Materik.ru – Աբխազիան` քառուղում

Վլադիմիր ԵՎՍԵԵՎ
ԱՊՀ երկրների ինստիտուտի
Կովկասի բաժնի պատասխանատու
Մոսկվա 

Աբխազիայում տեղի ունեցած բուռն իրադարձությունները կարծես թե կարողացել էին շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայի արեւելքում ընթացող քաղաքացիական պատերազմից: Շատերի համար դրանք հանկարծակի էին, քանի որ ընդունված էր կարծել, որ այդտեղ ամեն ինչ հանգիստ է: Իրականում, ներքին խնդիրներն անընդհատ կուտակվում էին: Դա պարբերաբար հանգեցնում էր զանգվածային ցույցերի, բայց ընդդիմության տեսակետը մշտապես անտեսվում էր: Մասնավորապես, նախագահ Անկվաբին մեղադրում էին ազգային տնտեսությունը կառավարելու անընդունակության մեջ, քանի որ հանրապետության բյուջեի ավելի քան 66%-ը կազմում էին ՌԴ տրամադրած դոտացիաները:

Հարկ է հաշվի առնել, որ վերջին տարվա ընթացքում Աբխազիայի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամում: Աբխազիայի բանկային պարտքը կազմել է 800 միլիոն ռուբլի, իսկ Ռուսաստանի հետ առեւտրում մաքսերից հրաժարվելու պատճառով պետբյուջեն զրկվել է նաեւ 500 միլիոն ռուբլու չափով եկամուտից: Ընդ որում, պետք է հաշվի առնել արտահանման եւ ներկրման միջեւ առկա զգալի անհավասարակշռությունը` Աբխազիայի արտաքին առեւտրի 87%-ը կազմում են ներկրվող ապրանքները:

2013թ. երկրի բյուջեի եկամտային մասը կազմել է 7,5 միլիարդ ռուբլի: Այդ գումարից 4.5 միլիարդը տրամադրվել է Ռուսաստանի կողմից, իսկ բյուջեի սեփական եկամուտները կազմել են ընդամենը 3.0 միլիարդ ռուբլի: Արդյունքում, հանրապետությունը շարունակում է ապրել Ռուսաստանի հաշվին, որի ֆինանսական օգնությունն, ըստ ընդդիմության, արդյունավետորեն չի ծախսվում:

Արդեն ապրիլի վերջերին Աբխազիայի ընդդիմադիր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները նախագահից պահանջեցին պաշտոնանկ անել կառավարությունը, մեկ ամսվա ընթացքում ձեւակերպել եւ համաձայնեցնել սահմանադրական բարեփոխումների փաթեթը` նախագահի լիազորությունների մի մասը խորհրդարանին եւ կառավարությանը փոխանցելու վերաբերյալ: Պահանջվում էր նաեւ աշխատանքից ազատել գլխավոր դատախազին եւ մի քանի շրջանների վարչակազմերի ղեկավարներին: Այն ժամանակ նախագահ Անկվաբն այդ պահանջներն անընդունելի եւ հակարդյունավետ է համարել:

Ըստ երեւույթին, նախագահականից դեպի նախագահական-խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հարցն առաջնահերթային չէ: Անհրաժեշտության դեպքում կարող է ձեւավորվել համապատասխան սահմանադրական հանձնաժողով, որի առաջարկները կարող են հիմք հանդիսանալ երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հարցը համահանրապետական հանրաքվեի միջոցով որոշելու համար:

Պետք է հաշվի առնել, որ Աբխազիայում Ալեքսանդր Անկվաբի դեմ պայքար վաղուց էր մղվում: Նա Աբխազիայի առաջնորդ եւ առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի ուժեղ մրցակիցն էր: Այնուհետեւ նա լքել է հանրապետությունը` վերադառնալով այնտեղ Սերգեյ Բագապշի հետ: Որպես հետեւանք` Արձինբայի թիմը հեռացվել է երկիրը կառավարելու լծակներից: Ընդ որում, ընդդիմության առաջնորդ է դարձել Ռաուլ Խաջիմբան, ում Վլադիսլավ Արձինբան իր ժառանգորդն է համարել:

