Միխեիլ Միրզիաշվիլի. «Մաքսային Միությունը արեւմտյան աշխարհից մեկուսանալու ռուսաստանյան միջոցն է»

Հարցազրույց` քաղաքական ակտիվիստ Միխեիլ Միրզիաշվիլու հետ

-ԵՄ հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը, որը նախ եւ առաջ նախատեսում է տնտեսական եւ քաղաքական համագործակցություն, ինչպե՞ս կազդի տարածաշրջանային անվտանգության վրա: Վրաստանի համար ռիսկերն ավելանալո՞ւ են, թե՞ համաձայնագիրն իրավիճակն ավելի կայուն կդարձնի: 

– Բուն համաձայնագիրը բաղկացած է երեք մասից` քաղաքական, տնտեսական եւ ոլորտային համագործակցությունից: Համաձայնագրի քաղաքական մասում կան տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, եւ կողմերը պայմանավորվում են  տարածաշրջանային անվտանգության ոլորտում իրենց քաղաքականությունը համակարգելու վերաբերյալ:

Ի՞նչ է փոխվելու Վրաստանի քաղաքականության մեջ: Հավանաբար, համաձայնագիրը Վրաստանի քաղաքականությունն ավելի եվրոպական կդարձնի, թեեւ փաստացի դա երբեմն տեղի չի ունենում: Վերջերս Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ալիք է սկսել, բայց երբ Վրաստանի արտաքին գործերի նախարարին հարց են ուղղել  պատժամիջոցներին Թբիլիսիի միանալու մասին, նա որոշակիորեն տարօրինակ հայտարարություն է արել, ըստ որի՝ Վրաստանը չի կարող միանալ պատժամիջոցներին` ԵՄ անդամ չլինելու պատճառով: Մյուս կողմից, Ասոցացման համաձայնագրի մեջ ասվում է, որ Վրաստանը եւ ԵՄ-ն փոխադարձաբար համակարգում են իրենց քաղաքականությունը: Փաստորեն, համաձայնագրի մեջ արձանագրվածը չի երաշխավորում դրա գործնական իրականացումը: Համաձայնագրում ներառված է տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մասը, եւ կողմերն առնվազը պարտավոր են այդ ուղղությամբ իրենց քաղաքականությունը համակարգել:

– Իսկ վրացական բիզնեսը եւ շուկան պատրա՞ստ են եվրոպացի գործընկերների հետ ինտեգրվելուն: 

– Իհարկե` ո՛չ: Համաձայնագրի ամենածավալուն մասը տնտեսական հատվածն է` DCFTԸ (ազատ առեւտրի խորը եւ համապարփակ գոտի), որը նախատեսում է վրացական չափանիշների մերձեցումը եվրոպականներին: Համաձայնագիրը նախատեսում է վեցամսյայից վեցամյա ժամկետ՝ տնտեսության տարբեր ոլորտները միասնական չափանիշների բերելու համար: Ժամկետը տրվում է հենց եվրոպական չափանիշներին անցնելու համար: Ընդգծեմ, որ վրացական կողմը համաձայնվել է առաջարկված ժամանակային շրջանակներին` հիմնվելով հենց երկրում առկա տնտեսական իրավիճակի վրա: Համաձայնագիրը նախատեսում է տնտեսական մի շարք բարեփոխումների իրականացում, իսկ նոր փուլին դուրս գալու ժամանակ կողմերը պիտի կրկին հանդիպեն եւ երկխոսության ռեժիմով որոշեն հետագա քայլերը: Կամենում եմ ընդգծել նաեւ այն, որ  համաձայնագիրը հիմնվում է կողմերի ինքնիշխանության եւ գործընկերների լիակատար իրավահավասարության վրա` ի հեճուկս աշխարհագրական ծավալների եւ տնտեսական հնարավորությունների տարբերության: Նախարարների մակարդակով ստեղծվում է համաձայնագրի կետերի կենսագործումը վերահսկող խորհրդարանական հանձնաժողով: Միաժամանակ, ստեղծվում է ԵՄ-Վրաստան քաղաքացիական հարթակը, որը զբաղվելու է համաձայնագրի բոլոր կետերի իրականացման մշտադիտարկմամբ: Գործընկերության ոգին, մշտադիտարկումն ու քաղաքացիական հասարակության լայն ներգրավումը Վրաստանին հնարավորություն է տալիս արդյունավետորեն կենսագործել համաձայնագրի պայմանները:

– Ի՞նչ քայլեր հարկ է սպասել Մոսկվայից, որն արդեն դադարեցնում է Վրաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը: 

– Ցավոք, շատ դժվար է կանխատեսել, թե ի՞նչ է անելու Ռուսաստանը: Միանշանակ է միայն այն, որ նա ամեն կերպ խոչընդոտելու է Վրաստանի եվրաինտեգրմանը: Դա կարելի է պնդել, իմանալով, թե ինչ էր նախորդում արդի իրավիճակին եւ ելնելով Մոսկվայից հնչող քաղաքական հայտարարություններից: Ժամանակին կային պատրանքներ, թե Ռուսաստանին զայրացնում էր ՆԱՏՕ-ի հետ հետխորհրդային երկրների մերձեցումը, իսկ Եվրամիության նախագիծը նրանց իբր ավելի քիչ էր նյարդայնացնում: Ուկրաինական իրադարձությունները ցույց են տվել, որ դա այդպես չէ: Վարչապետ եղած ժամանակ Վլադիմիր Պուտինն անգամ հայտարարել է, թե Արեւելյան գործընկերությունը Ռուսաստանին շրջափակելու ԵՄ նախաձեռնած ոչ բարեկամական քայլն է: Պուտինի այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Մոսկվան դիտարկում է ԵՄ-ն որպես Ռուսաստանին ոչ բարեկամ պետությունների միավորում: Դժվարանում եմ խոսել Ռուսաստանի ապագա ինչ-որ քայլերի մասին, բայց փաստ է, որ նմանատիպ, անգամ զուտ տնտեսական ուղղվածության նախագծերը Ռուսաստանի համար ընդունելի չեն:

– Ինչո՞ւ են ստեղծվում Եվրասիական եւ Մաքսային միությունները. ինչպիսի՞ դեր կարող են դրանք ունենալ Հարավային Կովկասում, հատկապես, որ Հայաստանն արդեն հայտարարել է դրանց անդամ դառնալու ցանկության մասին:

– Մաքսային Միությունը ձեւականորեն տնտեսական միություն է, բայց գործնականում սա, այնուամենայնիվ, քաղաքական տնտեսություն է: Ինձ շատ է մտահոգում Հայաստանի` այդ որոշումն ընդունելու ձեւը: Ինձ համար բացարձակապես ընդունելի չէ, երբ Արեւելյան գործընկերության «չեմպիոններ» Վրաստանի եւ Մոլդովայի հետ եվրոպական ուղղվածության բարեփոխումներ իրականացնելու ոլորտում մրցած Հայաստանը հանկարծակի` մեկ իսկ օրվա ընթացքում փոխել է իր դիրքորոշումը:

Ես ներկա եմ գտնվել Արեւելյան գործընկերության շրջանակներում քաղաքացիական հասարակության ներգրավման հարցերով անցած տարվա աշնանը Բրյուսելում կայացած հանդիպմանը: Իմ հայ գործընկերներն առավոտյան օդանավով թռել են Վրաստանի եւ Մոլդովայի հետ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել պատրաստվող երկրից, իսկ Բրյուսելում վայրէջք են կատարել որպես Մաքսային միության մեջ մտնելու համաձայնություն տված երկրի ներկայացուցիչներ: Մաքսային եւ հատկապես Եվրասիական միությունն այն նախագծերն են, որոնք Ռուսաստանը հակադրում է Եվրամիությանը` շահագործելով այսպես կոչված «երրորդ ուղու» գաղափարը: Իրականում, դա, ըստ իս, արեւմտյան աշխարհից մեկուսանալու միջոց է:

Ասոցացման պայմանագիրը չի արգելում Վրաստանին այլ երկրների հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրեր կնքել, իսկ Մաքսային Միությունն, ընդհակառակը, միության անդամների համար մտցնելով ընդհանուր մաքսատուրք, փակում է շուկան արտաքին գործընկերության համար: Այդ իսկ պատճառով Ասոցացման համաձայնագիրը եւ ՄՄ դրույթները միմյանց տրամագծորեն հակասում են: Ասոցացման համաձայնագիրը բացում է շուկան, Վրաստանը եւ ԵՄ-ն պայմանավորվում են արտահանման ու ներկրման ապրանքատեսակների համար մաքսատուրքերի զրոյացման վերաբերյալ, իսկ ՄՄ-ն երրորդ երկրների համար արգելապատնեշներ են ստեղծում: Վրաստանը հետայսու եւս կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմանի ազատ համաձայնագրեր կնքել: Ամեն դեպքում, Հայաստանից եւ Ադրբեջանից եկող ապրանքները կարող են ազատորեն մուտք գործել վրացական շուկա, մինչդեռ Հայաստանի ՄՄ մտնելու պարագայում կարող են խնդիրներ առաջանալ վրացական ապրանքների Հայաստան մուտք գործելու հարցում:

– Այսինքն, վրաց-հայկական սահմանը կարող է որոշակիորեն խնդրահարո՞ւյց դառնալ:

– Վրաստանի եւ ԵՄ միջեւ ոչ վիզային ռեժիմի մասին պայմանագիրը Ասոցացման համաձայնագրի մաս չկազմող առանձին գործընթաց է: Ենթադրվում է, որ Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրների հետ ոչ վիզային հաղորդակցության հնարավորություն կստանան 2016թ.: ԵՄ քաղաքացիները Վրաստան առանց վիզայի են մտնում: Այժմ Վրաստանը երկրում կեցության ժամկետի 90-օրյա սահմանափակում է մտցրել այն երկրների քաղաքացիների համար, որոնց հետ Վրաստանը վիզային ռեժիմ չունի: Օրինակ, սեպտեմբեր ամսից սկսած Հայաստանի քաղաքացիները, որոնք Վրաստան մուտք գործելու համար վիզայի կարիք չունեն, կարող են Վրաստանում անընդհատ գտնվել 90 օրից ոչ ավել ժամկետով: Ընդգծում եմ, որ այս նորամուծությունը վերաբերվում է բոլոր այն երկրների քաղաքացիներին` ԵՄ-ն ներառյալ, որոնք Վրաստան այցելելու համար վիզա ստանալու անհրաժեշտություն չունեն: ԵՄ հետ ոչ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները կարող են ազդել այլ ուղղությունների վրա եւս: Օրինակ, Վրաստանը պարտավոր է ներդնել սույն թվականի մարտ ամսից ուժի մեջ մտած սահմանների կառավարման ռազմավարությունը, որի ուղղությամբ անհրաժեշտ է հսկայական աշխատանք կատարել: Վրացական սահմանի միակ լիովին սահմանազատված հատվածը վրաց-թուրքական սահմանն է: Այլ պետությունների` Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանները վերջնականապես ճշգրտված ու սահմանազատված չեն:

Կամենում եմ ընդգծել, որ Ասոցացման համաձայնագիրն ինքնին երաշխիք չէ, որ այն ստորագրած եւ բոլոր պայմանները կատարած երկիրը վեց ամիս կամ վեց տարի անց անպայման դառնալու է ԵՄ անդամ պետություն: Ասոցացման համաձայնագիրն այն նախագիծն է, որը երկրին թույլ է տալիս բարեփոխումներ իրականացնել եւ ԵՄ չափանիշներին մոտենալ: Բայց այն ԵՄ երաշխավորված անդամակցություն չէ: Ասոցացման համաձայնագիրը երկրներին թույլ է տալիս ավելի արդիականացված եւ ժողովրդավարական լինել, ունենալ զարգացած տնտեսություն եւ ներքին գրավչություն: Հենց դա է զայրացնում Ռուսաստանին: Ասոցացման համաձայնագրում ԵՄ անդամակցության մասին խոսք անգամ չկա:

 – Վերջին շրջանում լարվել է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին` Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը: Որքա՞ն վտանգավոր են Վրաստանի համար այս երկրների միջեւ ռազմական դիմակայության ռիսկերը:

– Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգում Ղարաբաղի շուրջ հակամարտությունը հիշատակվում է երկու անգամ: Այնտեղ մանրամասն չի խոսվում այն մասին, թե ի՞նչ եւ ինչպե՞ս է անելու Վրաստանը հակամարտության թեժացման դեպքում, թեեւ հակամարտությունը բնութագրվում է որպես տարածաշրջանային անվտանգության համար լուրջ ռիսկ: Փաստաթղթում ասվում է, որ հակամարտության թեժացումը խաթարելու է տարածաշրջանային անվտանգությունը եւ իրավիճակն ավելի խոցելի է դարձնելու` Ռուսաստանի ազդեցության աճի առումով: Ռազմական իրավիճակը սպառնաշատ է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ավելի ընդարձակ տարածաշրջանի համար:.

