Պաշտոնական դիվանագիտության եւ արտաքին խաղացողների դերը հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման գործում

Գյուլշան ՓԱՇԱԵՎԱ

Ներածություն

Հյուսիսիռլանդական հակամարտությունը Եվրոպայի ամենաերկարատեւ էթնոտարածքային հակամարտություններից է, որը տասնամյակներ շարունակ ապակայունացնող դեր է խաղացել Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի փոխհարաբերություներում:

Ինչպես հայտնի է, Անգլո-իռլանդական պայմանագրի[14]  հիման վրա 1922 թվականի դեկտեմբերին Իռլանդիա կղզու հարավում` 26 կոմսությունների սահմաններում,  կազմավորվել է Իռլանդական Ազատ Պետությունը (The Irish Free State): Ընդսմին, Հյուսիսային Իռլանդիան, որ կազմված էր իռլանդական պատմական Օլսթեր մարզի վեց կոմսություններից (Անթրիմ, Արմա, Դոուն, Ֆերման, Լոնդոնդերրի (Դերրի) եւ Թիրոն), մնաց Միացյալ Թագավորության սահմաններում:

Հյուսիսային Իռլանդիայի ազգայնականները, ում նպատակն էր միասնական պետության շրջանակներում կղզու միավորումը, համաձայն չէին այդ որոշման հետ եւ ենթադրում էին, որ Իռլանդիայի մասնատումն իրականացվել է ոչ միայն յունիոնիստների (Միացյալ Թագավորության հետ միության պահպանման կողմնակից բողոքականների), այլեւ` Մեծ Բրիտանիայի տնտեսական ու ռազմավարական շահերի պաշտպանության նպատակով[15]: Նրանց նկրտումները նաեւ սատարվում էին Իռլանդիայի Հանրապետության հետագա բոլոր կառավարությունների ու կուսակցությունների մեծամասնության կողմից: Մեծ Բրիտանիայի նկատմամբ Իռլանդիայի Հանրապետության իռեդենտիստական (տարածքային) հավակնությունները նաեւ իրենց արտացոլումն են գտել 1937 թվականի սահմանադրության երկրորդ եւ երրորդ հոդվածներում, որոնցում նշվում է, որ Իռլանդիա կղզին մի ամբողջական «ազգային տարածք» է կազմում[16]: Մյուս կողմից էլ, «Իռլանդիայի մասնատումը յունիոնիստների համար ամենացանկալի արդյունքը չէր: Նրանք կնախընտրեին Իռլադիան պահպանել Միացյալ Թագավորության կազմում: Բայց առանձին իռլանդական պետության ստեղծման պարագայում նրանք չէին ցանկանում գտնվել դրա կազմում»[17]:

Այսպիսով, հետագա տարիներին յունիոնիստները զգուշանում էին ինչպես թշնամական իռլանդական պետությունից` Մեծ Բրիտանիայի նկատմամբ նրա ունեցած տարածքային նկրտումների համար, այնպես էլ իրենց հարեւաններից` Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկ փոքրամասնությունը ներկայացնող ազգայնականներից: Միեւնույն ժամանակ, բողոքականները չէին վստահում բրիտանական կառավարությանը, ենթադրելով, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է զոհաբերել այդ համայնքի շահերը: Ինչ վերաբերում է Լոնդոնի կենտրոնական կառավարությանը, ապա մինչեւ XX դարի 80-ական թվականներն այն դիտարկում էր սույն հակամարտությունը որպես ներքին խնդիր եւ սոսկ միակողմանի քայլեր էր ձեռնարկում դրա կարգավորման ուղղությամբ: Միայն 1985 թվականի նոյեմբերի 15-ին Հիլսբորոյում Անգլո-իռլանդական համաձայնագրի ստորագրումից հետո իռլանդական կառավարությունը պաշտոնական խորհրդատվական դեր ստացավ հյուսիսիռլանդական հարցերում եւ ներգրավվեց բանակցային գործընթացում:

Ինչպես հայտնի է, թաքնված ձեւով ընթացող այս հակամարտությունը, որ շարունակվում է շուրջ 50 տարի` XX դարի 60-ականների վերջից  70-ականների սկզբից, տեղափոխվեց ռազմական դիմակայության փուլ: Այս փուլը, որ պատմության մեջ է մտել որպես «Անկարգությունների ժամանակաշրջանե («The Troubles»), շարունակվեց 30 տարի եւ ավարտվեց Բելֆաստյան համաձայնագրի ստորագրմամբ, որը հիմք դրեց Հյուսիսային Իռլանդիայում առկա հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացին:

Սույն հոդվածում քննվում է բրիտանական եւ իռլանդական կառավարությունների, ինչպես նաեւ մի շարք արտաքին դերակատարների, մասնավորապես ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներդրումը հակամարտության կարգավորման գործում:

Բրիտանական եւ իռլանդական կառավարությունների փոխգործակցությունը բանակցային գործընթացում 

Մինչեւ 1972 թվականը Հյուսիսային Իռլանդիան կառավարվում էր Միացյալ Թագավորության կողմից` Իռլանդիայի կառավարության մասին 1920 թվականի ակտին համապատասխան[18]: Տարածաշրջանն ուներ տեղի իր խորհրդարանը (Ստորմոնտ), որը բաղկացած էր սենատից ու համայնքների պալատից, իսկ բրիտանական միապետն այստեղ ներկայացված էր ի դեմս նահանգապետի:

Հյուսիսային Իռլանդիայի բողոքական բնակչությունն ուներ քաղաքական ամենամեծ կշիռը հանրությունում, քանի որ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները չէին մասնակցում ընտրական մարմինների աշխատանքներին, դրանք համարելով ապօրինի: Յունիոնիստները գերակշռում էին խորհրդարանում եւ տեղական կառավարությունում, ինչպես նաեւ գերիշխում էին դատական համակարգում եւ Հյուսիսային Իռլանդիայի տեղական ոստիկանական ուժերում (The Royal Ulster Constabulary (RUC) ` Ulster Special Constabulary («B-Specials»): Սակայն ամբողջությամբ վերցված կղզում իրենց փոքրամասնություն զգալով, զգուշանալով կաթոլիկների կողմից ուծացման ենթարկվելուց եւ Իռլանդիայի Հանրապետության կողմից առկա իռեդենտիզմից` բողոքական բնակչությունը կաթոլիկ փոքրամասնությանը խտրականության էր ենթարկում սոցիալ-քաղաքական, տնտեսական, կրթական եւ այլ ոլորտներում:

Իրերի նման դրությունը նպաստում էր ազգայնականության աստիճանական աճին: 1967 թվականին «Հյուսիսային Իռլանդիայում քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընկերակցություն» կաթոլիկ շարժման ակտիվիստները մի շարք հանրահավաքներ անցկացրին, որոնց հիմնական նպատակը կաթոլիկների ու բողոքականների համար հավասար իրավունքների ապահովումն էր: Իրենց հերթին այդ գործողությունները ծնունդ տվեցին բողոքականների պատասխան փողոցային երթերին: «Հանրահավաքներն ու հակահանրահավաքներն առաջացրին սահմանափակ մասշտաբի բռնություն, եւ բախումներին միացան համայնքներից յուրաքանչյուրի առավել ռազմատենչ տրամադրված շերտերը: Փորձելով վերահսկողության տակ վերցնել իրավիճակը` ոստիկանությունն ու դրա «B-Specials» պահեստազորը անաչառություն չէին ցուցաբերում: Իրենք էլ հիմնականում լինելով բողոքականներ` նրանք, որպես կանոն, համակրում էին յունիոնիստներին եւ առավել անողոք էին վերաբերվում հանուն քաղաքացիական իրավունքների արշավների մասնակիցների նկատմամբ»[19]: Ստեղծված դրությունը հաղթահարելու համար տեղական կառավարությունը ստիպված էր դիմել բրիտանական կառավարության օգնությանը, որն էլ 1969թ. օգոստոսին կանոնավոր զորքեր մտցրեց Հյուսիսային Իռլանդիա: 1970 թվականից բրիտանական բանակի Օլսթերի պաշտպանության գունդը (The Ulster Defence Regiment-UDR), որ հիմնականում բողոքականներից էր բաղկացած, փոխարինեց տեղի ոստիկանության պահեստազորին («B-Specials»):

