Հեղինակների մասին

Գեղամ Բաղդասարյանը զբաղվել է լրագրությամբ եւ քաղաքականությամբ, հանդիսանում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը, կազմակերպություն, որը 1998-ից ի վեր դարձել է Լեռնային Ղարաբաղում ազատ ԶԼՄ-ների կենտրոն: 2004-2008 թվականներին խմբագրել է հանրաճանաչ «Դեմո» թերթը, ներկայումս «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի գլխավոր խմբագիրն է: Այն լույս է տեսնում հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

Ավազ Հասանովը «Հումանիտար հետազոտությունների ընկերություն» ոչ կառավարական կազմակերպության տնօրենն է: Այն ժողովրդավարական բարեփոխումների է ձգտում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության եւ քաղաքացիական հասարակության կառուցման գործում քաղաքացիների ավելի հետեւողական մասնակցության ապահովման ճանապարհով: Լինելով քաղաքացիական հասարակության ամենաակտիվ գործիչներից մեկը` Ավազ Հասանովը նաեւ հանդիսանում է «Մարդու իրավունքներն Ադրբեջանում» հանդեսի խմբագիրը եւ հաճախակի մասնակցում է Հայաստանի իր գործընկերների հետ հանդիպում-երկխոսություններին:

Միքայել Զոլյանը պատմաբան է եւ քաղաքական վերլուծաբան, Հարավային Կովկասում Հենրիխ Բյոլի հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի կրթաթոշակառու: Ներկայումս դասավանդում է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում եւ աշխատում է «Երեւանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունում: Միքայել Զոլյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը ներառում է ազգայնամոլության եւ էթնիկականության հարցերը, էթնոքաղաքական հակամարտությունները, ժողովրդավարացման գործընթացները եւ հասարակական շարժումները: Հայաստանում եւ արտասահմանում հրապարակված մի շարք հոդվածների հեղինակ է:

Մասիս Մայիլյանը «Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի» (FSPC) նախագահն է: Խորհուրդը ոչ կառավարական գործընկերություն եւ վերլուծական կենտրոն է Լեռնային Ղարաբաղում: Լինելով փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ, Մասիս Մայիլյանը մասնակցել է պաշտոնական (Track I)  բանակցություններին, ժողովրդական դիվանագիտության (Track II) համաժողովներին եւ քաղաքական փորձագետների` կովկասյան տարածաշրջանին ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկումներին: Հեղինակ է ղարաբաղյան հիմնախնդրի ու տարածաշրջանային հիմնախնդիրների մասին բազմաթիվ հոդվածների ու վերլուծական զեկույցների:

Գյուլշան Փաշաեւան Ադրբեջանական Հանրապետության նախագահին կից «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փոխտնօրենն է: Նախկինում նա աշխատել է Ադրբեջանում ՄԱԿ-ի առաքելությունում, հանդիսանում էր ՅՈՒՆԻՖԵՄ-ի (այժմ` ՄԱԿ-Կանայք) «Կանայք հանուն Հարավային Կովկասում հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղության կառուցման» տարածաշրջանային ծրագրի (2001-2006) ազգային համակարգող, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության դեպարտամենտի աշխատակից (2007-2009): 1996-2001թթ. Գյուլշան Փաշաեւան ղեկավարել է «Հակամարտությունների ուսումնասիրման կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպությունը եւ դասավանդել  Ադրբեջանի տարբեր պետական ու մասնավոր համալսարաններում: Դոկտոր Փաշաեւան մասնագիտանում է հակամարտությունների կարգավորման եւ անվտանգության, գենդերային ու լեզվական քաղաքականության հարցերի ոլորտում: Ավելի քան 70 հրապարակումների հեղինակ է:

Share

Comments are closed.