Ներածություն

«International Alert» կազմակերպությունը Հարավային Կովկասում 1990-ականների կեսերից զբաղվում է հակամարտության փոխակերպմամբ: Ղարաբաղյան հակամարտության համապատկերում մենք ձգտում ենք հակամարտության տարբեր կողմերում հանրության զանազան հատվածների ներուժը բարձրացնել վստահության կառուցման ոլորտում, դիտարկում ենք հակամարտության այլընտրանքային տեքստեր եւ խաղաղություն քարոզում որոշում ընդունող մարդկանց շրջանում: «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) շրջանակներում «International Alert» կազմակերպությունը հակամարտության տարածաշրջանից փորձագետների խումբ է ժողովել, նպատակ ունենալով այլ հակամարտությունների օրինակներով համեմատական վերլուծություն կատարել:

Այլ հակամարտությունների հետազոտումը կարող է իրականացվել տարբեր մակարդակներում ու տարբեր առաջադրանքներով` սկսած պատճառների, դինամիկայի, շարժիչ ուժերի ընկալումից, հակամարտության կողմերի դիրքորոշումների ուսումնասիրումից մինչեւ, ի վերջո, լուծման առանձնահատուկ տարբերակները: Սույն ծրագրում այդ խնդիրներից ոչ մեկն էլ ուսումնասիրության նպատակակետը չէ: Այլ հակամարտությունների օրինակներով ուսուցմանը մենք ձեռնամուխ ենք լինում քաղաքացիական խաղաղարարության դիրքերից, իմա` փորձում ենք ուսումնասիրել քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու բազմաշերտ դիվանագիտության դերը խաղաղ գործընթացներին, ինչպես նաեւ հակամարտության փոխակերպման ջանքերին` քաղաքական անմիջական լծակներ ու պաշարներ չունեցող կոնկրետ մեխանիզմների ու հաստատությունների միջոցով:

Ծրագրի մեկ այլ կարեւոր մասերից է հակամարտության փոխակերպմանը եւ հանրույթների միջեւ անմիջական երկխոսության հարցում նոր մոտեցումների զարգացմանը միտված նոր գաղափարներն ու հայացքները բնակչության ամենատարբեր խմբերի հետ լայն քննարկումների խթանումը:

Փորձագիտական խմբի առաջին նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության կողմից այս պահի դրությամբ առկա խաղաղարար ջանքերի ընկալման վերլուծությունն է: Այդ ուսումնասիրության արդյունքում ստեղծվեց «Խաղաղության հեռանկարի մերձեցում. քաղաքացիական խաղաղարարության 20 տարին` ղարաբաղյան հակամարտության համապատկերում» հրապարակումը, որն իրենից քաղաքացիական հասարակությունների քսանամյա խաղաղարար ջանքերի հավաքական իմաստավորման նորարարական փորձ էր ներկայացնում:

Առաջին համատեղ աշխատանքն ընդունելով որպես այլ հակամարտությունների հետագա հետազոտությունների մեկնակետ` խումբն ուսումնասիրել է հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները հյուսիսիռլանդական հակամարտության համապատկերում: Աշխատանքը ներառում էր հակամարտության տեսական խորունկ վերլուծություն, ինչպես նաեւ Լոնդոնում, Բելֆաստում եւ Դուբլինում հանդիպումներ մի շարք փորձագետների, քաղաքացիական հասարակության առաջնորդների, կաթոլիկ ու բողոքական համայնքների ներկայացուցիչների, զինված պայքարին մասնակցած անձանց, բանակցություններ վարած քաղաքական գործիչների, խորհրդարանների անդամների հետ: Այդ աշխատանքի արդյունքները տեղ են գտել սույն ուսումնասիրությունում:

«International Alert» կազմակերպությունը երախտագիտություն է հայտնում փորձագիտական խմբի անդամներին, ինչպես նաեւ Լոնդոնի, Բելֆաստի ու Դուբլինի իր բոլոր գործընկերներին եւ հատկապես Քլեմ Մակքարտնիին, ովքեր այս ծրագրի իրականացման ընթացքում առատաձեռնորեն մեզ հետ կիսել են իրենց գիտելիքներն ու ջանքերը:

Share

Comments are closed.