Սակայն զորքերի մուտքը նպաստեց հակամարտության լարմանը եւ միջկրոնական թշնամանքի սրմանը: «Հանրապետականների համար իրենց համայնքներում բրիտանական զորքերի ներկայությունն ու գործողությունները յունիոնիստական համակարգի պահպանման գործում Մեծ Բրիտանիայի դերի մասին հարցն էին հրատապ դարձնում եւ զորացնում  բրիտանացինների ու նրանց «ջատագովների»` յունոնիստների դեմ զինված պայքարի օգտին եղած փաստարկները»[20]: Ինչ վերաբերում է լոյալիստներին, ապա նրանք գտնում էին, որ անհրաժեշտ է դուրս գալ օրինականության շրջանակներից եւ ինքնապաշտպանության խմբեր ձեւավորել, «չնայած այն բանին, որ պետությունն օժտված էր արտակարգ լիազորություներով եւ քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառում էր բանակային ստորաբաժանումները»[21]:

Իր հերթին, Իռլանդական հանրապետական բանակի (ԻՀԲ) պառակտումը հանգեցրեց Հյուսիսային Իռլանդիայում իրավիճակի վատթարացման եւ նպաստեց այդ կազմակերպության ներսում նոր, ավելի կոշտ թեւի կազմավորմանը` Ժամանակավոր ԻՀԲ անվանմամբ: Այս թեւը սկսեց Հյուսիսային Իռլանդիայի տարածքում պարտիզանական պայքար մղել բրիտանական զորքերի դեմ: Ի պատասխան բրիտանական իշխանությունների կողմից 1971թ. օգոստոսին կիրառված առանց դատի ու հետաքննության զանգվածային կալանքների, ինչպես նաեւ բրիտանական բանակի ու տեղի ոստիկանության կողմից ոչնչով չարդարացված ուժի կիրառման` ուժեղանում էր ԻՀԲ-ի գործունեության աջակցումը ինչպես Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկ փոքրամասնության, այնպես էլ Իռլանդիայի Հանրապետության քաղաքացիական բնակչության կողմից: Իսկ 1972թ. հունվարի 30-ի «Արյունոտ կիրակիից» (Bloody Sunday)[22] հետո, երբ բրիտանացիները գնդակահարեցին Դերիում հանուն Հյուսիսային Իռլանդիայում քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընկերակցության երթին միացած տեղի բնակիչների ցույցը, որի արդյունքում սպանվեցին 14 անզեն ցուցարար, ԻՀԲ-ի ու բրիտանական կանոնավոր զորքերի միջեւ դիմակայությունը էլ ավելի սրվեց:

Գիտակցելով իրավիճակի բարդությունը եւ նկատի ունենալով Ստորմոնտյան խորհրդարանի անգործունակությունը` Էդուարդ Հիթի կառավարությունը ստիպված էր ժամանակավորապես դադարեցնել դրա գործունեությունը` փոխանցելով օրենսդիր իշխանությունը բրիտանական խորհրդարանին, իսկ գործադիրը` Հյուսիսային Իռլանդիայի հարցերով պետքարտուղարին, եւ 1972թ. մարտին մտցնել անմիջական կառավարման վարչակարգ: 1972թ. մարտի 28-ին հյուսիսիռլանդական խորհրդարանն իր վերջին նիստն անցկացրեց, իսկ Բրայան Ֆոլքների կառավարությունն էլ հրաժարական տվեց: Այսպես ավարտվեց Հյուսիսային Իռլանդիայում յունիոնիստների իշխանության հիսունամյա ժամանակաշրջանը[23]:

Բրիտանական կառավարությունը հասկանում էր, որ հարկ է մի շարք քաղաքական միջոցներ ձեռնարկել ճգնաժամի հաղթահարման համար: Ընդ որում, պետք էր նկատի ունենալ քաղաքացիական իրավունքների եւ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակի ապահովման մասին իռլանդական կառավարության պահանջը, ինչպես նաեւ վերանայել Հյուսիսային Իռլանդիայում որոշումների ընդունման ընթացակարգը` ազգայնականների ներկայացուցիչներին թույլ տալով մասնակցել քաղաքական գործընթացներին[24]:

Այդ կապակցությամբ հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման հետագա նախաձեռնություններում բրիտանական կառավարությոնը հիմնական ուշադրությունը դարձնում էր երկու փոխկապակցված նպատակների հասնելուն. ա) համամասնական ներկայացվածության հիման վրա հյուսիսիռլանդական կառավարության ստեղծում, որում ներկայացված կլինեն թե° յունիոնիստները եւ թե° ազգայնականները եւ բ) ազգայնականության խաղաղեցում` Իռլանդիայի Հանրապետությանը հնարավորություն տալով մասնակցելու Հյուսիսային Իռլանդիայի գործերին (այսպես կոչված «իռլանդական չափում»): Սակայն իրական վիճակն այնպիսին էր, որ «յունիոնիստները կարող էին ինչ-որ չափով համաձայնվել առաջին նպատակին, լիովին անտեսելով երկրորդը, իսկ ազգայնականներն էլ առանց երկրորդ նպատակի մեծ անվստահությամբ կվերաբերվեին առաջինին»[25]:

Ավելին, համամասնական ներկայացվածության հիման վրա տեղի կառավարության ձեւավորման մասին հարցը շատ բարդ խնդիր էր, քանի որ յունիոնիստները, ավելի ժողովրդավարական համարելով մեծամասնության սկզբունքով կառավարության ձեւավորման համակարգը (այսինքն` խորհրդարանում ավելի շատ տեղեր ստացած կուսակցությունն է կառավարություն ձեւավորում) ընդդիմանում էին ցանկացած այլ համակարգի: Մասնավորապես, յունիոնիստները դեմ էին համամասնական ներկայացվածության հիման վրա կառավարության ձեւավորմանը (իմա` տարբեր համայնքներ ներկայացնող կուսակցությունների ներգրավմանը), համարելով, որ այդ եղանակը հակաժողովրդավարական է եւ ունակ է միայն թույլ կառավարություններ ձեւավորելու[26]:

Վերոնշյալ բոլոր հարցերում կոնսենսուսի ձեռքբերման նպատակով բրիտանական կառավարությունը մշակեց «Հյուսիսային Իռլանդիայի ապագան. բանավիճային զեկույց» անվանմամբ մի փաստաթուղթ (Green paper)[27], որը 1972 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Իռլանդիայի հարցերով պետքարտուղար Ուիլյամ Ուայթլոուն քննարկման համար փոխանցեց Օլսթերի յունիոնիստական կուսակցության, Ալյանսի կուսակցության եւ Հյուսիսային Իռլանդիայի լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներին: Դրանք Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանում ներկայացված յոթ կուսակցություններից այն երեքն էին, որոնք ընդունել էին Հյուսիսային Իռլանդիայում սահմանադրական բարեփոխումների ապագա ուղղությունների քննարկման նպատակով 1972թ. սեպտեմբերին կազմակերպված եռօրյա համաժողովին մասնակցելու հրավերը[28]: Բանավիճային զեկույցը բովանդակում էր տարածաշրջանի հետագա զարգացման մասին հյուսիսիռլանդական տարբեր քաղաքական կուսակցությունների առաջարկները, այնտեղ նաեւ ապագա Հյուսիսիռլանդական ասամբլեայի եւ տեղի կառավարության ձեւավորման, Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ լիազորությունների բաշխման հարցերն էին դրված, նաեւ «իռլանդական չափման» մասին դրույթը, որը ենթադրում էր Հյուսիսային Իռլանդիայի գործերին Իռլանդիայի Հանրապետության մասնակցության հնարավորություն:

Բացի այդ, կապված այն բանի հետ, որ  1949թ. Իռլանդիան, իրեն հանրապետություն հռչակելով, դուրս էր եկել Համագործակցությունից, բրիտանական խորհրդարանը 1949թ. ընդունել էր Իռլանդիայի մասին ակտը[29], որը սահմանում էր Միացյալ Թագավորության ու Իռլանդիայի Հանրապետության հարաբերությունները: Ըստ այդ ակտի, Հյուսիսային Իռլանդիան մնում էր Նորին մեծության եւ Միացյալ Թագավորության տիրույթներ մաս, եւ հավաստվում էր, որ Հյուսիսային Իռլանդիան կամ նրա ցանկացած մաս ոչ մի պարագայում չեն կարող դադարել Նորին մեծության եւ Միացյալ Թագավորության տիրույթների մաս լինելուց` առանց Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի համաձայնության: Սակայն, քանի որ 1972 թվականին Էդուարդ Հիթի կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել էր Ստորմոնտյան խորհրդարանի գործունեությունը, անհրաժեշտ էր ինչ-որ եղանակ գտնել Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի հաստատման համար. ուստի եւ որոշվեց 1973թ. մարտի 8-ին համապատասխան հանրաքվե անցկացնել[30]: Հանրաքվեի ընթացքում[31]  Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները իրենց վերաբերմունքը ցուցաբերեցին հետեւյալ հարցի նկատմամբ` մնա՞ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության սահմաններում, թե՞ ընդգրկվի Իռլանդիայի Հանրապետության կազմում: Քանի որ կաթոլիկները բոյկոտեցին այդ հանրաքվեն, ձայների ճնշող մեծամասնությունը (98.92 տոկոս` 58.66 տոկոս մասնակցությամբ) տրվեց Միացյալ Թագավորության կազմում Հյուսիսային Իռլանդիայի մնալու օգտին: Դրա հետ մեկտեղ, ի հեճուկս այն փաստի, որ հանրաքվեն հաստատեց այդ տարածաշրջանի կարգավիճակը, ճգնաժամը Հյուսիսային Իռլանդիայում շարունակվում էր:

Շուտով` 1973թ. մարտի 20-ին, բրիտանական կառավարությունը հրապարակեց Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրական կառուցվածքի մասին առաջարկությունները (White paper)[32], որոնք մշակվել էին 1972թ. հոկտեմբերի 30-ի բանավիճային զեկույցի հիման վրա: Փաստաթղթում նախատեսվում էր ստեղծել Իռլանդիայի խորհուրդ եւ նոր Հյուսիսիռլանդական ասամբլեա, որը պիտի ընտրվեր համամասնական ներկայացվածության հիման վրա եւ փոխարիներ Ստորմոնտյան խորհրդարանին: Այդ առաջարկությունների հիման վրա 1973թ. մայիսի 3-ին բրիտանական կառավարության կողմից հիմնվեց Հյուսիսիռլանդական ասամբլեան եւ 1973թ. հունիսի 28-ին անցկացվեցին դրա անդամների ընտրություններ, իսկ 1973թ. հուլիսի 31-ին տեղի ունեցավ Հյուսիսիռլանդական ասամբլեայի առաջին ժողովը:

1973թ. հուլիսի 18-ին գործողության մեջ մտավ Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրության մասին ակտը[33], ինչը հաստատում էր, որ Հյուսիսային Իռլանդիան չի անջատվի Միացյալ Թագավորությունից առանց բնակչության մեծամասնության համաձայնության, եւ այդ հարցով հանրաքվեն չի կարող ավելի հաճախ անցկացվել, քան տասը տարին մեկ[34]: Ակտով նախատեսվում էր համամասնական ներկայացուցչությամբ ձեւավորված Հյուսիսիռլանդական ասամբլեայի հիմնում, ինչպես նաեւ Իռլանդիայի խորհրդի ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն Հյուսիսային Իռլանդիայի, այլեւ Իռլանդիայի Հանրապետության ներկայացուցիչները: Վերացվեցին նախկին խորհրդարանն ու նահանգապետի պաշտոնը, իսկ 1973թ. նոյեմբերի 21-ին[35]  հիմնվեց համամասնական ներկայացուցչությամբ գործադիր մարմինը:

Համամասնական ներկայացուցչությամբ գործադիր մարմնի հիմնմանն առնչվող մնացյալ դժվարին հարցերի լուծման նպատակով 1973թ. դեկտեմբերի 6-9-ը Սանինգդեյլում (Անգլիա)[36]  կազմակերպվեց եռակողմ համաժողով: Համաժողովին մասնակցեցին Մեծ Բրիտանիայի վարչապետ Էդուարդ Հիթը,  Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Լայամ Քոսգրեյվը, ինչպես նաեւ Օլսթերի յունիոնիստական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցության եւ Ալյանսի կուսակցության ներկայացուցիչները:

Մասնակիցները տարբեր թեմաներ քննարկեցին, սակայն հիմնական բանավեճը ծավալվեց Հյուսիսային Իռլանդիայի ապագա կառավարության այսպես կոչված «իռլանդական չափման» մասին հարցի շուրջ: Ենթադրվում էր, որ Իռլանդիայի խորհուրդը կարող էր կազմված լինել երկու մասից` Նախարարների խորհրդից եւ Խորհրդատվական ասամբլեայից: Գործադիր ու համակարգող գործառույթ իրականացնող Նախարարների խորհրդի կազմում կարող էին ընդգրկվել հյուսիսիռլանդական գործադիր մարմնի յոթ անդամ եւ իռլանդական կառավարության յոթ անդամ: Խորհրդատվական ասամբլեան կարող էր խորհրդատվական ու վերահսկող գործառույթներ իրականացնել եւ ընդգրկել Հյուսիսիռլանդական խորհրդարանի ու Իռլանդիայի Հանրապետության խորհրդարանի ստորին պալատի երեսունական անդամ: Համաժողովի ավարտից հետո դեկտեմբերի 9-ին հրապարակվեց ամփոփիչ պաշտոնական հաղորդագրություն[37]:

Սակայն, Օլսթերի յունիոնիստական կուսակցության անդամների մեծամասնությունը հանդես եկավ այդ համաձայնագրի դեմ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց այդ կուսակցության պառակտմանը եւ դրա առաջնորդ Բրայան Ֆոլկների հրաժարականին: 1974թ. մայիսի 15-ին` Հյուսիսիռլանդական ասամբլեայի կողմից Իռլանդիայի խորհուրդ կազմավորելու միջոցներին հավանություն տրվելուց ընդամենը մեկ օր անց, սկսվեց Օլսթերի Աշխատանքային խորհրդի կազմակերպած բողոքի գործադուլը: Դրա արդյունքում 1974թ. մայիսի 28-ին համամասնական ներկայացուցչությամբ ստեղծված գործադիր մարմինը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ 1974թ. մայիսի 30-ին դադարեցվեց նաեւ Հյուսիսիռլանդական ասամբլեայի գործունեությունը[38]:

Նույնպես առանց հաջողություների ավարտվեց 1975թ. մայիսին ընտրված Սահմանադիր  ժողովի գործունեությունը, քանի որ այն հանրությունում լայն հավանության չարժանացավ; Բրիտանական կառավարությունը 1976թ. մարտի 9-ին[39]  ցրեց ժողովը եւ հայտարարեց անմիջական կառավարումն անորոշ ժամկետով երկարաձգելու մասին:

Չնայած անհաջողությանը` բրիտանական եւ իռլանդական կառավարությունները լի էին համատեղ ջանքեր ներդնելու հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա տարիներին: Այդ համապատկերում 1985թ. նոյեմբերի 15-ին Հիլսբորոյում[40]  կնքված Անգլո-իռլանդական համաձայնագիրը, որ ստորագրել են Իռլանդիայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի վարչապետեր Գարեթ Ֆիցջերալդն ու Մարգարետ Թետչերը, ամենակարեւոր փաստաթղթերից մեկն է:

Ըստ երկու կառավարությունների միջեւ կնքված այդ համաձայնագրի առաջին հոդվածի`

• «հաստատվում էր, որ Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի փոփոխություն կարող է կատարվել միայն այն դեպքում, եթե դա ցանկանա Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը,

• ընդունվում էր, որ այսօր Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը չի ցանկանում առկա կարգավիճակի փոփոխություն,

• հայտարարվում էր, որ եթե ապագայում Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը հստակ արտահայտի միասնական Իռլանդիայի ստեղծման իր ցանկություննն ու պաշտոնական համաձայնությունը, ապա երկու կառավարությունները կպաշտպանեն այդ ցանկությունը եւ այդ որոշման իրականացման նպատակով համապատասխան օրինագիծ կմտցնեն երկու խորհրդարաների քննարկման համար»[41]:

Այդ համաձայնագրի հիման վրա ենթադրվում էր հրավիրել միջկառավարական համաժողով, որի ժամանակ իռլանդական եւ բրիտանական պաշտոնատար անձինք կարող են քննարկել Հյուսիսային Իռլանդիային առնչվող քաղաքական եւ այլ հարցեր, իսկ իռլանդական կառավարությունն էլ կներկայացներ հյուսիսիռլանդական կաթոլիկների շահերը:

Այս համաձայնագիրը կայուն հիմք դրեց Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հանրապետության հետագա հաջող համագործակցությանը: Իռլանդական կառավարությանը պաշտոնապես տրամադրելով խորհրդատվական դեր հյուսիսիռլանդական գործերում` բրիտանական կառավարությունը դրանով հաստատեց, որ հյուսիսիռլանդական հակամարտությունը հանդիսանում է ոչ միայն Միացյալ Թագավորության ներքին խնդիրը, այլեւ խոր ազդեցություն է թողնում Իռլանդիայի Հանրապետության վրա: Մինույն ժամանակ նաեւ իռլանդական կառավարությունն էր ընդունում, որ առանց տարածաշրջանի բնակչության մեծամասնության համաձայնության հնարավոր չէ փոփոխել Հյուսիսային Իռլանդիայի` որպես Միացյալ Թագավորության մասի սահմանադրական կարգավիճակը[42]:

Այդուհանդերձ, սույն փաստաթուղթն առարկություններ ծնեց յունիոնիստների ու ԻՀԲ-ի ներկայացուցիչների մոտ: Յունիոնիստները շահագրգռված չէին Հյուսիսային Իռլանդիայի գործերում իռլանդական կառավարության ներգրավմանը, իսկ ԻՀԲ-ն զգուշանում էր Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հանրապետության կառավարությունների համագործակցությունից եւ դրանում որոշակի վտանգ էր տեսնում[43]: Ծայրահեղ բացասական ընդունելով փաստաթուղթը` յունիոնիստները նույնիսկ որոշ ժամանակ դադարեցրին բրիտանական կառավարության հետ համագործակցությունը: Սակայն հետագայում նրանք համաձայնվեցին Հյուսիսային Իռլանդիայի մյուս կուսակցություններին հավասար մասնակցել բրիտանական կառավարության կողմից 1991թ. անցկացված բանակցություններին երեք չափումներով` Հյուսիսային Իռլանդիայի ներսում քաղաքական կառույցների փոխհարաբերություններ, համայն Իռլանդիա կղզու սահմաններում` հյուսիսի եւ հարավի միջեւ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Հանրապետության միջեւ: Այդ ժամանակ բանակցությունները դրական արդյունք չտվեցին, սակայն դրանցում քննարկված գաղափարները իրենց հետագա արտացոլումը գտան 1998 թվականի Բելֆաստյան համաձայնագրում:

Տարեցտարի Միացյալ Թագավորությունն ավելի էր չեզոքության ձգտում: Զարմանալի հաճախությամբ փոփոխվող բրիտանական կառավարությունները խստորեն պահպանում էին «համաձայնության առանցքային հայեցակետը` Հյուսիսային Իռլանդիան պիտի ինքը որոշի իր ճակատագիրը: Ընդսմին, երբեք նրանց մտքով չի անցել, որ բրիտանական կառավարությունը պիտի «համոզի» յունիոնիստներին` մղելով նրանց դեպի Իռլանդիայի միավորում»[44] :

Մյուս կողմից էլ, Իռլանդիայի Հանրապետությունում ԻՀԲ-ն համարվում էր ոչ լեգալ կազմակերպություն, եւ դա նույնպես նպաստել էր իռլանդական ու բրիտանական կառավարությունների դիրքորոշումների մերձեցմանը: Նրանք երկուսն էլ ընդհանուր թշնամի ունեին, եւ այս գործոնը կարեւոր դեր էր խաղացել հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման գործում: Ի տարբերություն 80-ականների սկզբների, երբ 1980-81 թվականներին Մեյզի բանտում հացադուլի պատճառով ԻՀԲ անդամ 10 բանտարկյալների մահվանից հետո ազգայնականները աջակցում էին նրանց գործողություններին, հետագա տարիներին անվտանգության հարցերով բնակչության մտահոգություններն աճում էին ինչպես Հյուսիսային Իռլանդիայում, այնպես էլ Իռլանդիայի Հանրապետությունում: «Ֆիանա ֆայլը` Իռլանդիայի Հանրապետության կառավարող կուսակցությունը, «Շին Ֆեյնի» հետ կրկնակի, օժանդակ ու հիմնականում փորձնական, բայց, այդուհանդերձ, գաղտնի բանակցություններում ձգտում էր նրան հասու դարձնել բռնության անթույլատրելիությունը հարավի բնակչության համար: Բռնությունը ոչ միայն հասարակական կարծիքի պառակտում էր առաջացնում հյուսիսի ազգայնականների մոտ, այլեւ պառակտում էր սահմանի հյուսիսում ու հարավում գտնվող ազգայնականներին, ինչպես նաեւ ամերիկյան ծագում ունեցող իռլանդացիներին»[45]:

1989 թվականի հուլիսին Հյուսիսային Իռլանդիայի գործերով պետքարտուղարի պաշտոնում Փիտեր Բրուքի նշանակումից հետո Մեծ Բրիտանիան սկսեց հանդես գալ մի շարք կարեւոր խաղաղ նախաձեռնություններով: Մասնավորապես, Բրուքը չէր բացառում ուղիղ բանակցությունների անցկացման հնարավորությունը «Շին Ֆեյնի» հետ` բռնության գործադրման դադարեցման պարագայում, եւ 1990 թվականին «արտոնեց կապի ոչ պաշտոնական խողովակի կրկնական բացումը` բրիտանական հետախուզության աշխատակից Մայքլ Օութլիի եւ «Շին Ֆեյնի» անդամ Մարտին Մակգինեսի վստահությունը վայելող, Դերրիում ապրող հոգեւորական Դենիս Բրեդլիի մասնակցությամբ»[46]:

Մեկ տարի անց Փիտեր Բրուքը հայտարարեց, որ «Բրիտանիան չունի «ռազմավարական կամ տնտեսական շահամոլություն» Հյուսիսային Իռլանդիայում եւ պատրաստ է համաձայնվել Իռլանդիայի միավորմանը, եթե դրան իր համաձայնությունը տա նրա բնակչությունը»[47]: Սա շատ կարեւոր հայտարարություն էր, որը լուծեց Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցության եւ «Շին Ֆեյնի» միջեւ առկա գլխավոր հակասություններից մեկը: Փիտեր Բրուքը նաեւ օգնեց բանակցություններ սկսելու սահմանադրական կուսակցությունների միջեւ` հարցերի ողջ համալիրի շուրջ[48]:

1991թ. հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հանրապետության կառավարությունները սկսեցին մշակել համատեղ հռչակագրի հայեցակարգ, որն էլ 1993թ. դեկտեմբերի 15-ին ստորագրվեց այդ երկրների վարչապետեր Ջոն Մեյջորի ու Ալբերտ Ռեյնոլդսի կողմից: Այդ հռչակագիրը ստացավ «Դաունինգ սթրիթի հռչակագիր»[49]  անվանումը եւ իրենից ներկայացնում էր Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության ձեռքբերմանն ու հաշտեցմանը միտված հիմնարար փաստաղթերից մեկը: Իր բովանդակությամբ այն շատ բաներով կրկնում էր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցության եւ «Շին Ֆեյնի» առաջնորդների միջեւ, եւ նպատակ էր դնում ԻՀԲ-ին համոզել հրաժարվելու բռնությունից ու անցնելու պայքարի քաղաքական մեթոդներին:

«Շին Ֆեյնը»` պաշտպանելով այդ հռչակագիրը, հրաժարվեց բռնի գործողություններից, իսկ 1994թ. օգոստոսին ԻՀԲ-ն հայտարարեց միակողմանի հրադադարի մասին: 1994թ. հոկտեմբերին բողոքական առաջատար կիսառազմականացված խմբավորումները նույնպես հայտարարեցին հրադադարի մասին`

 

Այդ ժամանակաշրջանի ամենաբարդ խնդիրներից մեկը կիսառազմականացված կազմավորումների զինաթափումն էր, քանի որ ենթադրվում էր, որ զենքի հանձնման մասին հարցն անհրաժեշտ է լուծել նախքան այդ կազմավորումներին թույլ կտրվի մասնակցել բանակցություններին: Ի դեպ, նախապես բրիտանական կառավարությունը պնդում էր ապօրինի զենքի եւ պայթուցիկ նյութերի զգալի քանակության հանձնման վրա` նախքան «Շին Ֆեյնին» թույլատրելը մասնակցելու բանակցություններին[50]: Սակայն ոչ բոլոր խմբավորումներն են համաձայնվել դրան, ուստի եւ այս հարցը գլխավոր խոչընդոտը դարձավ իռլանդական հանրապետականների ու բրիտանական կառավարության միջեւ քաղաքական երկխոսության ճանապարհին:

1995թ. փետրվարի 22-ին բրիտանական եւ իռլանդական կառավարությունները հանրության քննարկմանը ներկայացրին նոր Շրջանակային փաստաթուղթ[51]: Այդ համատեղ նախաձեռնության դրական պահերից մեկը երկու կառավարությունների կողմից մշակված փոխգործակցության համակարգն էր երեք մակարդակներով` ա) Հյուսիսային Իռլանդիայի ներսում (Հյուսիսիռլանդական ասամբլեա), բ) ամբողջ Իռլանդիա կղզու սահմաններում (Հյուսիսի ու հարավի հարաբերությունների հարցերով Նախարարական խորհուրդ) եւ գ) Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Հանրապետության փոխհարաբերություններ (Բրիտանա-իռլանդական խորհուրդ, Բրիտանա-իռլանդական միջկառավարական համաժողով):

