Ղարաբաղ եւ Ղրիմ. պարզ նմանություններ եւ արմատական տարբերություններ

Սերգեյ ՔԱՄԱԼՅԱՆ
Անկախ փորձագետ
Երեւան

Ինչպես հայտնի է, սույն թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է Ղրիմի անկախության մասին հանրաքվե:[1]

2014 թ. մարտի 17-ին ԼՂՀ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում Ղրիմի անկախության հանրաքվեն գնահատվում էր որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում:[2]

2014 թ. մարտի 18-ին Արցախի մայրաքաղաքում ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնական անձանց մասնակցությամբ տեղի է ունեցել մեծ տոնական համերգ՝ «Ղրիմի ինքնորոշման» կապակցությամբ:[3]

Այսպիսով, ԼՂՀ ղեկավարությունն իրեն թույլ է տվել մի մակարդակի վրա դնել ղրիմյան հանրաքվեն եւ կայսրությունների կամքի դեմ՝ չդադարող ռմբակոծությունների տակ ԼՂՀ անկախության համար 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անցկացրած հանրաքվեն` որպես անկախության համար նրա մղած հազարամյա պայքարի արգասիք:

Ղրիմի ժողովրդի կամարտահայտությունը տեղի էր ունենում Կրեմլի անմիջական նշանակալից ուժային աջակցության պայմաններում` թուլացած եւ ներքին հակասություններով բզկտվող ուկրաինական պետականության դեմ: Տվյալ դիտարկման մեջ էական չէ, թե որքան ընթացակարգորեն է կարզմակերպվել բուն հանրաքվեն եւ կամ որքան է այն համապատասխանել ժողովրդական կամարտահայտման կազմակերպման միջազգային չափանիշներին: Կարեւոր եւ էական է Մոսկվայի ուղիղ եւ կոպիտ միջամտությունն ու կայսերապաշտական շահերի օգտին միջազգային նորմերի շահարկումը:

Ակնհայտ է, որ Ղրիմի հարցում Կրեմլի շահերն` ի հեճուկս բազմակի հնչած պաշտոնական հայտարարությունների, թելադրված են ոչ թե Ղրիմի ռուս մեծամասնության ինքնորոշման համար հոգածությամբ, ոչ էլ թերակղզու ռուսալեզու բնակչության յուրահատուկ շահերի պաշտպանությամբ, այլ Ուկրաինայի ողջ տարածքի վրա Ռուսաստանի կայսերական ազդեցության վերականգնման ձգտմամբ:  Կրեմլյան ղեկավարության աշխարհաքաղաքական հավակնությունները միայն Ուկրաինայով չեն սահմանափակվում. վկա` նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությունը: Թվում է, թե Իոսիֆ Ստալինի ժամանակների ԽՍՀՄ-ի հավակնոտ վերակենդանացնելուն միտված սույն միության մեջ Ուկրաինայի մասնակցությանը Մոսկվան վերապահում է համարյա սրբազան իմաստ:

Սույն կայսերապաշտական սցենարում Կրեմլի կողմից Ղրիմի տարածքն առաջին հերթին դիտվում է որպես Ղրիմին եւ Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից հարավ-արեւելյան նահանգներ եւ ողջ Ուկրաինայի տարածք ռուսական ազդեցության ընդարձակման հենակետ: Ժողովուրդների  ինքնորոշման իրավունքը Կրեմլը շահարկում եւ որպես փոխանակման քարտ է օգտագործում` անտարակույս վնաս եւ խորին իմաստախեղում  պատճառելով ժողովուրդների ինքնորոշմանը` որպես Երկիր մոլորակի հակակայսերական ու հակագաղութային շարժման կարեւորագույն սկզբունքներից մեկին: Ակնհայտ է, որ «ինքնորոշման» այդպիսի տարբերակը չի կարող աջակցություն ստանալ համաշխարհային հանրության առաջադեմ հատվածի կողմից:

Ըստ էության, Ղրիմի ինքնորոշումը Ուկրինայի ժողովրդի ինքնորոշման եւ հօգուտ ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրման նրա ինքնիշխան ընտրության դեմ ուղղված կայսերական ակտ էր: Այսպիսով, Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականությունը, որը Կրեմլի կողմից «հակակայսերական» է բնութագրվում, լիովին իմաստախեղում է իրականությունը: Եթե համեմատելու լինենք հանուն անկախության Արցախի ժողովրդի մղած դարավոր պայքարի պատմության հետ, ապա առավել քան տեղին է վերհիշել հայ ժողովրդի եւ, մասնավորապես, Արցախի ժողովրդի ճակատագրին Մոսկվայի կոպտագույն միջամտության բազմաթիվ դրվագներ, որոնցից կփորձենք ներկայացնել ընդամենը մի քանիսը:

1921թ. հուլիսի 4, ՌԿԿ(բ) ԿԿ Կովբյուրո. պլենումի երեկոյան նիստի թիվ 11 արձանագրությունից.