Տեղի ունեցած իրադարձությունների խթան ու դրդապատճառ է հանդիսացել Աբխազիայի հարավ-արեւելքում` Օչամչիրի, Տկուարչալի եւ Գալի շրջաններում ապրող վրացիներին աբխազական քաղաքացիություն եւ անձնագիր շնորհելու խնդիրը: Այս գործընթացն ունի ոչ միայն սոցիալական (Աբխազիայի նոր քաղաքացիները ձեռք են բերում աբխազական թոշակներ, նպաստներ եւ այլն), այլեւ ընտրություններին (այդ թվում եւ նախագահական) մասնակցելու քաղաքական իրավունքներ: Վրաստանին սահմանակից աբխազական շրջաններում բնակվում է շուրջ 60 հազար վրացի, որոնք երկրի 240 հազար բնակչության ընդհանուր թվի մեջ դառնում են հզոր քաղաքական ուժ: Նշենք, որ շուրջ 26 հազար վրացի արդեն ստացել է Աբխազիայի քաղաքացիություն:

Անձնագրավորման կողմնակից էին աբխազական իշխանության ներկայացուցիչներն` ի դեմս նախագահ Անկվաբի եւ Գալի շրջանի վարչակազմի ղեկավարության: Նրանք կարծում էին, որ ոչ մի տեղ մեկնել չցանկացող հարավ-արեւելյան Աբխազիայի մենգրել բնակիչները քաղաքական եւ սոցիալական իրավունքներ ձեռք բերելու դիմաց պատրաստ են դառնալ երկրին հավատարիմ քաղաքացիներ:

Անձնագրավորման դեմ էին Ռաուլ Խաջիմբայի ղեկավարած «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում» կուսակցության անդամները: Նրանց  հարում էին նաեւ որոշ այլ ընդդիմադիր խմբեր եւ, ամենակարեւորը` Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ստանիսլավ Լակոբան: Նրանց տեսանկյունից` անձնագրավորվող մենգրելների մեծամասնությունն ունի Վրաստանի քաղաքացիություն: Ըստ նրանց, անձնագրավորման գործընթացի շարունակությունը երկրի էթնոժողովրդագրական հավասարակշռությունը վաղ թե ուշ հօգուտ վրացիների այլափոխելու սպառնալիք է պարունակում,  ինչը հղի է կա°մ Աբխազիայից Գալի շրջանի անջատմամբ, կա°մ էլ Վրաստանի հետ ողջ Աբխազիայի վերաինտեգրմամբ: Ընդդիմության ներկայացուցիչները համարում էին, որ Աբխազիայի իշխանությունները ձգտում էին մենգրելական ընտրազանգվածն օգտագործել իրենց քաղաքական նպատակների իրականացման համար:

Հանրապետության իշխանությունները մեղադրվում էին նաեւ Ինգուր գետի երկայնքով հինգ անցակետ բացելու եւ Գալ-Զուգդիդի ավտոբուսային երթուղու գործարկումն արտոնելու մեջ, որոնք էապես դյուրացրել են միջսահմանային  հաղորդակցությունը: Սա տեղի էր ունենում կրթության եւ առողջապահահության ոլորտներում ԵՄ աջակցությամբ Աբխազիային հասցեագրված նախագծերի իրականացման ֆոնին: Ընդ որում, վրացական քաղաքացիության առկայության դեպքում հանրապետության քաղաքացիներին առաջարկվում էին բազմաթիվ գայթակղիչ տարբերակներ: Միաժամանակ, Թբիլիսին ձեռնարկում էր համապատասխան գործողություններ` Աբխազիայում բնակչության խնդրահարույց  խավերի (թմրամոլներ, նախկինում ազատազրկվածներ եւ այլն) վրա ազդեցություն տարածելու նպատակով:

Որպես արձագանք ստեղծված իրավիճակին` ձեւավորվել է մենգրել բնակիչներին աբխազական անձնագրերի տրամադրման օրինականության ստուգիչ հանձնաժողովը: Վերջինիս աշխատանքի արդյունքներով 2014թ. ապրիլի 4-ին Աբխազիայի Ժողովրդական ժողովը որոշում է ընդունել, որով փաստացի անվավեր են ճանաչվել Աբխազիայի մենգրել բնակչությանը տրամադրված անձնագրերը եւ նորովի է սահմանվել նրանց իրավաքաղաքական կարգավիճակը` Աբխազիայի Հանրապետության «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի համաձայն:

Այսպիսի մոտեցումը վիճելի է, քանի որ մենգրելների ինտեգրումն աբխազական հասարակության մեջ անհրաժեշտ է գոնե գալցիների թեմայով Թբիլիսիի հռետորաբանությունը դադարեցնելու համար: Գալցիներն` ի տարբերություն Սուխումի, Գուդաուտայի կամ Գագրայի նախկին վրաց բնակիչների, այդ տարածքում տասնամյակներով են ապրել: Ընդ որում, նրանցից շատերը ձուլված աբխազներն են:

Մյուս կողմից, մի քանի երկրների միաժամանակյա քաղաքացիությունը հարավ-արեւելյան Աբխազիայում ստեղծել է «գորշ գոտի», որտեղ բավականին ազատ էին գործում ոչ միայն քրեական շրջանակները, այլեւ արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալական ցանցերը: Հավելենք, որ Գալի շրջանի մենգրելական դպրոցները նույնպես կառավարվում էին Վրաստանի կրթության նախարարության կողմից:

Մի շարք ռուսաստանցի փորձագետների կարծիքով` այսօր հանրապետությունում հնարավոր չէ ստեղծել (աբխազական եւ վրացական) երկքաղաքացիության ինստիտուտ: Դրա համար էլ հարկավոր է կիրառել տարբերակված իրավաքաղաքական մոտեցումներ` տրամադրել քաղաքացիությունն իրենց աբխազական արմատների մասին հիշող կամ իրենց մենգրել եւ ոչ վրացի համարող անձանց, իսկ մյուսների առաջարկել երեքից հինգ տարի ժամկետով կեցության իրավունք:

Աբխազիայի ըստ կարեւորության թիվ երկրորդ խնդիրը վերաբերում է տեղի բնակչության կրոնական պատկանելությանը. տեղի բնակչության մեջ տարածված է թե´ քրիստոնեությունը, թե´ իսլամը եւ թե´ հեթանոսությունը: Ընդ որում, Աբխազիայում ուղղափառության տարածմանը խանգարում է հանրապետության ձեւական պատկանելությունը Վրաց պատրիարքության կանոնական տարածքին: Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարությունը շահագրգռված չէ այդ իրավիճակի փոփոխությամբ, քանի որ Վրաց ուղղափառ եկեղեցին ակտիվորեն պաշտպանում է նրան Կոստանդնուպոլսո պատրիարքության հետ իր ունեցած երկարատեւ հակամարտության մեջ: Խնդիրը բարդանում է նաեւ այն պատճառով, որ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու թեմերի եւ հոգեւորականների մեծամասնությունը հրաժարվել է «մոսկվամետ կողմնորոշումից»:

Որոշակի անհանգստություն էր առաջացնում նաեւ Աբխազիայում միջազգային եւ ոչ կառավարական (նախ եւ առաջ` բրիտանական) կազմակերպությունների գործունեությունը: ՄԱԿ առաքելությունների եւ վերջինիս բազմաթիվ կառույցների գործունեությունը Սուխումից բացի սեւեռվում էր հենց Գալի շրջանի վրա, ինչն ընդդիմության որոշ ներկայացուցիչներ կապում էին հանրապետության իշխանությունների «վրացամետ» քաղաքականության հետ: Իրավիճակը գնահատվում էր որպես «ինքնիշխանության սողացող հանձնում»:

Այս եւ մի շարք այլ պատճառների բերմամբ հունիսի 1-ին Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հարկադրվել է հրաժարվել նախագահի պաշտոնից: Իր խոսքերով` որոշումն ընդունվել է հասարակության, ընտրողների եւ թիմակիցների հետ անցկացրած բազմաթիվ խորհրդակցություններից հետո` երկրում կայունության պահպանման նպատակով:

Մայիսի 31-ին Ժողովրդական ժողովը` Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը, քվեարկեց 2014թ. օգոստոսի 24-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշման օգտին եւ պետության ղեկավարի պաշտոնակատար նշանակեց Ժողովրդական ժողովի խոսնակ Վալերի Բգանբային:  Այս որոշմանը կողմ են արտահայտվել նիստին ներկա 25 պատգամավորներից 24-ը: Փաստը վկայում է հարցի շուրջ որակյալ մեծամասնության առկայության մասին, քանի որ երկրի խորհրդարանը բաղկացած է 35 պատգամավորներից: Սակայն, նախ` անհրաժեշտ էր հասնել գործող նախագահի հրաժարականին կամ սահմանադրորեն հասնել դրան` Աբխազիայի Հանրապետության Գերագույն դատարանի որոշման հիման վրա:

Ալեքսանդր Անկվաբի հապճեպ հրաժարականը հնարավոր է դարձել հետեւյալ պատճառներով. նախ՝ պնդում են, թե մայիսի 27-ին նախագահի դեմ մահափորձ է ծրագրվել, որը պետք է կատարվեր ընդդիմության կողմից նախագահի նստավայրի գրավումից հետո: Այդ իսկ պատճառով Անկվաբը ստիպված էր լքել Սուխումը եւ ապաստանել Գուդաուտայի ռուսական ռազմակայանի տարածքում: Այժմ հանրապետության խորհրդարանում քննարկվում է նախկին նախագահին անձնական անձեռնմխելիություն շնորհելու հարցը:

Երկրորդ` Ալեքսանդր Անկվաբի թիմում միասնություն չի եղել. շատերը պատրաստ չէին պայքարել մինչեւ վերջ:

Երրորդ` նախագահ Անկվաբի վրա ընդդիմությունը մեծ ճնշում է գործադրել:

Չորրորդ` Ալեքսանդր Անկվաբը կորցրել է Մոսկվայի աջակցությունը, որը չէր կամենում սատարել դիմակայության մեջ մտած կողմերին: Ավելի վաղ` 2004 թ. նախագահական ընտրությունների ժամանակ, Ռուսաստանը պաշտպանել էր Աբխազիայի վարչապետ Ռաուլ Խաջիմբային եւ փաստորեն պարտվել: Այս անգամ միջամտելու անհրաժեշտություն չկար, քանի որ թե° Ռաուլ Խաջիմբան , եւ թե° Ալեքսանդր Անկվաբը հանդես էին գալիս երկրի ռուսամետ ուղղվածության օգտին:

Հունիսի 2-ին` Անկվաբի պաշտոնանկությունից անմիջապես հետո, հրաժարական է տվել նաեւ Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան: Նրա պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է փոխվարչապետ` ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան: Հրաժարական են տվել նաեւ Ալեքսանդր Անկվաբի այլ կողմնակիցներ:

Վերոնշյալ իրադարձությունները ՌԴ ղեկավարությունը համարել է ներաբխազական գործ: Որպես հետեւանք` ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը նշել է. «Մեր միասնական աշխատանքի համար ոչ մի խոչընդոտ չկա: Ռուսաստանը շարունակում է բոլոր ուղղություններով համագործակցել եղբայրական Աբխազիայի հետ: Մենք ակտիվորեն աշխատում ենք նախագահի պաշտոնակատարի, խորհրդարանի եւ հանրապետության նորացված կառավարության հետ: Ռուսաստանը երաշխավորելու է աբխազ ժողովրդին ֆինանսական եւ ռազմական աջակցությունը ողջ ծավալով»:

Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնող հնարավոր թեկնածուներ են դիտվում Ռաուլ Խաջիմբան, Սերգեյ Շամբան եւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ստանիսլավ Լակոբան:

Ընդդիմության որոշ ներկայացուցիչների կարծիքով` ամառվա վերջում պատրաստ է լինելու Աբխազիայի Հանրապետության կառավարման համակարգի բարեփոխման առաջարկությունների փաթեթը: Ենթադրվում է, որ հետագայում նախագահը զրկվելու է իր ներկայիս բացառիկ լիազորություններից: Սակայն, գործնականում երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու գործընթացը կարող է նախաձեռնվել միայն ընտրված նախագահի եւ ոչ թե նախագահի պաշտոնակատարի կողմից: Արդյունքում, պետության նոր ղեկավարը ստանալու է ցայսօր ուժի մեջ մնացած բոլոր նախագահական լիազորությունները,  որից հետո նա պետք է հավատարիմ մնա սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու իր խոստմանը:

Այսպիսով, Աբխազիան քառուղում է հայտնվել: Նա այլեւս չի կարող համաձայնվել հանրապետության նախագահի անսահմանափակ իշխանությանը, ապրել բացառապես Ռուսաստանի հաշվին եւ բավարարվել ցածր կենսամակարդակով:  Աբխազիային անհրաժեշտ է կայուն տնտեսական զարգացում, որին մեծապես խոչընդոտում են օտարերկրացիների` անշարժ գույք գնելու խիստ սահմանափակումների պահպանումը, արհեստավարժ եւ սովորական աշխատանքային ռեսուրսների սուր պակասը, տեղի բնակչության անձնագրավորման հարցի չկարգավորվածությունը եւ եկեղեցական պառակտման շարունակումը:  Հենց այս խնդիրների լուծումից է կախված Աբխազիայի` որպես ինքնիշխան եւ անկախ պետության ապագան:

http://www.materik.ru/rubric/detail.php?ID=17985&print=Y 

թարգմանությունը՝ Անալիտիկոնի

Share

Comments are closed.