Վերջապես, 1995թ. նոյեմբերի 28-ին Իռլանդիայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի վարչապետեր Ջոն Բրուտոնի ու Ջոն Մեյջորի կողմից ընդունվեց համատեղ Անգլո-իռլանդական կոմյուկնիկե[52], որում հայտարարվում էր  Զինաթափման հարցերով Միջազգային հանձնաժողով ստեղծելու մասին` Ջորջ Միտչելի նախագահությամբ: Փաստաթղթով նախատեսվում էր զուգահեռ գործընթաց («twin-track»), որում զինաթափման հարցերը եւ բազմակուսակցական բանակցությունները պիտի միաժամանակ անցկացվեին: Այսպիսով, Զինաթափման հարցերով միջազգային հանձնաժողովով այս հակամարտությունը միջազգայնացվեց:

Մեծ Բրիտանիայում 1997թ. Թոնի Բլերի գլխավորությամբ լեյբորիստների եւ Իռլանդիայի Հանրապետությունում Բերթի Ահերնի գլխավորությամբ Ֆիանա Ֆայլի կառավարության իշխանության գալուն զուգընթաց նկատելի փոփոխություններ կատարվեցին հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում: Բացառիկ քաղաքական կամքով ու ռազմավարական տեսլականով օժտված այս առաջնորդները հսկայական ներդրում ունեցան հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման գործում: Կարեւորագույն երկու փաստաթղթերը` Բելֆաստի եւ Սենտ-Էնդրյուսի համաձայնագրերը, կնքվել են նրանց տասնամյա (1997-2007) պաշտոնավարման ժամանակ:

Արտաքին դերակատարների ներդրումը հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում

1973 թվականին Եվրոպական տնտեսական համագործակցություն Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հանրապետության մտնելով սկսվեց այս պետությունների զարգացման նոր փուլ: Եվրամիությունն անցած քառասուն տարում այս երկրներին ակտիվորեն օգնում էր եւ «շռայլ ֆինանսական օգնություն էր ցուցաբերում` Հյուսիսային Իռլանդիայում կենսապայմանների բարելավման եւ այնտեղ ավելի բնականոն մթնոլորտի ստեղծման նպատակով»[53]: Այսպես, ԵՄ-ն «Իռլանդիայի համար միջազգային հիմնադրամ» (International Fund for Ireland կամ ԻՄՀ) անկախ կազմակերպության հիմնական հովանավորներից էր, հիմնադրամ, որ 1986թ. բրիտանական եւ իռլանդական կառավարությունների կողմից ստեղծվել էր որպես արտասահմանյան ֆինանսական օգնության բաշխման խողովակ: Եվրոպական համայնքն տարեկան 15 միլիոն եվրո[54]  էր հատկացնում այդ հիմնադրամի միջհամայնքային ու անդրսահմանային ծրագրերին` խթանելու համար խաղաղ գործընթացը եւ 1989-2010թթ. այդ տարածաշրջան կայուն զարգացում ու սոցիալական համախմբվածություն ապահովելու նպատակով[55]:

Բացի այդ, 1995թ. Եվրոպական համայնքի կողմից ստեղծվեց խաղաղարարության ու հաշտեցման հատուկ ծրագիր, որն իրականացվում էր Հյուսիսային Իռլանդիայում եւ Իռլանդիայի Հանրապետության սահմանամերձ շրջաններում: Սույն ֆինանսավորման մեծ մասն իրականացվում էր տեղի ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով, որոնք հակամարտությամբ տարանջատված մարդկանց մղում էին միասին աշխատելու համայնքների մակարդակով: Այս ծրագրի երկրորդ փուլին (2000-2004թթ.) հատկացված միջոցները կազմել են 708 միլիոն եվրո[56]:

Այսպիսով, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից ստացված եւ ԻՄՀ-ում կենտրոնացված[57]  դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմեց 890 միլիոն եվրո: Այս տարիների ընթացքում կազմակերպությունը, որի գործունեությունը կենտրոնացված էր Հյուսիսային Իռլանդիայում, ինչպես նաեւ Իռլանդիայի Հանրապետության հարավային կոմսություններում (Կավան, Դոնեգոլ, Լիթրիմ, Լաութ, Մոնահան եւ Սլայգո) ֆինանսավորել էր ավելի քան 5800 ծրագիր:

Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հանրապետության համաժամանակյա մուտքը ԵՄ նպաստեց նրանց երկկողմ հարաբերությունների հետագա բարելավմանն ու հավասարակշռմանը: Պաշտոնատար անձանց հաճախակի այցերի ու պարբերական փոխկապերի, ԵՄ շրջանակներում ամենատարբեր համատեղ միջոցառումներին ու հանդիպումներին մասնակցության շնորհիվ փոխվում էր նաեւ անգլո-իռլանդական հարաբերությունների համապատկերը: Աշխատանքային հարաբերությունների զարգացմանը զուգընթաց աճում էր փոխադարձ հարգանքը[58], ինչը դրական էր անդրադառնում նաեւ հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա:

ԱՄՆ-ն հանդիսանում է հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացին ակտիվորեն նպաստած արտաքին դերակատարներից մեկը: Մասնավորապես, ԻՄՀ-ն 1986թ. իր ստեղծումից ի վեր ԱՄՆ-ից ստացավ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն, ինչը կազմում էր այդ կազմակերպության բյուջեի կեսը[59]: ԱՄՆ-ն նաեւ խոշոր ներդրումներ է ունենում Հյուսիսային Իռլանդիայի տնտեսությունում. մասնավորապես, 2002-ից մնչեւ 2007 թվականները ամերիկյան ընկերությունները Հյուսիսային Իռլանդիայում ներդրել են ավելի քան 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար եւ բացել ավելի քան 4 հազար աշխատատեղ: 2009 թվականից մինչեւ 2011 թվականը Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ԱՄՆ տնտեսական ներկայացուցիչը նպաստել էր ԱՄՆ-ի ու Հյուսիսային Իռլանդիայի միջեւ տնտեսական կապերի զարգացմանը եւ սատարում էր խաղաղ գործընթացը, աջակցելով այդ տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանը: 2010թ. հոկտեմբերին Վաշիգտոնում կազմակերպվել էր տնտեսական համաժողով, որը միտված էր Հյուսիսային Իռլանդիա ամերիկյան խորշոր ներդրումների ներգրավմանը[60]:

Լորդ Օլդըրդայսի խոսքերով` ԱՄՆ-ի օգնությունն իր մեջ ներառում էր տնտեսական, փորձագիտական եւ միջնորդական աջակցություն: Հյուսիսիռլանդական քաղաքական գործիչների համար կազմակերպվել են այցեր աշխարհի այլ տարածաշրջաններ` ծանոթանալու  համանման հակամարտությունների լուծման փորձին[61]:

Հարկ է առանձնակի ընդգծել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի անձնական ներդրումը հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում: Քլինթոնը Հյուսիսային Իռլանդիա այցելած առաջին ամերիկյան նախագահն էր: Այդ այցի ընթացքում նա, 1995թ. նոյեմբերի 30-ին ելույթ ունենալով Բելֆաստի քաղաքային խորհրդի շենքում, խոսեց հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի օգուտի ու նշանակության մասին: Իր այդ ճառում նա ահաբեկիչներին անվանեց «երեկվա օրվա մարդիկ»[62]: Հատկանշական է, որ 1994թ. ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրելով ԻՀԲ քաղաքական թեւ հանդիսացող «Շին Ֆեյնի» առաջնորդ Ջերի Ադամսին` Բիլ Քլինթոնը որոշ առումով աջակցեց ԻՀԲ-ի կողմից 1994թ. օգոստոսին հայտարարված միակողմանի հրադադարին եւ միջազգային հանրության աչքերում «Շին Ֆեյնի»` որպես քաղաքական կուսակցության, այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպության ճանաչմանը:

Միացյալ Թագավորություն Բիլ Քլինթոնի այցի օրը, այսինքն 1995թ. նոյեմբերի 28-ին, բրիտանական եւ իռլանդական կառավարությունների կողմից ընդունված Անգլո-իռլանդական կոմյունիկեի շրջանակներում հայտարարվեց ամերիկյան նախկին սենատոր Ջորջ Միտչելի նախագահությամբ Զինաթափման հարցերով միջազգային հանձնաժողովի ստեղծման մասին: Հանձնաժողովը պիտի ուսումնասիրեր ու երաշխավորագրեր տար այդ հարցի շուրջ մինչեւ 1996թ. հունվարի կեսերը: Այդ նախաձեռնությունը աջակցություն ստացավ Բիլ Քլինթոնի կողմից, ով հետագայում Ջորջ Միտչելին նշանակեց Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ: Միտչելը եւ Զինաթափման հարցերով միջազգային հանձնաժողովի երկու այլ անդամներ` Ֆինլանդիայի նախկին վարչապետ Հարրի Հոլկերին ու կանադացի գեներալ Ջոն դե Չասթըլեյնը 1996թ. հրապարակեցին զեկույց, որում այն դրույթն էր առաջ քաշվում, ըստ որի կիսառազմականացված խմբավորումների կողմից ապօրինի զենքի հանձնումը պետք է անցկացվի բազմակուսակցական բանակցություններին զուգահեռ[63]:

Միեւնույն ժամանակ, երաշխավորվել է Հյուսիսիռլանդական քաղաքական ֆորումի ընտրություններ անցկացնել եւ պատգամավորներ ընտրել, որոնցից հակամարտության կողմերը հետագայում կառաջադրեին իրենց պատվիրակներին բազմակուսակցական հաջորդ բանակցություններին: Զինաթափման հարցերով միջազգային հանձնաժողովը առաջարկեց նաեւ հետեւյալ վեց սկզբունքները (իմա` Միտչելի սկզբունքները).

• հակվածություն քաղաքական վիճելի հարցերի լուծման ժողովրդավարական ու բացառապես խաղաղ միջոցների,ռազմականացված բոլոր կազմավորումների ամբողջական զինաթափում,

• համաձայնություն առ այն, որ այդ զինաթափումը ենթակա է անկախ հանձնաժողովին բավարարող ստուգման,

• իր կողմից հրաժարում եւ մյուսների կողմից բազմակուսակցական բանակցությունների ընթացքի կամ արդյունքի վրա ներազդելու նպատակով ուժի կիրառում կամ ուժի կիրառման սպառնալիք ներկայացնելու ցանկացած փորձի հակազդում,

• բազմակուսակցական բանակցություններում ձեռքբերված համաձայնագրի պայմանները պահպանելու համաձայնություն եւ դրանց արդյունքի ցանկացած` իրենց համար ոչ ընդունելի հայեցակետ փոփոխելու նպատակով բացառապես ժողովրդավարական ու խաղաղ միջոցների ձեռնարկում,

• «պատժելու» նպատակներով սպանություններն ու ծեծուջարդը դադարեցնելու կոչ եւ նման գործողություների կանխարգելման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում[64]:

Զինաթափման հարցերով միջազգային հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են բրիտանական կառավարության կողմից եւ հետագայում իրականացվել:

Միաժամանակ, 1996թ. հունիսի 10-ին Ջորջ Միտչելը` որպես անկախ ավագ համանախագահ, Հարրի Հոլկերիի ու Ջոն դե Չասթըլեյնի հետ միասին սկսեցին պաշտոնական բանակցային գործընթացը տասը կուսակցությունների ու երկու` Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Հանրապետության կառավարությունների մասնակցությամբ: Այդ բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին 1998թ. ապրիլի 10-ին Իռլանդիայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի վարչապետեր Բերթի Ահերնի ու Թոնի Բլերի կողմից Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության խաղաղ կարգավորման մասին Բելֆաստյան համաձայնագրի[65]  (այսպես կոչված «Ավագ ուրբաթի համաձայնագրի») ստորագրմամբ: Համաձայնագիրը պաշտպանել է Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը (միակ քաղաքական կուսակցությունը, որ հանդես է եկել այդ համաձայնագրի դեմ, եղել է Իեն Փեյսլիի գլխավորած Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը):

Այս համաձայնագրով Հյուսիսային Իռլանդիայում դրվեց իշխանության նոր մարմինների հիմքը, ներառյալ միջկուսակցական հիմունքներով օրենսդիր ասամբլեան եւ գործադիր իշխանությունը: Համաձայնագիրը նախատեսում էր նաեւ Հյուսիսային Իռլանդիայի վարչակազմի ներկայացուցիչների ու Իռլանդիայի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ հաստատությունների ստեղծում[66]:

Բելֆաստյան համաձայնագիրը մեկ անգամ եւս հաստատեց, որ Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրական կարգավիճակը կարող է փոփոխվել միայն այդ տարածշրջանի բնակչության մեծամասնության համաձայնությամբ: Այն նաեւ նախատեսում էր հատուկ փոփոխություններ մտցնել ինչպես Իռլանդիայի Հանրապետության սահմանադրության մեջ` Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային հավակնությունների մասով, այնպես էլ 1920 թվականին Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ բրիտանական Սահմանադրական ակտում, որը սահմանափակում էր տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:

Այդ կապակցությամբ Բելֆաստյան համաձայնագրի իրականացման կարեւորագույն տարրերից դարձավ 1998թ. մայիսի 22-ին երկու հանրաքվեների անցկացումը: Հյուսիսային Իռլանդիայում Բելֆաստյան համաձայնագրի արդյունքները պաշտպանեց քվեարկածների 71.1 տոկոսը (81.1 տոկոսի մասնակցության պարագայում)[67], իսկ Իռլանդիայի Հանրապետությունում ըստ Համաձայնագրի երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին արտահայտվեց քվեարկածների 94.39 տոկոսը (56.26 տոկոս մասնակցության պարագայում)]68[: Այսպիսով, Իռլանդիայի Հանրապետությունում անցկացված հանրաքվեն այդ երկրի սահմանադրությունից բացառեց Հյուսիսային Իռլանդիայի տարածքի նկատմամբ հավակնությունները:

Սակայն Բելֆաստյան համաձայնագրի իրականացումը գործնականում բախվեց մի շարք խնդիրների, որոնց լուծումը երկարաձգվեց մի քանի տարի: Դրանցից ամենաբարդը կիսառազմականացված ապօրինի կազմավորումների եւ ամենից առաջ ԻՀԲ-ի զինաթափման հարցն էր, ինչպես նաեւ իրավապահ ու դատական մարմինների բարեփոխման կարգը: Թեեւ Բելֆաստյան համաձայնագրով ենթադրվում էր Հյուսիսային Իռլանդիայի կիսառազմական ապօրինի կազմավորումների զինաթափումն ավարտել հանրաքվեի անցկացումից հետո երկու տարում, իրականում այն ավելի շատ ժամանակ պահանջեց, եւ բոլոր խմբավորումների, այդ թվում ԻՀԲ-ի լրիվ զինաթափման հաջողվեց հասնել միայն 2005 թվականին:

Այդ գործընթացում դրական դեր խաղաց Ջորջ Բուշի վարչակազմը, որը 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո միջազգային ահաբեկչության դեմ լայնածավալ արշավ սկսեց: Հենց այդ ժամանակաշրջանում զգալիորեն աճեց ԱՄՆ հետաքրքրությունը հյուսիսիռլանդական հակամարտության շուտափույթ կարգավորման նկատմամբ[69]: Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը Ջորջ Միտչելից հետո զբաղեցրածներից յուրաքանչյուրը` Ռիչարդ Հաասը (2001-2003թթ.), Միտչել Ռայսը (2003-2007թթ.), Փոլ Դոբրյանսկին (2007-2009թթ.) եւ Դեկլան Քելլին (2009-2011) իր ներդրումն է ունեցել հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում, նպաստելով ԻՀԲ-ի եւ մյուս կիսառազմականացված խմբավորումների հետագա զինաթափմանը, ինչպես նաեւ յունիոնիստների ու հանրապետականների միջեւ ուժերի հավասարակշռության հաստատմանը[70]:

2007թ. մարտին անցկացվեցին Հյուսիսիռլանդական խորհրդարանի նոր ընտրություններ, ինչը հնարավոր էր դարձել Սենտ-Էնդրյուսյան համաձայնագրի[71]  արդյունքում, համաձայնագիր, որը մշակվել է 2006թ. հոկտեմբերի 11-13-ը Շոտլանդիայում անցկացված բանակցությունների ժամանակ` Իռլանդիայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի վարչապետեր Բերթի Ահերնի եւ Թոնի Բլերի, ինչպես նաեւ հյուսիսիռլանդական բոլոր կուսակցությունների մասնակցությամբ, ներառյալ Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը եւ «Շին Ֆեյնը»: Այսպիսով, 2007թ. մայիսի 8-ին` հնգամյա դադարից հետո, վերսկսվեց Հյուսիսիռլանդական ասամբլեայի աշխատանքը, ձեւավորվեց Հյուսիսային Իռլանդիայի նոր գործադիր իշխանություն, իսկ Հյուսիսային Իռլանդիայի իրավապահ եւ դատական համակարգի բարեփոխումը ստացավ «Շին Ֆեյնի» աջակցությունը:

Հաջորդ` Բրայան Քոուենի (Իռլանդիա) եւ Գորդոն Բրաունի (Մեծ Բրիտանիա) կառավարությունները, հենվելով ձեռքբերված հաջողությունների վրա, շարունակեցին տեղի իրավապահ եւ դատական մարմիններին իշխանության փոխանցման երկրորդ փուլի իրականացման աշխատանքները: Սակայն 2009թ. մարտին ԻՀԲ-ից պոկված խմբավորումների կողմից իրականացվեցին մի շարք ահաբեկչական գործողություններ, ինչը սրեց իրավիճակը Հյուսիսային Իռլանդիայում[72]:

Գիտակցելով հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի համար ընթացիկ պահի բարդությունը` ԱՄՆ-ն ձգտում էր կանխել հնարավոր բացասական հետեւանքները: Սբ. Պատրիկի օրը` մարտի 17-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպեց իռլանդական վարչապետ Բրայան Քոուենի, Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Պիթեր Ռոբինսոնի եւ առաջին նախարարի փոխանորդ Մարտին Մաքգինեսի հետ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նաեւ հանդիպեց «Շին Ֆեյն» կուսակցության առաջնորդ Ջերի Ադամսի հետ: Հանդիպումների ժամանակ նախագահ Օբաման բոլորին կոչ արեց սատարել խաղաղությունը Հյուսիսային Իռլանդիայում` չնայած կատարված բռնարարքներին[73]:

Վերջապես, Հյուսիսային Իռլանդիայի իրավապահ ու դատական մարմիններին իշխանության փոխանցման մասին դժվարին ու ավելի քան տասը տարի տեւած[74]  բանակցություններն ավարտվեցին 2010թ. փետրվարի 5-ին[75]  Հիլսբորոյում համաձայնագրի կնքմամբ: Դրանից անմիջապես հետո` 2010թ. փետրվարի 9-ին, Իռլանդական ազգային-ազատագրական բանակը (ԻԱԱԲ), «պաշտոնական» ԻՀԲ-ն եւ հարավ-արեւելյան Անթրիմում տեղաբաշխված Օլսթերի պաշտպանության ասոցիացիան հայտարարեցին իրենց զինաթափման մասին[76]:

Հիլսբորոյի համաձայնագրի հոդված 1-ի համաձայն` տեղի իրավապահ ու դատական մարմիններին իշխանության փոխանցման մասին հարցը պետք է Հյուսիսիռլանդական ասամբլեայի միջհամայնքային քվեարկությանը ներկայացվեր 2010թ. մարտի 9-ին: Այդ որոշումը հաջողությամբ իրականացվեց, եւ 2010թ. ապրիլի 12-ին իրավապահ եւ դատական լիազորությունները փոխանցվեցին Բելֆաստի իրավասությանը: Նույն օրը Հյուսիսիռլանդական ասամբլեայում միջհամայնքային քվեարկությամբ ընտրվեց արդարադատության նոր նախարար:

Այսպիսով, հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի վարչակազմի ու Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ երկու` Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հանրապետության կառավարությունների համատեղ ու շարունակական ջանքերը հանգեցրին հակամարտության քաղաքական կարգավորման:

Ամփոփում  

Չնայած Հյուսիսային Իռլանդիայում տեւական էթնոքաղաքական հակամարտության համընդգրկուն քաղաքական լուծման փնտրտուքի բոլոր բարդություններին` ընդհանուր առմամբ բոլոր հիմքերը կան եզրակացնելու, որ հիմնական կնճիռները մնացել են ետեւում:

Այդուհանդերձ, ինչպես արդարացիորեն նկատել է լորդ Օլդըրդայսը, «դիվանագիտական ակտիվության վեց տարիներ պահանջվեցին, որպեսզի մեկ սեղանի շուրջ ժողովեին հյուսիսիռլանդական հակամարտության երկու կողմերը ներկայացնող քաղաքական գործիչներին: Անգամ այդ ժամանակ այն կուսակցությունները, որոնք կիսառազմականացված խմբավորումներ ունեին, ներկայացված չէին բանակացություններում, եւ այդ կուսակցություներին ներգրավելու համար եւս հինգ տարի պահանջվեց: Այդ ժամանակաշրջանում` անկախ այն բանից, թե որ վարչապետը կամ կուսակցությունն է իշխանության ղեկին Լոնդոնում կամ Դուբլինում, խաղաղ գործընթացը շարունակվում էր: Մարգարետ Թետչերը, Չարլզ Հոգին, Հարոլդ Ֆիցջերալդը, Ալբերտ Ռեյնոլդսը, Ջոն Մեյջորը, Ջոն Բրուտոնը, Թոնի Բլերը, ԲերԹի Ահերնը` նրանք բոլորն էլ տարբեր կառավարություններ են գլխավորել Լոնդոնում ու Դուբլինում, եւ նրանցից յուրաքանչյուրը խաղաղ գործընթացին վերաբերվում էր որպես ազգային պարտավորության ու շահի, որոնք կախված չեն կոնկրետ կուսակցության քաղաքական առաջնահերթություններից»[77]:

Այս առնչությամբ կարեւոր խորհրդանշական դեր ուներ նաեւ 2011թ. մայիսի 17-20-ը Եղիսաբեթ թագուհու պետական այցը Իռլանդիա` այդ երկրի նախագահ Մերի Մակելիսի հրավերով[78]: Այցի ժամանակ Եղիսաբեթ թագուհին ծաղկեպսակներ դրեց  եւ’ Դուբլինի Հիշատակի այգում` Մեծ Բրիտանիայից երկրի անկախության համար մղված պայքարում զոհվածներին նվիրված հուշահամալիրում, եւ’ Դուբլին «Island Bridge» հուշահամալիրում, որտեղ հուղարկավորված են Բրիտանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմում մարտնչած իռլանդացիները:

Դուբլինյան ամրոցում հանդիսավոր ընթրիքի ժամանակ բրիտանական թագուհին հանդես եկավ ճառով, որում հիշատակեց Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի փոխհարաբերությունների ոչ դյուրին անցյալի մասին, ընդունելով, որ երկու կողմերն էլ «կսկիծ, անկայունություն ու կորուստներ» են կրել[79]: Չնայած որ առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հանդես էին գալիս այդ այցի դեմ,  շատերը գտնում են, որ բրիտանական միապետի Իռլանդիա կատարած առաջին այցը` այդ երկրի կողմից 1922 թվականին անկախության ձեռքբերումից հետո, հաջողված էր եւ դարձել էր բրիտանա-իռլանդական հարաբերությունների ոչ դյուրին պատմության բեկումնային պահերից մեկը:

Եզրափակիչ մասում, գնահատելով հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման գործում բրիտանական ու իռլանդական կառավարությունների, ինչպես նաեւ արտաքին դերակատարների ներդրումը, հարկ է առանձնակի նշել հետեւյալ գործոնները.

• Եվրամիություն` Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի Հանրապետության մուտքը նպատել է նրանց երկկողմ հարաբերությունների հավասարակշռմանը,

• կարգավորման գործընթացում առաջատար դեր են խաղացել բրիտանական եւ իռլանդական կառավարությունները՝ հայտարարելով, որ կհամաձայնվեն Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մեծամասնության կամարտահայտությանը, ինչպես նաեւ հարգանքով կվերաբերվեն միմյանց ազգային շահերին ու տարածքային ամբողջականությանը,

• ԱՄՆ-ն` որպես անկախ ու անաչառ միջնորդ, կարողացավ կարգավորման շատ փուլերում հակամարտության կողմերին օգնել գործնական դժվարությունների հաղթահարման մեջ, հատկապես` կիսառազմականացված խմբավորումների զինաթափմանն առնչվող հարցերում,

• ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ֆինանսական օգնությունը նպաստել է հակամարտության գոտում սոցիալ-տնտեսական հակասությունների վերացմանը, հակամարտության կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված մի շարք հումանիտար ծրագրերի իրականացմանը:

 

—————————————————————————-

14. Excerpts of the Articles of Agreement for a Treaty between Great Britain and Ireland as signed in London, 6 December 1921, in Documents on Irish Foreign Policy Volume I, 1919-1922. URL: http://www.nationalarchives.ie/topics/anglo_irish/dfaexhib2.html

15.  S. Farren, The Northern Ireland Experience. Does changing the question make agreement more possible? In Caucasus International. Vol. 1, no. 1, Summer 2011, p.156.