Վաղուց ի վեր ձեւավորվել է ղարաբաղյան բանակցային ձեւաչափը` այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խումբը: 1992-2005 թթ. ընթացքում Մինսկի խումբը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրային առաջարկով: Վերջին անգամ կողմերին առաջարկվել են հակամարտության կարգավորման այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներ, որոնք վերամշակվել եւ կրկին առաջարկվել են 2010թ.: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների համաձայն` այդ սկզբունքները, սակավ բացառություններով, կողմերի համար ընդունելի են, բայց, ցավոք, գործնականում հակամարտության կարգավորումն առաջընթաց չի արձանագրում:

Հակամարտող կողմերի միջեւ ոչ մի խաղաղապահ ուժ կանգնած չէ. կողմերը որոշ չափով ինքնուրույնաբար են պահպանում հրադադարի ռեժիմը: Վերջին տարիների ընթացքում հրադադարի գծում նկատվել են ռազմական ակտիվության մի քանի բռնկումներ, որոնցից ամենախոշորը սույն թվականի ամռանն է գրանցվել: Ի դեպ, Մադրիդյան սկզբունքներից մեկը նախատեսում է միջազգային խաղաղապահ ուժերի մուտք հակամարտության գոտի, բայց այս փուլում կողմերը ոչ մի քայլ առաջ չեն կատարել: Դրա համար էլ դժվար է կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը: Այսօր շատ դժվար է մշտադիտարկել հրադադարի գծում տիրող իրավիճակը եւ խոսել, թե ով եւ երբ առաջինն է կրակոց արձակում: Կարելի է հենվել փորձագիտական հասարակության մեծամասնության կարծիքի վրա եւ ասել, որ ի հեճուկս մեծ արտաքին միջամտության` հակամարտության դինամիկան գերազանցապես որոշում են հակամարտության մեջ ներգրավված կողմերը:

– Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման ժամանակ Մոսկվան փորձել է ներկայանալ արդյունավետ խաղաղարարի դերում եւ, իրոք, Ղարաբաղի շուրջ ստեղծված լարվածությունը որոշակիորեն նվազել է: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք, Ռուսաստանի միջազգային մեկուսացման խորացումը չի նպաստելու Հարավային Կովկասի տարածաշրջանում նրա ակտիվության մեծացմանը:

– Ես չեմ կարող պատկերացնել մեր տարածաշրջանում Ռուսաստանի որեւէ կառուցողական նախագիծ: Բայց Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ինչ-որ կախարդական եղանակով կանգնեցրել է իրավիճակի սրացումը: Այնուամենայնիվ, դժվար է խոսել Ռուսաստանի կառուցողական դերի մասին` ի հեճուկս տարածաշրջանում նրա ունեցած ազդեցության: Մի կողմից, Ռուսաստանը Հայաստանի մերձավոր ռազմական գործընկերն է. Հայաստանի տարածքում են տեղակայված ռուսական ռազմակայաններ, իսկ Թուրքիայի սահմանին` ռուսական սահմանապահ զորքեր: Մյուս կողմից` Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա է լուրջ ռազմական համագործակցություն: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող լուրջ սպառազինությունները հայկական կողմի մեծ մտահոգությունն են առաջացնում: Ռուսաստանն, իհարկե, ազդում է տարածաշրջանի վրա, բայց հազիվ թե նա ի վիճակի է արմատապես վերափոխել տարածաշրջանային իրողությունները կամ արդյունավետորեն կարգավորել տարածաշրջանային հակամարտությունները: Ես տեսնում եմ հակամարտող կողմերի պրագմատիզմը, որը դրսեւորվում է լայնածավալ ռազմական գործողությունները չվերսկսելու մեջ: Հայկական կողմին առկա ստատուս-քվոն որոշակիորեն ձեռնտու է, քանի որ ԼՂԻՄ մեծ մասը եւ դրանից դուրս գտնվող մի շարք շրջաններ վերահսկվում են հայկական զինված ուժերի կողմից: Ինձ թվում է, որ ադրբեջանական կողմը նույնպես չունի պատերազմը վերսկսելու մեծ դրդապատճառ: Ադրբեջանում նշում են, որ իրենց երկրի բարեկեցության եւ տնտեսական հնարավորությունների աճի ֆոնին Հայաստանում վատթարացող տնտեսական իրավիճակը հանգեցնում է բնակչության թվաքանակի նվազմանը եւ ահագնացող արտագաղթին: Բաքվում շատերը համոզված են, որ դրա հետեւանքով վաղ թե ուշ հայկական կողմն ավելի զիջող կդառնա:

Զրուցել է Իրակլի Չիխլաձեն

Share

Comments are closed.