«Լեռնային Ղարաբաղը մտցնել Հայաստանի ԽՍՀ կազմ. հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Ղարաբաղում»: (РГАСПИ, ф.64, оп.1, д.1, л.118)

1921թ. հուլիսի 5, ՌԿԿ(բ) ԿԿ Կովբյուրո. պլենումի նիստի թիվ 12 արձանագրությունից.

«…Ելնելով մահմեդականների եւ հայերի միջեւ ազգային խաղաղության անհրաժեշտությունից, վերին ու ներքին Ղարաբաղի տնտեսական կապից եւ Ադրբեջանի հետ նրա մշտական կապվածությունից, թողնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում` հատկացնելով նրան լայն մարզային ինքնավարություն` ինքնավար մարզի կազմ մտնող ք. Շուշիում վարչական կենտրոնով…»: (РГАСПИ. ф. 64. оп. 1. д.1. л. 125).

1921թ. հուլիսի 7, ՌԿԿ ԿԿ Կովբյուրո. պլենումի նիստի թիվ 13 արձանագրությունից.

«Լսեցին. 2. Հայաստանին Ախալքալաքի եւ Խրամի շրջանը միացնելու մասին: Որոշեցին. ներկայացնել Վրաստանի ԿԿ-ի քննությանը, որի եզրակացությունը մտցնել հաջորդ Պլենում…»: (РГАСПИ. ф. 64. оп. 1. д. 1. лл. 131-131 об.).

 

Կովբյուրոյի պլենումի եռօրյա աշխատանքի պատմությունից կարելի է անել հետեւյալ եզրակացությունները.

– Պլենումի աշխատանքի առաջին օրը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում ընդգրկելու արդար որոշումը Կրեմլի ճնշման ներքո վերանայվել է հօգուտ իսլամական աշխարհի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ հեղափոխությունն արտահանելու պրոլետարական կայսրության շահերի: Այս նպատակի համար ողջ իսլամական աշխարհին հարկավոր էր ցուցադրել բարգավաճ Ադրբեջանական ԽՍՀ՝ որպես պրոլետարական իսլամական օրինակելի հանրապետություն: Առաջին հերթին նման գրավիչ օրինակը Հյուսիսային Իրանի ազերիների համար էր նախատեսված:

– Ղարաբաղի փոխարեն Հայաստանին առաջարկվում են այդ ժամանակ Վրաստանին կցված «վիճելի» հայաբնակ տարածքներ` Ախալքալաքի եւ Խրամի շրջանները (հայաբնակ Ջավախքը): Կարելի է ենթադրել, որ Կովբյուրոյի այդ որոշումը թելադրված էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ին նվիրաբերելու աղաղակող անարդար որոշմամբ Հայաստանին հասցված հարվածը «մեղմելու» ձգտմամբ: Դատելով ձեւակերպումից` այդպիսի որոշումն ընդունվում է զուտ ձեւի համար: Եթե այդ տարածքները Հայաստանին միացնելու որոշումն ընդունվեր ըստ էության, ապա նպատակային կլիներ օգտագործել պլեբեսցիտի  (հանրաքվեի իրավաբանական հոմանիշը) գործիքն՝ ինչպես 1921թ. հուլիսի 4-ի որոշման մեջ:

Ակնհայտ է, որ Կրեմլն օգտագործում էր հանրաքվեի բանաձեւը որպես իր կայսերապաշտական որոշումներն իրագործելու հարմար գործիք այն ժամանակ, երբ նպատակային է թվում, եւ ամբողջովին ոտնահարում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը բոլոր այն դեպքերում, երբ համարում է, որ այդ իրավունքի իրացումը հակասում է կայսրության գերագույն շահերին: Ինքնին սպասելի էր, որ Ջավախքի վերաբերյալ որոշումը պետք է մնար «բարի ցանկությունների» եւ «պրոլետարական պարահանդեսի» մակարդակում:

1921թ. հուլիսի16-ին Վրաստանի կոմկուսի ԿԿ քաղբյուրոն այսպես էր պատասխանել Խորհրդային Հայաստանին վերաբնակեցման ֆոնդի համար Ախալքալաքի եւ Խրամի շրջանները զիջելու առաջարկությանը. «Ելնելով քաղաքական պատճառներից եւ Թիֆլիսի հետ Ախալքալաքի շրջանի ունեցած տնտեսական կապի հանգամանքից՝ անընդունելի ճանաչել հայ ընկերների առաջարկը»: ( ЦГА ДОПО РА фонд 1, д.7, л. 43)