16. Նույն տեղում տես նաեւ Constitution of Ireland (1937), URL : http://en.wikisource.org/wiki/Constitution_of_Ireland_(original_text)

17.  J. Powell, Great Hatred, little room. Making Peace in Northern Ireland, London: The Bodley Head, 2008, p.53.

18. Government of Ireland Act, 23 December 1920. 10 & 11 George 5 Ch. 67. URL: http://www.bailii.org/nie/legis/num_act/1920/192000067.html

19.  В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии. Accord. Conciliation Resources, 1999, №8, с. 23. URL: http://www.c-r.org/sites/c-r.org/files/08_Northern%20Ireland_1999_RUS_F.pdf

20.  Նույն տեղում:

21.  Նույն տեղում:

22.  Այդ իրադարձությունների առաջին հետաքննության արդյունքներով կատարվածի համար պատասխանատվությունը դրվեց ցուցարարների վրա, ինչը սպանվածների ու տուժածների հարազատների բողոքի տեղիք տվեց: Միայն երկրորդ հետաքննությունից հետո, որը տևեց 12 տարի (1998-2010թթ.), ընդունվեց, որ ցուցարարների վրա կրակելն օրինական հիմքեր չուներ, իսկ 2010թ. հունիսի 15-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պետության անունից ներողություն  խնդրեց «Արյունոտ կիրակիի» համար:

23. Northern Ireland Constitutional Convention – Background Information. URL: http://cain.ulst.ac.uk/events/convention/back.htm

24.  S. Farren, p. 159.

25. Northern Ireland. In Democracy and deep-rooted Conflict: Options for Negotiators, ed. by P. Harris and B. Reilly. Handbook Series, IDEA, 1998, p.126.

26.  S. Farren, p.159.

27.  The Future of Northern Ireland: A Paper for Discussion (Green Paper; 1972) URL: http://cain.ulst.ac.uk/hmso/nio1972.htm

28.  S. Wolff, Context and Content: Sunningdale and Belfast Compared. URL: http://www.stefanwolff.com/files/sunningdaletobelfast.pdf

29.  Ireland Act, 1949. URL: http://cain.ulst.ac.uk/hmso/irelandact1949org.pdf

30.  V. Bogdanor, Western Europe. In Referendums around the world: the growing use of direct democracy, ed. by D. Butler, A. Ranney, AEI Press, 1994, pp. 37-38.

31.  Referendum (‘Border Poll’) (NI) – Thursday 8 March 1973. URL: http://cain.ulst.ac.uk/issues/politics/election/ref1973.htm

32. Northern Ireland Constitutional Proposals (White Paper; 1973). URL: http://cain.ulst.ac.uk/hmso/cmd5259.htm

33. Northern Ireland Constitution Act 1973. URL: http://cain.ulst.ac.uk/hmso/nica1973.htm

34. Սակայն հանրաքվեներ չեն անցկացվել ոչ 1983թ., ոչ էլ հետագա տասնամյակներում

35. A Chronology of the Conflict – 1973. URL: http://cain.ulst.ac.uk/othelem/chron/ch73.htm

36. The Sunningdale Agreement (December 1973). URL: http://cain.ulst.ac.uk/events/sunningdale/agreement.htm

37. Նույն տեղում

38. A Chronology of the Conflict – 1974. URL: http://cain.ulst.ac.uk/othelem/chron/ch74.htm

39.  Northern Ireland Constitutional Convention – A Chronology of Main Events. URL: http://cain.ulst.ac.uk/events/convention/chron.htm

40.  Anglo-Irish Agreement 1985 between the Government of Ireland and the Government of the UK. URL: http://cain.ulst.ac.uk/events/aia/aiadoc.htm

41. Նույն տեղում

42.  S. Farren, p.164.

43.  В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 24.

44. В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 40.

45. Նույն տեղում` էջ 28

46. Նույն տեղում` էջ 29

47. Նույն տեղում

48. Նույն տեղում

49. The Joint Declaration of 15 December 1993 (Downing St. Declaration). Department of Foreign Affairs and Trade. Ireland. URL: http://www.foreignaffairs.gov.ie/home/index.aspx?id=8734

50. Նույն տեղում` էջ 34

51. The Framework Documents. 22 February 1995. A New Framework for Agreement. URL: http://cain.ulst.ac.uk/events/peace/docs/fd22295.htm

52.  British and Irish Governments. Joint Communiquռ, 28 November 1995. URL: http://cain.ulst.ac.uk/events/peace/docs/com281195.htm

53. В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 18.

54.  The 11th Dudley Senanayake Memorial Lecture on the topic Risks, Rights and Respect – Essential Elements of the Irish Peace Process given by Lord John Alderdice, 24 September 2008, p. 12. URL: http://www.lordalderdice.com/sitebuildercontent/sitebuilderfiles/srilankalecturesept2008.pdf

55.  Community Transformation. Strategic Framework for Action 2012-2015. URL: http://www.internationalfundforireland.com/images/stories/documents/Strategic_Framework/ifi_strategic_framework_for_action.pdf

56. The 11th Dudley Senanayake Memorial Lecture, p. 12.

57.  International Fund for Ireland. URL: http://www.internationalfundforireland.com/background/47-background

58. The 11th Dudley Senanayake Memorial Lecture, p. 6.

59. U.S. Department of State, Background Note: Ireland, November 2011Անգլո-Իռլանդական համաձայնագիրն աջակցելու մասին 1986թ. ակտը (P.L. 99-415) արտոնում է ԱՄՆ-ի նյութական աջակցությունը ԻՄՀ-ին:

60. K. Archick, Northern Ireland: The Peace Process, Congressional Research Service, January 10, 2013, p.14

61.  The 11th Dudley Senanayake Memorial Lecture, p. 7.

62. Bill Clinton and the Northern Ireland Peace Process. Presidential History Geeks. URL: http://potus-geeks.livejournal.com/294798.html

63. В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 41.

64. Նույն տեղում

65.  Agreement reached in the multi-party negotiations (10 April 1998). URL: http://cain.ulst.ac.uk/events/peace/docs/agreement.htm

66. В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 4.

67.  The 1998 Referendums. URL: http://www.ark.ac.uk/elections/fref98.htm

68. Referendum on the Nineteenth Amendment of the Constitution Bill 1998 (British-Irish Agreement). In: Referendum results 1937 – 2012, Published by the Department of the Environment, Community and Local Government, Dublin, p. 59. URL:

http://www.environ.ie/en/LocalGovernment/Voting/Referenda/PublicationsDocuments/FileDownLoad,1894,en.pdf

69. D.W. Brady, C. Volden, Revolving Gridlock. Politics and Policy from Jimmy Carter to George W. Bush, Boulder & Oxford: Westview Press, 2006, Ր. 191.

70.  M.-A Clancy. The United States and Post-Agreement Northern Ireland, 2001-6, Irish Studies in International Affairs, 2007, Vol. 18, ?. 173.

71. Agreement at St. Andrews. URL: https://www.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/136651/st_andrews_agreement-2.pdf

72. Real IRA claims’ murder of soldiers in Northern Ireland. The Guardian, 8 March 2009. URL: http://www.theguardian.com/uk/2009/mar/08/northern-ireland-soldiers-killed-antrim

73.  Obama to meet Irish leaders, emphasize peace. USA today, 17 March 2009. URL: http://usatoday30.usatoday.com/news/washington/2009-03-17-obama-st-patricks-day_N.htm

74. Timeline: Devolution of policing and justice. BBC News Channel, 5 February 2010. URL: http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/northern_ireland/8457650.stm

75. Agreement at Hillsborough Castle. 5 February 2010. URL: http://www.nidirect.gov.uk/castle_final_agreement15__2_-3.pdf

76. The Hillsborough Agreement. URL: http://www.parliament.uk/briefing-papers/SN05350.pdf

77. The 11th Dudley Senanayake Memorial Lecture on the topic Risks, Rights and Respect – Essential Elements of the Irish Peace Process given by Lord John Alderdice, 24th September, 2008, p.7

78. Ireland ‘will remember Queen’s symbolic visit’ http://www.bbc.co.uk/news/uk-13473379

79. Queen’s Ireland state banquet speech http://www.bbc.co.uk/news/world-europe-13450099

Share

Comments are closed.