչ անեին ճանաչել ԼՂՀ քաղաքացիների խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքը: Ադրբեջանի անկախ պետականության երաշխավորները պետք է բացատրեին իրենց ադրբեջանցի գործընկերներին, որ ավելին պահպանելու համար Ադրբեջանը պետք է փոքրից հրաժարվել սովորի: Այլապես,  Բաքվի իշխանությունների քաղաքական հավակնությունները եւ Արցախի նկատմամբ նրանց ոտնձգությունները կարող են հանգեցնել Ադրբեջանի հետագա մասնատմանը:

Հունիսի մյուս քննարկվող թեման էր մայիսի 29-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում արած հայտարարությունը: Նազարբաեւը Հայաստանին առաջարկել է միանալ Եվրասիական Միությանը իբր ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի: Ղազախստանի նախագահը հղում է կատարել Ադրբեջանի ղեկավարի` Եվրասիական տնտեսական միության հիմնադիր երկրների առաջնորդներին հասցեագրված նամակին: Պաշտոնական Բաքվի ուղերձն ուներ առնվազն երկու նպատակ: Առաջին հերթին, դա տնտեսական խոշոր նախագծերում Հայաստանի մասնակցությունը բացառելու` Բաքվի կողմից տարիներ ի վեր իրականացվող քաղաքանակության շարունակությունն է: Երկրորդ հերթին, սա պաշտոնական Բաքվի կողմից ձեռնարկված եւս մի փորձ է` հայտարարելու, որ Լեռնային Ղարաբաղն իբր իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով Ղազախստանի նախագահի միջոցով հայտարարվեց  ինչ-որ միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին:

Իրականում, հակամարտող երկրների` ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի պարագայում միջազգայնորեն ճանաչված սահմաններին ցանկացած հղում հիմնազուրկ է: Միջազգային  իրավունքում պետության ճանաչումը, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից, ինքնաբերաբար չի նշանակում իր իսկ կողմից որպես սեփական հռչակված սահմանների ճանաչում:  Համաշխարհային փորձը  վկայում է, որ հարեւան երկրների միջեւ տարածքային սահմանազատումների հարցը կարող  է լուծվել նույն այդ պետությունների կողմից, կամ էլ այդ պետությունները կարող են սահմանների որոշման լիազորությունը պատվիրակել չեզոք միջնորդի: Միջնորդի դերում կարող է հանդես գալ առանձին անհատ, երկիր, երկրների խումբ  կամ հատուկ միջազգային  համաժողով: Մեր տարածաշրջանում երկրներն իրենք են նմանատիպ հարցերը որոշում: Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի Հանրապետության միջեւ սահմանների ճշգրտման գործընթաց  չի սկսվել այն պատճառով, որ այդ երկրների միջեւ չկան ինչպես դիվանագիտական հարաբերություններ, այնպես էլ սահմանազատման միջկառավարական հանձնաժողովներ:

Ղազախստանի նախագահի հայտարարության կապակցությամբ ԼՂՀ եւ ՀՀ տնտեսական միասնության պահպանման հարցը կրկին արդիականացել է: ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետեր չեն լինելու:

Հայաստանի Հանրապետությունը  եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն  արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվում են միասնական ֆինանսատնտեսական տարածքում եւ անվտագության ընդհանուր միջավայրում: Նոր տնտեսական միավորմանը Հայաստանի անդամակցությունը չպետք է խաթարի առկա ստատուս քվոն: Այսինքն, մեկ ամսվա ընթացքում պետք է գտնվեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի այնպիսի ձեւակերպումներ, որոնք փաստացի կապահովեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միասնական տնտեսական տարածքը, ինչպես նաեւ կբացառեն մաքսակետերի հայտնվելը երկու հայկական պետությունների սահմաններին:

ԵՏՄ հիմնադիր երկրները Հայաստանի իշխանություններից պակաս հետաքրքրված չեն նոր միավորմանը Հայաստանի անդամակցությամբ, ուստի եւ չպետք է Հայաստանին  բարդ ընտրության առջեւ կանգնեցնեն:

Ընդհակառակը, Հայաստանի իշխանությունների հետ միասին նրանք պետք է որոնեն հայկական շահերին չհակասող լուծումներ:

 

[1] Ambassador James Warlick: Nagorno-Karabakh: The Keys to a Settlement, http://armenia.usembassy.gov/news050714.html

[2] Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group on the Twentieth Anniversary of the Ceasefire Agreement, http://www.osce.org/mg/118419

[3] Международный Суд ООН решил, что декларация о провозглашении независимости Косово не противоречит международному праву, http://www.un.org/russian/news/story.asp?newsID=13923#.U6Acn5R_vSh

[4] Визит сопредседателей Минской группы ОБСЕ в Нагорный Карабах был встречен акцией протеста, http://www.kavkaz-uzel.ru/articles/242763/
Неправительственные организации Нагорного Карабаха: “мадридские принципы” приняты в угоду Азербайджану, http://www.kavkaz-uzel.ru/articles/156804/

Сопредседатели Минской группы ОБСЕ встретились с представителями неправительственных организаций НКР, http://www.mediamax.am/ru/news/karabakh/8543/ 

[5] Interview: U.S. Envoy ‘Deeply Disturbed’ By Rights Situation In Azerbaijan, http://www.rferl.org/content/azerbaijan-interview-us-ambassador-morningstar/25391516.html

Share

Comments are closed.