 

Հայաստանից (Հայկական ԽՍՀ) բնիկ հայկական հողերի օտարման երկու որոշումներում էլ որպես հիմնական փաստարկ բերվում էր «ձեւավորված տնտեսական կապեր» բանաձեւը: Այդ ի՞նչ կապեր են, որ պատմական Հայաստանն առանձին կտորների էին բաժանել՝ հարեւան տնտեսական եւ մշակութային կենտրոնների հետ իրենց ունեցած սերտ կապակցվածության պատճառով:  Ինչպե՞ս են ձեւավորվել այդ կապերը:

Պատմական Հայաստանի առանձին նահանգների՝ դեպի Հայաստանին հարակից մշակութային եւ տնտեսական կենտրոններ ձգողությունը ձեւավորվում էր հազարամյակների ընթացքում: Դրան էր նպաստում Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի, քրիստոնյա եւ իսլամական աշխարհների միջեւ Հայաստանի եւ Հայկական լեռնաշխարհի դիրքը:

Բայց տվյալ համատեքստում ես կկամենայի ընդգծել մի կարեւոր եւ ըստ էության վճռորոշ հանգամանք: Ռուսական կայսրությունը 19-րդ դարասկզբին Արեւելյան Հայաստանի մի մասն իր կազմում ներառելուց հետո մտադրվել էր միավորել հայկական հողերը Հայկական մարզի սահմաններում  (1828թ.): Միամտություն կլիներ կարծել, որ ցարական Ռուսաստանը որոշել էր հայերի համար վերականգնել Մեծ Հայքը: Բնա՛վ: Կայսրության շահերն այլ հարթությունում էին. օսմանյան եւ պարսից տիրապետությունից քրիստոնյա հայերի պատմական հողերի միավորումը եւ վերադարձը սոսկ հարմար քաղաքական շղարշ էր` Ռուսական կայսրության տարածքը հարավային եւ հարավ-արեւելյան ուղղությամբ ընդարձակելու համար:

Հասկանալով, որ հայկական հողերն առանձին մարզում միավորելը գործնականում նպաստում է հայ ազգային ինքնագիտակցության ուժեղացմանը, կենտրոնախույս միտումներին եւ հայկական անջատողականությանը, կայսրությունը նախաձեռնել էր հայկական հողերի վարչական վերաձեւումը: 1840թ. Ռուսական կայսրության հայկական մարզը կայսր Նիկոլայ Առաջինի բարձրագույն հրամանով կազմալուծվել էր, իսկ հայկական հողերը մտցվել էին նորաստեղծ Վրաց-իմերեթական եւ Կասպից նահանգների, իսկ հետագայում` Թիֆլիսի (1846թ.), Երեւանի (1849թ.)  եւ Ելիզավետոպոլի (1868թ.) նահանգների կազմ: Հայկական հողերի այսպիսի վարչատարածքային բաժանումը ոչ միայն ոտնահարում էր հայ բնակչության պատմական իրավունքները, այլեւ գիտակցաբար միտված էր Հայաստանի սահմանների լղոզմանը, բնիկ բնակչության արտահոսքին եւ Ռուսական կայսրության սահմաններում հայերի մշակութային եւ տնտեսական ուծացմանը:

Նորաստեղծ խորհրդային կայսրությունն՝ ի դեմս Կովբյուրոյի իր կուսակալների միջոցով պարզապես շարունակել է ցարական Ռուսաստանի` հին հռոմեացիներից փոխառված divide et impera («բաժանիր եւ տիրիր») կայսերապաշտական ավանդույթը` կայսերական իշխանության հին սկզբունքը քողարկելով «պրոլետարական ժողովուրդների ազատ ինքնորոշման» մասին էժանագին ու բովանդակազուրկ դատարկախոսությամբ:

Ղրիմի անկախության սատարումը հավասարազոր է ներկայումս Ուկրաինայի անկախության եւ ինքնիշխանության դեմ ուղղված Կրեմլի կայսերական հավակնությունների սատարմանը: Վաղը այդ հավակնությունները կարող են գործել Արցախի անկախության եւ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ, ինչպես որ բազմիցս եղել է 19-րդ դարից մինչեւ մեր իսկ օրերը:

 

1. www.newsru.com/world/17mar2014/prinyal.html
2. www.nkr.am/ru/news/2014-03-17/597/
3. www.armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=106993

Share

Comments are closed.