Խաղաղության երաշխիքների մասին

Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան

Վերջին շրջանում սահմանի վրա լարվածության աճի եւ Ադրբեջանի կողմից հաճախակի հարձակումների պատճառով պատերազմի վերսկսման թեման ամենաքննարկվողն էր դարձել Հայաստանում: Եթե իրավիճակը փորձենք դիտարկել միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսության տեսանկյունից, ապա կարելի է պնդել, որ պատերազմի հավանականությունը քիչ է, քանի որ ուժերի հավասարակշռությունն այնքան չի խախտվել, որ հանգեցնի պատերազմի:

Ուժերի հավասարակշռություն ասելով հասկանում ենք նաեւ միջազգային դերակատարների միջեւ հավասարակշռությունը: ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Իրանի, Թուրքիայի միջեւ մրցակցությունը եւ նրանց միջեւ ձեւավորվող կոալիցիաները պահում են կողմերի միջեւ հավասարակշռությունը, որը եւս ազդում է պատերազմի վերսկսման հավանականության վրա: Այս պահին այդ հավասարակշռությունը չի խախտվել:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժերի հավասարակշռությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ վերջին տարիներին որոշակի չափով ռազմական տեխնիկայի առումով այդ հավասարակշռությունը խախտվել է, սակայն կողմերի միջեւ այն ամբողջությամբ չի խախտվել: Այս պահին Ադրբեջանը չունի ամբողջական առավելություն, որպեսզի կարողանա հնարավոր պատերազմի դեպքում հաղթանակ տանել: Նման առավելության դեպքում Ադրբեջանը միանշանակ լայնամասշտաբ պատերազմ կսկսեր:

Վերջին շրջանի գործողությունները նաեւ հաստատում են, որ ադրբեջանական զորքը, ունենալով ռազմատեխնիկական առավելություն, չի կարողանում առաջին գծի վրա հարձակումների ժամանակ առավելության հասնել: Սա խոսում է այն մասին, որ կազմակերպչական առումով ադրբեջանական բանակը զիջում է հայկական բանակին: Դրա մասին է խոսում նաեւ զոհերի հարաբերակցությունը: Պատերազմի փորձը եւ սահմանային միջադեպերի արդյունքները հուշում են Ադրբեջանին պատերազմի վերսկսման արդյունքների մասին:

Ադրբեջանի կառավարման մոդելը եւս հուշում է, որ Ալիեւը հետաքրքրված չէ վերսկսել պատերազմը: Քանի որ շատ դեպքերում պատերազմն անվերահսկելի գործընթացի է վերածվում, Ալիեւը կարող է կորցնել իշխանությունը, իսկ դա շատ հիմնավոր պատճառ է, որպեսզի նա պատերազմ վերսկսելու որոշում չկայացնի:

Հայաստանը եւս հետաքրքրված չէ պատերազմով: Հայաստանը հաղթանակ է տարել եւ ցանկություն ունի առնվազն պահպանել ստատուս քվոն: Պատերազմի դեպքում Հայաստանը կարող է կորցնել իր առավելությունը:

 

Պատերազմի հավանականությունը 

Հաշվի առնելով պատերազմ սկսելու կարեւոր գործոնները` կարծում ենք, որ ընդհանուր  պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է: Կողմերից ոչ մեկը չունի միանշանակ առավելություն պատերազմ սկսելու համար, իսկ այդ ամենը նրանց զերծ է պահելու նման որոշումից:

Պետք է հաշվի առնել նաեւ, որ ինչ-որ երեւույթի մասին շատ ինֆորմացիան մարդու ուղեղում պատրանք է ստեղծում, որ այդ երեւույթի իրականություն դառնալն ավելի հավանական է: Դա է նաեւ պատճառը, որ ամեն անգամ, երբ սահմանային միջադեպերի քանակը շատանում է, պատերազմի վերսկսում կանխատեսողները եւս շատանում են, սակայն 20 տարիների փորձը ցույց է տվել, որ պատերազմ չի սկսվել:

 

Պատերազմը կանխելու պացիֆիստական տարբերակը 

Վերջին թեժացումների հետ կապված Հայաստանում հնչեցին նաեւ պացիֆիստական կոչեր: Խնդիրն այն է, որ պացիֆիստական յուրաքանչյուր ցանկություն ի սկզբանե դատապարտված է ձախողման: Պատմության ընթացքում պացիֆիզմը միշտ ձախողվել է, քանի որ պացիֆիստները հրաժարվել են ընդունել կարեւոր մի հանգամանք. միջազգային հարաբերությունների կառուցվածքը երբեք թույլ չի տվել եւ թույլ չի տա ստեղծել իրենց պատկերացրած խաղաղությունը:

Պացիֆիզմի գաղափարների վրա հիմնված փորձերի ձախողումները բազմաթիվ են. սոցիալիստներն Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ոգեւորված էին պացիֆիզմի գաղափարով եւ փորձում էին միջազգային խաղաղությունը կառուցել պացիֆիզմի հիմքի վրա: Սոցիալիստները կարծում էին, որ պատերազմի պատճառը կապիտալիզմն է, եւ հաղթելով կապիտալիզմին` հնարավոր կլինի խաղաղություն հաստատել աշխարհում:

Առաջին աշխարհամարտից առաջ սոցիալիստները պայմանավորվել էին չաջակցել իրենց կապիտալիստ իշխանություններին, այլ պաշտպանել միմյանց, ինչի համար Լենինը նույնիսկ տեսություն մշակեց: Համաձայն այդ տեսության` սոցիալիստների մտածելակերպը չպետք է թույլ տար պատերազմել միմյանց դեմ, սակայն երբ սկսվեց պատերազմը՝ Գերմանիայի սոցիալիստները պաշտպանեցին իրենց կառավարությանը: Սա ստիպեց Լենինին հետագայում հայտարարել, թե դա տեղի է ունեցել կապիտալիստների ճնշման ներքո: Այս քայլով Լենինը հրաժարվեց ընդունել, որ կապիտալիզմը սոցալիստների դրսեւորած վարքագծի հետ չուներ անմիջական կապ: Պատմության հետագա ընթացքը ցույց տվեց, որ միջազգային խաղաղության համար պայքարող Լենինի ու սոցիալիստների կողմից կառուցված ԽՍՀՄ-ը մեծապես վտանգեց համաշխարհային խաղաղությունը:

 

Միջազգային հարաբերությունների կառուցվածք vs. պացիֆիզմ 

Մարդկության պատմության զարգացման ընթացքում վտանգավոր գաղափարներից մեկը եղել է մարդու հավատամքի փոփոխության միջոցով խաղաղության հասնելը` անտեսելով միջազգային հարաբերությունների կառուցվածքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենի դրսեւորած խաղաղասիրական վարքագիծը հետագայում լուրջ հարվածի տակ դրեց այդ երկրի անվտանգությունը: Պացիֆիստական գաղափարախոսության հիման վրա խաղաղության կառուցման համար անհրաժեշտ է առաջին հերթին փոխել միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքը, ինչն, ըստ էության, անիրական է:

Միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքի պայմաններում խաղաղության միակ երաշխիքն ուժերի բալանսն է: Իհարկե, խաղաղասիրության լոզունգները հնչեղ են, բայց արդյունքները՝ աղետալի, ուստի խաղաղ ապրելու համար անհրաժեշտ է պատրաստվել պատերազմի:

Միջազգային հարաբերությունների կառուցվածքի պատճառով պացիֆիստական շարժումները միշտ ձախողվել ու շարունակելու են ձախողվել` պարարտ հող նախապատրաստելով պատերազմների համար:

 

Պատերազմի պատճառների մասին 

Պատերազմն ավերիչ հատկություն ունի, եւ մարդկության պատմության ընթացքում պետությունները տարբեր տեսակի քայլեր են ձեռնարկել պատերազմից խուսափելու համար: Խաղաղության կառուցման փորձերը հաճախ ձախողվել են, քանի որ քաղաքական գործիչները եւ հանրությունները ճիշտ չեն կարողացել գնահատել պատերազմի բուն պատճառները:

Պատերազմի պատճառների մասին բազմաթիվ գործոններ կարելի է նշել, սակայն ամենակարեւորը երեքն են` մարդու բնույթը, պետության կառուցվածքը եւ միջազգային հարաբերությունների կառուցվածքը:

 

Մարդու բնույթ 

Մարդու բնույթը կարեւոր դեր է խաղում պատերազմի սկսման որոշումներ կայացնելու համար, սակայն բնույթը շատ դեպքերում երկրորդական է դառնում, քանի որ արտաքին գործոններով պայմանավորված սահմանափակումներ են լինում: Նման սահմանափակում կարող է լինել պետության կառուցվածքը, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների կառուցվածքը եւ վերջինիս շրջանակում ուժերի հավասարակշռությունը: Օրինակ, Ադրբեջանը միանշանակ ցանկություն ունի պատերազմ սկսել Հայաստանի դեմ, որպեսզի կարողանա վերագրավել Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի կառավարման համակարգը եւ Հայաստանի հետ ուժերի հավասարակշռությունը թույլ չեն տալիս նման որոշում կայացնել:

 

Պետության կառուցվածք 

Պետության կառուցվածքը եւս կարեւոր գործոն է պատերազմ սկսելու որոշում կայացնելու համար: Մարդկության պատմության ընթացքում կառավարման բոլոր համակարգերն էլ գնացել են պատերազմի: Չկա կառավարման համակարգ, որը բացառի պատերազմը: Այդ առումով որոշ առաջընթաց կատարել են ժողովրդավարական կառավարման մոդելները, որովհետեւ հավանականությունը քիչ է, որ երկու ժողովրդավարական կառավարման համակարգ ունեցող երկրներ միմյանց դեմ պատերազմելու որոշում կայացնեն: Սակայն դա չի նշանակում, որ ժողովրդավար պետությունները չեն գնա պատերազմի: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մի շարք պետությունների փորձը հաստատում է, որ ժողովրդավարական համակարգերը նույնպես պատերազմում են:

 

Միջազգային հարաբերությունների կառուցվածք 

Պատերազմ սկսելու հաջորդ կարեւոր գործոնը միջազգային հարաբերությունների անարխիկ կառուցվածքն է: Անարխիկ կառուցվածքի պայմաններում պատերազմի զսպող գործոնն ուժերի հավասարակշռությունն է: Հաճախ այդ հավասարակշռության խախտումը հանգեցնում է պատերազմի: Իմանուիլ Կանտը գտնում էր, որ անարխիկ կառուցվածքը փոխելու համար անհրաժեշտ է համաշխարհային պետություն ստեղծել, որն էլ կբացառի պատերազմը: Իրականում համաշխարհային պետության գաղափարն անիրականանալի է: Այդ իսկ պատճառով հավասարակշռությունն է պատերազմի կանխման կարեւոր գործոնը:

Հետաքրքիր օրինակ է Սառը պատերազմը: Ուժերի հավասարակշռությամբ եւ ատոմային զենքի առկայությամբ Սառը պատերազմն այդպես էլ մնաց սառը եւ չվերածվեց երրորդ համաշխարհային պատերազմի:

 

Ուժերի բալանսը որպես պատերազմը կանխարգելող գործոն 

Եթե մարդու բնույթն ու մոտեցումները պատերազմի մասին հնարավոր լինի փոխել, ամբողջ աշխարհի պետությունները ժողովրդավարական դարձնելը գրեթե անհնարին կլինի մոտ ապագայում: Բացի այդ, անհնար է փոխել միջազգային հարաբերությունների կառուցվածքը: Վերը նշվածը նշանակում է, որ պատերազմներ բացառելը դժվար կլինի, սակայն հնարավոր կլինի խուսափել, եթե ուժերի հավասարակշռություն լինի հակամարտող կողմերի միջեւ:

Պատերազմից խուսափելու լավագույն տարբերակն ուժերի հավասարակշռության պահպանումն է: Եթե կողմերից մեկը դիմում է քայլերի, որպեսզի խախտի հավասարակշռությունը, ապա մյուս կողմը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի վերականգնի հավասարակշռությունը: Իսկ դա հաճախ նշանակում է պատրաստվել պատերազմի: Դա է պատճառը, որ պատմության ընթացքում պատերազմին պատրաստվողներն ավելի շատ են խաղաղություն բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները:

Share

Comments are closed.